ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ղարաբաղեան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում. Եւրոպական խորհրդարանը եւ ղարաբաղեան հիմնախնդիրը

22 Մարտ 2024

Մաս երկրորդ (2020-2024 թթ.)

2020 թուականի Սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան շուրջ սանձազերծուած եւ պատերազմական յանցագործութիւններով ուղեկցուած ագրեսիայից յետոյ յիշատակման են արժանի Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած, ղարաբաղեան հակամարտութեանն ուղղակիօրէն վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Մասնաւորապէս, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան կատարողականի 2021 թ. ամենամեայ զեկոյցում Խորհրդարանը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղեան հակամարտութեան լուծման գործում միջազգային մանդատ ունեցող միակ կառոյցը։ Այս փաստաթղթով, ի հակադրումն պաշտօնական Պաքուի դիրքորոշման, ԵՄ Խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութիւնը համարում է չլուծուած, իսկ իբրեւ լուծման ճանապարհ առաջարկում է հիմնարար երեք սկզբունքների կիրառումը(1)։ Նոյն փաստաթղթի կատարողականի վերաբերեալ 2022 թ. զեկոյցը(2), որն ընդունուել է 2023 թ. Յունուարին, նոյնպէս վերահաստատում է ղարաբաղեան հակամարտութեան լուծման վերաբերեալ Խորհրդարանի դիրքորոշումը՝ հիմնուած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկուած սկզբունքների վրայ: Միաժամանակ, պայմանաւորուած ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ատրպէյճանական ագրեսիայով, այդ զեկոյցը պաշտօնական Պաքուի նկատմամբ պարունակում է աւելի կոշտ ու հասցէական դիրքորոշում։

Եւրոպական խորհրդարանը տարբեր ձեւաչափերով անդրադարձել է նաեւ հայ ռազմագերիների խնդրին: 2021 թ. Մարտի 20-ին ընդունուած բանաձեւով Խորհրդարանն Ատրպէյճանից պահանջում է հայ ռազմագերիների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում, բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրաւունքների պաշտպանութիւն(3)։

2021 թ. Մայիսի 19-ին Եւրոպական խորհրդարանը ԵՄ յանձնաժողովի՝ Թուրքիային վերաբերող զեկոյցի վերաբերեալ բանաձեւ է ընդունում, որտեղ մտահոգութիւն է յայտնում Թուրքիայի կողմից Սիրիայում եւ Լիպիայում տեղակայուած ճիհատիստ վարձկաններին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու առթիւ՝ քննադատելով այդ քայլը(4)։

Եւրոպական խորհրդարանը բաւական խիստ անդրադարձ է կատարել Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ պատկանելիութեան նենգափոխման խնդրին։ 2022 թ. Մարտի 10-ին Խորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացում» անուանումով բանաձեւ(5)։ Մանրամասն անդրադառնալով խնդրի էութեանը՝ Խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում քննադատել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան դէմ Ատրպէյճանի ագրեսիւ քաղաքականութիւնը։ Ատրպէյճանի կողմից Արցախում մշակութային ժառանգութեան ոչնչացումը դիտարկւում է որպէս այդ երկրում պետական մակարդակով տարուող, համակարգուած հայատեաց քաղաքականութեան բաղկացուցիչ մաս։ Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւում առաջին անգամ օգտագործւում է «արմենոֆոպիա» եզրոյթը։ Շեշտւում է, որ մշակութային ժառանգութեան ոչնչացումից բացի, Ատրպէյճանում հայատեացութեան պետական քաղաքականութեան դրսեւորումներից են նաեւ պատմութեան սրբագրումը, հայերի նկատմամբ բռնութեան փառաբանումը, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղութիւնը եւ խաթարում անվտանգութիւնը Հարաւային Կովկասում։

Եւրախորհրդարանը քննադատում է Ատրպէյճանի ծաւալապաշտական, ռազմատենչ քաղաքականութիւնը եւ կոչ է անում Ատրպէյճանին հրաժարուելու առաւելապաշտական նկրտումներից։ Բանաձեւում նաեւ շեշտւում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռեւս կարգաւորուած չէ, եւ որ այն պէտք է յստակեցուի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Եւրախորհրդարանն Ատրպէյճանից պահանջում է նաեւ անյապաղ թոյլ տալ ԵՈՒՆԵՍԿՕ-ին իրականացնելու իր առաքելութիւնը տեղում՝ խորհրդակցելով նաեւ հայ մասնագէտների հետ, եւ առաջարկում է փաստերն արձանագրելու համար օգտագործել Եւրամիութեան արբանեակային հնարաւորութիւնները։ Նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով եւ վնասելով, այլեւ պատմութիւնը կեղծելով եւ դրանք որպէս Կովկասեան Ալպանիայի ժառանգութիւն ներկայացնելով։ Այս համատեքստում նշւում է Ատրպէյճանի մշակոյթի նախարարութեան կողմից սոյն տարուայ Փետրուարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմութեան սրբագրումն է(6)։

Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանն անդրադարձել է նաեւ 2023 թ. Յունուարի 19-ին՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները»(7) բանաձեւը, որով դատապարտել է Լաչինի միջանցքը փակելու եւ Լեռնային Ղարաբաղը շրջափակման ենթարկելու ատրպէյճանական քաղաքականութիւնը։

Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստում 2023 թ. Մարտի 15-ին ընդունուել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ատրպէյճան յարաբերութիւնների վերաբերեալ 2021-2022 թթ. զեկոյցները(8), որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ատրպէյճանի հետ ԵՄ յարաբերութիւնների առանցքային կէտերին, Արցախի հակամարտութեանը եւ Եւրամիութեան դերին՝ տարածաշրջանում կայունութիւն ու խաղաղութիւն հաստատելու գործում:

Այս երկու զեկոյցները վերահաստատում են, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան համապարփակ պայմանագիրը պէտք է երաշխաւորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականութիւնը, Արցախում բնակուող հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը։ Եւրախորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պահանջում է միջազգային իրաւունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգաւորում` հիմնուած ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտով ամրագրուած սկզբունքների (մասնաւորապէս՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն, ինքնորոշման իրաւունք), ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. հրապարակուած բանակցային հիմնարար սկզբունքների վրայ։

Երկու զեկոյցներում էլ Եւրախորհրդարանը դատապարտում է Ատրպէյճանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ատրպէյճան զեկոյցում նշւում է բազմաթիւ հայ ռազմագերիների նկատմամբ ֆիզիքական բռնութեան, ատրպէյճանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նուաստացնելու եւ խոշտանգումների ենթարկելու մասին:

Եւրախորհրդարանի` Հայաստանի մասին զեկոյցում նշւում է, որ ղարաբաղեան հակամարտութեան բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի եւ բնակչութեան անվտանգութեան չլուծուած խնդիրն է։

Եւրախորհրդարանն ընդգծում է Ատրպէյճանի պարտաւորութիւնը Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Փետրուարի 22-ի որոշումը կատարելու վերաբերեալ: Այդ որոշմամբ Ատրպէյճանից պահանջւում է ձեռնարկել իր տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եւրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառելու Ատրպէյճանի դէմ, եթէ Դատարանի որոշումն անյապաղ չկատարուի։

Եւրոպական խորհրդարանը 2023 թ. Հոկտեմբերի 5-ին ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունեց «Ատրպէյճանի յարձակումից յետոյ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի դէմ շարունակուող սպառնալիքների մասին» բանաձեւը: Դրանով Խորհրդարանը դատապարտում է Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, դժգոհութիւն յայտնում Եւրոպական խորհրդին եւ յանձնաժողովին՝ վերահաս աղէտի վերաբերեալ իր կողմից պարբերաբար հնչեցուած ահազանգերը անտեսելու վերաբերեալ, ինչպէս նաեւ կոչ է անում կասեցնելու Եւրոպական միութեան եւ Ատրպէյճանի միջեւ Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագրի կիրարկումը(9)։

Հայկական շահերի հետաքրքրութեան տեսանկիւնից կարեւոր են նաեւ Եւրոպական խորհրդարանի կողմից 2024 թ․ Փետրուարի 28-ին ընդունուած ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման(10), ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ(11) տարեկան զեկոյցները, որոնք յիշատակման արժանի կէտեր են պարունակում Հայաստանի Հանրապետութեան դիմագրաւած մարտահրաւէրների, Արցախի խնդրի, Ատրպէյճանի ագրեսիւ քաղաքականութեան եւ դրան Եւրոպական պատշաճ հակազդեցութեան անհրաժեշտութեան վերաբերեալ։

ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման զեկոյցում, Եւրոպական խորհրդարանը խստօրէն դատապարտում է Ատրպէյճանի կողմից արցախահայութեան նկատմամբ նախապէս ծրագրուած եւ չարդարացուած յարձակումը, պաշտօնական Պաքուին յորդորում է ապահովել հայ բնակչութեան ապահով վերադարձը Արցախ՝ միաժամանակ տրամադրելով իրաւունքների պաշտպանութեան ամուր երաշխիքներ։ Եւրոպական խորհրդարանը, ի թիւս այլնի, նաեւ պահանջում է Արցախում հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւն՝ համաձայն ԵՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին եւ Ատրպէյճանի միջազգային պարտաւորութիւններին։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Պաքուի յարձակումը որակում է որպէս միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների, 2020 թուականի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան, ինչպէս նաեւ ԵՄ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում ձեռք բերուած պարտաւորութիւնների կոպիտ խախտում։

Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաեւ նկատում է, որ իրավիճակի վերաբերեալ խորհրդարանի բազմաթիւ նախազգուշացումները չեն յանգեցրել Ատրպէյճանի նկատմամբ ԵՄ քաղաքականութեան որեւէ փոփոխութեան։ Խորհրդարանը ԵՄ-Ատրպէյճան յարաբերութիւնների խորացումը հնարաւոր է համարում միայն այդ երկրում մարդու իրաւունքների յարգման զգալի առաջընթացի պարագայում՝ օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ հիմնարար ազատութիւնների, ներառեալ էթնիկ փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։ Եւրախորհրդարանն այնուհետեւ Եւրոպական միութեան գործադիր իշխանութեանը կոչ է անում անյապաղ պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի նկատմամբ եւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագիրը։

Ի թիւս այլնի, Եւրոպական խորհրդարանը աջակցութիւն է յայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեանը կոչ է անում ուշադիր հետեւել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշուետուութիւն տրամադրել խորհրդարանին եւ ակտիւօրէն նպաստել հակամարտութեան կարգաւորման ջանքերին: Խորհրդարանը նաեւ Արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղութեան Եւրոպական հիմնադրամի միջոցով, մասնաւորապէս՝ հիբրիդային սպառնալիքների դէմ պաշտպանունակութիւնն ուժեղացնելու նպատակով:

ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ զեկոյցը նաեւ պարունակում է դրոյթներ, որոնք համընկնում են միւս զեկոյցի դրոյթների հետ: Բացի դրանցից, այս զեկոյցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային եւ անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դէմ, ներառեալ, բայց չսահմանափակուելով նախագահ Ալիեւի քաղաքական եւ ռազմական շրջապատով, ինչպէս նաեւ ցանկացած դէպքում բացառել Ատրպէյճանից նաւթի եւ կազի ներկրումը։(12)

Օրեր առաջ, 2024 թ․ Մարտի 13-ին, Եւրոպական խորհրդարանն ծաւալուն անդրադարձ կատարեց Հայաստանին՝ ընդունելով թերեւս աննախադէպ բովանդակութեամբ մի բանաձեւ(13)՝ «Եւրոպական միութեան եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման եւ Ատրպէյճանի ու Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին» վերտառութեամբ։

Ի թիւս այլ դրոյթների, Եւրոպական խորհրդարանն առաջին անգամ առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցութեան թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռուած է եւ համապատասխանում է «Կոպենհագենեան չափանիշներին»։ Խորհրդարանն Ատրպէյճանին նախազգուշացնում է Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարաւոր ռազմական արկածախնդրութեան դէպքում որոշակի քայլերի վերաբերեալ, ինչպէս նաեւ ընդգծում է, որ Նախիջեւանի եւ Ատրպէյճանի հիմնական մասի հետ կապի ապահովման խնդիրը պէտք է լուծուի Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ լիակատար յարգանքի պայմաններում։

Եւրոպական Խորհրդարանն Ատրպէյճանին կոչ է անում համապարփակ եւ թափանցիկ երկխօսութեան մէջ ներգրավւուել Արցախի հայութեան հետ՝ ապահովելու նրանց իրաւունքների իրացումն ու երաշխաւորելու նրանց անվտանգութիւնը, ներառեալ միջազգային ներկայութեան պարագայում արժանապատիւ եւ ապահով վերադարձի իրաւունքը։ Խորհրդարանն անգամ եւս ընդգծում է ԵՄ-ի կողմից Ատրպէյճանի նկատմամբ ինչպէս համընդհանուր, այնպէս էլ անհատական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութիւնը այն սուբիեկտների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը։ Մէկ այլ կարեւոր դրուագում Եւրոպական խորհրդարանն ընդունում է անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցութեան ամրապնդման հրատապ անհրաժեշտութիւնը։

Կարելի է պնդել, որ այս բանաձեւն իր բնոյթով որոշակիօրէն տարբեր է նախորդ բանաձեւերից նաեւ իր հակառուսական ընդգծուած ուղղուածութեամբ։ Այստեղ պէտք է նկատել, որ Եւրոպական խորհրդարանում կան իրապէս Հայաստանի ու հայութեան նկատմամբ բարեկամաբար տրամադրուած գործիչներ, կան նաեւ այնպիսիները, որոնք ցանկանում են Հայաստանի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակն ու հայ հասարակութեան յոյզերն օգտագործել Հայաստանի միջոցով Ռուսաստանին յաւելեալ հարուած հասցնելու նպատակով։ Այդ շրջանակների առաջնային նպատակը ոչ թէ հայ-Եւրոպական յարաբերութիւնների զարգացումն ու Հայաստանի անվտանգութեան բարձրացումն է, այլ Ռուսաստանին յաւելեալ հարուածներ հասցնելը։ Ուստի հայ քաղաքական միտքը Եւրոպական ուղղութեան վրայ այս նրբութիւնը հաշուի առնելու խնդիր ունի՝ մի կողմից ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների բնականոն զարգացումն ապահովելու եւ Հայաստանի շուրջ օբիեկտիւօրէն ձեւաւորուած դրական մօտեցումները կապիտալիզացնելու, միւս կողմից՝ հակառուսական գործիք չդառնալու համար։

Այսպիսով, ինչպէս սոյն, այնպէս էլ նախորդ յօդուածում փորձեցինք ամփոփել Եւրոպական Խորհրդարանի քաղաքական վարքը ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ։ Ցաւօք, անցնող աւելի քան երեք տասնամեակների ընթացքում Խորհրդարանի դիրքորոշումը ԵՄ իշխանութեան գործադիր մարմինների համար ուղենշային նշանակութիւն առաւելաբար չունեցան, սակայն դրանց վերլուծութիւնը կարեւոր է ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների պոտենցիալը գնահատելու տեսանկիւնից։ Ամէն դէպքում Խորհրդարանը Եւրոպական միութեան ամենաներկայացուցչական քաղաքական մարմինն է, որի տեսակէտները հնարաւոր է շրջանցել, բայց ընդհանրապէս հաշուի չառնելը, այն էլ երկարաժամկէտ կտրուածքում, հաւանական չէ։ Ամէն դէպքում ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները ինչպէս անցած երեսուն տարիներին, այնպէս էլ այժմ առաջանցիկ զարգացում են գրանցում եւ դա նպատակայարմար է դիտարկել արդէն իսկ ԵՄ գործադիր իշխանութեան տիրոյթում գտնուող տարբեր քաղաքական առաջնահերթութիւնների համատեքստում Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացման գործընթացում՝ առանձնացնելով Արցախեան հակամարտութեան շուրջ ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքական վարքի էւոլիուցիան։ Դա արդէն կ’անենք սոյն յօդուածաշարի վերջին՝ երրորդ մասով, յոյս ունենալով, որ ընթերցողի համար օգտակար կը լինենք՝ պատկերացնելու ՀՀ-ԵՄ բազմաշերտ յարաբերութիւնների ողջ ծաւալը։

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու


«Հորիզոն»

ՄԱՍ առաջինը` յղումով

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company