Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի
03 Նոյեմբեր 2021
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է:
Բանախոսը վստահ է.
-Սեպտեմբերի 27-ից այս իշխանությունները մի հարց են լուծել՝ կռվել՝ պարտվելու համար:
-Մեր նպատակն է՝ կանխել նոր զիջումները. քանի դեռ կան սրանք, մեր հայրենիքը վտանգի մեջ է:
-Այն օրը, երբ կհասկանանք, որ մանդատից հրաժարվելն է մեր օրակարգից բխող միակ ճանապարհը, իհարկե, մանդատները վայր կդնենք:
-Իրենք չպետք է որոշեն՝ «Հայաստան» խմբակցությունից՝ ո՞վ, որտե՞ղ է լինելու, ո՞ր պատվիրակության կազմում: Արթուր -Ղազինյանին 10-րդ անգամ առաջադրելն էլ սկզբունքի հարց է:
-Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
-Մենք հայտարարել ենք, որ արմատական ընդդիմություն ենք և չենք պատկերացնում համագործակցել այն իշխանության հետ, որը մեր երկիր աղետ է բերել:
-Մենք այսօրվա արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերի հետ հարց չունենք, մեր թիրախը իշխանությունն է:
-Մենք մեղք չունենք, որ այսօրվա արտախորհրդարանական ուժերը ԱԺ-ում չեն, մենք շատ կուզեինք, որ նրանք լինեին խորհրդարանում, և միասին լայն ճակատ ունենայինք:
-Նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ ՀՀ քաղաքացու հանրահավաքն է:
-Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կա այսօրվա իշխանությունը, Հայաստանի գլխին կախված է նոր կապիտուլյացիայի վտանգը:
-Մենք պետք է ձևավորենք համահայկական դիմադրություն և այնպիսի մթնոլորտ, որպեսզի կանխենք մեր երկրին սպառնացող բոլոր վտանգները:
-Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է Հայաստանին պարտադրվող նոր զիջումներին, ինքն իր հայտարարություններով թշնամուն Հայաստանի նոր տարածքներ է նվիրում: Ինքը դիմադրություն ցույց տվող մարդկանց շարքից հանում է, մեկուսացնում:
-Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, ամեն քայլի պետք է տարածք կտա, պետք է նոր մարդկանց կձերբակալի, ճակատագրեր կխեղի:
-Խաղաղություն մենք կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ունենանք այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի կռվել հանուն արժանապատիվ խաղաղության:
-ԱԺ-ում ողջ գործիքակազմից օգտվելով, բոլոր ճակատներով պայքարելու ենք. գնաճի մասին էլ ենք խոսելու, Սևանի խնդիրների մասին էլ…
-Սա ապիկար իշխանություն է, որը չի սպասարկում մեր երկրի շահերը:
-Մարդիկ օրերով հերթ են կանգնում պատվաստվելու համար, բայց պայմաններ չեն ստեղծում, հիմա դրա մեղավորներին են գտել՝ եկեղեցի, ընդդիմություն. ցանկացած ոլորտում կան մեղավորներ ու պատասխանատուներ, բացի իրենցից:
-Նիկոլն ունի մեկ խնդիր՝ իշխանությունը պահել, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և հանուն դրա կարող է զոհաբերել բոլորին՝ ընտանիքի անդամներից սկսած, քաղաքական շրջապատով վերջացրած:
-Մեր բոլորի նպատակը հայրենիքը փրկելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է փրկվել այս իշխանություններից:
-Էս մարդը երկիրը տարավ պարտության՝ կռվելով՝ պարտվելու իմիտացիա անելով:
-Մենք հասկանում ենք, որ քննիչ հանձնաժողովը շոու է լինելու, կան նշանակված մեղավորներ. ո՞նց եք պատկերացնում՝ -Քոչարյան Անդրանիկը օբյեկտիվորեն քննի Նիկոլ Փաշինյանի գործունեությունը. դա անհնարի՛ն է:
-Ընդդիմությունը պետք է լրջորեն քննարկի՝ մասնակցի՞ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ, իսկ եթե մասնակցի, ապա ի՞նչ ֆորմատով:
