ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
05 Փետրվար 2024Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ
Հետեւելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, արձանագրում ենք.
– քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման եւ ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը.
– ըստ էության այսպիսի փաստաղթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը: Ավելին, մեծանում են սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանում հավելյալ որեւէ երաշխիք՝ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպես նաեւ չեն ստեղծվում գործուն մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից հետագա թշնամական գործողությունները՝ ներառյալ ռազմական ագրեսիան:
Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով առկա իրողությունները, ազգային -պետական շահերի պաշտպանության հիման վրա հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առնվազն հետեւյալ սկզբունքների համաձայն.
1.վստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով որպես նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը.
2.տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պայմանագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ , հարգի կողմերի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակա հարցերի ողջ փաթեթով.
3. որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի և անօտարելի իրավունքները։ Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները՝ հստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրավական և միջազգային նորմերին ու դիվանագիտական պրակտիկային համահունչ.
4․ սահմանազատման և սահմանագծման հիմք պետք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն.
5․ տրանսպորտային և հաղորդակցության այլ ուղիների ամբողջական և միաժամանակյա ապաշրջափակում, առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման.
6. մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճշնումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա:
Վերադարձի նախապայման պետք է դիտարկել.
– Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծավալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական իրավունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգության գործուն երաշխիքների ապահովումը, ներառյալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը։
05 փետրվար, 2024 թ.
(արեւմտահայերէն տարբերակը)
ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
Հայաստան–Ատրպէյճան Յարաբերութիւններու Կարգաւորման Գործընթացի Եւ Անկէ Բխող Պայմանագրի Մասին
Հետեւելով Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկիրներու բարձրաստիճան պաշտօնատարներու յայտարարութիւնները, կ՛արձանագրենք.
– քննարկուող փաստաթուղթի համաձայնեցման գործընթացին մէջ, Ատրպէյճան կը ձգտի «տը իւրէ» (De Jure) ամրագրել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրարկումով իր ձեռք բերածը՝ ցեղասպանական գործողութիւններով գործադրուած էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցումին եւ ՀՀ որոշ տարածքներու բռնագրաւման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանէն այլ զիջումներ կորզելու հնարաւորութիւնը.
– ըստ էութեան այսպիսի փաստաթուղթով Ատրպէյճանը կը փորձէ փակել Արցախի հարցը: Աւելի՛ն, կը մեծնան սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետութիւնը չի ստանար որեւէ յաւելեալ երաշխիք՝ իր անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ փոխադրական ուղիներու ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպէս նաեւ չեն ստեղծուիր գործօն մեքանիզմներ, որոնցմով հնարավոր կը դառնայ կանխել Ատրպէյճանի կողմէ հետագայ թշնամական քայլերը՝ ներառեալ ռազմական նախայարձակումը:
Ստեղծուած պայմաններուն մէջ, հաշուի առնելով առկայ իրողութիւնները, ազգային-պետական շահերու պաշտպանութեան հիման վրայ յարաբերութիւններու կարգաւորումը պէտք է ընթանայ առնուազն հետեւեալ սկզբունքներուն համաձայն.
1.վստահութեան մթնոլորտի ձեւաւորման նպատակով որպէս նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքէն ատրպեճանական զօրքերու դուրս բերելը, ինչպէս նաեւ բոլոր ռազմագերիներու ու պահուող անձերու վերադարձը, գոյութիւն ունեցող մարդասիրական բնոյթի խնդիրներու լուծումը եւ մշակութային ժառանգութեան պահպանումը.
2.մնայուն խաղաղութիւն հաստատելու համար, որպէսզի տուեալ պայմանագիրը հանդիսանայ յարաբերութիւններու կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, անհրաժեշտ է որ ան յարգէ կողմերու օրինական շահերը եւ ընդգրկէ լուծումներ՝ համաձայնեցման ենթակայ հարցերու ամբողջ փաթեթով.
3. որեւէ համաձայնութիւն պէտք չէ վտանգէ հայ ժողովուրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները։ Պէտք է բացառուին կենսական զիջումները եւ կորուստները՝ յստակօրէն ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրաւական եւ միջազգային նորմերուն ու դիւանագիտական ընդունուած ընթացակարգին համահունչ.
4․ սահմանազատման եւ սահմանագծման հիմք պէտք է հանդիսանան Ատրպէյճանի Հանրապետութեան ԱՊՀ անդամակցութեան պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկիրներուն միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պէտք է համապատասխանեն միջազգային լաւագոյն նախընթացներուն ու նորմերուն եւ պէտք է բխին «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) եւ ԵԱՀԿ քարտուղարութեան «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» (2017) փաստաթուղթի հայեցակարգային նորմերէն, ներառեալ այն սկզբունքէն, որուն համաձայն առ ոչինչ է ուժի սպառնալիքի, կամ զայն կիրարկելու միջոցով ձեռք բերուած որեւէ միջազգային համաձայնութիւն.
5․ փոխադրութեան եւ հաղորդակցութեան այլ ուղիներու ամբողջական եւ միաժամանակ ապաշրջափակում, առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակումի.
6. մինչեւ Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու լիակատար կիրարկումը, ապահովել արցախահայերու հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնուած էթնիկ զտման հետեւանքով բռնաճշնումներու ենթարկուած եւ բռնի տեղահանուած անձերու իրաւունքներու լիարժեք հարգման վրայ:
Վերադարձի նախապայման պէտք է դիտարկել.
– Արցախին միջանկեալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով արցախահայերու միջազգային նորմերով երաշխաւորուած քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքները, իրենց ամբողջ ծաւալով,
– Արցախի ժողովուրդի անվտանգութեան գործօն երաշխիքներու ապահովումը, ներառեալ՝ խաղաղապահ ուժերու տեղադրումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Առանց այս սկզբունքներու պահպանման ստորագրուած որեւէ փաստաթուղթ պիտի չնպաստէ տարածաշրջանին մէջ խաղաղութեան եւ կայունութեան հաստատումին, այլ պիտի վավերացնէ ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադէպը։
05 փետրուար, 2024