Սյունիքը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում
02 Օգոստոս 2023
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը շրջանառության մեջ դրեցին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որը լրջագույն մարտահրավեր է հայկական պետականության համար։ Ադրբեջանաթուրքական տանդեմն իր ծավալապաշտական ծրագրերն իրականացնում է ինչպես ռազմական ագրեսիայի, հոգեբանական ահաբեկչության միջոցով, այնպես էլ՝ «փափուկ», թեև ոչ պակաս վտանգավոր տարբերակներով, մասնավորապես՝ ժողովրդագրական, իրավաքաղաքական, պատմակեղծարարության և այլն։
«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը շրջանառության մեջ դնելուց հետո քաղաքական օրակարգ բերվեց «Արևելյան Զանգեզուր» հասկացությունը։ Ալիևի 2021 թ. հուլիսի 7-ին ստորագրած հրամանագրով երկրի վարչատարածքային բաժանումն իրականացվեց ըստ տնտեսական շրջանների: Այդ որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքները՝ Ջրականը, Քարվաճառը, Սանասարը, Քաշաթաղը և Կովսականն ընդգրկվեցին «ղարաբաղյան», իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները ներառվեցին «Արևելյան Զանգեզուր» տնտեսական շրջանի կազմում: Վարչատարածքային բաժանման մեջ «Արևելյան Զանգեզուր» անվամբ շրջանի առանձնացումն արդեն իսկ հուշում է, որ ադրբեջանական ընկալումներում գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուրը», ի դեմս որի հասկանում են ՀՀ Սյունիքի մարզը: «Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, ինչպես նաև Արևմտյան Զանգեզուրը»,— հայտարարել էր Բաքվի բռնապետը՝ հավելելով, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնելու է այդ հողերով։
Արդեն 2022 թվականի դեկտեմբերի 24-ից Ադրբեջանի պետական ագրեսիվ քաղաքականության բաղադրիչներից մեկը դարձավ մեկ այլ կեղծ հասկացություն, երբ իր ծննդյան օրը Իլհամ Ալիևը հայտարարեց «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» ծրագրի մասին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, հրապարակվել էր, այսպես կոչված, «Վերադարձի հայեցակարգ» փաստաթուղթը, որով նախատեսվում է Հայաստանի տարածքից իբր «վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը»։ Հայաստանի տարածքները ոչ բռնի կերպով զավթելու նպատակով դեռևս 1989 թ. ստեղծված «Ադրբեջանի փախստականների ընկերություն» կազմակերպությունը 2022-ին վերանվանվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Վերոնշյալ հայեցակարգը ազգային-պետական մակարդակով անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի և հայության համար։ Բավական է միայն նշել, որ «վերաբնակեցման» հետևանքով, հաշվի առնելով նրանց բնորոշ բնական աճի տեմպերը, կփոխվի Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերը։ Ծրագրային նպատակներից է «համայնք» կոչվածի միջոցով մասնակցություն ունենալ ՀՀ-ի իրավաքաղաքական դաշտի մշակմանը. հայեցակարգում մասնավորապես նշվում է Հայաստանի իրավական համակարգում «արևմտյան ադրբեջանցիների՝ անհատապես և հավաքականորեն» գործունեություն ծավալելու մտադրության մասին։ Մտադիր են «պահանջել» նաև օգտագործելու իրենց լեզուն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։ Անմիջական վտանգ են ներկայացնելու իբր «անվտանգության» ապահովմանն ուղղված պայմանները։ Այսպես՝ իրականում գոյություն չունեցող համայնքի ճարտարապետները նախատեսում են «համապատասխան մանդատով միջազգային անվտանգության առաքելության տեղակայում» այն տարածքներում, որոնք մտադիր են բնակեցնել։ Ի դեպ, նախապայմանն է այն, որ այդ ուժերը պետք է վստահելի լինեն Ադրբեջանի համար և տեղակայվեն մինչ նրանց բնակեցումը։ Ավելին, Ադրբեջանի համար «վստահելի առաքելությունը», ինչը, բնականաբար, ենթադրելու է Թուրքիայի անմիջական ներգրավումն արդեն ՀՀ-ում, պետք է «վերահսկողության տակ վերցնի համապատասխան տարածքները, ունենա քաղաքացիական-ռազմական կապեր, ոստիկանական և քաղաքացիական կառավարման լիազորություններ և գործի այնքան ժամանակ, որքան համայնքն անհրաժեշտ կհամարի»: «Հաշվի առնելով, որ իրավապահ և արդարադատության հարցերում համարժեք մասնակցությունը նախապայման է, ադրբեջանցիների համար պետք է պայմաններ ստեղծվեն տեղական անվտանգության ուժեր ձևավորելու և դատարաններում համապատասխան դերակատարում ունենալու համար»,— նշված է փաստաթղթում ։ Այլ կերպ ասած, Ադրբեջանի հանցագործ իշխանությունները Թուրքիայի հետ նախատեսում են ինքնիշխան Հայաստան պետության տարածքում ստեղծել հանցագործ զինված խմբավորումներ, որոնք իբր «խաղաղ բնակիչների» պաշտպանության անվան տակ կզբաղվեն իրենց բնույթին և էությանը հարիր գործունեությամբ՝ ահաբեկչությամբ, սպանություններով և այլն։ Այդպիսով, եթե/երբ Հայաստանի իշխանությունը համաձայնություն տա «Վերադարձի հայեցակարգին», ապա օրինական կերպով մեր երկրի տարածքում կհայտնվեն թուրք-ադրբեջանական զինված միավորումներ։ Ծրագիրը կյանքի կոչելու համար Ադրբեջանը մտադիր է ներգրավել և մասնակից դարձնել միջազգային հանրությանը տարբեր միջազգային կազմակերպությունների և կառույցների միջոցով՝ ակնկալելով ոչ միայն իրավական-քաղաքական, այլև ֆինանսական օժանդակություն։ Այս ամենի նպատակն է մի կողմից՝ լեգիտիմացնել ՀՀ տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան, մյուս կողմից՝ ոչ ռազմական ճանապարհով բռնազավթել Հայաստանի տարածքները։
Ադրբեջանական պետական քարոզչամեքենան «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրավական հիմքերը փորձում է տեսնել 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, որտեղ մասնավորապես գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը» : Այդ նպատակով Արցախի բռնազավթված տարածքներում արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է քարտեզ, որտեղ նշված են այն երթուղիներն ու ճանապարհները, որոնք նախատեսում են կառուցել կամ վերագործարկել դեռևս խորհրդային տարիներին գործող երկաթգծային և մյուս ճանապարհները։ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի շրջանակներում նախատեսում են կառուցել Վելիդաղից Կարս նոր ճանապարհը, ինչպես նաև հիմնանորոգելու են 158 կմ երկարությամբ հատվածը, որն Օրդուբադը կապելու է Վելիդաղ կայարանի հետ, իսկ 14 կմ երկարությամբ ճանապարհ էլ հասնելու է Հայաստանի սահման՝ Երասխի ուղղությամբ։ 166 կմ երկարությամբ երկաթուղային նոր ճանապարհ է նախատեսվում Օրդուբադից մինչև Հորադիզ։ Այդ ծրագրի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ Հայաստանի տարածքում 43 կմ-անոց հատվածը կառուցելու համար։ Բացի երկաթուղային ճանապարհից՝ շրջանառվում է նաև մայրուղիների վերականգնման հարցը: Դեռևս 2021 թ. մայիսի 11-ին Ալիևը հայտարարեց, որ մեկնարկել է Հորադիզ (Վարանդայի շրջան)–Աղբանդ երկաթուղու շինարարությունը, որի պակասող 15–16 կմ երկարության հատվածը կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երկաթուղու շինարարության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ 43 կիլոմետրանոց հատվածի կառուցումը, Ալիևը նախատեսում էր քննարկել Ռուսաստանի հետ՝ այդ քայլը պատճառաբանելով նրանով, որ «Հայկական երկաթուղին պատկանում է Ռուսաստանին»։ Այլ կերպ ասած, Հայաստանին չեն դիտարկում որպես կողմ և մեր սուվերեն տարածքի նկատմամբ գործողությունները քննարկում են երրորդ երկրի հետ։ Հայաստանին որպես քաղաքական սուբյեկտ չդիտարկելը նախևառաջ պայմանավորված է մեր երկրի գործող իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, ամորֆ կեցվածքով։ Հաջորդ ուղղություններից է Իջևան-Ղազախ, Ակնա-Բարդա հատվածը, որը ցանկանում են հասցնել մինչև Ստեփանակերտ։ Այս ամբողջ ծրագրի ինֆոգրաֆիկ պատկերը տեղադրված է Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալության կայքում ։
Դեպի Նախիջևան «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանը 2021 թվականի մայիսի 12-ին ռազմական ագրեսիա իրականացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ՝ հարավում սահմանը հատելով Սև լճի, իսկ արևելյան հատվածում՝ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում։ Հետագայում ևս որոշակի պարբերականությամբ շարունակվեցին դեպի ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈՒ հարձակումներն ու դիրքավորումը ռազմավարական նշանակության բարձունքներում, ինչի հետևանքով Ադրբեջանն այսօրվա դրությամբ տեսանելի վերահսկողություն է ստացել Հայաստանի մի շարք բնակավայրերի և ճանապարհների նկատմամբ։ Հետպատերազմյան սկզբնական շրջանում Ադրբեջանն ակտիվորեն աշխատանքներ էր տանում Հայաստանի հարավային սահմանով «միջանցք» բացելու համար, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հնչած հայտարարություններն ու զգուշացումները «կարմիր գծերի» ու պաշտոնական Թեհրանի համար տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխության անընդունելիության վերաբերյալ, ինչպես նաև սահմանի երկայնքով զորավարժությունների անցկացումը ստիպեց Ադրբեջանին կենտրոնանալ Վարդենիսի և Ջերմուկի, իսկ արևմուտքից՝ Երասխի ուղղությամբ։ Ադրբեջանին և Թուրքիային ուղղված բացահայտ զգուշացում էր նաև անցած տարի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի հյուպատոսության բացումը։
Զանգեզուրի, թե՞ «թուրանական միջանցք»
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը դուրս է գալիս հայ-ադրբեջանական, անգամ տարածաշրջանային երկրների հարաբերությունների մակարդակից։ Լինելով «թուրանական միջանցքի» բաղկացուցիչ մասը՝ առնչվում է նաև աշխարհաքաղաքական շահերին և հետաքրքրություններին։ Բազմաթիվ հանգամանքներ և հայտարարություններ կան, որոնք ապացուցում են «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման աշխատանքներում Թուրքիայի ակտիվ դերակատարության մասին։ Այսպես՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո՝ հունիսի 12-ին, պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան, որտեղ խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն որակել որպես իրենց համար ամենազգայուն հարցերից մեկը, որն իրենք ամենաշատն են կարևորում: Էրդողանի խոսքով` վերոնշյալ «միջանցքի» կյանքի կոչման դեպքում շահելու է թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, քանի որ ուղիղ հաղորդակցություն է ապահովելու երկու երկրների միջև : Ուշագրավ հայտարարություն էր արել այս տարվա մայիսին Թուրքիայի արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում ելույթի ժամանակ` հայտարարելով․ «Թուրքի ուղին անցնում է Շուշիով, Ջաբրայիլով (Ջրական.- խմբ.) և Զանգեզուրով՝ հին թյուրքական հայրենիքով, ուր թափվել է նահատակների արյունը»։
Հարկ է ընդգծել, որ «Զանգեզուրի միջանցքի» առաջին շահառուն Թուրքիան է, որը ձգտում է մեծացնել «թյուրքական աշխարհի» աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դերը սեփական օրակարգը սպասարկելու համար։ «Զանգեզուրի միջանցքով» կամ ավելի գլոբալ համատեքստում «թուրանական միջանցքով» Թուրքիան ցանկանում է ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, որի միջոցով կկարողանա ներթափանցել Կասպից ծով, իսկ այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիա, որտեղ Անկարան այժմ ակտիվորեն գործում է «փափուկ ուժի» տարբեր գործիքների օգնությամբ։
Թեև «Մեծ Թուրան» նախագիծն իրագործելու ազդակները տրվեցին 2010-ին, սակայն այն սկսել է առարկայանալ հատկապես 2020 թ․՝ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներով պայմանավորված, երբ «հայկական սեպը» հանելու գործընթացը որոշիչ փուլ մտավ։ Հարյուր տարի առաջ, ինչպես նաև 1988 թ․ ազգային զարթոնքի շնորհիվ այդ գործընթացը կասեցվել էր, սակայն այսօր այդ վտանգը կրկին արդիական է «խաղաղության դարաշրջան» բացելու պատրաստ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության պատճառով․ անհեռատես քաղաքականություն, ինչի հետևանքով Հայաստանը կարող է դադարել գործոն մնալ մեր տարածաշրջանում։
Արցախյան երկրորդ պատերազմից սկսած Թուրքիան այլևս պասիվ դիտորդ չէ, այլ խաղավար, որը բացահայտ ուղղորդում է Ադրբեջանին։ Թուրքիայի համար այն ցատկահարթակ է դեպի կասպյան տարածաշրջան և Կենտրոնական Ասիա ակտիվ առաջխաղացման, ինչպես նաև թյուրքական պետությունների հետ ավելի սերտ համագործակցության համար։ Հետևաբար տարածաշրջանում հայկական քաղաքական միավորի վերացումը թուրքական պետության առաջնահերթություններից մեկն է։ Այդպես է եղել նաև 20-րդ դարասկզբին։ Այդ առումով տեղին է հիշատակել Նուրի փաշայի խոսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետություն, որը գտնվում է պարկի մեջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, և Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Մեկ պատմական փաստ ևս. 1920 թ. նոյեմբերի 8-ին Անկարայից Կարաբեքիրը գաղտնի փաստաթուղթ-հրաման է ստանում, որտեղ բառացիորեն գրված էր. «Հայաստանը պետք է ոչնչացվի թե՛ քաղաքականապես և թե՛ իրապես»: Սա ամփոփում է հայկական պետության և ընդհանրապես հայության մասով թուրքական մոտեցումները, որի գործնական փուլն այս պահին իրականացվում է Ադրբեջանի արյունոտ ձեռքերով։
«Թուրան» կառուցելու առաջին օղակը Ադրբեջանն է, իսկ մյուս առանցքային կետը՝ Ղազախստանը, որի տարածքային, բնական և մյուս ռեսուրսները խիստ կարևոր են Թուրքիայի համար։
Ընդհանրապես Կենտրոնական Ասիան իր մարդկային, տնտեսական, լոգիստիկ և մյուս ռեսուրսներով մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Միաժամանակ արևելք ձգվող թուրքակենտրոն աղեղի ձևավորումը զսպիչ գործոն կարող է դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի համար։ Այդ համատեքստում «Մեծ Թուրան» նախագիծը չի խանգարում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ ծրագրերին։
Ընդհակառակը, այն հնարավորություն է տալիս արևմտյան դաշնակիցներին այդ ծրագրի իրագործմամբ խնդիրներ ստեղծել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Իրանի և Չինաստանի համար։ Ներկայում Թուրքիան ձգտում է աշխարհաքաղաքական, տնտեսական օգուտներ քաղել Ռուսաստանին այլընտրանք դառնալու հնարավորությունից։ «Մեծ Թուրանն» անվտանգային խնդիրներ է առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի համար, վերջինս, ներկա իրողություններից ելնելով, փորձում է փոխզիջումային տարբերակներով ապագային թողնել թուրքական ծավալապաշտական մտադրությունների սանձումը։ Ինչպես տեսնում ենք, կրկնում է հարյուր տարի առաջվա սխալները, որից տուժում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։
Ի վերջո, Թուրանը միայն գաղափար չէ, այն ենթադրում է նաև մարդկային, ֆինանսական, ռազմական, էներգետիկ, կոմունիկացիոն հնարավորությունների համատեղում, որոնք տնօրինելու և կառավարման լծակներին տիրապետելու միջոցով բոլորովին նոր քաղաքական կշիռ ձեռք կբերի Թուրքիան։ Եթե, իհարկե, կյանքի կոչվի այդ ծրագիրը։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ կան դժվարություններ և խոչընդոտներ։ Նախևառաջ հարց է ծագում, թե որքանով են պատրաստ թյուրքական աշխարհի պետությունները և առաջին հերթին Ղազախստանը ընդունել Թուրքիայի գերիշխանությունը։ Կենտրոնական Ասիայում տեղական վերնախավերը հազիվ թե ցանկանան դառնալ թուրքական վասալներ, առավել ևս, որ այս տարածաշրջանում դեռևս քաղաքական, գաղափարական, տնտեսական առումներով կշիռ ունեն Ռուսաստանն ու Չինաստանը։ Ինչպես երևում է, Թուրքիան նախընտրում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները (հասկանանք՝ ազդեցության լծակները) զարգացնել տնտեսական, մշակութային, քաղաքակրթական և «փափուկ ուժի» այլ միջոցներով։ Մասնավորապես 2022 թ․ հոկտեմբերին թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ որոշում կայացրին կազմակերպության կառուցվածքում ստեղծել «Միասնական այբուբենի ստեղծման հանձնաժողով», որի նպատակն է «հասնել թյուրքական պետությունների լեզվական միասնությանը և արագացնել ընդհանուր այբուբենի անցման գործընթացը»։ Միասնական ինքնության ձևավորման ճանապարհին կիրառվում են նաև այլ լուծումներ․ թյուրքալեզու երկրներին մշակութային միասնական հարթակում միավորելու նախաձեռնություններին լայնորեն աջակցում է «TURKSOY» միջազգային կազմակերպությունը: Այս և նմանատիպ այլ նախաձեռնություններով, հիմնադրամներով, կազմակերպություններով Թուրքիան աշխատում է մշակութային-գաղափարական սերտաճման ուղղությամբ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կրթական միասնական համակարգի, մասնավորապես՝ պատմության ընդհանուր դասագրքեր ստեղծելու ուղղությամբ, ինչը վերաբերում է թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին։
Սամարղանդում 2022 թ․ նոյեմբերի 11-ին կայացած թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները որոշում ստորագրեցին թուրքական 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր նախնական կանոնադրական կապիտալով ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ի հետևանք Արցախյան երկրորդ պատերազմի, այս արհեստածին պետությունը կախվածության մեջ ընկավ Թուրքիայից։ Ինչպես ասում են, քաղաքական և ռազմատեխնիկական օգնության դիմաց այսօր Բաքվի իշխանությունները ստիպված են վճարել՝ նաև սպասարկելով թուրքական օրակարգը ։ Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ վարում է «մեկ ազգ-երկու պետություն» մոդելի վրա հիմնված քաղաքականություն։ Հայկական բռնազավթած տարածքներ այցի ընթացքում 2021 թվականի հունիսի 15-ին Էրդողանը և Ալիևը ստորագրեցին Շուշիի տխրահռչակ հռչակագիրը, որի նպատակներն են թուրք-ադրբեջանական «հետպատերազմյան համագործակցությունն ու տարածաշրջանում կայունության խթանումը»: Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ երկու պետությունները պարտավորվում են օգնել միմյանց որևէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Հասկանալի է, որ «երրորդ պետություն» ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանանք Հայաստանը։ Շուշիի հռչակագիրը փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հակված չեն տարածաշրջանային խաղաղության և շարունակելու են ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Թուրք-ադրբեջանական պայմանագիրը չի շրջանցել Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վնասելու փորձ»: Սրանով փաստորեն երկու հանցակից պետությունները վերջնագիր են ներկայացնում մեզ, որպեսզի հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը պաշտպանելուց և համակերպվենք Արցախից բացի, նաև Սյունիքի անեքսիային։
Շուշիի հռչակագրում հղում է արվում նաև 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին. «Հռչակագրի անունն ինքնին խոսուն է: Այսօր մենք որակապես նոր կապեր ենք հաստատել, և այս հռչակագրի բոլոր կետերը մեր հետագա համագործակցության երաշխիքն են» ։
«Շուշիի հռչակագիրը» իրավական առումով մեկնարկային կետ դարձավ Թուրքիային Ադրբեջանի սերտ ինտեգրման համար, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային, հումանիտար, առողջապահական, կրթական, սոցիալական, երիտասարդության և սպորտի բնագավառները։ Անցած տարվա սեպտեմբերի 1-ից ինտեգրվել են թուրքական e-devlet էլեկտրոնային կառավարման և ադրբեջանական e-gov պորտալները։ Մինչ այդ միասնականացվել էին երկու երկրների վարորդական վկայականները, որի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիները կարող են վարորդական իրավունք ստանալ անմիջապես Թուրքիայի պետական մարմիններում, իսկ Թուրքիայի քաղաքացիները՝ Ադրբեջանի պետական մարմիններում։
Մեկ միասնական համակարգի մեջ են միավորվում նաև երկու երկրների բանակների չափանիշները: Անցած տարի Ադրբեջանում բացվեց թուրք-ադրբեջանական ռազմական համալսարան։ Հեռահար նպատակներից է «թյուրքական միասնական բանակի» ստեղծումը։ Մեզ համար ուշադրության է արժանի պաշտպանական ոլորտում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը, քանի որ այն լրացուցիչ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնեցնում մեր պետությանը։ Վերջերս՝ հունիսի 20-ին, հայտարարվեց, որ երկու երկրները ստեղծում են օդային վերահսկողության միասնական գոտի․ Թուրքիայի կողմից մշակված «HAKİM» օդային հրամանատարության և կառավարման համակարգը կօգտագործվի Ադրբեջանի հետ համատեղ։ Օդային կառավարման գոտին ձգվելու է Էգեյան ծովից մինչև Կասպից ծով։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունի խոսքով՝ այդ նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։ Վերոնշյալ նախագիծը լուծելու է մի շարք խնդիրներ, նախևառաջ սինխրոնիզացվելու են հսկողության ստանդարտներն ու զենքերի տեսակները։ Դա հերթական քայլերից մեկն է Ադրբեջանի պաշտպանական ոլորտը «կլանելու» ճանապարհին։ «Էգեյան ծովից մինչև Կասպից ծով» ասելով՝ պետք է հասկանանք, որ թիրախում են հայտնվում Հունաստանն ու Հայաստանը։ Իսկ մեր դեմ ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում թուրք զինվորականների համար ավելի հեշտ կլինի համակարգել ադրբեջանական օդուժի գործողությունները։ Խնդրահարույցն այն է, որ դրա հետևանքով էլ ավելի կմեծանա Թուրքիայի ներկայությունը մեր տարածաշրջանում։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը նախապատրաստական գործընթաց է, մի կողմից՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման, մյուս կողմից՝ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը նվազեցնելու համար։
Թերևս կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանի համար շահավետ է նման սերտ համագործակցությունը, սակայն ժամանակի ընթացքում խիստ մեծանալու է Թուրքիայից կախվածությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում դա այն գինն է, որը կվճարի Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աննախադեպ օգնության դիմաց։
«Մեծ Թուրան» նախագիծը լիովին տեղավորվում է Էրդողանի արտաքին քաղաքականության գաղափարական հիմքերի մեջ՝ պանօսմանիզմ, պանթուրքիզմ և պանիսլամիզմ։ Տարբեր քաղաքական իրադրություններում նա կիրառում է այդ գաղափարախոսություններից որևիցե մեկը։ Ներկա փուլում ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի հիմնական գաղափարական հենքը պանթուրքիզմն է։ Վերոնշյալ նախագիծն առավել պահանջված դարձավ Ռուսաստան-Արևմուտք ակտիվ առճակատման փուլում, երբ 2022 թ․ փետրվարի 24-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններ սկսվեցին։ Էներգետիկ, տնտեսական, լոգիստիկ նոր, անընդհատ գործող շղթա կառուցելու համար Թուրքիան ավելի ակտիվորեն սկսեց զարգացնել թյուրքական աշխարհի հետ կապերը բոլոր մակարդակներում։ Թյուրքական խորհուրդը դարձավ կազմակերպություն, որոշ վերլուծական շրջանակներ նշում էին, թե Էրդողանը ցանկանում է թյուրքական միություն ստեղծել, սակայն թե՛ Արևմուտքի, թե՛ռուսական քաղաքական շրջանակների հետ կուլիսային շփումների արդյունքում որոշում կայացվեց խորհուրդը դարձնել կազմակերպություն, այլ ոչ թե միություն։
Էրդողանի նպատակները, սակայն, չեն սահմանափակվում տարածաշրջանում և թյուրքական աշխարհում գերիշխող դիրք գրավելու ցանկությամբ։ 2021 թ. հոկտեմբերին Էրդողանը, ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում, հայտարարել էր, որ «աշխարհը հինգից ավելի է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների կազմը, և շեշտելով, որ այդ թիվն այլևս չի արտահայտում աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Ծավալապաշտական ծրագրերով աչքի ընկնող Էրդողանը Թուրքիան տեսնում է անվտանգային միջազգային համակարգը ձևավորողների շարքում, նոր ձևավորվող քաղաքական քարտեզի վրա, միջազգային քաղաքական թատերաբեմում այսօրվա Թուրքիան չի պատրաստվում բավարարվել երկրորդական դերով, տարածաշրջանային գլխավոր խաղացողի դերն էլ նրան այլևս չի բավարարում։ Այլ կերպ ասած, գերտերություն դառնալու հայտ է ներկայացնում, իսկ դրա համար բոլոր ժամանակներում անհրաժեշտ է ծրագիր, գաղափարախոսություն, որը կկարողանա ապահովել գաղափարական, արժեհամակարգային հենքը։ Հենց այդպիսի գաղափարական հենարան է «Մեծ Թուրան» նախագիծը։
Այս տարվա մայիսի 24-ին Անկարայում անցկացվեց «Մեծ Թուրքիայի տեսլականը» պանելային քննարկում, որը հաստատեց այդ երկրի ղեկավարի մեծ նկրտումներն ու ծրագրերը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ավելի գլոբալ գործընթացների մասով։ Պանելային քննարկումը վերաբերում էր 2021 թ. նոյեմբերի 12-ին Ստամբուլում գումարված թուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովում ընդունված «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» հայեցակարգին, որը «թուրքական դար» նպատակի իրականացմանն է միտված։ Այդ նպատակի համաձայն՝ 21-րդ դարը ցանկանում են վերածել «թուրքական դարաշրջանի»։ Ելույթ ունենալով պանելային քննարկման ժամանակ՝ Էրդողանը նշել է. «Թուրքիան ներկա է ամենուր, կան թուրք քաղաքացիներ և հայրենակիցներ։ Մենք օգնության ենք հասել մեր բոլոր ընկերներին Բալկաններից մինչև Կովկաս՝ վերականգնելով և զարգացնելով կապերը Թուրքիայի հետ ընդհանուր պատմություն, լեզու, կրոն և մշակույթ ունեցող երկրների հետ» ։
«Թուրք քաղաքացիներ և հայրենակիցներ» ձևակերպումն ընդգծում է պետության սահմաններով չբավարարվելու մասին, այլ կերպ ասած, որտեղ թուրք է ապրում, այնտեղ փորձ է արվելու թելադրել թուրքական պետության շահը։ Դրանով Էրդողանը ցանկանում է թուրքական սփյուռքը դարձնել այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիք։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը թուրքական նախագիծ է, որը բավարարում է նաև արևմտյան մի շարք երկրների հետաքրքրություններն ու շահերը։ Հասկանալու համար, թե որ երկրների մասին է խոսքը, բավարար է հետևել նրանց դեսպանների և պետական գործիչների հայտարարություններին։ Այդ թվում են նաև այն պետությունները, որոնք կարիք ունեն Եվրոպա դուրս գալու համար շրջանցել Ռուսաստանով անցնող հաղորդակցության ճանապարհները, էներգետիկ ենթակառուցվածքները և այլն։ Գլոբալ առումով, «Զանգեզուրի միջանցքի» բացումը «թյուրքական աշխարհի» միավորման սկիզբն է՝ Թուրքիայի առաջնորդությամբ, ինչն անհամատեղելի է Հայաստան պետության և, ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհում հայերի լինելիության հետ։
Լուսինե Մխիթարյան
Միջազգայնագետ, լրագրող
