Իշխանությունը, նեղ քաղաքական շահերից դրդված, փորձում է կեղծ օրակարգ ձևավորել․ Թադևոս Ավետիսյան
10 Սեպտեմբեր 2021
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում է գտնվում և նրա առողջական վիճակը բավականին խնդրահարույց է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Կալանավորման ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատացել է։ Նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանավորման հետ։ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ճնշել քաղաքական ընդդիմախոսներին։ Իշխանությունը փորձում է ցույց տալ իր մանդատի ուժ կոչվածը և դա ոչ թե ի շահ ժողովրդի՝ այլ իրենց նեղ քաղաքական խմբակի շահերի։ Սա նաև խոսքի նկատմամբ տեռոր է։ Սա միակ դեպքը չէ։ Սա իշխանությունների քաղաքական ուղեգիծն է։ Իշխանությունը երկրում բռնապետություն է հաստատում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ պատգամավորին սահմանադրությամբ անձեռնմխելիությունից զրկելու հստակ կարգ կա, որը չի պահպանվել։
Խոսելով ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ի հիշատակ Արցախյան 44 օրյա պատերազմում զոհվածների գունագեղ տոնակատարության անցկացման մասին՝ Թադևոս Ավետիսյանը կարևորեց այդ օրը ռազմական շքերթի անցկացումը։
«Մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք և մեր Անկախության տոնին չպետք է գունագեղություն, խորովածի տեսարաններ ցույց տանք։ Պետք է ցուցադրենք մեր կամքը։ Վարչապետի հայտարարած գունագեղ տոնակատարության անցկացումը մտահոգիչ է, քանի որ բազամաթիվ զոհեր ունենք։ Փաստորեն, մարդկանց սիրտը ուրախություն է ուզում, բայց այն չի կարող ընդունելի լինել։ Այո, անկախության տոնը պետք է նշվի, բայց դա պետք է կարևորվի»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։
Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավորի՝ իշխանությունը նման միջոցառումներով և հայտարարություններով փորձում է կեղծ օրակարգ ձևավորել՝ շրջանցելով կարևոր հարցերի պատասխանելուց։
Նա անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե Էրդողանի հայտարարություններում հարաբերությունների կարգավորման հնարավորություն է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
