Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում․ Լիլիթ Գալստյան.
21 Սեպտեմբեր 2021
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր, ՀՀ Անկախության օրը այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատագրական և 44-օրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին։
«Բացառիկ տոն ցանկացած ժողովորդի համար։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը՝ անկախ պետականությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Նա ցավով նշեց, որ վերջին երեք տարիներին իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նվաստացերց մեր հաղթանակները, իր վարած ապիկար քաղաքականության արդյունքում գրեթե սևացրեց մեր անցյալը, այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան։
«Մեր կորուստներն անտանելի են, երկիրը ծանր-ծանր պայմանների մեջ է հայտնվել, այսօր կասկածի տակ ենք դնում պետականությունը, ապագան։ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժը ոչ միայն սևացրեց անցյալը, անորոշ ներկայի մեջ ենք մենք ապրում և նույնքան վտանգված է ապագան։ Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ծանր ապրումներով է այսօր եկել Եռաբլուր, ինչ որ իմաստով նաև իմաստավորելու, արժևորելու նահատակված տղաների գիտակցված զոհաբերությունը հանուն անկախության ու հանուն պետականության։
Լիլիթ Գալստյանը համոզմունք հայտնեց՝ հայ ժողովրդի կենսունակ, գիտակից մի հատված իր մեջ արթնացումի, ոգու, համոզումի ուժ կգնի արժևորելու անկախությունը, մեր ձեռքբերումները, արժանի կլինի մեր նահատակներին, ովքեր հանգչում են այստեղ՝ Եռաբլուրում։
«Համոզված եմ՝ միասին կկարողանանք ծանր ժամանակները հաղթահարել, Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերները հաղթահարել, վերագտնել մեզ, մեր կոտրված մեջքն ուղղել ու շարունակել մեր ընթացքը։ Որքան էլ ծանր են ապրումներս, մի կողմից կորուստները, հավատում եմ մեր իմաստուն տեսակին, արթնացմանը, իմ պետականության ապագային»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Մանրամասները տեսանյութում․
https://youtu.be/DWwuq3d6Oc0
