ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արցախի կարգավիճակի խնդիրը 44-օրյա պատերազմից հետո և Ադրբեջանի դիրքորոշումը

20 Սեպտեմբեր 2021

Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո՝ զինադադարի հաստատման հենց սկզբից, համաշխարհային ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հակամարտությունը սառեցնելու համաձայնության եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ դրանում ներառելով նաև Ֆրանսիային որպես եվրոպական շահերի ներկայացուցիչ:

Սակայն ոչ մի հակամարտություն հարատև չէ, և երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում էին արցախյան հիմնախնդրի ռազմական լուծմանը՝ մշտապես ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ սահմանագծի ողջ երկայնքով պահպանելով ռազմական լարվածությունը: Այդ լարվածության մակարդակը տարեցտարի աճում էր: Օգտվելով Հայաստանում իշխանափոխությունից հետո (2018 թ.) տիրող ներքաղաքական լարվածությունից և արտաքին քաղաքական դաշտում գործող իշխանությունների թերացումներից՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր պատերազմ սանձազերծեց Հայաստանի և Արցախի դեմ, ինչի hետևանքով Արցախի հայկական տարածքների բռնազավթմամբ հակամարտությունն այլ փուլ թևակոխեց, իսկ Ռուսաստանը Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայեց:

44-օրյա պատերազմից հետո Արցախի անկախության և կարգավիճակի հարցը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց հայությանը: Պատերազմը և 2020 թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը հանգեցրին մոտ երեք տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնմանը, ԼՂԻՄ-ին մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորստին, ռուս խաղաղապահների տեղակայմանը, Արցախի ավելի քան 70 տոկոսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը, բնակչության տեղահանությունների, հազարավոր զոհերի ու վիրավորների և մեծ անորոշության ու բազմաթիվ հարցերի: Այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք հայկական կողմին թույլ էին տալիս անկախության պահանջներ ներկայացնել, իսկ Բաքուն էլ պատրաստ էր բանակցելու մինչև 2020 թ., ըստ էության, այլևս գոյություն չունեն:

Փաստորեն, 44-օրյա պատերազմը արմատապես փոխեց իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի դիրքերն ամրապնդվեցին, Հայաստանի դիրքերը թուլացան, Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում զգալիորեն աճեց, և ընդլայնվեց նրա ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում: Միաժամանակ թուրք զինվորականներին հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակ չտրվեց, ինչպես ակնկալում էին Անկարան և Բաքուն, այլ սահմանափակվեց հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի դիտորդների գործառույթներով միայն, որը տեղակայված է Ադրբեջանի կողմից բռնազավթված Ակնայի (Աղդամ) շրջանում:

Ըստ էության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրավիճակի վրա ազդելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անկարողության պայմաններում հստակորեն ընդգծվեց պետությունների ղեկավարների մակարդակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ երկխոսության ձևաչափի հաստատումը:

Հատկանշական է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց, թե Արցախի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, իսկ արդեն վերջին շրջանի ելույթներում նախագահը նշում է, որ հակամարտությունը տարածաշրջանում ոչ թե լուծված է, այլ դադարեցված: Այսինքն՝ ստացվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես 90-ականներին, այնպես էլ այժմ ուղղակի ռազմական գործողություններից տեղափոխվել է դիվանագիտական հարթակ (համենայնդեպս, դա այդպես են ընկալում համաշխարհային ուժային կենտրոնները և հատկապես տարածաշրջանային գլխավոր խաղացողներից մեկը՝ Ռուսաստանը): Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ արցախյան հակամարտությունը գտել է իր լուծումը:

Ավելին՝ նա սպառնում է չխոսել դրա շարունակվելու մասին, քանի որ «դա սխալ և վտանգավոր ճանապարհ է»: Ավելի վաղ՝ մայիսին, Ի. Ալիևը հայտարարել էր, որ կարգավիճակի հարցն անտեղի է:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների խոսքերի միջև ակնհայտ անհամապատասխանություն կա, ավելին՝ ստացվում է, որ Վ. Պուտինը գնում է «սխալ և վտանգավոր ճանապարհով», քանի որ, նրա խոսքերով, հակամարտությունը միայն դադարեցվել է և չի լուծվել, իսկ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ:

Ֆրանսիական կողմը իր հերթին վերջին շրջանում ակտիվացել է Անդրկովկասյան տարածաշրջանում: Երևանում Ֆրանսիայի դեսպանը բացահայտորեն մատնանշել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Արցախի կարգավիճակի որոշումից հետո: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն բացառում, այսպես կոչված, Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկումը: Ֆրանսիան բարձրաձայն խոսում է այս մասին, Ռուսաստանն ակնարկում է, իսկ Միացյալ Նահանգներն առայժմ լռում է, բայց հավանաբար հակված է նրան, որ կարգավիճակի խնդիրը դեռ արդիական է:

2021 թ. հունիսի վերջին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մատնանշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը շարունակում է գործել, և այն խնդիրները, որոնք ներառված են համանախագահների ձևաչափի օրակարգում, պահպանվում են: Հուլիսի սկզբին Փարիզի նախաձեռնությամբ Է. Մակրոնը և Վ. Պուտինը հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում երկու կողմերն էլ «պատրաստակամություն հայտնեցին համակարգելու Արցախի հակամարտության կարգավորումը տարբեր ասպեկտներով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ անդամ ԱՄՆ-ին, ապա վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց ընթացքում ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացը, որն ուղղված է արցախյան հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը», և Հայաստանին «ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում կառուցողական համագործակցության» կոչ արել: Իսկ արդեն օրեր առաջ Սյունիքի մարզ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ «վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս որոշված չէ Արցախի կարգավիճակի հարցը», ինչն էլ նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում շարունակելու է իր գործունեությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի բացառման, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի կարգավիճակի վերջնական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով:

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ չէր ստանձնել Սպիտակ տան տիրոջ լիազորությունները, երբ որոշվում էր Արցախի ճակատագիրը: Վաշինգտոնը 44-օրյա պատերազմի արդյունքների ամփոփման մեջ եթե ոչ զրոյական, ապա երկրորդական դերակատարություն ունեցավ, ուստի Միացյալ Նահանգները կարող էր բավարարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մնալով, սակայն չպետք է մոռանալ Ջ. Բայդենի՝ Է. Մակրոնից ոչ պակաս «հայամետ» լինելու մասին: Ջ. Բայդենը ավելի քան տասը տարի աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովում, իսկ վերջերս 1915 թ. արյունալի իրադարձություններն անվանել է «Հայոց ցեղասպանություն»: Հայկական լոբբիի հետ որպես կոնգրեսական աշխատելիս Ջ. Բայդենը պաշտպանել է Ադրբեջանին հատկացվող օգնությունը դադարեցնելու մասին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը և Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ պահանջել այն ուժի մեջ պահել: Սպիտակ տան ղեկավարն անգամ քննադատել է Դոնալդ Թրամփին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում պասիվ լինելու համար, և Թուրքիային մեղադրել հակամարտությունը «թեժացնելու» մեջ:

Այսպիսով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համար Արցախի կարգավիճակի հարցը բաց է, և նրանց դիրքորոշումը հակասում է Ի. Ալիևի հայտարարություններին (վերջինս կարող է հույսը դնել միայն Թուրքիայի վրա, որը լիովին պաշտպանում է Ադրբեջանի քաղաքական գիծը): Ի դեպ, այն բանից հետո, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանները մերժեցին Ադրբեջանի կառավարության հրավերը՝ այցելելու Շուշի, բուռն քննադատության արժանացան ադրբեջանական իշխանությունների կողմից: Պետք է ընդգծել, որ մերժումն ինքնին հասկանալի է՝ հաշվի առնելով չեզոքություն պահպանելու համանախագահների պարտավորությունը: Այլ բան է, որ դա առաջացրեց Ադրբեջանի զայրույթը, որը նախկինում համանախագահներին (շատ հաճախ՝ Ռուսաստանին) մեղադրում էր կողմնակալության և հայանպաստ դիրքորոշման մեջ:

Ընդհանուր առմամբ իրավիճակը ցույց է տալիս, որ տարածաշրջանի հիմնական դերակատարները ոչ միայն դեմ են հետպատերազմյան շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, այլև աջակցում են նման ձևաչափի վերակենդանացմանը: Իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան մտադիր չէ այս դեպքում մենակ գործել, այլ համաձայն է ներգրավել այլ դերակատարների ևս:

Ի. Ալիևն իր ելույթներից մեկում նշել է, որ պատերազմի ժամանակաշրջանն անցյալում է, սակայն Ադրբեջանը ամեն րոպե պետք է պատրաստ լինի պատերազմի Անհասկանալի է, թե ում դեմ է Ադրբեջանը մտադիր պատերազմել և ինչի համար, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հստակ նշել են, որ առճակատում չի լինի, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ տարածաշրջանի քաղաքական դաշտում, և Արցախի կարգավիճակը պետք է հստակեցվի: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ի. Ալիևի դիվանագիտական նման կտրուկ հռետորաբանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը բավարար չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հակազդելու համար, եթե նրանք Արցախի հարցում միասնական մոտեցում ցուցաբերեն: Պատերազմ չի լինի, ինչը նշանակում է, որ դիվանագիտական դաշտում խստացումներ կլինեն: Օրինակ՝ կարող է դրվել Արցախի Հանրապետության (ԱՀ) ճանաչման հարցը: Արդյոք սա ձեռնտո՞ւ է պաշտոնական Բաքվին, որը նախկինում խոսում էր շատ ավելի մեղմ և դիվանագիտական լեզվով:

Եթե Բաքուն չմեղմացնի իր կոշտ հռետորաբանությունը, ապա դա նրա փոխարեն կանեն ուրիշները, առաջին հերթին՝ Մինսկի խմբի երկրները: Սա նման է այն արտահայտությանը, թե «դուք կարող եք պատերազմը հաղթել ռազմի դաշտում և պարտվել այն դիվանագիտական սեղանների շուրջ»: Այս պարագայում Ադրբեջանը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը՝ ըստ էության խոչընդոտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, մինչդեռ Երևանը պատրաստ է հետևելու համանախագահ երկրների հայտարարությանը, որը կողմերին կոչ էր անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսելու բարձր մակարդակի հանդիպումները միջնորդ երկրների հովանու ներքո: Բայց մի՞թե դա հնարավոր է: Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական» է (չմոռանանք, թե ինչպես 44-օրյա պատերազմից հետո վերջինս կարողացավ միայնակ իրականացնել միջնորդական դերակատարությունը): Միաժամանակ չպետք է բացառել Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսներն այդ ուղղությամբ դեռ չեն սպառվել: Ակնհայտ է, որ Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման բանակցություններին: Հետևաբար ինչպե՞ս և ի՞նչ պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել Արցախի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը այն պայմաններում, երբ, ըստ ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի, «հին ստատուս քվոն արմատապես կոտրված է, բայց նորը դեռ չի կայացել», իսկ դրա ձևավորումը տեղի է ունենում «դրամատիկ պայմաններում»:

Ինչպես տեսնում ենք, խաղն ընթանում է հեռահար տիրույթով, ինչը կարող է պայմանավորված լինել առնվազն երկու գործոններով: Նախ՝ Բաքվում և Անկարայում, որոնք անցյալ տարվա աշնանը փորձում էին վերջնականապես լուծել արցախյան հակամարտությունը, սկսեցին գիտակցել, որ չկա «բացարձակ հաղթանակ», քանի դեռ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում: Լրացուցիչ լարվածություն է առաջացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը, որը Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն և անարդյունավետորեն «թաղել» է մի քանի անգամ:

Երկրորդ՝ սոցիալ-տնտեսական դրությունը մերձկասպյան երկրում, մեղմ ասած, այնքան էլ գոհացնող չէ: Հունիսի 1-ից «SOCAR»-ի նախաձեռնությամբ Ադրբեջանում բարձրացվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի գները, այդ թվում՝ այն ձեռնարկությունների, որոնք անխուսափելիորեն կազդեն բնակչությանը մատուցվող ծառայությունների գների վրա: Այս ամենը նույնպես նպաստում է հասարակական դժգոհության մեծացմանը: Ընդ որում, բնակչությանը մտահոգում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը:

Չնայած Ադրբեջանի օգտին իրավիճակի արմատական փոփոխությանը՝ վաղ թե ուշ թե՛ տարածաշրջանային և թե՛ արտատարածաշրջանային ուժերը, միևնույն է, ստիպված կլինեն վերադառնալ Արցախի կարգավիճակի խնդրին: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները չեն հեռանա, մինչև չլուծվի Արցախի կարգավիճակի և բնակչության անվտանգության խնդիրը: Իհարկե, այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային ասպարեզում վերականգնել Հայաստանի դիրքն ու կարևորությունը:

Լիանա Պետրոսյան

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company