Անհնազանդության ակցիա՝ Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում
26 Ապրիլ 2024Երկրորդ օրն է՝ քաղաքացիները ի աջակցություն Տավուշի մեր հայրենակիցների ակցիաներ են իրականացնում Հանրապետության տարբեր հատվածներում։
Այսօր, ապրիլի 26-ին քաղաքացիները կրկին փակել են փողոցներ, ինչպես նաեւ Երևան-Սևան մայրուղու՝ Հրազդանի հատվածը:
Լարված իրավիճակ է ստեղծվել հատկապես Երևան–Սևան ճանապարհի` Հրազդան քաղաքի հատվածում: Քաղաքացիների և ճանապարհը բացել փորձող ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել:
Ակցիայի մասնակիցներին աջակցում էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը։
Քաղաքացիները նշում էին, որ ակցիայի նպատակն է ժողովրդին արթնացնելը, քանի որ որոշ ժամանակ անց թուրքը Սևան էլ կհասնի, հաջորդն էլ Վարդենիսի գյուղերն են լինելու։
Ճանապարհը փակած քաղաքացիները ոստիկաններին հարցրել են՝ ինչի՞ է փակ Գորիս-Կապան ճանապարհը, գնացեք բացե՛ք:
Ոստիկաններից մեկը պատասխանել է. «Ես իրավասու չեմ, ինձ հարցեր մի տվեք, ես եկել եմ, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն եմ վերականգնում»:
«Կտամ, ինչքան կուզեմ հարց կտամ»-ի պատասխանել է Արթուր Խաչատրյանը։ Սա լսելուն պես՝ ոստիկանը բռնել է Արթուր Խաչատրյանին ու քաշքշել:
Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց է սկսվել: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա են նստեցրել ակցիայի մի քանի մասնակիցների՝ այդ թվում ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին և բերման ենթարկելով՝ տարել Ոստիկանության Հրազդանի բաժին:
Քիչ ավելի ուշ ոստիկանական բաժանմունքի բակում Արթուր Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել իրեն բերման ենթարկելու դեպքի, ինչպես նաեւ ոստիկանության պահվածքի մասին:
«Ուզում եմ հանդիպել իրենց ղեկավարության հետ, հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ: Անկախ ամեն ինչից ես ոչ մի կարգ չեմ խախտել, միայն փորձել եմ հասկանալ՝ իսկ եթե թուրքերը ճանապարհ փակեն, արդյոք իրենք նույն ջանասիրությամբ ճանապարհը բացելու են: Այդ հարցն իրենց ակներեւաբար շատ զայրացրեց: Ինչ տեղի է ունենում Հայաստանում ոստիկանապետության եւ բռնակալության դրսեւորումներ են»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում