ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Լիբանան. անդունդ գլորվող մերձավորարևելյան Շվեյցարիան

23 Օգոստոս 2021

Օգոստոսի 4-ը առաջին տարելիցի օրն է Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունի, որը պատճառ էր դարձել ավելի քան 200 մարդու մահվան, շուրջ 8000-ի վիրավորման, նյութական հսկայական վնասի։ Աղետի առաջին տարելիցը լիբանանցի ժողովուրդը ոգեկոչեց նաև դրա հետևանքով արդեն 1 տարի շարունակվող ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, պարենային, առողջապահական և, ավա՜ղ, արդարադատության լրջագույն ճգնաժամի պայմաններում, քանի որ մինչ օրս հանցավոր անփութության իրական մեղավորներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, երբ պայթյունից օրեր անց՝ օգոստոսի 10-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հասան Դիաբը և նրա կառավարությունը խոստացել էին հանցագործությունը բացահայտել հաշված օրերի ընթացքում։

Պայթյունի պատճառով ավելի ակտիվացան դեռևս 2019 թ. հոկտեմբերի 17-ից բռնկված համաժողովրդական բողոքի գործողությունները: Ցուցարարների շարքերը համալրեցին նաև զոհերի և վիրավորների հարազատները, որոնք սոցիալ-տնտեսական, քաղաքական, առողջապահական պահանջներին ավելացրին նաև պայթյունի հետաքննության, արդարության ամրագրման պահանջը: Մեկ անգամ չէ, որ նման գործողությունները, դուրս գալով վերահսկողությունից, վերաճել են զանգվածային բախումների ցուցարարների ու իրավապահների, իսկ, որ ավելի վտանգավոր է, տարբեր համայնքների ներկայացուցիչների միջև։ Դիաբի կառավարության հրաժարականից շուրջ 1 տարի անց Լիբանանի քաղաքական ուժերին դեռևս չի հաջողվել նոր կառավարություն ձևավորել։ Նախ Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը (2020 թ. օգոստոսի 31-ից շուրջ մեկ ամիս), ապա նախկին վարչապետ Սաադ Հարիրին (հոկտեմբերի 22-ից սկսած մոտ 9 ամիս), տարաբնույթ խորքային խնդիրներին հանդիման ապարդյուն ջանքերից հետո այդպես էլ չկարողանալով նոր կառավարություն ձևավորել, հրաժարվեցին վարչապետի պաշտոնից։

Կառավարության ձևավորման հերթական փորձը

2021 թ. հուլիսի 26-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը նոր խորհրդակցություններից հետո նշանակեց վերջին 1 տարվա ընթացքում վարչապետի արդեն երրորդ թեկնածուին՝ ծագումով Տրիպոլիից, դավանանքով սուննի մուսուլման (ըստ երկրի Սահմանադրության՝ պարտադիր պայման) Նաջիբ Միկաթիին: Մեկ օր անց Լիբանանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (118 պատգամավորներից 72 կողմ) հաստատեց նրա թեկնածությունը: Հարկ է նշել, որ Միկաթիի թեկնածությունը չպաշտպանած 42 պատգամավորների թվում էին նաև ՀՅԴ ներկայացուցիչները։

Պաշտոնը ստանձնելուց հետո Միկաթին հայտարարեց, որ, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է ստանա պատգամավորների վստահության քվեն, սակայն իրականում իր նպատակն է ստանալ ժողովրդի վստահության քվեն, որովհետև չունի կախարդական փայտիկ և հրաշքներ գործել չի կարող: Լիբանանի նոր վարչապետի մտահոգությունը բավականաչափ օբյեկտիվ է, քանի որ երկիրը հայտնվել է բազմաշերտ ճգնաժամում։

Համաշխարհային բանկը 2021 թ. ապրիլ ամսվա իր զեկույցում Լիբանանի ներկայիս տնտեսական փլուզումը դասակարգել է 19-րդ դարի կեսերից ի վեր վատթարագույն ճգնաժամերի տասնյակում, գուցե անգամ եռյակում: Լիբանանի ՀՆԱ-ն 2020 թ. նվազել է 20 %-ով և հասել 33 միլիարդ դոլարի շեմին: Պետական պարտքը մոտենում է 100 միլիարդ դոլարի կառավարության անպատասխանատու վարկային քաղաքականության հետևանքով։ Ազգային արժույթի փոխարժեքը 2019 թ.-ից նվազել է 90 %-ով և հուլիսի սկզբին հասել մեկ դոլարի դիմաց 18 հազար լիրայի: Լիբանանում առկա է սպառողական ապրանքների հարցում ժողովրդի գնողունակության խիստ անկման, իսկ բնակչության որոշ շերտերի համար՝ նաև սովի իրական հեռանկար, քանի որ երկիրը ներմուծում է առաջին անհրաժեշտության ապրանքների 85 %-ը: Մինչդեռ երկրի կենտրոնական բանկը (Banque du Liban) ունի ընդամենը 15 միլիարդ դոլարի արժութային պահուստներ: Աննախադեպ չափերի է հասել նաև աղքատությունը: Ներկայումս լիբանանցիների 45 %-ն աղքատ է, իսկ երկրի բնակչության 22 %-ի կենսամակարդակը ցածր է աղքատության շեմից: COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեղորայքի պակասը խորացրել է առողջապահական ճգնաժամը: Իսկ դիզելային վառելիքի ներկրման հարցում ծագած դժվարությունները ոչ միայն կենցաղային խնդիրների, այլև էներգամատակարարման համակարգում կոլապսի պատճառ են դարձել։ Բացի նշվածներից՝ միջազգային կառույցները առաջիկայում Լիբանանի համար կանխատեսում են նաև խմելու ջրի ճգնաժամ։

Ինչ խոսք, վարչապետի պաշտոնում Միկաթիի նշանակումը և նոր կառավարության ձևավորման հնարավորությամբ պայմանավորված որոշակի լավատեսության ու վստահության մթնոլորտը դրական ազդեցություն ունեցան նաև ֆինանսատնտեսական ոլորտի վրա։ Մասնավորապես, լիբանանյան լիրան կրկին վերարժևորվեց՝ ամերիկյան դոլարի դիմաց 24 հազարից նվազելով 15 հազարի, ապա դարձյալ աճելով մինչև 18 հազարի սահմանը:

65-ամյա քաղաքական գործիչ և Լիբանանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Միկաթին, արդեն երկու անգամ ղեկավարել է Լիբանանի կառավարությունը՝ 2005 թ. նախկին վարչապետ Ռ. Հարիրիի սպանությունից հետո առաջացած խոր ճգնաժամի և 2011-2014 թթ. հարևան Սիրիայում հակամարտության թեժացման շրջանում: Հարկ է նշել, որ Միկաթին, ի տարբերություն լիբանանցի շատ առաջնորդների, չի պատկանում որևէ քաղաքական դաշինքի կամ ընտանիքի։ Սակայն քաղաքական ներգրավվածությունից դուրս արհեստավարժների ազգային համաձայնության կառավարության ձևավորման հարցում նա, ինչպես իր իրավանախորդները, արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների՝ լիբանանյան կառավարման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված, որոնք զգալի կշիռ ունեն կործանարար բազմաշերտ ճգնաժամում։

Կառավարման և քաղաքական համակարգերի ճգնաժամը

Լիբանանում գործող պետական կառավարման համակարգը համայնքային է։ Այն արտացոլում է լիբանանյան հասարակության բազմաշերտ կառուցվածքը՝ կազմված էթնոդավանական տարբեր խմբերից: Այդ համայնքային սկզբունքի հիման վրա էլ 15-ամյա քաղաքացիական պատերազմից (1975-1990 թթ.) հետո հաստատվել է ներկայիս սահմանադրական կարգը, որի հիմքում քաղաքական հավասարակշռությունն է:

Ըստ այդ կարգի՝ յուրաքանչյուր կրոնական համայնք Լիբանանի հասարակության մեջ ունեցած տեսակարար կշռին համապատասխան ներկայացվածություն ունի պետական իշխանության մարմիններում։
Այսպես՝ երկրի նախագահի պաշտոնը մշտապես զբաղեցնում է մարոնի քրիստոնյա, խորհրդարանի նախագահինը՝ շիա, վարչապետինը՝ սուննի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ. նույն սկզբունքով էլ բաշխված են տեղերն օրենսդիր մարմնում։

Այդուհանդերձ, տասնամյակներ շարունակ Լիբանանում իշխող առանցքային քաղաքական ուժերն ու գործիչներն իրենց ձեռքում են կուտակել նաև երկրի տնտեսական կապիտալի պատկառելի բաժինը՝ վերահսկելով հիմնական դրամական հոսքերը, ինչի հետևանքով երկիրը կուտակել է հսկայական պետական պարտք (90 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 150 %-ը) և կանգնել ֆինանսական խոր ճգնաժամի առջև:

Երկրի մի շարք կարևոր պաշտոններ ասես սեփականաշնորհվել են որոշ գործիչների կամ ընտանիքների կողմից։ Լիբանանի բարձրագույն իշխանությունը, գործող քաղաքական ուժերը կորցրել են վստահությունը հասարակության մի ստվար հատվածի շրջանում:

Լիբանանյան քաղաքական համակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ արտաքին դերակատարների ազդեցությունն է ներքին գործընթացների վրա։ Բանն այն է, որ երկրի ազդեցիկ կրոնական համայնքներն ունեն սեփական արտաքին հովանավորները, իսկ վերջինների փոխհարաբերությունների բնույթն ուղղակիորեն արտացոլվում է նաև Լիբանանի տարածքում։ Այսպես՝ քրիստոնյա մարոնիների հովանավորը հիմնականում Ֆրանսիան է, սուննի մուսուլմաններինը՝ Սաուդյան Արաբիան, շիաներինը՝ Իրանը։ Ներկայում շարունակվող Էր-Ռիադ-Թեհրան, Արևմուտք-Իրան, Իսրայել-Իրան հակասություններն էականորեն դրսևորվում են նաև Լիբանանի տարածքում՝ միտված իրանամետ «Հիզբալլահ» կրոնաքաղաքական կառույցի ազդեցության զգալի սահմանափակմանը։ Այս իրողությունները հավելյալ բարդություններ են ստեղծում կառավարության ձևավորման շուրջ ներլիբանանյան բանակցային գործընթացի համար։ Խնդիրն այն է, որ ստեղծված բազմաշերտ ճգնաժամի հաղթահարման համար Լիբանանին անհրաժեշտ է ֆինանսական զգալի աջակցություն, որի ցուցաբերման համար հնարավոր հովանավորները ներկայացնում են հստակ նախապայմաններ, որոնց առանցքում դարձյալ Իրանի ազդեցության հնարավորինս չեզոքացումն է։

Ներքաղաքական ճգնաժամի ընթացքը

Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը սկիզբ էր առել դեռևս 2019 թ. հոկտեմբերի 17-ից՝ պայմանավորված համաժողովրդական խաղաղ ցույցերով և բողոքի այլ գործողություններով: Դրանց համար առիթ էր հանդիսացել կառավարության հարկային քաղաքականությունը, մասնավորապես՝ «WhatsApp»-ի և այլ մեսինջերների ծառայությունների դիմաց ամսական 6 դոլար հարկ սահմանելու վերաբերյալ որոշումը: Թեև ավելի ուշ իշխանությունները չեղարկեցին այդ որոշումը, սակայն բողոքի գործողություններն այդպես էլ չդադարեցին: Իր բնույթով քաղաքացիական, խաղաղ և միասնական շարժման մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ արմատական պայքար, հափշտակված ֆինանսական միջոցների վերադարձ, արդարություն և այլն։

Քաղաքացիական խաղաղ շարժման արդարացի պահանջները ճգնաժամի տարբեր շրջափուլերում ստացան քաղաքական երանգներ՝ պարունակելով նախ կառավարության, ապա իշխանության բոլոր ճյուղերի հրաժարականի, նոր սահմանադրության ընդունման, դրա միջոցով Լիբանանում գործող կառավարման համայնքային համակարգի վերացման և նոր՝ քաղաքացիական, գաղափարական-քաղաքական համակարգի հիման վրա իշխանության ճյուղերի ձևավորման կոչեր և այլն: Քաղաքացիական շարժումը չուներ մեկ ընդհանուր առաջնորդ կամ համակարգող թիմ, հետևաբար նրա պահանջների հիմնական հասցեատերը դարձյալ երկրում իշխող քաղաքական ուժերն էին: Իսկ ներկայացվող պահանջների տրամաբանությունը հետևյալն էր. պետք է ձևավորվեր նոր՝ որևէ քաղաքական կախվածությունից զերծ արհեստավարժների անցումային կառավարություն, որը պետք է մշակեր նոր սահմանադրություն, հարակից օրենքներ՝ դուրս համայնքային համակարգից, դրանց հիման վրա էլ պետք է անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, և ձևավորվեր նոր իշխանություն:

2019 թ. հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրին և նրա գլխավորած կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեցին։ Դրանից հետո լիբանանյան իշխանությունները, հիմնական քաղաքական ուժերը փորձում էին գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր, կառավարության ղեկավարի ընդունելի թեկնածուներ, որոնք կտրականապես մերժվեցին ժողովրդական շարժման մասնակիցների կողմից, որոնք ցանկանում էին կառավարության ղեկին տեսնել նոր՝ գործող համակարգի և հիմնական քաղաքական ուժերի հետ կապեր չունեցող գործչի:

Ի վերջո, դեկտեմբերի 19-ին նախագահ Միշել Աունը հիմնական քաղաքական ուժերի հետ տևական խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակեց ինժեներ, Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, 2011-2014 թթ. կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին, իսկ հունվարի 21-ին՝ տևական ծանր բանակցություններից, կողմնակի տարաբնույթ խոչընդոտներ հաղթահարելուց հետո, Դիաբին ի վերջո հաջողվեց ձևավորել 20 նախարարությունից կազմված մասնագետների կառավարություն (այդ թվում՝ 6 կին, բողոքի ակցիայի մասնակիցներ), որում նախարարական պորտֆելների բաշխումը, սակայն, դարձյալ հիմնված էր համայնքային հավասարակշռության վրա: Ասել է թե՝ եթե նոր կառավարությունը ձևով համապատասխանում էր համաժողովրդական շարժման պահանջներին, ապա բովանդակությամբ՝ ոչ: Ուստի սպասելի էր, որ այն ևս չէր կարող բացարձակ աջակցություն վայելել հասարակության շրջանում: Այդ կառավարությունն ընդամենը 7 ամսվա կյանք ունեցավ՝ կորոնաճգնաժամի հետևանքով առաջացած օբյեկտիվ խնդիրների պատճառո և հատկապես Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո ներկայացնելով հրաժարական։
Այնուհետև վարչապետի պաշտոնում նշանակված և՛ Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը, և՛ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, դարձյալ քաղաքական քվոտայով հիմնականում մասնագետների կառավարություն ձևավորելու գործընթացում բախվելով նույնաբնույթ խնդիրների, անցած շուրջ 1 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան հա- մաձայնության գալ նախագահ Աունի և մյուս առանցքային քաղաքական ուժերի հետ։ Բանն այն է, որ մարոնական համայնքի ներկայացուցիչներ նախագահ Միշել Աունը և «Ազատ հայրենասիրական շարժման» առաջնորդ Ջիբրան Բասիլը պնդում էին, որ նոր կառավարությունում նախագահը ունենա արգելափակող 1/3 ներկայացվածություն, ինչը մեծապես թուլացնելու էր վարչապետի դիրքերը:

Կուտակված խնդիրները լուծելու հարցում ձևավորվելիք նոր կառավարության հաջողելը, վստահաբար, խիստ կասկածելի է: Ամենայն հավանականությամբ, կազմավորվելու դեպքում նոր կառավարության գլխավոր գործառույթը լինելու է անցումային տրամաբանությամբ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2022 թ. գարնանը, երկիրը հերթական խորհրդարանական ընտրություններին հնարավորինս անցնցում հասցնելը։ Իսկ ներքին լրջագույն բարեփոխումների համար անհրաժեշտ են ժամանակ և արտաքին ֆինանսական լայնածավալ աջակցություն, առանց որոնց՝ երկիրը չի կարող հաղթահարել իր առջև ծառացած խորքային և համակարգային խնդիրները, որոնք միավորել էին Լիբանանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը՝ մոռացության տալով համայնքային վաղեմի թշնամանքը: Բայց երկուսն էլ խիստ սահմանափակ են, չնայած որ Միկաթին կառավարություն ձևավորելուց առաջ ստացել է արտաքին՝ ամերիկա-ֆրանսիա-սաուդական լայն աջակցություն: Եթե Միկաթիին հաջողվի ձևավորել նոր անցումային կառավարություն՝ պահպանելով քաղաքական որոշակի հավասարակշռություն, ապա մինչև առաջիկա ընտրությունները հնարավոր է, որ Լիբանանը ստանա ֆինանսական որոշակի աջակցություն՝ առաջնահերթ խնդիրները լուծելու համար առաջնորդվելով իրավիճակային լուծումների տրամաբանությամբ։ Մինչդեռ խորքային բարեփոխումների և լիբանանյան փողոցի պահանջների իրականացումը կժառանգվի հետընտրական ժամանակաշրջանին, քանի որ լիբանանյան և միջազգային հանրությունների կողմից պահանջված համակարգային փոփոխությունը կարող է երկիրը տանել անորոշության և քաոսի: Նման իրավիճակում կտրուկ քայլերը, առանց փուլային խորքային բարեփոխումների, հղի են վտանգավոր հետևանքներով 1,5 տասնամյակ քաղաքացիական պատերազմ ապրած և իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին հակամարտ դերակատարների, ինչպես և հակամարտության ազդեցության անմիջական կրող Մայրիների երկրի համար:

Լիբանանահայ համայնքի կեցվածքը

Բարեկամ լիբանանցի ժողովրդին վիճակված դժվարին փորձություններից անմասն չի մնացել նրա անքակտելի բաղադրիչներից մեկը հանդիսացող լիբանանահայ համայնքը։ Լիբանանցի մեր ազգակիցները բեյրության պայթյունի հետևանքով կրել են մարդկային կորուստներ, իսկ ճգնաժամի հետևանքով՝ նաև նյութական զգալի վնասներ։ Լիբանանահայ համայնքը, թրծված պատմական խրթին իրադարձությունների մեջ, ճգնաժամի ողջ ընթացքում դրսևորել է պետականամետ դիրքորոշում: Շարքային քաղաքացիները բողոքի գործողությունների ընթացքում մեծ մասամբ զորակցել են խաղաղ ցուցարարներին, իսկ հոգևոր համայնքապետերն ու քաղաքական կուսակցությունները իրենց կառուցողական կեցվածքով հնարավորինս նպաստել են ստեղծված իրավիճակի դրական հանգուցալուծման փորձերին: Մինչդեռ Լիբանանում շարունակվող բազմաշերտ ճգնաժամի հետևանքով ուռճանում են այն խորքային խնդիրները, որոնց բախվում է մերձավորարևելյան տարածաշրջանի ամենակազմակերպված և ազդեցիկ հայ համայնքներից մեկը։ Միանշանակ զարգացումների նման անորոշ ընթացքը պատճառ է դառնալու համայնքում առկա արտագաղթի տրամադրությունների աճին՝ սոցիալ-տնտեսական, ֆինանսական, հումանիտար, քաղաքական և այլ խնդիրներին ավելացնելով նաև անվտանգայինը։

Արմեն Պետրոսյան

«Դրօշակ», թիվ 8(1654), օգոստոս, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company