ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդական առաքելությունը Արցախյան առաջին պատերազմի տարիներին

17 Փետրվար 2022

1991 թ․ վերջին ԽՍՀՄ փլուզմամբ ստեղծվեց աշխարհաքաղաքական միանգամայն նոր իրավիճակ: Առաջացան քաղաքականապես թույլ և տնտեսապես ոչ կենսունակ, բայց ինքնիշխան հանրապետություններ: Ի սկզբանե Իրանը փորձեց ներթափանցել նախկին ԽՍՀՄ «մուսուլմանական» հանրապետություններ: Նա դիվանագիտական հարաբերություններ հաստատեց վերջիններիս հետ, բայց չուներ զգալի միջոցներ, որոնք կարող էր ներդնել այդ երկրներում, ինչն էլ դարձավ արտաքին հարաբերություններում գործընթացի արգելակման հիմնական պատճառը:

Լարվածություն էր նկատվում Ադրբեջանի հետ հարաբերություններում, որին սկզբնապես Իրանն օգնություն էր տրամադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը (1992-1993) հայտարարում էր, որ ադրբեջանցիները պետք է միավորվեն մեկ ընդհանուր պետության կազմում և ստեղծեն Մեծ Ադրբեջան: Սա Իրանը դիտում էր որպես իր պետության հիմքերը խարխլելու և պառակտելու փորձ: Էլչիբեյին փոխարինած նոր նախագահ Հեյդար Ալիևը (1993-2003) կարծես թե որոշակիորեն մեղմեց լարվածությունը հարաբերություններում, բայց նրա՝ իշխանության գալը ստեղծեց այլ խնդիրներ: Նախ՝ Հ․ Ալիևը շարունակեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնակվող թյուրքական ժողովուրդներին միավորելու Ա․ Էլչիբեյի քաղաքականությունը՝ նախապատվությունը տալով Թուրքիայի գերիշխանությանը (Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալը (1989-1992) առաջինն էր, ով հրապարակայնորեն հայտարարեց թյուրքական պետությունների համագործակցություն ստեղծելու մասին, որը կձգվեր Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը): Հ․ Ալիևը, ԱՄՆ-ի համաձայնությամբ, ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիր է կնքում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, և համատեղ ուժերով նրանք դուրս են մղում Իրանին հետխորհրդային տարածքից:

Ադրբեջանը հասկացավ, որ այն ֆինանսական օգնությունը, որն ինքն ակնկալում էր նախկին խորհրդային երկրներից, իրատեսական չէ, և այն իրեն կարող է տրամադրել միայն Թուրքիան: Վերջինս վարկային միջոցներ էր ստանում Արևմուտքից: Հենց այս պատճառով էր, որ Ադրբեջանը փորձեց վարկեր ստանալ ԱՄՆ-ից և նրա եվրոպական գործընկերներից: Հ. Ալիևը փոփոխեց մի շարք օրենքներ այն սկզբունքով, որ արևմտյան գործարարները շահագրգռվեն Ադրբեջանում ներդրումներ կատարելու, հատկապես նավթարդյունաբերության ոլորտում: Վրաստանի նախագահ Է. Շևարնաձեն, ոգեշնչվելով նավթի տարանցիկ գոտուց եկամուտ ստանալու հեռանկարից, համաձայնեցրեց իր տեսակետները Հ. Ալիևի տեսակետների հետ, ինչի հետևանքով ԱՄՆ-ն կովկասյան տարածաշրջանը դարձրեց իր ռազմավարական հետաքրքրությունների կենտրոնը :

Արևմտյան կապիտալի ներթափանցումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում առաջ բերեց Իրանի դժգոհությունը, որը մեղադրում էր Ադրբեջանին ամերիկյան իմպերիալիստական ծրագիրը խրախուսելու մեջ: Մեկ այլ խնդիր էր Բաքվից դեպի բաց ծով նավթային ճանապարհների որոշումը: Իրանը հույս ուներ, որ այդ ճանապարհներից մեկը կանցնի իր տարածքով, և այն կլինի ամենակարճ ուղին դեպի Պարսից ծոցի ավազան: Պահուստային տարբերակ էր նաև Իրանի ու Թուրքիայի տարածքներով դեպի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթուղին: Այդ ուղիները, սակայն, մերժվեցին և՛ ԱՄՆ-ի, և՛ Ադրբեջանի ազգային նավթային ընկերությունների կողմից:

1990-ականներին ակներև դարձավ Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որին նա տրամադրեց տարանցիկ միջանցք (ներկայումս փակված է Թուրքիայի կողմից)՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր արտաքին առևտրի հնարավորությունները: Իրանը սկսեց ակտիվորեն թափանցել հայկական շուկա վարկերի տրամադրմամբ և մեծածավալ առևտրի միջոցով։ Սա որոշակիորեն օգնեց հաղթահարելու ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տնտեսական մեկուսացումը:

1992 թ. Իրանը փորձեց միջնորդական առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում: ԻԻՀ չորրորդ նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997) այն պետական գործիչն էր, որն իրանա-իրաքյան պատերազմի 8 տարիներին ղեկավարել էր երկիրը, և որն առավել, քան որևէ մեկը, պետք է իսկապես գնահատեր անվտանգության և խաղաղության արժեքը: Սա այն պատճառներից էր, որոնք դրդեցին նրան միջամտելու հարևան երկրների միջև հրահրված պատերազմին: Եվ քանի որ նրան հարգում և վստահում էին երկու երկրների պաշտոնյաները, նա հստակ ընդգծում էր, որ առաջին հերթին Ադրբեջանն ու Հայաստանը պետք է փորձեն հասկանալ իրավիճակը տարածաշրջանում՝ մի կողմ դնելով տարաձայնությունները։ Նա առաջարկում էր խնդրի լուծումը քննարկել սեղանի շուրջ, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանային կանխել հետագա արյունահեղությունն ու բնակչության նյութական և հոգեբանական վնասները` ելնելով և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի շահերից:

1991 թ. փետրվարի 17-ի իր հուշագրության մեջ Հ․ Ռաֆսանջանին գրում է. «Ես առանձին հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետ պարոն Հասան Հասանովի հետ: Նա անկեղծորեն խոսեց իր և այլ հանրապետությունների խնդիրների մասին: Նրանք շատ վրդովված են Հայաստանի դեմ հրահրված պատերազմից և միջնորդության խիստ կարիք են զգում: Նրանք իրենց թույլ են համարում, պնդում են, որ ռուսները շատ զենք են տվել Հայաստանին և ոչ մի օգնություն չեն ցուցաբերել Ադրբեջանին: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանն այժմ սատարում են Հայաստանին, երբ խորհրդային բանակը մնում է երկու հանրապետություններում էլ և ենթակա է Ռուսաստանին՝ այդպիսով անտեսելով տեղական իշխանությունների իրավունքները: Ռուսներն ուժ են գործադրում ուրիշների նկատմամբ: Նա այլ շատ տեղեկություններ էլ հաղորդեց իրենց վիճակի մասին»:

1991 թ․ մարտի 25-ին ԻԻՀ արտգործնախարար դոկտոր Ալի Աքբար Վելայաթիի՝ Ադրբեջան ու Հայաստան մեկնելու և միջնորդական առաքելություն հաստատելու հայտարարության վերաբերյալ Հ․ Ռաֆսանջանին գրում է․ «1991 թ․ մարտի 13-ի կեսօրին զանգահարեց Ադրբեջանի վարչապետ պարոն Հասան Հասանովը: Նա իր անհանգստությունն էր հայտնում հայերի ճնշումից և տեղեկացրեց, որ նրանք վերցրել են Ադրբեջանի Աղդամ քաղաքի մի մասը և կրկին առաջ են շարժվում: Նա խնդրեց ինձ խոսել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ՝ խնդիրը լուծելու և ՄԱԿ-ում ակտիվ լինելու համար: Ես խոսեցի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որը հրաժարվեց այդ պատասխանատվությունը ստանձնելուց: Նա ասաց, որ Միացյալ Նահանգները խնդրել է Հայաստանին մասնակցել Բելգիայում Թուրքիայի հետ հանդիպմանը՝ խաղաղ բանակցությունների համար, բայց Հայաստանը մերժել է՝ ասելով, որ դրանում պետք է ընդգրկվի նաև Իրանը»:

1992 թ․ ապրիլի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև Իրանի միջնորդությամբ հաստատված հրադադարը կարծես թե պահպանվում էր, բայց արևմտյան լրատվամիջոցները չէին ցանկանում միջնորդության նախաձեռնությունը վերագրել Իրանին։

«1992 թ․ ապրիլի 5-ի երեկոյան, արտաքին գործերի նախարարության պնդմամբ, ես հեռախոսով խոսեցի Արևմտյան Գերմանիայի կանցլեր պարոն Հելմութ Քոլի հետ Լեռնային Ղարաբաղի տարածքում միջնորդական առաքելության համակարգման և երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին. ներկայումս այդ հավասարակշռությունը խախտված է հօգուտ Գերմանիայի»:

1992 թ․ մայիսի 6-ին Թեհրան է ժամանում ադրբեջանական պատվիրակությունը, որը Ռաֆսանջանիի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շեշտել է համապարփակ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, այնուհետև խոսել են պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ միայն խաղաղություն են ցանկանում։
Նույն օրը՝ երեկոյան, Թեհրանում տեղի է ունենում հայաստանյան պատվիրակության հետ հանդիպումը, որը գլխավորում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հ․ Ռաֆսանջանին այս երկու բանակցությունները նմանեցնում է իրար՝ ասելով, որ երկու կողմն էլ միևնույն բաներն էին ցանկանում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, կամուրջներ, գազ և սնունդ: Թեհրանում նախատեսված էր մատուցել համատեղ ընթրիք, բայց հայկական պատվիրակությունը մերժում է ընթրել ադրբեջանական կողմի հետ։ Ընթրիքը մատուցվում է առանձին, որի ժամանակ երկու կողմն էլ իրենց բարի կամքն են արտահայտում պատերազմի խաղաղ կարգավորման առնչությամբ։

Այս հանդիպումների կապակցությամբ Հ․ Ռաֆսանջանին գրում է․ «Պարզվեց, որ պարոններ Մամեդովն ու Պետրոսյանը (Ադրբեջանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և Հայաստանի նախագահ) նախկինում չեն տեսել միմյանց, չնայած նրանք հեռախոսազրույց են ունեցել: Լողավազանում մենք շրջանաձև նստեցինք: Ես նստեցի նրանց երկուսի արանքում և խոսեցի նախ, թե ընդհանուր առմամբ որոնք են հակամարտության վնասները և խաղաղության շահերը, ապա՝ երկու կողմերի ստորագրության համար պատրաստված փաստաթղթի տեքստի մասին: Փաստաթղթի բովանդակությունը մեծ մասամբ ընդունվեց երկու կողմից էլ, բայց փաստաթղթի որոշ կետերի և արտահայտությունների վերաբերյալ տարաձայնություններ կային» ։

Ռաֆսանջանին նշում է, որ հայկական պատվիրակությունը լիովին հնազանդվում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը չէր կարելի ասել ադրբեջանական կողմի մասին։ Ադրբեջանական մի շարք փորձագետներ կասկած են հայտնել փաստաթղթի որոշ կետերի շուրջ։ Այս կապակցությամբ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության հռչակագրեր ստորագրվեցին: Իրանցիները ադրբեջանցիներին 500 մլն դոլար տվեցին իրանական ապրանքներ գնելու համար: Քանի որ հակամարտության գոտում կրակը շարունակվում էր, որոշվեց, որ ադրբեջանցիները գիշերը կմնան հայերի հետ հաշտվելու համար:
Հայկական պատվիրակության հետ հանդիպումը տեղի է ունեցել արդեն լրագրողների մասնակցությամբ, որի ընթացքում համաձայնագիրը ստորագրվել է։ Հ․ Ռաֆսանջանին նշում է, որ երեկոյան առանձին ընթրիք է մատուցվել նաև ՀՀ նախագահի կնոջը, որի ընթացքում պարզել է, որ հայերը բավականին լավ են վերաբերվում Ռուսաստանին և նրանից ակնկալում են մեծածավալ ռազմական օգնություն, նաև լավ հարաբերություններ ունեն Սիրիայի հետ։

Նախատեսված էր, որ երկու պատվիրակությունները կժամանեն հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 8-ին` փոխզիջման վերջնական տեքստը հաստատելու և ստորագրելու համար: Մայիսի 7-ին պաշտոնական և հրապարակային արարողությամբ երեք երկրների նախագահները ստորագրում են փաստաթուղթը: Փաստաթղթով որոշվում էր մեկշաբաթյա զինադադար կնքել, որի ընթացքում կողմերը կպայմանավորվեին, որ Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի՝ տարածաշրջան (Բաքու, Երևան, Լեռնային Ղարաբաղ) ժամանմամբ կրակը կդադարեցվի, և միաժամանակ կբացվեն բոլոր կոմունիկացիոն ճանապարհները` տնտեսական կացությունը բարելավելու նպատակով: Հաջորդ օրը՝ մայիսի 8-ին՝ կարճ հարցազրույցից հետո, կողմերը մեկնում են օդանավակայան, և նրանց ուղեկցում է անձամբ Հ․ Ռաֆսանջանին։ Նա նշում է, որ ինքը սովորաբար չի ուղեկցում հյուրերին օդանավակայան, որովհետև երկուսին ճանապարհելը միշտ ժամանակատար է լինում, սակայն այս անգամ բացառություն է անում: Նա Մեհրաբադ օդանավակայան է հասնում երկու պատվիրակություններից առաջ: Սկզբում ճանապարհում է ադրբեջանական կողմին, ապա՝ հայկական:

Հ․ Ռաֆսանջանին գրում է․ «Ադրբեջանի վարչապետը զանգահարել էր Բաքվից և խոսել մեր դեսպան պարոն Նահավանդյանի հետ` տեղեկացնելով, որ այսօր՝ առավոտյան, հայերը հարձակվել են Շուշի քաղաքի վրա և առաջ են շարժվում: Նա ուզում էր, որ ես հայերին ասեմ դադարեցնել առաջխաղացումը։ Օդանավակայանում լուրը փոխանցվեց Յ. Մամեդովին: Ես խոստացա արագ քայլեր ձեռնարկել հակամարտությունը դադարեցնելու համար: Հետո հարցը քննարկեցի հայերի հետ։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ տեղյակ չէ կատարվածից: Հայկական կողմն ամաչում էր և պնդում, որ դա հավանաբար հրահրել են ադրբեջանցիները, ապա ասում են, որ տեղյակ չեն: Նրանք անմիջապես հեռախոսով խոսեցին Երևանի հետ և պահանջեցին դադարեցնել պատերազմը: Նրանք իրենց զարմանքն ու հիացմունքն էին հայտնում իմ համբերատարության համար, երբ ես դիմանում էի ժամեր տևող ձանձրալի բանակցություններին և ի մի բերում հակառակ կարծիքներ» ։
1992 թ. հունիսի 23-ի երեկոյան Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի, Նախիջևանի, Աֆղանստանի միջև առկա հակամարտությունը, և որոշվում է տեղակայել իրանական դիտորդներ Նախիջևանում և Հայաստանում, օգնել Ադրբեջանին և խնդրել Հայաստանին Թեհրանի գագաթնաժողովից առաջ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«1993 թ․ սեպտեմբերի 8-ի երեկոյան զանգահարեց Հայաստանի նախագահը: Ես քննադատեցի հայկական կողմի ներխուժումը Ադրբեջան, և նա ասաց, որ իրենք նահանջել են Որոտանի շրջանից (Կուբաթլու) և այլևս ոչ մի առաջխաղացում չեն գրանցի, աստիճանաբար կլքեն Ղարաբաղի տարածքը և լավ որոշումների մասին շուտով կհայտարարեն ռուսական բանակցությունների ժամանակ: Ես շեշտեցի, որ եթե Թեհրանի հանդիպումից հետո հայերը գործեն ընդունված որոշումների համաձայն, այդ խոստումները կկատարվեն: Նա ցանկանում էր ինձ հետ մի քանի անգամ ևս հեռախոսազրույց ունենալ, բայց ես հրաժարվեցի» ։
Հետագայում Ռաֆսանջանին իր հուշագրություններում բազմաթիվ մանրամասներ է պատմում հայկական և ադրբեջանական կողմերի հետ ունեցած հանդիպումներից, զրույցներից ու փոխայցելություններից։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանում Հեյդար Ալիևի նախագահության շրջանից երկու պետությունների միջև նկատվում է հարաբերությունների բարելավում։ Հ․ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ Ռաֆսանջանիին է փոխանցվում մի քարտեզ, որում մանրամասնորեն նկարագրվում է, որ եթե Զանգելանն անցնի հայկական կողմի վերահսկողության տակ, դա մեծ վնաս կհասցնի նաև իրանական սահմանային շրջաններին՝ այդպիսով դրդելով Իրանին խառնվելու պատերազմական գործողություններին։ Ադրբեջանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում իրենց երկրի ամբողջ վերահսկողությունը հանձնելու Իրանին և Ադրբեջանը հռչակելու իսլամական հանրապետություն, քանի որ, առանց իրանական կողմի օգնության, նրանք չէին կարող հաղթել, իսկ հայկական կողմը գուցե հասներ մինչև Բաքու։ Ռաֆսանջանին նշում է, որ տվյալ պահին առաջնային խնդիրը հակամարտության դադարեցումն է, իսկ մնացածը հետագայում կորոշվի։ Այդ նպատակով դոկտոր Վելայաթին նույն հանդիպմանը զանգահարում է Հայաստանի փոխարտգործնախարարին և Ռաֆսանջանիի ուղերձը փոխանցում Հայաստանի նախագահին։ Թվում էր, թե նրանք մի տեսակ սպառնացին հայկական կողմին: Այս մասին հայտնում են նաև Հ․ Ալիևը և Հ․ Ռաֆսանջանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

1994 թ․ հունիսի 1-ին Հ․ Ռաֆսանջանին մասնակցում է Հ․ Ալիևի և Այաթոլլահ Ա․ Խամենեիի հանդիպմանը։ Այդ մասին Հ․ Ռաֆսանջանին գրում է․ «Հանդիպումից առաջ Այաթոլլահ Խամենեիի հետ խոսեցի պրն Ալիևի հետ բարձրացված հարցերի շուրջ, Լեռնային Ղարաբաղի պատերազմի և Ռուսաստանի՝ իրանա-ադրբեջանական սահմանին ներկայության առաջարկի, ինչպես նաև ադրբեջանական հողում հայկական և ադրբեջանական ուժերի հեռավորության մասին: Հանդիպումը սկսվեց: Պրն Ալիևը և նրա պատվիրակությունը ժամանեցին: Շատ դեպքերում բանակցությունները տարաձայնություններ էին առաջացնում: Բոլորի հետ առանձին բանակցեցինք և հարաբերական համաձայնության եկանք: Բանակցություններն ու արարողությունները տևել են երեկոյան 17:30-21:30: Ադրբեջանցիները շատ խիստ էին տրամադրված։ Ըստ ամենայնի, նրանք վախենում են իրենց ներքին հակառակորդներից: Ես պատասխանեցի նրանց այն հարցին և խորհուրդներին, որոնք վերաբերում էին ռուսական առաջարկին, որ մենք դեմ ենք մեր սահմանին ռուսական ուժերի տեղակայմանը։

1994 թ. դեկտեմբերի 20-ին պրն Վահան Բայբուրդյանը՝ Հայաստանի դեսպանը, եկավ ներկայացնելու իր հավատարմագրերը: Նա իր ելույթը արտասանեց պարսկերեն: Խոսեցինք համագործակցության և Իրանի դերի կարևորության մասին: Ես շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումից հետո մեր հարաբերությունները կզարգանան օպտիմալ կերպով» :
Հետագայում՝ 1995-1997 թթ․, Հ․ Ռաֆսանջանին հանդիպումներ է ունենում ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի և ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, որոնց ընթացքում կրկին շեշտվում է պատերազմական գործողություններն ավարտելու կարևորությունը։ 1997 թ․ մայիսի 13-ին տեղի ունեցած հերթական հանդիպման ժամանակ Հ․ Ալիևը դժգոհում է Իրանի և Հայաստանի տնտեսական կապերից, բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ դա չի խանգարի աջակցել նաև Ադրբեջանին։

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այս ոլորտում շատ ակտիվ է եղել մինչև 1997 թ․ առաջին կեսը, երբ նա նախագահ էր և դիվանագիտական ուղիներով շփվում էր Ռուսաստանի և հակամարտության կողմերի հետ: Բայց համաշխարհային տերությունները չէին կարող հանդուրժել իրենց ազդեցության անկումը և Իրանի ազդեցության մեծացումը: Այնուամենայնիվ, դիվանագիտական նախաձեռնությունները փաստում են Թեհրանի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչը, իհարկե, որոշ չափով նվազեց արդեն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ իրանական կողմը չեզոքություն պահպանեց՝ նշելով, որ հակամարտության լուծումը պետք է բխի երկու երկրների ժողովուրդների շահերից։ Այսպիսով՝ Իրանն այս անգամ իր միջնորդական առաքելությունն ամբողջովին զիջեց Ռուսաստանի Դաշնությանը, որը, չլինելով հարևան պետություն, գուցե առավել շատ շահագրգռված էր սեփական նկրտումներով՝ հավանաբար այլ կերպ նայելով սահմանային իրադրության ու անվտանգության հարցերին։

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 2 (1663), փետրվար 2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company