«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգեւավճարներից
17 Սեպտեմբեր 2021
Անվտանգության ճգնաժամը Հայաստանում դեռեւս հաղթահարված չէ։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Իսկ շաբաթվա գլխավոր թեման, փոխնախագահի խոսքով, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումն է։
«Չնայած մենք կառավարության հետ ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օրերս գա Ազգային ժողով եւ մասնակցի այս թեմայի քննարկմանը, բայց նախատեսված հանդիպումն այդպես էլ չկայացավ»,- նշեց Սաղաթելյանը։
Ընդդիմադրի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել եւ պաշտպանել հայ ժողովրդի, ընդհանուր առմամբ երկրի շահերը։
«Բարդագույն իրավիճակում հարցը լուծելու փոխարեն նրանք այդ տարածքները հայտարարում են ադրբեջանական, ինչը, մեր կարծիքով, պետական դավաճանության դասական օրինակ է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Րոպեներ առաջ իմացանք, որ խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում եւ ընդդիմադիր, տրվել են պարգեւավճարներ։ Ընդդիմադիր «Հայաստան» պատգամավորական խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքով՝ ավելի շուտ խոսքը Հայաստանի Անկախության օրվա առիթով տրված պարգեւավճարների մասին է։
«Մեզ համար դա անընդունելի է, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք վերցնի այդ փողերը։ Դա անընդունելի է եւ արժանի դատապարտման, հատկապես երբ երկրում հսկայական թվով սոցիալական խնդիրներ կան։ Մենք ավելի քան 10 հազար վիրավոր ունենք, հաշմանդամներ, եւ այս պայմաններում պետական պաշտոնատար անձինք, այդ թվում եւ պատգամավորները, շարունակում են պարգեւավճարներ ստանալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բոլոր միջոցները կամ կվերադարձվեն պետական բյուջե, կամ կուղղվեն սահմանամերձ համայնքներին՝ այս կամ այն օրախնդիր ծրագիրը իրականացնելու համար։
Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվելու փողոցային պայքարից, այս փուլում շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել՝ չեզոքացնելու մեր երկրին սպառնացող վտանգները և կանխելու Հայաստանի թուրքացում․ Իշխան Սաղաթելյանը։
«Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքն ունի անելիք և առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողություների»,-վստահեցրեցղ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք չէին էլ հրաժարվել հանրահավքներից․ մանդատները վերցնելու օրը, դրանից առաջ, դրանից հետո, ԱԺ իր առաջին ելույթում, նաև իր գործընկերների ելույթներում բազմաթիվ անգամ ասվել է, որ խորհրդարանական պայքարը զուգորդվելու է նաև փողոցային պայքարով։
«Այսօր ընդդիմությանը՝ մեզ, հիմնականում քննադատում են հենց դրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունենում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով, այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դիմացն առնել չենք կարող»,-ասաց Սաղաթելյանը։
Պատասխանելով դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մանրամասների մասին հարցին՝ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում են իրենց թիմակիցների, համակիրների, աջակիցների հետ, որին պարբերաբար մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումն այդ շրջանակներում էր։
«Այո, մենք գտնում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնում են վտանգներ, և այդ թեմայով ունեցել ենք քննարկումներ՝ պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները, նաև լսելու մեր համակիրների, աջակիցների տեսակետները մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/7NcVCvM8AgY
