ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ֆրանսիայի հայ համայնքը պառակտված չէ, բայցև կորցրել է իր երբեմնի միասնականությունը

24 Դեկտեմբեր 2024

Մոտ 2 շաբաթ առաջ Ֆրանսիան նոր վարչապետ ունեցավ՝ ի դեմս «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուի:

73-ամյա Ֆրանսուա Բայրուն, ով փոխարինում է Միշել Բարնիեին (նա ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարության նկատմամբ արտահայտված անվստահության քվեի արդյունքում), համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը:

Իսկ այսօր հայտնի է դարձել 73-ամյա Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարության նոր կազմը: Մի շարք առանցքային գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները՝ Ժան-Նոել Բարոն, Բրյունո Ռետայոն և Սեբաստիեն Լըկորնյուն պահպանել են իրենց պաշտոնները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ նորացված մանդատի ընթացքում կշարունակեն համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ:

Թե ի՞նչ սպասել հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում Ֆրանսիայի նոր կառավարությունից, և, առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում, 168.am-ը փորձել է պարզել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ հարցազրույցում:

– Նախ պետք է ասեմ, որ Ֆրանսուա Բայրուն երբեք հայամետ չի եղել, կարելի է նույնիսկ ասել, որ հակահայ դիրքորոշումներ ուներ և խորհրդարանում միշտ դեմ է քվեարկել պրոհայկական բոլոր բանաձևերին, այդ թվում՝ Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին առնչվող: Նա լավ կապեր ունի ադրբեջանական-թուրքական բլոկի հետ, և վճռորոշ պահերին միշտ հակահայ դիրքորոշում է ունեցել:

Վերջերս այդ իմաստով հայտնապես մեղմացել են Բայրուի բացահայտ այդ դիրքորոշումները, բայց Ֆրանսիայի հայ համայնքը և հայությունը միշտ էլ առնվազն վերապահումով է մոտեցել նրա անձին:

Ի՞նչ սպասել Ֆրանսուա Բայրուի կառավարությունից, ես կասեի՝ հատուկ ոչինչ, որովհետև Ֆրանսիան քաղաքական տագնապ է ապրում, այսպես ասած: Գիտեք, որ նախորդ կառավարությունը 3 ամիս դիմացավ, քանի որ բյուջեի հարցով վստահություն քվե չստացավ, և, բնականաբար, կառավարությունը տապալվեց:

Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարությունը, շատ հավանական է, որ նույն ճակատագիրն ունենա, որովհետև խորհրդարանական երկու հիմնական ուժերը՝ ձախ միավորումը և ծայրահեղ աջը, դուրս են մնացել կառավարության կազմից, ավելին՝ ձախ միավորման հետ նույնիսկ բանակցություններ տեղի չունեցան: Եվ սա կարող է պատճառ դառնալ, որ այս երկու ծայրահեղ կողմերը, որոնք խորհրդարանում երկու մեծ խմբակցություններն են, ևս մեկ անգամ տապալեն կառավարությունը վստահության քվեի հարցով:

Տեսնենք՝ ինչ կլինի այս կամ բյուջեի իմաստով: Կան նաև մի քանի գլխավոր հարցեր, որոնցից ամենահիմնականը հարկերի բարձրացման դեմ այս ծայրահեղ խմբակցությունների կեցվածքն է, նաև ծերության թոշակների խնդիրը կա, որով նախորդ կառավարությունը տապալվեց: Եվ եթե Բայրուի կառավարությունն այս հարցում նույն կեցվածքը որդեգրի, շատ հավանական է, որ նախորդ կառավարության ճակատագիրն ունենա և տապալվի:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը, բնականաբար, կառավարության փոփոխությամբ շատ հարց չի փոխվի, որովհետև, ինչպես ավելի վաղ ասել եմ մի առիթով, Ֆրանսիայում նախագահն է արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն, նաև՝ արտաքին գործերի նախարարությունը, որը հաճախ «անկախ» կամ ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարել տասնամյակներ ի վեր 5-րդ հանրապետության մեջ: Բայց, կրկնում եմ, Ֆրանսիայի նախագահն է արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն, ուստի Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարության օրոք Հայաստանի հետ հարաբերությունների հարցում խոչընդոտ չեմ տեսնում, հատկապես, երբ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը մնաց նույնը՝ Սեբաստիեն Լըկորնյուն, որի պաշտոնավարման ժամանակ ռազմական սերտ հարաբերություններ են ձևավորվել Հայաստանի հետ և զարգացման հեռանկարներ կան: Եվ սա բավարար հիմք է՝ ասելու, որ նոր կառավարության օրոք Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ, ըստ էության, չեն լինի, թեպետ, կրկնում եմ, որ Բայրուի նկատմամբ Ֆրանսիայի հայ համայնքն առնվազն վերապահում ունի, որոշների կողմից անգամ հակակրանք կա:

– Եթե Մակրոնը չլինի Ֆրանսիայի նախագահը, Հայաստանի հետ հարաբերությունները կփոխվե՞ն, եթե հաշվի առնենք, որ նախագահն է արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն, իհարկե, այստեղ նաև կարևոր հարց կա՝ նայած ով նրան կփոխարինի:

– Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի:

– Ֆրանսիան շարունակում է իր ռազմական աջակցությունը Հայաստանին, դրա աշխարհաքաղաքական, այսպես ասած, հետին մտքերին անդրադարձել ենք մի առիթով: Արդյո՞ք այս առումով Հայաստանի կողքին լինելու՝ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական նպատակներում փոփոխություն կա, մասնավորապես, ՌԴ-ին դուրս մղելու Հարավային Կովկասից:

– Արևմուտքի կողմից, առհասարակ, այդ ցանկությունը և փորձը միշտ էլ կա, դժվար ընթացք է արևմտյան այդ ուղղությունը: Իսկ Ֆրանսիան, այո, շարունակում է իր ռազմական օգնությունը, համագործակցությունը և Հարավային Կովկասում այս ձևով իր քաղաքականությունը և շահագրգռվածությունը: Կարո՞ղ է այդ իմաստով բան փոխվել, չեմ կարծում: Մյուս կողմից, այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանային առումով՝ Սիրիայում վերջին զարգացումները՝ Ասադի վարչակարգի տապալումը և դրանից հետո տեղի ունեցողը, Լիբանանում վերջին իրադարձությունները Հըզբոլլահի հետ կապված, այս բոլորը, բնականաբար, տարածաշրջանային քաղաքականության մեջ նոր իրավիճակ է ստեղծելու, արդեն ընթացքի մեջ է: Եվ բնականաբար, այս բոլորի մեջ Ֆրանսիան պիտի փորձի գտնել իր տեղը, և իր ռազմական քաղաքականությունը, որ Հայաստանի հետ իրականացնում է, անշուշտ, փորձելու է առավել սերտացնել: Այո, միշտ էլ կա ՌԴ-ի դեմ ուղղված Արևմուտքի այդ քաղաքականության փաստը՝ Հարավային Կովկասում թե մեկ այլ տեղ, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից: Եվ այս բոլոր շարժումները, ընդարձակումները դեպի Հարավային Կովկաս, Հայաստան, բնականաբար, նաև ՌԴ-ի դեմ ուղղված քայլեր են: Սա պետք է հստակ նկատի ունենալ:

– Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններն այսօր ինչպե՞ս եք գնահատում, և Մակրոնն ու Էրդողանն այսօր ի՞նչ առաջնային թեմաներ ունեն խոսելու, հեռախոսազրույցների միջոցով քննարկելու: Ի դեպ, վերջերս թուրքական և ադրբեջանական մամուլը գրել էր, որ Ֆրանսիան գաղտնազերծումներ է արել և արբանյակային լուսանկարներ հրապարակել Թուրքիայի կարևոր ռազմավարական օբյեկտների վերաբերյալ: Եվ եթե Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն որոշ չափով, դա կարո՞ղ է ազդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա և Հայաստանին զենք մատակարարելու պլանների վրա:

– Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններն այսօր բարվոք վիճակում չեն, որովհետև ֆրանսիական կղզիներում Ֆրանսիա պետության դեմ խժդժությունները, որոնք տեղի են ունենում, այդտեղ նաև Թուրքիայի և Ադրբեջանի մատն է խառը, ինչը, բնականաբար, Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում սեպ է խրում: Բայց նաև բնական է, որ քաղաքականությունը միշտ էլ փոփոխական է, և վաղը կարող է երկուստեք շահերը փոխվեն, և Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները կարող են բարելավվել: Սակայն սա չի նշանակում, որ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները եթե մի օր բարելավվեն, դա կազդի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա, որովհետև Ֆրանսիայի նման պետությունները, մեծ պետությունները նմանօրինակ հարցերով շատ չեն տարվում, այսինքն, մի ուղղությամբ տարվող քաղաքականությունը հաճախ մյուսի վրա, այսպես ասած, ազդեցություն չի ունենում:

Ավելին, Ֆրանսիան Թուրքիայի հետ այլ հարաբերություն ունի, Ադրբեջանի հետ՝ բոլորովին այլ, Հայաստանի հետ՝ լրիվ տարբեր հարաբերություն: Այսինքն, մեծ պետությունների դեպքում սա հատուկ քաղաքականություն է, և չեն կարող այդքան «մանրանալ»՝ վերը նշված մի հարաբերությունը մյուսին կապելով: Եթե հանկարծ այնպես պատահի, որ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները բարելավվեն, դա չի կարող պատճառ դառնալ, որ Հայաստանի հետ հարաբերությունները վատանան: Իսկ այս պահի դրությամբ, կրկնում եմ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարվոք չեն, եթե չասենք՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունները Ֆրանսիայի բավական լարված են, պատճառների մասին արդեն խոսեցի:

– Ի դեպ, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ պնդում է, որ Մակրոնի ղեկավարած Ֆրանսիան ձախողված է, թուլացած, որովհետև նաև Աֆրիկան է կորցնում:

– Մակրոնի Ֆրանսիան միջազգային քաղաքականության մեջ երբեմնի իր հեղինակությունը կորցրել է արտաքին քաղաքականության առումով, ինչպես նաև իր ներքին պառակտված վիճակով, ինչի ականատեսը եղանք վերջին մեկ տարում՝ կառավարությունների փոփոխություններ, Մակրոնը երկրի մեջ իրար հաջորդող ընտրություններում կորցրեց առաջատարի իր դիրքը, և, ըստ ընդդիմության, պարտություն է կրում, սա, իհարկե, ազդում է Մակրոնի հեղինակության վրա:

Այո, Ֆրանսիան Աֆրիկան սկսել է կորցնել, նախկին ֆրանսիական գաղութներում հետզհետե իրենց դիրքերն են ամրապնդում Չինաստանը, որոշ չափով՝ Ռուսաստանը: Եվ Ֆրանսիան հետզհետե սկսում է թուլանալ և կորցնել իր հիմնական աղբյուրներն Աֆրիկայում: Այս իմաստով, կարելի է ասել, որ Մակրոնի վարած քաղաքականության հետևանքով աշխարհաքաղաքական առումով Ֆրանսիան առաջադիմության փոխարեն՝ հետընթաց է արձանագրել:

– Այս համատեքստում վերադառնանք Սիրիայում և Լիբանանում տիրող իրավիճակին, ի՞նչ պատկեր ենք ստացել այսօր:

– Շատ հստակ քաղաքականություն էր վարվել Արևմուտքի կողմից, և հատկապես Թուրքիայի և Իսրայելի կողմից և միջոցով՝ Լիբանանում հասնելու Հըզբոլլահի ռազմական թուլացմանը, վերջինում հատկապես պիտի շեշտենք Իսրայելի դերակատարումը, և այս համատեքստում, բնականաբար, Հըզբոլլահը ռազմական առումով կորցնում է իր հեղինակությունը տարածաշրջանում: Սրան անմիջապես հաջորդեցին Սիրիայում հարվածները՝ Բաշար ալ-Ասադի իշխանության վերացումով, ինչն արդեն նոր իրավիճակ ստեղծեց, որից Իսրայելը և ԱՄՆ-ը, մասնավորապես, օգտվում են: Հարցն այն է, որ նախկինում Արևմուտքի կողմից ահաբեկիչ համարված մարդը, նրա խմբավորումն այսօր արդեն Սիրիայում իշխանություն է, մինչ այդ ընդդիմություն էր դիտարկվել, ինչը խոսում է արևմտյան «կեղտոտ» քաղաքականության մասին:

Եվ արդեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան փորձում են գործակցել նրանց իշխանության հետ, որոնց հենց իրենք ժամանակին ահաբեկիչ էին համարում: Ե՛վ Լիբանանում, և՛ Սիրիայում ունենք հայ համայնք, և հայության առումով մտահոգող հարցեր կան, բնական է, որ իսլամիստների այս նոր ներկայությունն առնվազն հարցականներ է ստեղծում:

Եվ այս իմաստով պետք է նոր դրվածքին վերապահումով մոտենալ և մեծ հույսեր չկապել քարտեզի փոփոխության հետ, որը նույնիսկ կարող է բացասական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում և Հայաստանի վրա: Այսինքն, այս ամենին պետք է աչալրջությամբ հետևել: Հատկապես Սիրիայում մեր մտահոգություններում նկատի պետք է առնել նաև Թուրքիայի հաջողությունն այնտեղ, երբ փորձ արվեց իր կամքը պարտադրել Ռուսաստանին և Իրանին: Սա մեզ երկու իմաստով է մտահոգում. Թուրքիան մեր թշնամին է, և երկրորդ մեր դաշնակիցները՝ Իրանը և Ռուսաստանը, Սիրիայում չհաղթեցին և շրջանցվեցին:

– Հարցազրույցն ամփոփենք Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում առկա իրավիճակին առնչվող հարցով՝ արդյո՞ք Ֆրանսիայում հայ համայնքը պառակտված է, որքանո՞վ է այն պահանջատեր Ցեղասպանության ճանաչման հարցում: Ի դեպ, Ֆրանսիան ՄԽ-ի համանախագահող երկիր է, այսօր նաև այն լուծարելու ադրբեջանական պահանջ կա, ինչպե՞ս է Ֆրանսիան և տեղի հայ համայնքը դրան վերաբերվում:

– Ֆրանսիայի հայ համայնքը պառակտված չէ, բայցև կորցրել է իր երբեմնի միասնականությունը, որի գլխավոր պատճառը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է, նրա՝ Սփյուռքը քանդելու, մասնատելու ապիկար, վտանգավոր և ապազգային քաղաքականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կորցրել է իր միասնականությունը, պառակտված բառը ճիշտ չեմ համարում տվյալ դեպքում: Սա հստակ է: Բայց պետք է ասել, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայ համայնքը, բարեբախտաբար, իր միասնականությունը պահում է, և համայնքի բոլոր տարրերը միշտ էլ բացասաբար են վերաբերվում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող: Կրկնում եմ, Ֆրանսիայի հայ համայնքը Ցեղասպանության հետ կապված՝ պահում է իր միասնականությունը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company