ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

1921 թ. Կարսի «պայմանագրի» պատմաիրավական գնահատականը

13 Հոկտեմբեր 2021

Բոլշևիկյան Ռուսաստանը չհապաղեց կատարելու «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի խորհրդաթուրքական պայմանագրի 15-րդ հոդվածով Թուրքիային տված իր խոստումը: Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում հրավիրված կոնֆերանսում ստորագրվեց փաստաթուղթ մի կողմից Թուրքիայի, իսկ մյուս կողմից Անդրկովկասի երեք հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Այն, որ Ռուսաստանն արդեն սկսել էր կատարել Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը և ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, որ պայմանագիր կնքի թուրքերի հետ, վկայում է այն մասին, որ բոլշևիկներն արդեն իսկ վավերացրել և ուժի մեջ էին մտցրել քեմալականների հետ կնքած մոսկովյան գործարքը: Կարսում ստորագրված «պայմանագիրը», փաստորեն, Մոսկվայի պայմանագրի ածանցյալն էր: Ձևական բնույթ կրող այդ փաստաթղթով Ռուսաստանը և Թուրքիան փորձում էին իրենց ապօրինի գործարքին «իրավական տեսք» տալ:

Պետք է նշել, սակայն, որ Խորհրդային Ռուսաստանի կողմից Խորհրդային Հայաստանի նկատմամբ ճնշումների գործադրումը հակասում էր միջազգային իրավունքի պահանջներին, որոնք հետագայում կոդիֆիկացվեցին (համակարգվեցին) «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թ. Վիեննայի կոնվենցիայով: Հիշյալ կոնվենցիայի 52րդ հոդվածում հստակ արձանագրված է. «Պայմանագիրն առ ոչինչ է, եթե դրա ստորագրումը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման հետևանք է՝ ի խախտումն միջազգային իրավունքի այն սկզբունքների, որոնք տեղ են գտել ՄԱԿի կանոնադրության մեջ» :

Կարսում հրավիրված կոնֆերանսի ընթացքում Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև «պայմանագիրը» ստորագրվեց Խորհրդային Ռուսաստանի կողմից լիազորված անձի՝ Լատվիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկու մասնակցությամբ , որի կարգավիճակն այս գործընթացում իրավական տեսանկյունից հստակեցված չէր: Խորհրդային Ռուսաստանը Կարսի պայմանագրի ո՛չ պայմանավորվող և ո՛չ էլ միջնորդ կողմ չէր հանդիսանում, ուստի Կարսի «պայմանագրի» ստորագրմանը Գանեցկու մասնակցությունը կարող է բացատրվել միայն Մոսկվայի պայմանագրի 15րդ հոդվածով Ռուսաստանի ստանձնած պարտավորությամբ: Գանեցկու չճշտված կարգավիճակը հիմք է տալիս կարծելու, որ նա Մոսկվայի հրահանգով Կարս էր ուղարկվել` վերահսկելու Հայաստանի ներկայացուցիչների՝ Ա. Մռավյանի և Պ. Մակինցյանի գործողությունները, որպեսզի Մոսկվայում կնքված քեմալաբոլշևիկյան գործարքի պայմանավորվածությունները որևէ կերպ չխախտվեին: Կարսի կոնֆերանսի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչների վրա ներգործությունը նույնպես միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում էր: Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի 51րդ հոդվածով սահմանվում է, որ այն դեպքում, երբ պետության համար պայմանագրի պարտադիր լինելու համաձայնությունը ձեռք է բերվել նրա ներկայացուցչի նկատմամբ պարտադրանքի գործողություններով կամ սպառնալիքներով, այդ համաձայնությունն իրավական ուժ ունենալ չի կարող :

Խորհրդային Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայի պայմանագրի ստորագրումից մինչև Կարսի կոնֆերանսի հրավիրումը անընդհատ ներշնչում էր այն միտքը, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար Մոսկվայի և Կարսի պայմանագրերը «չարյաց փոքրագույնն» են, և դա Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ փրկության միակ հնարավորությունն է, քանզի դաշնակցական կառավարությունը 1920 թ. դեկտեմբերի 2ի Ալեքսանդրապոլի պայմանագրով արդեն իսկ տարածքային մեծ զիջումներ էր արել թուրքերին : Այս թեզը փորձում էին «հիմնավորել» նաև Կարսում ստորագրված փաստաթղթի 1ին հոդվածով, որով չեղյալ էին համարվում մինչ այդ ստորագրված երկկողմ պայմանագրերը . այս առումով նախ և առաջ նկատի էր առնվում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Այս առիթով պետք է նշել, որ, անկախ Կարսի փաստաթղթում հիշյալ կետի ամրագրումից, Ալեքսանդրապոլի պայմանագիրը չուներ և չէր կարող ունենալ իրավական ուժ հետևյալ պատճառներով.

1. Պայմանագիրը հայկական կողմից ստորագրվել էր մինչ այդ Երևանի պայմանագրով իշխանությունը Հայհեղկոմին փոխանցած կառավարության ներկայացուցիչների կողմից, որոնք այլևս իրավասու չէին այն ստորագրելու:
2. Պայմանագիրը ստորագրվել էր թուրքական զորքերի հետագա առաջխաղացման վերջնագրի, այսինքն՝ ուժի սպառնալիքի պայմաններում, և խախտվել էր հայկական կողմի ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքը:
3. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթի վավերագրերը պետք է փոխանակվեին մեկ ամսվա ընթացքում, սակայն այն ընդհանրապես չի վավերացվել :

Ինչպես տեսնում ենք, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, անօրինական լինելուց բացի, անգամ չէր մտել օրինական ուժի մեջ: Չպետք է մոռանալ, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը նաև Հայաստանի նկատմամբ քեմալաբոլշևիկյան փոխհամաձայնեցված ռազմաքաղաքական ճնշումների հետևանք էր: Մոսկվայի կոնֆերանսից մինչև Կարսի կոնֆերանսն ընկած ժամանակամիջոցում Ալեքսանդրապոլի պայմանագրի փաստարկով Հայաստանի ներկայացուցիչներին ապակողմնորոշելը նույնպես միջազգային իրավունքի խախտում էր: Վիեննայի կոնվենցիայի 49րդ հոդվածով պայմանագիրն առ ոչինչ է համարվում, եթե այն ստորագրվել է պայմանավորվող կողմի ներկայացուցչի խաբեությամբ կամ ապակողմնորոշմամբ :
Կարսի փաստաթուղթը բառացիորեն կրկնում ու վերարտադրում է Մոսկվայի պայմանագրի հոդվածները՝ այդ կերպ փորձելով «օրինականացնել» Մոսկվայի քեմալաբոլշևիկյան գործարքը: Հատկանշական է, որ Կարսի «պայմանագրի» կողմ չհանդիսացող Խորհրդային Ռուսաստանն ավելի շուտ վավերացրեց տվյալ փաստաթուղթը (1922 թ. մարտի 16), քան դրա կողմ հանդիսացող Խորհրդային Հայաստանը (1922 թ. մարտի 20) :

Թվարկված կոպիտ խախտումների համակցությունը հիմք է տալիս պնդելու, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Կարսում ստորագրված փաստաթուղթը պայմանագիր համարվել չի կարող, այլ պետք է դիտարկվի որպես Մոսկվայի անօրինական գործարքի հավելված:

Քանի որ Կարսում ստորագրված դեյուրե անօրինական փաստաթղթի հիման վրա են իրականացվել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանազատումն (դելիմիտացիա) ու սահմանանշումը (դեմարկացիա), ուստի հարկ ենք համարում միջազգային իրավունքի տեսանկյունից քննության առնել դրա հոդվածներն ու դրույթները:

Փաստաթղթի 1-ին իսկ հոդվածով, մինչ այդ պայմանավորվող կողմերի միջև ստորագրված փաստաթղթերից բացի, ուժը կորցրած են ճանաչվում նաև անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող երրորդ երկրների կողմից կնքված պայմանագրերը : Սույն հոդվածի ձևակերպումներից հասկացվում է, որ փորձ էր արվում չեզոքացնելու Սևրի պայմանագիրը, առավել ևս, որ բացառություն է արվում միայն Կարսում ստորագրված փաստաթղթի հիմքում դրված Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագրի համար :

Տվյալ հոդվածին, սակայն, տրամագծորեն հակասում է նույն փաստաթղթի 2րդ հոդվածը, որով «Թուրքիան համաձայնվում է չճանաչել որևէ միջազգային պայմանագիր կամ ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին և ճանաչված չէ այդ երկրների կառավարությունների կողմից, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհուրդներին» :

Խորհրդային Հայաստանը Մոսկվայի պայմանագիրը փաստացի ճանաչել է միայն Կարսի պայմանագրի ստորագրումով, իսկ մինչ այդ պահը Հայաստանը ոչ միայն չի ճանաչել Մոսկվայի պայմանագիրը, այլև բողոք է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, որ առանց իր մասնակցության է լուծել իր տարածքային հարցերը: Հայաստանի արտգործկոմ և պատվիրակության ղեկավար Ա. Բեկզադյանը 1921 թ. ապրիլի 15-ին այդ կապակցությամբ հայտարարություն է ուղղել Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինին: 1921 թ. մայիսի 19ին ՀԿԿ Կենտկոմի պլենումը, լսելով Բեկզադյանի հաշվետվությունը ռուսթուրքական բանակցություններում հայկական պատվիրակության աշխատանքների մասին, հավանություն է տվել պատվիրակության քաղաքական գծին :

Վերը նշվածից հետևում է, որ, ելնելով Կարսի փաստաթղթի 2րդ հոդվածից, Թուրքիան պետք է անվավեր ճանաչեր նաև Մոսկվայի պայմանագիրը, ուստի ոչ իրավաչափ էր Կարսի փաստաթղթի 1ին հոդվածով Մոսկվայի պայմանագրի համար բացառություն անելը: Ավելին՝ Կարսի փաստաթղթի 2րդ հոդվածը կրկնում է Մոսկվայի պայմանագրի 1ին հոդվածը, որով պայմանավորվող կողմերը համաձայնում են չճանաչել ոչ մի պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին հարկադրել են այն ընդունել : Մոսկվայի պայմանագրում 15րդ հոդվածի առկայությունը Հայաստանի նկատմամբ հարկադրանքի ամենացայտուն արտահայտությունն է, որը հստակ դրսևորվեց Կարսի կոնֆերանսի ընթացքում: Այսպիսով՝ Կարսի փաստաթղթի 2րդ հոդվածի դրույթները, փաստորեն, ոչ միայն չեզոքացնում են Կարսի պայմանագրի հիմքը կազմող Մոսկվայի պայմանագիրը, այլև իմաստազրկում են հենց Կարսում ստորագրված փաստաթուղթը: Հոդվածների միջև առկա այս հակասությունները խոսում են այն մասին, որ գործարքի նախաձեռնողները՝ քեմալականներն ու բոլշևիկները, ո՛չ Մոսկվայում և ո՛չ էլ առավել ևս Կարսում առանձնապես ջանք չեն գործադրել ո՛չ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և ո՛չ էլ անգամ տրամաբանության տարրական կանոնները պահպանելու հարցում: Նրանք ձգտել են ժամ առաջ «օրինականացնելու» Մոսկվայում կայացած գործարքը Կարսում Հայաստանի ներկայացուցիչների ստորագրությամբ:

Պետք է նշել նաև, որ Թուրքիան ոչ միայն չի կատարել, այլև կոպտորեն խախտել է Կարսի փաստաթղթով իր ստանձնած մի շարք պարտավորություններ: Այսպես, համաձայն 14րդ հոդվածի, պայմանավորվող կողմերը պարտավորվում էին Կարսի փաստաթղթի ստորագրման օրից հաշված 6 ամսվա ընթացքում կնքել 19181920 թթ. պատերազմի հետևանքով գաղթածներին վերաբերող հատուկ համաձայնագիր : Ընդ որում, փաստաթղթի 20-րդ հոդվածով նշված պարտավորությունն ուժի մեջ էր մտնում ոչ թե վավերագրերի փոխանակման պահից, այլ անմիջապես փաստաթղթի ստորագրման պահից : Թուրքիան, ըստ նշված հոդվածների, մինչև 1922 թ. ապրիլի 13-ը Հայաստանի հետ պետք է կնքեր գաղթականներին վերաբերող հատուկ համաձայնագիր: Բնական է, որ Թուրքիան նշված պայմանագրի ստորագրման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, որի ընթացքում ծագելու էին հայ գաղթականների իրավունքների վերականգնման ու հատուցման բազում հարցեր, որոնք չէին բխում քեմալականների շահերից: Թուրքական կողմն արդեն իսկ «լուծել էր» իր գերխնդիրը. Կարսի կոնֆերանսում Մոսկվայի գործարքին տրվել էր օրինական տեսք:

Ստանձնած պարտավորությունները չկատարելուց բացի` Թուրքիան նաև խախտել է Կարսի փաստաթղթի որոշակի հոդվածներ ու դրույթներ: Այսպես, 10րդ հոդվածի համաձայն, որը Մոսկվայի պայմանագրի 8րդ հոդվածի կրկնությունն է, կողմերը պարտավորվել են իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարումն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարել մյուս երկրի դեմ : Ակնհայտ է, որ բոլշևիկների ու քեմալականների համար փոխշահավետ այս դրույթն ուղղված էր Խորհրդային Հայաստանում ազգային կուսակցությունների և առաջին հերթին ՀՅ Դաշնակցության գործունեության վերականգնումը բացառելուն: Պետք է նշել, սակայն, որ Թուրքիան իր տարածքում ոչ միայն թույլ է տվել հակահայկական կառույցների առաջացումը` ի դեմս «Գորշ գայլերի» և ազգայնական ու իսլամիստական բնույթի այլ կազմակերպությունների, այլև մինչ օրս հովանավորում է դրանց գործունեությունը՝ ծառայեցնելով իր համաթուրանական նպատակների իրագործմանը:

Կարսի փաստաթղթի 17-րդ հոդվածով կողմերը պարտավորվել են «առանց որևէ կասեցումների ապահովել մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումը» : Մինչդեռ Թուրքիան 1993 թվականից առ այսօր իրականացնում է Հայաստանի շրջափակումը՝ միակողմանիորեն փակելով սահմանը, ինչով խախտում է Կարսի փաստաթղթի համապատասխան հոդվածը: Բացի այդ, Կարսի փաստաթղթի 2րդ հավելվածի, Արաքսի գոտուն վերաբերող դրույթների համաձայն, Թուրքիան պարտավորվել է ԱլեքսանդրապոլԵրևան երկաթուղուց 8 և 4 վերստ հեռավորության վրա գտնվող գծերով սահմանված գոտիներում չպահել կանոնավոր զորքեր : Այս դրույթները թուրքական իշխանությունները խախտեցին նախ 1942- 1943 թթ., երբ զորքեր էին կուտակել հայթուրքական սահմանին և սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին` Հայաստան ներխուժելու նպատակով: Արցախյան պատերազմի ընթացքում` 1993 թ., Թուրքիան չբավարարվեց միայն Հայաստանի շրջափակումով, այլ կատարեց հակաօրինական հերթական քայլը՝ դիմելով «ուժի ցուցադրության»՝ սահմանի մոտ թուրքական կանոնավոր զորքեր տեղակայելով:

Թուրքիայի` Կարսի փաստաթղթի դրույթները խախտելու փաստերի արձանագրումից հետո հարկավոր է պարզել, թե միջազգային իրավունքի շրջանակներում իր խախտված իրավունքները վերականգնելու համար որոնք կարող են լինել Հայաստանի հնարավոր գործողությունները:

Հիմք ընդունելով Վիեննայի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի 49րդ հոդվածը, ըստ որի` պայմանագիրն առ ոչինչ է, եթե այն ստորագրվել է պայմանավորվող կողմի ներկայացուցչի խաբեությամբ կամ ապակողմնորոշմամբ, 51րդ հոդվածը, ըստ որի` պայմանագիրն առ ոչինչ է այն դեպքում, երբ պետության համար պայմանագրի պարտադիր լինելու համաձայնությունը ձեռք է բերվել նրա ներկայացուցչի նկատմամբ պարտադրանքի գործողություններով կամ սպառնալիքներով, և 52րդ հոդվածը, ըստ որի` պայմանագիրն առ ոչինչ է, եթե դրա ստորագրումը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման հետևանք է, Կարսի փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է համարվել առ ոչինչ: Վիեննայի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի 69-րդ հոդվածի 1-ին կետով` առ ոչինչ համարվող պայմանագրերն իրավական ուժ չունեն, իսկ նույն հոդվածի 3րդ կետի համաձայն` եթե պայմանագիրն առ ոչինչ է համարվում կոնվենցիայի 49-րդ, 50-րդ, 51-րդ կամ 52-րդ հոդվածների հիմքերով, ապա նշված գործողություններում պատասխանատու կողմը որևէ պահանջի իրավունք չունի մյուս կողմի նկատմամբ: Սա նշանակում է, որ նշված գործողություններն ապացուցվելու դեպքում Թուրքիան ոչ մի պահանջ չի կարող ներկայացնել Հայաստանին Կարսի փաստաթղթով ստանձնած պարտավորությունների առնչությամբ: Տվյալ պարագայում Հայաստանը պարտավոր կլինի այդ մասին պաշտոնապես գրավոր տեղեկացնել պայմանագրի մյուս մասնակիցներին՝ Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին: Ընդ որում, գրավոր փաստաթղթում պետք է ոչ միայն նշված լինեն նման քայլի հիմքերը, այլև առաջարկություններ ներկայացվեն պայմանագրի ապագայի վերաբերյալ: Կարսի փաստաթղթի մասնակիցները պետք է եռամսյա ժամկետում պատասխանեն Հայաստանի գրավոր ուղերձին, իսկ կողմերի միջև հակասություններ ծագելու դեպքում հարցի լուծումը պետք է հանձնվի ՄԱԿի Արդարադատության միջազգային դատարանին:

Սակայն այս հարցում Վիեննայի կոնվենցիայի դրույթներով առաջնորդումն ու դրանց հիման վրա Կարսի փաստաթղթի առ ոչինչ հայտարարումն անուղղակիորեն կնշանակի, որ մինչ այդ քայլն անելը մենք փաստորեն ընդունել էինք դրա օրինականությունը: Ուստի Հայաստանի Հանրապետությունն այս հարցում կարող է ելնել «Tabula rasa» («մաքուր թղթի») սկզբունքից և առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6րդ հոդվածով, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում և դառնում ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս միայն նրա կողմից վավերացվելուց հետո, ինչը նշանակում է, որ ՀՀի կողմից չվավերացված Կարսի փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ չունի:

Ինչ վերաբերում է պայմանագրային իրավունքում ընդունված վաղեմության ժամկետի՝ էստոպելի սկզբունքին, ապա այս հարցը կարգավորվում է Վիեննայի կոնվենցիայի 45-րդ հոդվածով, որում նշվում է, որ պայմանագիրը չեղյալ համարելու կամ վերանայելու պահանջի ժամկետները համարվում են բաց թողնված այն դեպքում, երբ պահանջատեր կողմը նախկինում որոշակիորեն հարմարվել ու լռելյայն համաձայնել է կատարված փաստի հետ: Իսկ երբ կողմը որոշակի գործողությունների միջոցով՝ հայտարարություններ, բողոքի նոտաներ և այլն, հայտնում է իր անհամաձայնությունը, ապա տվյալ փաստաթղթի նկատմամբ չի կարող կիրառվել վաղեմության պահանջի սկզբունքը : Մոսկվայի ու Կարսի փաստաթղթերի առումով վաղեմության ժամկետի պահանջը չի կարող կիրառվել, քանի որ Խորհրդային Հայաստանը դեռ 1921 թ. ապրիլի 15-ին է բողոք ներկայացրել Կարսի փաստաթղթի հիմքը կազմող Մոսկվայի անօրինական գործարքի դեմ, իսկ հետագայում` 1945 թ. հուլիսի 22-ին` Պոտսդամի կոնֆերանսի` կառավարությունների ղեկավարների վեցերորդ նիստի ժամանակ, ԽՍՀՄը Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի անունից տարածքային հարց է բարձրացրել Թուրքիայի առաջ` պահանջելով վերադարձնել Կարսն ու Արդահանը , ինչը պետք է համարել Կարսի փաստաթղթի վիճարկում:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Կարսում ստորագրված փաստաթղթի ընդունման (հատկապես Հայաստանի կողմից) հարցը բավականին արդիական էր նաև հայթուրքական վերջին արձանագրություններում: Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության մեջ նշվում էր, որ ստորագրող կողմերը վերահաստատում են երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով : Արձանագրության տեքստում սահմանի փոխադարձ ճանաչումը ոչ թե հաստատելու, այլ վերահաստատելու հանգամանքի ընդգծումը մեխանիկորեն առաջ է քաշում հենց Կարսի փաստաթղթի վերջնական ճանաչումը, քանզի «փաստացի գոյություն ունեցող հայթուրքական սահմանի հարցը կարգավորող» այլ փաստաթուղթ ուղղակի չկա:

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի համար Կարսի փաստաթղթի հետևանքների չեզոքացման որևէ քայլ կատարելուն պետք է նախորդի նախապատրաստական լուրջ աշխատանք` հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները: Գաղտնիք չէ, որ միջազգային իրավական նորմերն ու սկզբունքներն ազդեցիկ տերությունները ծառայեցնում են իրենց շահերին ու նպատակներին` երբեմն նաև խախտելով կամ իրենց ձեռնտու ձևով մեկնաբանելով դրանք: Եվ եթե նույնիսկ նրանք միջազգային հարաբերություններում իրենց կատարած գործողությունները ձգտում են հիմնավորելու միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով, ապա Հայաստանի Հանրապետությունն առավել ևս չպետք է իրեն շռայլություն թույլ տա՝ հրաժարվելով պաշտպանել ոչ միայն իր, այլև ողջ հայ ժողովրդի օրինական շահերն ու իրավունքները այն հնարավորություններով, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, մանավանդ որ մեր հարևանները վաղուց այդ իրավունքը խեղաթյուրված ձևով օգտագործում են մեր դեմ:

Արմեն Մարուքյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company