ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը

17 Հոկտեմբեր 2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով սեպտեմբերի 8-9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Երկու օր տևած հանդիպումներից ու բանակցություններից հետո Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները, ըստ էության, փորձագիտական ու անգամ լայն շրջանակների համար հետաքրքիր որևէ գնահատականով կամ նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Առաջին հայացքից սա պարզ մի այց էր, որի ընթացքում երկու երկրների միջև անգամ նոր փաստաթղթեր չեն ստորագրվել։ Այս հանգամանքը ստիպում է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես շարունակում է ՀՀ նախկին բոլոր ղեկավարների ավանդույթը և իր՝ որպես երկրի նոր ընտրված ղեկավարի առաջին արտասահմանյան այցերի շարքում է դասում հարևան այն պետությունները, որոնց հետ Հայաստանը լավ հարաբերություններ ունի։ Սակայն Փաշինյանի վրաստանյան այցից տասն օր անց՝ սեպտեմբերի 19-ին, պարզվեց, որ նրա հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ այդքան էլ անհետաքրքիր չի եղել, որքան դա ներկայացվում էր հանրությանը։ Այդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր գործընկերոջ միջոցով հանդիպման առաջարկ է ուղարկել իրեն՝ ավելացնելով, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են նման հանդիպման, եթե Հայաստանը որոշակի քայլեր կատարի։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 23-ին, Էրդողանն արդեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանից դրական ազդակներ են ստացել։

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների` միմյանց հղած դրական ազդակների մասին երկու կողմերն էլ վերջին շրջանում շատ են բարձրաձայնում։ Պաշտոնական Երևանն էլ չի հերքել Ղարիբաշվիլու միջոցով Էրդողանին հանդիպման հրավեր ուղղելու փաստը։ Մեկնաբանելով այդ լուրը՝ ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի խոսնակը հայտարարել է. «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։ Վերջինս նաև նշել է, որ «չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում դեռևս տեղի չի ունեցել»։ Ի դեպ, նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակի այս վերջին հայտարարությունն արդեն իսկ վիճարկվել է Հայաստանի մի շարք փորձագետների և առաջատար լրագրողների կողմից։ Վերջիններս հիմնավոր կասկածներ են հայտնում այն մասին, որ արդեն իսկ հիշատակված վրաստանյան այցի վերջին օրը, երբ Փաշինյանը շատերի համար անսպասելիորեն Բաթում մեկնեց, մեր պատվիրակության անդամները որոշակի շփումներ են ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ բնականաբար նշված չէր։ Նրանում միայն խոսվում է Փաշինյանի և Ղարիբաշվիլու «ոչ ֆորմալ» հանդիպման մասին։

Ինչևէ, կարևորն այն է, որ Փաշինյանն իսկապես հանդիպման առաջարկ է արել Էրդողանին, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները միմյանց անընդհատ դրական ազդակներ են հղում, և այդ գործընթացում Վրաստանը ստանձնել է միջնորդի դեր։ Այս վերջին հանգամանքն ավելի քան հետաքրքրական է, որովհետև ակնհայտ է, որ Վրաստանը չունի տարածաշրջանային զարգացումներում լուրջ դերակատարում ստանձնելու, առավել ևս տարբեր գործընթացներում ներգրավված կողմերին երաշխիքներ տրամադրելու ներուժ։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում հայկական կողմին նման երաշխիքներ այն էլ որքան են հարկավոր…

Ընդհանրապես, խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Վրաստանի «միջնորդական առաքելության» մասին, բացի վերը հիշատակված խնդրից, պետք է ուշադրություն դարձնել ևս երկու կարևոր հանգամանքների վրա։ Նախ` հայտնի փաստ է, որ մեր տարածաշրջանում Վրաստանը լրջագույն խնդիրներ ունի Արցախի և Հայաստանի անվտանգային կարևոր գործընկեր, իսկ վերջին ամիսներին նաև հիմնական երաշխավոր Ռուսաստանի Դաշնության հետ։ Ակներև է, որ Մոսկվան խանդով է ընդունում հայ-վրացական հարաբերություններում ձեռք բերված ցանկացած նշանակալից պայմանավորվածություն։ Ի դեպ, նույնը և Թբիլիսին, երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական համագործակցության խորացմանը։ Եվ եթե հանկարծ պարզվի, որ Էրդողանին Ղարիբաշվիլու միջնորդությամբ հանդիպման հրավեր հղելու Փաշինյանի նախաձեռնությունը նախապես համաձայնեցված չի եղել Ռուսաստանի հետ, ապա վստահ կարելի է պնդել, որ հայկական կողմի համար դա անհետևանք չի մնա։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը չափազանց մեծ ազդեցություն ունեն Վրաստանի արտաքին քաղաքականության վրա։ Ավելին՝ հենց Անկարան ու Բաքուն են ամեն ինչ անում, որպեսզի Վրաստանը հանդես գա որպես Հայաստանի հետ երկխոսության միջնորդ։ Դրան էր միտված, օրինակ, Ղարիբաշվիլու միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներին ազատ արձակելու և Հայաստան ուղարկելու Ալիևի որոշումը։ Նույն խնդրի մասին է Նյու Յորքում վերջերս կայացած հանդիպման ընթացքում Էրդողանը խոսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։ Վերջինս հենց այնտեղ՝ Էրդողանի ներկայությամբ, բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է խաղաղապահ դառնալ Հարավային Կովկասում։

Թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում Վրաստանին ներգրավել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում, կարծում եմ` հասկանալի է։ Այդ կերպ թյուրքական պետությունների դաշինքը փորձում է նախ աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում, ապա և ընդհանրապես այդ հարցերում Ռուսաստանը փոխարինել իր կողմից վերահսկվող Վրաստանով։ Սա, իհարկե, երկարաժամկետ քաղաքականություն է, բայց Թուրքիան չի շտապում։ Պաշտոնական Անկարային այս պահին մեկ բան է պետք՝ ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում՝ սպասելով հետագայում տարածաշրջանն ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելու հնարավորություններին։

Մեծ հաշվով, դրան է ուղղված նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Էրդողանի իշխանության ցանկությունը։ Թուրքիայում լավ են հասկանում, որ ընդամենը երեք տարի առաջ նրանք երազել անգամ չէին կարող այն մասին, ինչն այսօր իրականություն է դարձել։ Խոսքն առաջին հերթին արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին է։ Դա է այն բանալին, որը թույլ կտա Անկարային հետագայում ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում և վերջապես լոկալ բնույթի տերությունից վերածվել աշխարհաքաղաքական հզոր և շատ ազդեցիկ կենտրոնի։ Բայց ոչ միայն դա։ Երբ գործը հասնում է Հայաստանին, Թուրքիայի առջև խնդիրների մեծ շարան է միանգամից ի հայտ գալիս։ Դա և՛ Հայոց ցեղասպանության խնդիրն է, և՛ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ հարաբերությունները, և՛ Ռուսաստանի ռազմական ներկայությունն իր սահմանին, և՛ Արցախի խնդիրը, և՛ թյուրքական աշխարհի հետ կայուն ցամաքային կապ ունենալու հնարավորությունը և այլն, և այլն։ Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում տեղի է ունեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություն», և մեր երկիրն այդ հեղափոխության հետևանքով հրաժարվել է իր իսկ կենսական շահերը պաշտպանելու գործից, Թուրքիայի իշխանությունները 2018 թվականի երկրորդ կեսից սկսեցին մեր տարածաշրջանում ձևավորված հավասարակշռությունը խաթարելուն և իրավիճակը փոխելուն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ընդ որում, Անկարան իրեն բավարարված կզգար ցանկացած արդյունքի պարագայում, միայն թե ձևավորված ստատուս-քվոն փոխվեր, և ինքը Հարավային Կովկաս մուտք գործելու հնարավորություն ստանար։ Իսկ այժմ իրավիճակն արդեն այնպիսին է, որ Թուրքիան այլևս չի բավարարվում Արցախի հարցում ոչ միայն քաղաքական, այլև նույնիսկ ռազմական ներկայությամբ։ Այլ խոսքով՝ Անկարան ձգտում է օգտվելու պահի ընձեռած հնարավորություններից և հնարավորինս շատ խնդիրներ լուծելու։

Փորձենք հասկանալ, թե որոնք են այս պահին Թուրքիայի ամենից արդիական խնդիրները։ Սկսենք թերևս Ադրբեջանի հաղթանակը միջազգային պայմանագրերով ամրագրելու` թուրք-ադրբեջանական դաշինքի համար առաջնային և կարևոր գործից։ Թե՛ Բաքվում և թե՛ Անկարայում հասկանում են, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության լուծման այսպիսի տարբերակի շուրջ միջազգային կոնսենսուս չկա։ Պատճառները շատ են։ Նախ` հակամարտության արդարացի, երկարաժամկետ և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական խաղացողների շահերը հաշվի առնող լուծման տարբերակները ենթադրում էին որոշակի հավասարակշռության պահպանում։ Այո՛, Միացյալ Նահանգները, Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստանը մշտապես խոսել են Արցախի ազատագրված շրջանների մի մասը Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին։ Բայց առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքի ու Քաշաթաղի շրջանի հիմնական հատվածի հայապատկան լինելու մասին կոնսենսուս նշված աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կար ու շարունակում է գոյություն ունենալ։ Այդ ամենը փաթեթավորված էր տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու հայտնի սկզբունքներով։ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքը, կասկածի տակ դնելով բոլոր հիշատակված երկրների միջազգային հեղինակությունը, անտեսելով նրանց աշխարհաքաղաքական շահերը, որոշել էր արցախյան խնդիրը լուծել ուժի միջոցով։ Սա մի քայլ էր, որի պատասխանը Թուրքիան և Ադրբեջանը դեռ պետք է տան։ Բայց թյուրքական երկու երկրներին մինչ այս պահն այդ հանգամանքը այնքան էլ չի անհանգստացնում։ Նրանք փորձում են հաջորդ քայլն էլ անել և հասնել նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան հրաժարվեն Արցախի հարցով նախկինում ձեռք բերված ներքին պայմանավորվածություններից, աչք փակեն ուժ կիրառելու փաստի վրա (չնայած երեք աշխարհաքաղաքական կենտրոնները միշտ նշել են իրենց համար այդ սցենարի անընդունելի լինելը) և մոռանան ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին։ Ահա այս խնդիրները լուծելու համար է Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» Հայաստանի հետ։

Երկրորդ խնդիրը, որն այսօր ծառացել է Թուրքիայի արտաքին քաղաքականության առջև, Ադրբեջանում թուրքական ազդեցությունը լիարժեք ու երկարաժամկետ դարձնելն է։ Անկարան գիտի, որ թուրքական ռազմական պոտենցիալն Ադրբեջանին անհրաժեշտ էր Արցախում իր խնդիրները լուծելու համար։ Այդ նպատակին հասնելու մղումով Իլհամ Ալիևը չափազանց մեծ զիջումներ է արել Թուրքիայի իշխանություններին՝ մինչև իսկ նրանց հանձնելով սեփական բանակի կառ։ Հիմա, երբ Ալիևն արդեն ունի այդ հաղթանակը, հետևաբար նաև սեփական իշխանությունը ևս մի քանի տարի (եթե չասենք՝ տասնամյակներ) երկարացնելու հնարավորություն, նա արդեն որպես իր մրցակից հենց Թուրքիային է սկսում ընկալել։ Եվ որպեսզի Ադրբեջանի նախագահը չկարողանա փախչել թուրքական կարթից, Էրդողանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանն էլ ավելի մեծ կախվածության մեջ հայտնվի թուրքական տնտեսությունից, քաղաքականությունից, ռազմական ներուժից և այլն։ Իսկ դրա համար Թուրքիային Ադրբեջանի հետ կոմունիկացիաներ են պետք։ Ըստ թուրք գործիչների` Ադրբեջանն այլևս այդքան հեռու և առանձնացված չպետք է լինի Թուրքիայից։ Այդ իսկ պատճառով նրանք ամեն ինչ անում են Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան տանող ճանապարհների և այլ ենթակառուցվածքների արագ գործարկման համար՝ հընթացս էլ, իհարկե, տնտեսական էքսպանսիա պլանավորելով արդեն մեր երկրի դեմ։

Երրորդ` Հարավային Կովկաս ազատ ելումուտ անելու համար Թուրքիային պետք է օր առաջ ձերբազատվել Հայոց ցեղասպանության խնդրից և ընդհանրապես Հայկական հարցից, որոնք տասնամյակներ շարունակ Թուրքիայում ընկալվել են որպես տարբեր տարածաշրջաններում, բայց առավելապես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, իրենց հնարավորությունները սահմանափակող գործոն։ Այս խնդրի առնչությամբ ցավով պետք է նշել, որ Հայկական հարցի կարևորությունը Անկարայում տարիներ շարունակ ավելի լավ են հասկացել, քան Երևանում։ Որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ պետք է խոստովանել, որ Հայկական հարցը Թուրքիային զսպելու գործիք է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Իսրայելի և այլոց ձեռքին։ Եվ այսօր ահա Թուրքիայի իշխանություններն այդ զսպաշապիկից ազատվելու հնարավորություն են տեսել ու փորձում են ամեն ինչ անել, որ հաջողեն այդ գործում։

Հիշատակված երեք մեծ խնդիրների լուծումը Թուրքիային հնարավորություն է տալու շատ հեշտ լուծելու իրեն հուզող ամենամեծ խնդիրը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում և համաշխարհային ու տարածաշրջանային այլ գերտերությունների հնարավորությունների սահմանափակումը Հարավային Կովկասում։ Սա է ժամանակակից Թուրքիայի գերխնդիրը, որի լուծումը պաշտոնական Անկարան այսօր շատ իրատեսական է համարում։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որը մեր տարածաշրջանում իր կենսական շահերը փոխարինում է այլ առաջնահերթություններով՝ մեծ բիզնես, իշխող էլիտաների անձնական շահ և այլն։ Նման վարքագիծ հաճախ նաև Ռուսաստանն է դրսևորում և նույնիսկ Միացյալ Նահանգները։ Եվ սա թույլ է տվել Էրդողանի իշխանությանը մի շարք ձեռքբերումներ ունենալ Հարավային Կովկասում ու նաև գործուն քայլեր անել վերոնշյալ աշխարհաքաղաքական հարցերն ի շահ Թուրքիայի լուծելու ուղղությամբ։ Սա մի գործընթաց է, որը, ցավոք, դեռևս շարունակվում է։
Այս ամենի լույսի ներքո Հայաստանի վարչապետի՝ Էրդողանի հետ սեպարատ բանակցություններ սկսելու ցանկությունն առավել քան տարակուսելի է։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀՀ կառավարության ղեկավարը և ինչպե՞ս է պատրաստվում Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու գործընթացում պաշտպանելու Հայաստանի շահը։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Վարչապետ Փաշինյանը միայն խոսում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի մասին, որի բաղադրիչները նույնպես հայտնի չեն։ Եթե մեր իշխանությունների միտքն այն է, որ հայության կենսական շահերի շարունակական զիջումներով հնարավոր կլինի հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը, ապա նրանք չարաչար սխալվում են։ Այդպես Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միայն գրգռում են այդ ախորժակը և նպաստում թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական օրակարգի կյանքի կոչվելուն։ Հայաստանն ու Արցախը այդ գործընթացում որևէ օգուտ չունեն և բնականաբար չեն կարող ունենալ։ Բայց սա, նկատի ունեմ «տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու» Փաշինյանի հռչակած մարտավարությունը, քննարկման առանձին թեմա է, որին անպայման կանդրադառնամ «Դրօշակ»-ի հաջորդ համարներում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company