Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխանատվություն ստանձնել իր կատարած ապօրինությունների համար
17 Սեպտեմբեր 2026
«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին իշխող ուժի առանձին ներկայացուցիչների կողմից ՀՅԴ հասցեին հնչեցրած հայտարարություններին, ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության դրսևորումներին, երկրում տիրող բռնաճնշումների մթնոլորտին ու դրա պատճառներին:
Կիրո Մանոյանը, խոսելով ՀՅԴ-ն արմատախիլ անելու ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին, նշել է, որ այդպիսի հայտարարությունները ՀՅԴ-ի համար նորություն չեն և գալիս են ավելի քան մեկդարյա հեռավորությունից՝ բոլշևիկների ժամանակներից, որոնք նույնիսկ «Դաշնակցության թաղումն» են կազմակերպել: Դա պետք է դիտարկել առհասարակ ազգային ուժերի և հայկականության դեմ ՀՀ օրվա իշխանությունների որդեգրած դիրքորոշմամբ, որ ավելի համահունչ է Հայաստանի թշնամիների դիրքորոշմանը՝ ասել է Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով Հայաստանում ընդդիմության և նրա ղեկավարների դեմ սկսված բռնաճնշումներին՝ Կիրո Մանոյանը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհն է ընտրել, որովհետև այնքան է խախտել Սահմանադրությունն ու օրենքները, այնքան ձախողումներ ու Հայաստանին ի վնաս քայլեր է կատարել, որ չի կարողանալու դրանց իրավական պատասխանատվությունը ստանձնել: «Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի դեմ շարունակվող ապօրինությունների մեջ, կարծում եմ, Փաշինյանը առաջնորդվում է նաև անձնական մոտիվներով, որովհետև Քոչարյանի դեմ պայքարով է ինքը մտել քաղաքականություն»,- ասել է Կիրո Մանոյանը:
Նա խոսել է նաև TRIPP նախագծի մասին, նշելով, որ նախագծում կան ինչպես հարցականներ, այնպես էլ բազմաթիվ մտահոգիչ կետեր, որոնք ՀՀ Սահմանադրական դատարանը կամ չի կարդացել, կամ անուշադիր է կարդացել՝ այն ճանաչելով ՀՀ սահմանադրությանը չհակասող: «Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, ես, որպես ՀՀ քաղաքացի, կարողանալո՞ւ եմ ՀՀ տարածքից դուրս գալ այդ ճանապարհի վրա, եթե հայտնի է, որ TRIPP-ի մի ծայրը Ադրբեջանում է, մյուս ծայրը Նախիջևանում»,- ասել է Կիրո Մանոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
