Օլիգարխները բարի աչքերի համար նվիրատվություն չեն անում. մենաշնորհները ՀՀ-ում պահպանվում են. Սուրեն Պարսյան
03 Սեպտեմբեր 2021
«Երբ իշխանությունները ասում են՝ օտարերկրացի ներդրող, արի՛ Հայաստանում արտադրություն դիր կամ այս ապրանքը բեր, պետք է հասկանանք, որ մեր մենաշնորհները իրենց լծակներով ուղղակի կխեղդեն ցանկացած օտարերկրացի ներդրողի»
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենաշնորհները մնացել են»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Կառավարության ծրագրում նշված է, որ այն բխում է գործող իշխանությունների մինչև 2050 թվականի ռազմավարական ծրագրից, որի դրույթներից մեկի համաձայն՝ 2050 թվականին մեր ՀՆԱ-ն պետք է տասնհինգապատկվեր: Որպեսզի 15 անգամ մեր ՀՆԱ-ն ավելանա, մենք պետք է տարեկան միջինում 10 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենանք: Այսինքն, իրենց ներկայացրած այս ծրագիրը չի բխում իրենց ռազմավարական ծրագրից, որովհետև 2021-2026 թթ. համար նախանշված 7 կամ 9 տոկոսով այդ աճը չեն կարողանալու ապահովել»,-ընդգծեց տնտեսագետը:
Տնտեսագետը միևնույն ժամանակ հարցադրում է անում՝ արդյո՞ք այս Ազգային ժողովը կարողանալու է վերահսկել Կառավարության ծրագիրը: Կառավարող քաղաքական ուժի պատգամավորները որևէ առաջարկություն կամ որևէ քննադատական խոսք չեն հնչեցրել 5-ամյա ծրագրին առնչվող:
«Այնպիսի տպավորություն էր, թե Ազգային ժողովն էր գրել այս ծրագիրը… թեև ես վստահ եմ, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը տեղյակ էլ չէր, չէին էլ կարդացել. այս Ազգային ժողովն ուղղակի չի կարող վերահսկել այս կառավարության հետագա գործունեությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
