ՏԻՄ–ի հետ կավպած տեղի են ունենում ապօրինություններ․ Իշխան Սաղաթելյան
09 Սեպտեմբեր 2021
Այսօր, սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ Արմեն Չարչյանին տեսակցության։
Երեկ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնվում է հիվանդանոցում և մենք մեր խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք տեսակցության մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականորեն ծանոթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հիվանդանոցի առջև լրագրողների հետ զրույցում։
«Շատ հստակ, հիմնավոր փաստերով և՛ փաստաբանները, և՛ բժիշկները խոսել են, որ պրոֆեորի առողջական վիճակը իրոք անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հետ։ Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է ոչ միայն պրն․ Չարչյանի, այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաև բազմաթիվ անհատների, աջակիցների նկատմամբ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը արձանագրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ։
«Սա է այսօրվա իշխանության դիմագիծը, սա է այսօրվա՝ ժողովրդավարական արժեքներից խոսող իշխանության կերպարը»,-եզրակացրեց Իշխան Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ անգամ բժիշկների մասնագիտական հանրույթը միահամուռ աջակցություն չհայտնեց պրոֆեսոր Չարչյանին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ մարդիկ ունեն խնդիր, որովհետև գիտեն՝ եթե մեկը արտահայտվի, կարծիք հայտնի՝ ինչ ճնշումների է ենթարկվելու։
«Բազմաթիվ հարգարժան դոկտորներ, պրոֆեսորներ, մտավորականներ, բժիշկներ իրենց կարծիքը արտահայտել են, բայց ամբողջ բժշկական հանրույթը հանդես չի եկել նման հայտարարություններով, որովհետև մարդիկ կաշկանդված են, որովհետև գիտեն՝ այս իշխանությունը ինչ վերաբերմունք ունի ազատ խոսքի նկատմամբ»,-նկատեց նա։
Իհարկե, այն մարդիկ, ովքեր համակերպվում են այս բոլոր ապօրինություններին, վերջին հաշվով՝ սրան մասնակից են դառնում՝ եզարկացրեց Իշխան Սաղաթելյանը։
Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և այսօրվա իշխանությունը համատարած կերպով մեր հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ․ասաց Իշխան Սաղաթելյանը ։
«Շարունակվում են հետապնդումները համայնքների ղեկավարների նկատմամբ, շարունակվում են ճնշումները, որպեսզի գործող, հեղինակություն ունեցող համայնքապետերը հրաժարական տան, որպեսզի իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, և այդ ուղղությամբ փորձեն տեղական ընտրություններում հասնել հաջողության։ Որովհետև ակնհայտ է, որ հեղինակություն ունեցող շատ մարդիկ խուսափում են ՔՊ-ի ցուցակով առաջադրվել, այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որպեսզի ՏԻՄ ընտրություններում ևս կարողանան հաջողության հասնել։ Սա է այսօրվա իշխանությունը, և ինչ կատարվում է մեր երկրում, մենք դրա հետ չենք կարող համակերպվել»,-նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Գորիսում երկու կուսակցություն դաշինք են կազմել և «Առուշանյան» դաշինքով մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը։
Նա ասաց, որ տարբեր համայքններում ունեն տարբեր մոտեցումներ՝ տեղեր կան, որ հանդես կգան դաշինքով, տեղեր կան՝ առանձին․ բազմաթիվ համայնքներում Դաշնակցությունը հանդես է գալու առանձին իր համամասնական ցուցակով։
«Այսինքն, եթե մի տեղ կա, որ կուսակցություններից մեկն է մասնակցում, չի նշանակում, որ տարաձայնություններ կան, պարզապես, հաշվի առնելով տեղի կառույցների կարծիքները, եկել ենք այդ եզրակացության»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Նա փաստեց, որ ՏԻՄ-ի հետ կապված տեղի են ունենում ակնհայտ ապօրինություններ, որին իրենք առաջկայում կանդրադառնան։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանատների, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների նամակով՝ դաշինքի անունից տեղեկացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/APzjeGawD6E
