ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․ Բաքվի հիբրիդային պատերազմը՝ Գանձասարից մինչև Երևան

09 Հոկտեմբեր 2026

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվական-քաղաքական ֆոնը միջազգային հանրությանը ներկայացվում էր որպես «խաղաղության դարաշրջանի» անշրջելի սկիզբ։ Բաքուն միջազգային տարբեր հարթակներում ու դիվանագիտական խողովակներով հատուկ ընդգծում էր, թե ինքն է հանդիսանում տարածաշրջանային օրակարգի միանձնյա նախաձեռնողն ու ճարտարապետը։ Ադրբեջանական քարոզչամեքենան գործի էր դրել առավելագույնս հավակնոտ ձևակերպումներ՝ պնդելով, թե ընթացող գործընթացը «համաշխարհային մասշտաբով աննախադեպ» խաղաղության մոդել է, իսկ երկու երկրներն արդեն փաստացի «ապրում են խաղաղության մեջ և քայլեր են անում առևտրատնտեսական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»։

Սակայն այս փայլուն դիվանագիտական ցուցափեղկի հետևում գործում է բոլորովին այլ իրականություն։ Միջազգային լսարանի համար նախատեսված «խաղաղասիրական» հայտարարություններին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի պաշտոնական հռետորաբանությունը պահպանել է ընդգծված կոշտ, մեղադրական և ուղղակի սպառնալիքներ պարունակող տոնայնություն։ Հայաստանի նկատմամբ տարածքային ու քաղաքական պահանջատիրությունը, ռազմատենչ սպառնալիքներն ու «պատմական արդարության» ադրբեջանական ընկալման պարտադրումը ոչ միայն չեն մեղմացել, այլև ստացել են նոր, ավելի համակարգված թափ։

Այս քաղաքականության առանձնահատուկ դրսևորումներից է օկուպացված Արցախում Բաքվի կողմից պարբերաբար կազմակերպվող «դիվանագիտական տուրիզմը»։ Oտարերկրյա դիվանագետների, փորձագետների և լրագրողների այցելությունները բռնազավթված հայկական բնակավայրեր վերածվել են հայկական պատմամշակութային ժառանգության հրապարակային նվաստացման, պատմական փաստերի աղավաղման և տարածաշրջանից հայկական հետքի յուրացման ու ջնջման քարոզչական գործիքի։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե առկա է բացահայտ հակասություն Ադրբեջանի արտաքին «խաղաղասիրական» փաթեթավորման և ներքին ու տարածաշրջանային ուղղվածությամբ տարվող նարատիվային պատերազմի միջև։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ սրանք ոչ թե իրար հակասող քայլեր են, այլ Բաքվի միասնական ռազմավարության երկու փոխլրացնող կողմերը։

«Խաղաղության» գլոբալ նարատիվը Բաքվին անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ արևմտյան կենտրոնների հնարավոր ճնշումներն ու պատժամիջոցային ռիսկերը չեզոքացնելու համար։

Ադրբեջանը փորձում է ստեղծել մի պատրանք, թե տարածաշրջանում հակամարտությունն ավարտված է, իսկ ցանկացած նոր լարվածություն կամ հապաղում բխում է միայն հայկական կողմի «ռևանշիստական» ձգտումներից։

Միևնույն ժամանակ, «նարատիվային պատերազմը» և կոշտ հռետորաբանությունը ծառայում են Հայաստանի վրա մշտական հոգեբանական ու քաղաքական ճնշում պահպանելուն։ Բաքուն «խաղաղություն» ասելով հասկանում է Հայաստանին սեփական պայմանների լիակատար պարտադրում՝ սկսած Սահմանադրության փոփոխության պահանջից մինչև տրանսպորտային ու էներգետիկ միջանցքների նկատմամբ վերահսկողության ստանձնում։ Իսկ բռնազավթված տարածքներում իրականացվող քարոզչական ակցիաներն ու հայկական հետքի ստորադասումը նպատակ ունեն միջազգային հանրության գիտակցության մեջ ամրապնդել Արցախի էթնիկ զտման և հայաթափման արդյունքները՝ դրանք դարձնելով անշրջելի քաղաքական իրողություն։

«Խաղաղություն», որի հեղինակը միայն Բաքուն է․ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունն ու արտաքին քաղաքական նարատիվների ձևավորման ռազմավարությունը ցույց են տալիս, որ Բաքուն միջազգային հանրության շրջանում ակտիվորեն արմատավորում է հարավկովկասյան տարածաշրջանում «իրողություններ փոխած» միանձնյա խաղաղարարի կերպար։ Այս դիվանագիտական գիծը հիմնված է տարածաշրջանում ուժային նոր հավասարակշռություն պարտադրելու և սեփական օրակարգը որպես միակ հնարավոր այլընտրանք ներկայացնելու տրամաբանության վրա։

2026 թ․ հուլիսի 4-ին ԱՄՆ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանն արդեն փաստացի խաղաղության մեջ են և հաստատում են առևտրային կապեր, արտաքին լսարանին ուղղված հաշվարկված քայլ էր։ Սրանով փորձ է արվում միջազգային դերակատարների աչքում հակամարտության էջը վերջնականապես փակված ներկայացնել՝ ստեղծելով պատրանք, թե երկկողմ հարաբերություններն արդեն անցել են գործնական-տրանսպորտային ու տնտեսական փուլ։

Արդեն 2026 թ․ հուլիսի 13-ին բռնազավթված Շուշիում անցկացված գլոբալ ֆորումի ընթացքում Ի․ Ալիևն ավելի հստակեցրեց այս ռազմավարական վեկտորը։ Խոսելով Հարավային Կովկասի «արմատական փոփոխության», ձևավորվող նոր ուժային կենտրոնների և «Զանգեզուրի միջանցք» կոչվածի անխուսափելիության մասին՝ նա միաժամանակ սուր քննադատության ենթարկեց Արևմուտքի որոշ կենտրոնների «միակողմանի» մոտեցումները Հայաստանի նկատմամբ։ Նույն օրերին ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները, Հայաստան է արտահանում նավթամթերք և դարձել է նրա «վառելիքի հուսալի աղբյուրը»։ Այս հայտարարությունները նպատակ ունեն ցույց տալու, թե Բաքուն ոչ միայն պայմաններ է թելադրում, այլև հանդես է գալիս որպես տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կախվածություն ձևավորող «բարեհաճ» կողմ։

Արտաքին քարոզչական այս գիծը հետևողականորեն շարունակվեց նաև 2026 թ․ սեպտեմբերի 23-ին, երբ Շվեդիայի նորանշանակ դեսպան Լուիզ Մորսինգի հետ հանդիպմանը Ի․ Ալիևը վերահաստատեց, որ խաղաղության օրակարգը նախաձեռնել և մշակել է բացառապես Ադրբեջանը, իսկ արձանագրված ձեռքբերումն «աննախադեպ է համաշխարհային մասշտաբով»։ Միջազգային դիվանագետների, այդ թվում՝ շվեդ դեսպանի դրական արձագանքն ու վստահության ամրապնդման քայլերի ողջունումը, ինչպես նաև «Mood’s» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումները Երևան-Բաքու կայուն խաղաղության դրական ազդեցության մասին, լիովին տեղավորվում են Բաքվի կառուցած արտաքին կաղապարի մեջ։

Այնուամենայնիվ, այս ամբողջ արտաքին «խաղաղասիրական» փաթեթավորումն ունի հստակ պայմանական և շանտաժային բնույթ։ Բաքվի կողմից առաջ մղվող «խաղաղությունը» երկարատև և կայուն է ներկայացվում միայն այն նախապայմանով, եթե Հայաստանը լիովին ընդունի Ադրբեջանի մեկնաբանություններն անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։ Դա ենթադրում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ, Անկախության հռչակագրին հղումներից հրաժարում, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ պատմաքաղաքական նարատիվի ընդունում և Արցախի էթնիկ զտման արդյունքների վերջնական լեգիտիմացում։

Փաստացի, Ադրբեջանը վարում է երկակի քաղաքականություն․ միջազգային հանրությանը վաճառում է «խաղաղության» աննախադեպ մոդելի իմիտացիան՝ չեզոքացնելով հնարավոր արտաքին ճնշումները, իսկ տեղում պահպանում է նարատիվային ու քաղաքական ագրեսիան՝ փորձելով Հայաստանին պարտադրել կապիտուլյացիոն խաղաղության սեփական պայմանները։

Կոշտ հռետորաբանություն և «ռազմական հանցագործ պետություն»․ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության, հանրային ուղերձների և պատմական նարատիվների համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է վարել խորքային հակահայկականության և թշնամանքի վրա հիմնված քաղաքականություն։ Նախագահ Ի․ Ալիևի ելույթներում տեղ գտած հայտարարությունները վկայում են, որ արտաքին աշխարհին ներկայացվող «խաղաղության օրակարգին» զուգահեռ՝ Ադրբեջանի ներքին և տարածաշրջանային քարոզչությունը հիմնված է Հայաստանի նկատմամբ մշտական մեղադրանքների, ապամարդկայնացման և ուժային սպառնալիքների տրամաբանության վրա։

Սեպտեմբերյան իր հայտարարություններում Ալիևը կրկին Հայաստանը որակեց որպես «ռազմական հանցագործ պետություն»։ Նա պնդեց, թե տարիներ շարունակ ադրբեջանական տարածքները «օկուպացիայի տակ էին», իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը թիրախավորում էր քաղաքներն ու գյուղերը՝ հրթիռներ արձակելով նույնիսկ Մինգեչաուրի ուղղությամբ։ Այս պնդումները նա ներկայացրեց որպես քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ ուղղված հանցագործություն՝ լիովին շրջանցելով Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ) մասսայական ու համակարգված ռազմական թիրախավորումը, արգելված զինատեսակների (կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր) կիրառումը և 2023 թվականին իրականացված էթնիկ զտումները։ Հայաստանին բնակավայրերի հիմնովին ոչնչացման մեջ մեղադրելով՝ Բաքուն կրկին հանգեց նույն եզրակացությանը՝ «Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է»։

2026 թ․ սեպտեմբերի 15-ի իր ելույթում Ի․ Ալիևն էլ ավելի հստակեցրեց այս նարատիվային գիծը։ Նա հայտարարեց, թե թեև խաղաղություն է հաստատվել, բայց Բաքուն «մտադիր չէ մոռանալ»։

Շահարկելով Խոջալուի իրադարձությունները և պատմամշակութային կոթողների վնասման թեման (մասնավորապես պնդելով, թե 65 մզկիթ ամբողջությամբ ոչնչացվել է, և դրանցում կենդանիներ են պահվել)՝ Ի․ Ալիևն այս գործոնները ներկայացրեց որպես ադրբեջանցիների և «ամբողջ իսլամական աշխարհի» նվաստացում։ Սա ակնհայտ փորձ է՝ հակամարտությանը տալու կրոնական բնույթ և իսլամական երկրներին ներքաշելու հակահայկական քարոզչության մեջ։ Նա նաև նշեց, որ 30 տարվա բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ «Հայաստանը չի ցանկացել» կամովին հեռանալ, ինչի պատճառով Ադրբեջանը «վերջ դրեց անարդարությանը և ստեղծեց համաշխարհային նախադեպ»։

Ադրբեջանական կողմի օգտագործած այս հռետորաբանությունը որևէ առնչություն չունի իրական խաղաղության լեզվի հետ։ Այն միտումնավոր պահպանում է «թշնամու կերպարը» ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ, լեգիտիմացնում է անցյալում ուժի անօրինական կիրառումը և բաց է թողնում դուռը Հայաստանի նկատմամբ ապագա հնարավոր ճնշումների, պահանջատիրության ու ագրեսիայի համար։

Այս քաղաքականությունը դրսևորվում է նաև կոնկրետ գործողություններով․ Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին և պատանդառված արցախյան ղեկավարությանը, իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ պատմաքաղաքական նախագիծը (որով հավակնում է Հայաստանի ողջ տարածքին) և պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Այս համատեքստում Ի․ Ալիևի «չենք մոռանա» բանաձևը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այն մասին, որ պատմական հաշիվը փակված չէ, և Ադրբեջանը ցանկացած պահի կարող է օգտագործել սեփական հորինած «մեղքերը»՝ Հայաստանի դեմ նոր ճնշումներ կամ ռազմական ագրեսիա արդարացնելու համար։

Շուշի, Գանձասար և «դատարկ գիրքը»․ 2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում ակրեդիտացված մոտ 150 օտարերկրյա դիվանագետների, դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպեց հատուկ քարոզչական այց օկուպացված Արցախի տարածք՝ Շուշի, Ստեփանակերտ, Գանձասար և Դադիվանք։ Չնայած այցի պաշտոնական օրակարգը ձևակերպված էր որպես վերականգնման աշխատանքների, նոր ենթակառուցվածքների և «պատմական-կրոնական հուշարձանների» ցուցադրություն, իրականում այն դարձավ հայկական պատմամշակութային ժառանգության ալբանականացման և յուրացման պետական նարատիվը միջազգայնացնելու լայնամասշտաբ գործողություն։

Այս քաղաքականության առավել ցայտուն ու խորհրդանշական դրսևորումը տեղի ունեցավ Գանձասարի վանական համալիրում, որտեղ Հաջիևը 13-րդ դարի հայկական ճարտարապետության այս գլուխգործոցը դիվանագետներին ներկայացրեց որպես «հին կովկասյան ալբանական» քրիստոնեական ժառանգություն՝ բացառելով դրա հայկական ինքնությունը։ Գանձասարում տեղակայված Մատենադարանի նախկին մասնաճյուղում Հ․ Հաջիևը դիվանագետների ներկայությամբ ցուցադրաբար թերթեց հայկական ձեռագրերի վերարտադրություն-կրկնօրինակները (ֆաքսիմիլեները) և, ցույց տալով, որ դրանցում միայն առանձին էջեր են պատկերազարդ, իսկ մնացածը դատարկ են, հայտարարեց․ «Միայն մեկ էջ, մնացածը դատարկ է»։ Նրա այս ժեստին դիվանագետներից ոմանք արձագանքեցին ծիծաղով։ Սա պատահական կատակ կամ թյուրիմացություն չէր, այլ մանրակրկիտ բեմադրված քաղաքական սիմվոլիզմ, որի նպատակն էր օտարերկրյա ներկայացուցիչների աչքում հայկական պատմությունն ու մշակութային կոթողները ներկայացնել որպես դատարկ, կեղծված, արհեստածին և անհիմն։

Ադրբեջանական այս քարոզչական ժեստին օպերատիվ և մասնագիտական պատասխան տվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Նա պարզաբանեց, որ Գանձասարում ցուցադրված ծավալուն գրքերը երբեք բնագրեր չեն եղել, այլ ցուցադրության համար պատրաստված բարձրորակ կրկնօրինակներ, որտեղ վերարտադրվել են միայն առանձնահատուկ մանրանկարներն ու էջերը, իսկ մնացած էջերը միտումնավոր դատարկ են թողնվել։ Ա․ Խզմալյանը շեշտեց, որ ցուցադրված բոլոր նմուշների բնագրերը պահվում են Երևանի Մատենադարանում՝ հավելելով․ «Մենք մեր ձեռագրերում ու մեր պատմության մեջ դատարկ էջեր չունենք՝ ի տարբերություն շատ-շատ ուրիշների»։ Հայաստանի փորձագիտական ու քաղաքացիական շրջանակները Բաքվի կազմակերպած այս այցն ու արարողակարգը որակեցին որպես Արցախում իրականացված էթնիկ զտման, հայաթափման և մշակութային ցեղասպանության հետևանքների լեգիտիմացման անընդունելի փորձ։

Դիվանագետների լռությունը, իսկ առանձին դեպքերում՝ ժպիտն ու հարմարվողական պահվածքը, Ադրբեջանի իշխանությունների կողմից ընկալվեցին որպես խոշոր դիվանագիտական հաջողություն։ Միջազգային հանրության ներկայությունը բռնազավթված հայկական սրբավայրերում օգտագործվեց ոչ թե մշակութային ժառանգության պաշտպանության կամ դրա էթնիկ պատկանելությունը հարգելու, այլ դրանք քաղաքականապես վերագրանցելու և յուրացնելու համար։

Այս բեմականացված տեսարանն ու նարատիվային ագրեսիան ժամանակագրորեն և բովանդակային առումով լիովին համընկան միջազգային հետազոտական խմբերի ու արբանյակային լուսանկարների (մասնավորապես՝ Caucasus Heritage Watch-ի) հրապարակած այն տվյալների հետ, որոնք փաստում են Արցախի օկուպացված տարածքներում հայկական գերեզմանատների, խաչքարերի, եկեղեցիների ու պատմական հուշարձանների թիրախավորման, պղծման և հողին հավասարեցման մասին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը վարում է երկշերտ քաղաքականություն․ տեղում իրականացվում է հայկական պատմամշակութային հետքի ֆիզիկական ոչնչացում, իսկ պահպանված խոշոր կոթողների պարագայում՝ նարատիվային դատարկում ու ինքնության խեղաթյուրում։

Նարատիվային պատերազմը որպես պետական քաղաքականություն․ Քաղաքագետ Արա Պողոսյանի վերլուծությունը ներկայիս տեղեկատվական-քաղաքական գործընթացների ամենահստակ և առարկայական ախտորոշումներից է։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ վարում է կազմակերպված, համակարգված, մտածված և մեթոդաբանորեն մշակված նարատիվային պատերազմ։ Այն բազմաշերտ հիբրիդային գործողությունների համալիր է, որն իր մեջ ներառում է պատմության վերաշարադրում, պատմամշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացում կամ էթնիկ-կրոնական յուրացում, միջազգային տարբեր հարթակներում հակահայկական ատելության քարոզ, հայկական պատմական արեալի վրա նարատիվային հարձակում և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու լեգիտիմությունը կասկածի տակ դնող կեղծ թեզեր։

Այս ռազմավարության առանցքային հենասյուներից է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պատմաքաղաքական նախագիծը, որն Ադրբեջանում բարձրացվել է պետական առաջնահերթության մակարդակի։ Սրանով Բաքուն հավակնություններ է ներկայացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Երևանը, Սյունիքը, Գեղարքունիքը և այլ մարզեր ներկայացնելով որպես «տեղահանված ադրբեջանցիների պատմական հողեր»։ Միևնույն ժամանակ, հայկական հուշարձանների ալբանականացման կամ «ուդիականացման» քաղաքականությունը չի սահմանափակվում միայն օկուպացված Արցախով․ այն աստիճանաբար տարածվում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական կոթողների վրա՝ նպատակ ունենալով զրկել հայկական պետականությունը պատմամշակութային ու տարածքային հենքից։

Այս նարատիվային ագրեսիան պատահական նախաձեռնությունների կամ առանձին փորձագիտական խմբերի գործունեության արդյունք չէ, այլ Ադրբեջանի պետական իշխանության ամենաբարձր մակարդակով մոդերացվող և ուղղորդվող քաղաքականություն։ Դրա գլխավոր դերակատարներն են Ի․ Ալիևը, ով գրեթե բոլոր հարցազրույցներում ու ելույթներում շրջանառում է այս թեզերը, նախագահի օգնական Հ․ Հաջիևը, ով ապահովում է դրանց դիվանագիտական փաթեթավորումն ու «օտարերկրյա դեսպանների այցելությունների» բեմադրումը, Արտաքին գործերի նախարար Ջ․ Բայրամովը, ինչպես նաև պետական ապարատի, քարոզչամեքենայի և ուժային համակարգի ամբողջ ուղղահայացը։

Տեղեկատվական ու քաղաքական հողի նախապատրաստումը սովորաբար նախորդում է կոնվենցիոնալ, ուժային կամ քաղաքական պարտադրանքի քայլերին։ Եթե միջազգային դերակատարներն ու դիվանագետները լռելյայն ընդունում են, որ հայկական վանքերը «ալբանական» են, որ հայկական պատմությունն ունի «դատարկ էջեր», կամ որ Հայաստանը «ռազմական հանցագործ պետություն» է, ապա Բաքվի հաջորդ ճնշումները՝ լինեն դրանք սահմանային էսկալացիաներ, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ուժային կամ քաղաքական պարտադրում, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ թե անվտանգային նոր սպառնալիքներ, միջազգային հանրության համար դառնում են շատ ավելի ընկալելի, հասկանալի և արդարացված։

Երկակի խաղ և ռիսկերը Հայաստանի համար․ Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության և Հայաստանի նկատմամբ վարվող ռազմավարության վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն զուգահեռաբար կիրառում է ինչպես կոշտ ուժի (hard power), այնպես էլ «փափուկ» ու տնտեսական ազդեցության (soft & economic power) գործիքակազմ։ Մի կողմից Ադրբեջանը ներկայանում է որպես տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ հաբ՝ խոսելով Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի, վառելիքի մատակարարման և տարանցիկ ծրագրերի մասին, մինչդեռ հայկական ներքին շուկայում ավտոբենզինի ու վառելիքի գները հասնում են պատմական բարձր մակարդակի։ Այս հակասող իրողությունը ցույց է տալիս, որ տնտեսական հնարավոր կախվածության ձևավորումն ու քաղաքական-նարատիվային ճնշումները գործում են նույն տրամաբանության շրջանակում․ տնտեսական «ինտեգրման» առաջարկները զուգորդվում են քաղաքական ու մշակութային նվաստացման քաղաքականությամբ։

Միջազգային դիտորդների և դիվանագիտական կորպուսի արձագանքն այս գործընթացներին խիստ երկփեղկված է։ Արտաքին աշխարհի մի մասը կենտրոնանում է բացառապես մակրոտնտեսական ու ֆորմալ ցուցանիշների վրա․ օրինակ՝ «Moody’s» կամ «Fitch» միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսական կայունության գնահատականների կամ արևմտյան դիվանագետների (ինչպիսին, օրինակ, Շվեդիայի դեսպանի շնորհավորանքներն են «խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի» կապակցությամբ) դրական հայտարարությունների վրա։ Սակայն իրականության մյուս՝ շատ ավելի վտանգավոր երեսը տեսնողներն արձանագրում են Գանձասարում հայկական պատմության «դատարկ էջերի» շուրջ բեմադրված ներկայացումները, Բաքվից հնչող «Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է» պաշտոնական թեզերը և Սահմանադրության փոփոխության վերջնագրային պահանջները։

Այս երկու իրականություններն էլ գոյություն ունեն միաժամանակ, քանի որ Ադրբեջանի համար «խաղաղության օրակարգը» ոչ թե հավասարազոր կողմերի միջև պատմական հաշտեցման փաստաթուղթ է, այլ սեփական ռազմական հաջողության ու կապիտուլյացիոն պահանջների վերջնական ամրագրում։ Բաքվի ընկալմամբ՝ խաղաղության գինը Հայաստանի կողմից պատմական անցյալի ընդունումն է Ի․ Ալիևի առաջադրած ձևաչափով, Արցախի պատմամշակութային ժառանգության լռելյայն զիջումն ու ալբանականացումը, ինչպես նաև ապագայում ներկայացվելիք տարածքային ու քաղաքական նոր պահանջների նկատմամբ դիմադրողականության ամբողջական չեզոքացումը։

Վերջին շրջանը հստակորեն ի ցույց դրեց, որ պաշտոնական Երևանի որդեգրած «խաղաղության օրակարգը» չի վերացրել Ադրբեջանից բխող էկզիստենցիալ սպառնալիքը, այլ պարզապես այն տեղափոխել է պատմական, մշակութային, իրավական և նարատիվային հարթություններ։ Օկուպացված Շուշիում ու Ստեփանակերտում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ կազմակերպված շոուները և Հ․ Հաջիևի՝ հայկական ձեռագրերը «դատարկ էջեր» որակելու դրվագը այդ տեղափոխման ամենալարված ու տեսանելի արտահայտությունն էին։ Եթե Բաքվի այս քարոզչական հարձակումները Հայաստանի կողմից մնում են անպատասխան կամ դիտարկվում են որպես ընդամենը «ադրբեջանական ներքին լսարանի համար նախատեսված հռետորաբանություն», դրանք աստիճանաբար ամրագրվում են միջազգային ընկալումներում որպես «օբյեկտիվ փաստ»։ Իսկ միջազգայնորեն լեգիտիմացված կեղծ փաստը հետագայում վերածվում է կոշտ քաղաքական ու դիվանագիտական լծակի։

Հայաստանի պետականության և հասարակության առջև ծառացած մարտահրավերը դուրս է գալիս սովորական դիվանագիտական հայտարարությունների սահմաններից։ Հարցի բուն էությունն այն է, թե արդյո՞ք Հայաստանը հանուն «խաղաղության» պատրաստ է ընդունել սեփական պատմության ու ինքնության դատարկումը, իսկ հարևան պետության ռևանշիստական ու սպառնալից հռետորաբանությունը վերագրել «բանակցային մարտավարության»։ Արբանյակային լուսանկարներով հաստատված մշակութային ավերածություններն ու Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այդ հարցի իր պատասխանը վաղուց է ձևակերպել․ այն է՝ պատմամշակութային ու քաղաքական հենքից զրկված, անվտանգային համակարգից զուրկ Հայաստան։

Լիանա Պետրոսյան

«Դրօշակ» թիվ 9 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company