Իշխանությունները չեն դիմանա պետության ղեկին մինչեւ իրենց ժամկետի ավարտը
20 Հունվար 2022
Կարծում եմ, որ իշխանությունները մինչեւ իրենց ժամկետի ավարտը չեն դիմանա պետության ղեկին։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Բայց դրա համար, ըստ նրա, համակարգված աշխատանք եւ ուժերի համախմբում է պահանջվում։ Նա պարզաբանեց, որ հասարակությունը պետք է վերականգնի իր իմունիտետը եւ ազգային պետություն ձեւավորի, գործընթացն արդեն ուշացած է։
Ավետիսյանն ընդգծեց ընդդիմության հետեւողական աշխատանքի, ամբողջ գործիքակազմը ներառող քաղաքական պայքարի կարեւոր դերը։ «Մենք չենք հրաժարվում պայքարից: Ես պատրաստ չեմ այս պահին որեւէ ժամկետ նշել: Քննարկումներ են անցկացվում, հանդիպումներ են անցկացվում մարզերում, կոնկրետ, հետաքրքիր առաջարկներ են ստացվում։ Առաջիկայում հասարակությունն ամեն ինչի մասին կիմանա։ Վստահ եղեք, որ մենք կհասցնենք եւ ամեն ինչ կանենք երկիրը թուրքացման գործընթացից դուրս բերելու համար»,- հավելեց պատգամավորը՝ խորհրդարանական ընդդիմության անգործության մասին քննադատությանն ի պատասխան:
«Այո, նման բացասական փորձ կա, որ մեր շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց հեղուկ գազի էական թանկացում։ Սա ունի մի քանի գործոններ։ Առաջին. ցավոք սրտի, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի։ Երկրորդ՝ փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել: Այն, որ ներկրող ընկերությունների անուններ է փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում է գնի վրա»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին:
Բանախոսը հատկանշեց նաև՝ երրորդ գործոնի մասին, ըստ նրա, երրորդ գործոնը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում:
«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝ ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար, այսպես ասաց սեղմված գազի վաճառքի կետերի համար, հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն էլ բերելու է վերջնական սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում
