ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը. սկզբունքայնության և պատեհապաշտության սահմանագիծը

09 Հոկտեմբեր 2026

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործունէութեան շնորհիւ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում զգալի ազդեցութիւն, կեանքի մէջ ստեղծւում է հաւատ դէպի գործի յաջողութիւնը եւ հարթւում է որոշ աստիճանով յեղափոխական ուղին։ Ամէն անգամ էլ հասարակութեան տարբեր խաւերի մէջ ի յայտ է գալիս… ամէն տեսակ սողուններ, որոնք գիտեն հիանալի կերպով յարմարուել հանգամանքներին եւ ամէն տեսակ ջրերում ձուկ որսալ, ասպարէզ են դուրս գալիս՝ իբր յեղափոխականներ կամ յեղափոխութեան համակրող բարեկամներ»։

Այս տողերը Ռոստոմը գրել է 1896 թվականին՝ «Դրօշակի» էջերում, «Վնասակար տարրեր» հոդվածում։ Հոդվածը ծնվել է այն օրերին, երբ համիդյան կոտորածները ցնցել էին արևմտահայ իրականությունը, իսկ ազգային-ազատագրական, հեղափոխական շարժումը հայտնվել էր ոչ միայն արտաքին վտանգի, այլև ներքին ծանր փորձության առջև։ Ռոստոմին, սակայն, առավել խորությամբ հետաքրքրում էր ոչ միայն աղետն ինքնին, այլ այն, թե ինչ է անում աղետը ժողովրդի քաղաքական գիտակցության հետ։

Ռոստոմի մտքի խորքային շեշտադրումը սկսվում է հենց այստեղ։ «Վնասակար տարրերը» Ռոստոմի համար պարզապես առանձին մարդիկ չեն, դրանք քաղաքական վարքագծի հավակնողներ են, ինչն առավել տեսանելի է դառնում պայքարի ժամանակավոր տեղատվության պայմաններում, երբ ի հայտ են գալիս նրանք, ովքեր պատրաստ են իրենց դիրքորոշումը վերանայել՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։ Այդպիսով, հարցը միայն պատեհապաշտությունը չէ, այլ այն, թե քաղաքական միջավայրն ինչպես է նպաստում նրան, որ պատեհապաշտությունը ներկայացվի որպես խոհեմություն, պատասխանատվություն կամ սկզբունքային դիրքորոշում։

Այդ պատճառով Ռոստոմի դիտարկումը դուրս է գալիս իր ժամանակի պատմական պայմաններից ծնված քաղաքական բանավեճի շրջանակներից։ Նրա ուշադրության կենտրոնում այն խորքային փոփոխությունն է, որն ազգային աղետից հետո տեղի է ունենում հասարակության քաղաքական ընկալումներում. փոխվում է ոչ միայն քաղաքական դիրքորոշումների բովանդակությունը, այլև այն իմաստային դաշտը, որի շրջանակում ժողովուրդը գնահատում է տեղի ունեցողը և որոշում իր հետագա քայլերի հնարավորությունն ու անհրաժեշտությունը։ Նույն հասկացությունները՝ «իրատեսություն», «խոհեմություն», «խաղաղություն», «պատասխանատվություն», կարող են պահպանել իրենց սկզբնական իմաստը, մինչդեռ քաղաքական խոսույթում դրանց վերագրվող նշանակությունը կարող է աստիճանաբար փոխվել։ Այդ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն հասկացությունների գործածությանը, այլև այն չափանիշներին, որոնցով հասարակությունն ընկալում և գնահատում է խոհեմությունը, իրատեսությունը, պատասխանատվությունն ու ազգային պարտքը։

Ռոստոմի նկարագրած երևույթն առավել ցայտուն է դրսևորվում այն ժամանակ, երբ հեղափոխական պայքարի ժամանակավոր ձախողումը փոխում է քաղաքական հաշվարկի տրամաբանությունը։ Մինչ այդ ոմանք կարող են ներկայանալ որպես հեղափոխական շարժման համակիրներ կամ մասնակիցներ՝ կիսելով պայքարի նպատակներն ու օգտվելով նրա քաղաքական վարկից։ Պարտությունից հետո, սակայն, փոխվում են նրանց առաջնահերթություններն ու քաղաքական դիրքավորումը, իսկ այդ փոփոխությունը հիմնավորվում է արդեն «խոհեմության», «հեռատեսության», «ժողովրդասիրության» և «միասնության» դիրքերից։ Այսպիսով, պարտությունը ոչ միայն վերաձևում է քաղաքական ընտրությունը, այլև հնարավորություն է ստեղծում ժողովրդի համար ընկալելի և ընդունելի արժեքների միջոցով արդարացնելու մի նոր դիրքորոշում, որն ավելի վաղ անհամատեղելի էր թվում ազգային պայքարի տրամաբանության հետ։

Ռոստոմն այդ երևույթը նկարագրում է բացառիկ դիպուկությամբ. «…Այն ժամանակ, երբ յեղափոխութիւնը կրում է ժամանակաւոր անհաջողութիւն… այդ զազրելի արարածները սուս ու փուս քաշւում են իրենց բներն ու արդէն քաղաքականութիւն, հեռատեսութիւն, ժողովրդասիրութիւն, միութիւն եւ այլ դիմակների տակ դարձեալ շարունակում են խաղալ ժողովրդի հետ՝ աշխատելով մի կերպ քողարկել իրենց իսկական գոյնը»։

Այս մեջբերման առանցքային եզրույթը «դիմակն» է։ Ռոստոմը չի մերժում քաղաքականությունը, հեռատեսությունը, ժողովրդասիրությունը կամ միությունը։ Նրա հարցադրումն այլ հարթության վրա է. ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ արժեքները, պահպանելով իրենց դրական նշանակությունը, սկսում են ծառայել ոչ թե հեղափոխական շարժման սահմանած նպատակներին, այլ դրանցից աստիճանական նահանջը հիմնավորելուն։

Այստեղ է ուրվագծվում Ռոստոմի տեսության քաղաքական իմաստը։ Նա ցույց է տալիս, որ հեղափոխական շարժման ժամանակավոր տեղատվությունից հետո պայքարին հակադրվող դիրքորոշումը պարտադիր չէ, որ հանդես գա բացահայտ մերժման ձևով։ Ավելի վտանգավոր է այն քաղաքական ընթացքը, երբ նահանջը հիմնավորվում է որպես ողջամտություն, հանձնվողականությունը՝ որպես հասունություն, իսկ հարմարվողականությունը՝ որպես իրատեսություն։ Այդ պահին փոխվում է ոչ միայն քաղաքական ընտրությունը, այլև հասարակության պատկերացումն այն մասին, թե ինչն է խոհեմ, ինչն է հնարավոր և ինչն է անհրաժեշտ։

1895–1896 թվականների կոտորածներից հետո ավելի հաճախ էին հնչում կոչեր, որոնք առաջին հայացքից կարող էին թվալ տրամաբանական, խոհեմ և նույնիսկ մարդասիրական. դադարեցնել պայքարը, զբաղվել հացի խնդրով, տնտեսությամբ ու բարեգործությամբ, սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Սակայն, ինչպես Ռոստոմն է փաստում, այդ խոսույթը միայն ընթացիկ մարտավարության մասին չէ։ Այն աստիճանաբար փոխում է պատճառի և հետևանքի ընկալումը՝ այնպես, որ ժողովրդի դժբախտության պատճառը սկսում է վերագրվել ոչ թե բռնությանը և տիրող պայմաններին, այլ հենց հեղափոխական շարժմանն ու նրա ծավալած պայքարին։

Հենց այստեղ է բացահայտվում Ռոստոմի մտքի առավել խորքային նշանակությունը։ Նրա ուշադրությունը կենտրոնանում է ոչ միայն քաղաքական դիրքորոշումների փոփոխության փաստի, այլև այն պայմանների վրա, որոնցում այդ փոփոխությունը հասարակության համար դառնում է ընդունելի և համոզիչ։ Ժամանակավոր տեղատվությունը կարող է ոչ միայն վերափոխել քաղաքական ընտրությունների բովանդակությունը, այլև փոխել դրանց ընկալման եղանակը: Նախկինում ընդունված նպատակներն ու որոշումները սկսում են մեկնաբանվել արդեն նոր չափանիշների շրջանակում, իսկ պայքարի դադարեցումը կարող է ներկայացվել ոչ թե որպես ազգային նպատակներից հետքայլ, այլ որպես նոր իրողություններին համապատասխանող «խոհեմ» և «հեռատես» ընտրություն։

Այս տարբերությունն է թույլ տալիս Ռոստոմին գաղափարական հակառակորդին զատորոշել պատեհապաշտից։ Գաղափարական հակառակորդը բացահայտորեն առարկում, վիճարկում է գործող ուղղությունը և պաշտպանում այլ քաղաքական մոտեցում։ Պատեհապաշտի տրամաբանությունն այլ է: Նա ձգտում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել պայքարի ընթացքում ձևավորված հեղինակությունն ու հասարակական վստահությունը՝ առանց ստանձնելու այն պատասխանատվությունը և անցնելու այն զոհողությունների միջով, որոնց շնորհիվ այդ վստահությունն ու հեղինակությունը ձևավորվել են։

Ուստի նրա առանձնահատկությունը միայն սխալ կամ վնասակար քաղաքական դիրքորոշում առաջադրելը չէ։ Ավելի էական է այն, որ նա փորձում է արդեն իսկ ստեղծված վստահությունը վերածել սեփական քաղաքական հաշվարկը հիմնավորող միջոցի՝ ներկայանալով որպես նույն արժեքների ու նպատակների հետևորդ։

Ռոստոմի ձևակերպմամբ. «Ամէն անգամ, երբ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում զգալի ազդեցութիւն… հասարակութեան տարբեր խաւերի մէջ ի յայտ են գալիս… բախտախնդիրներ, վաշխառուներ, կեղեքիչներ, մինչեւ իսկ մատնիչներ ու դաւաճաններ… որոնք յեղափոխականի կամ յեղափոխութեան բարեկամի դիմակով ասպարէզ են դուրս գալիս»։

Ռոստոմի այս դիտարկումը կարևոր է նրանով, որ պատեհապաշտությունը նրա համար պատահական կամ եզակի շեղում չէ. այն քաղաքական շարժման աճին ուղեկցող մշտական երևույթ է, որն առավել տեսանելի է դառնում այն ժամանակ, երբ հեղափոխական շարժումը տարածվում է, ձեռք է բերում հասարակական ազդեցություն և վաստակում է վստահություն։ Այդ պահին շարժման ձեռք բերած հեղինակությունն ինքն է վերածվում նոր մարդկանց ներգրավող ուժի, և դաշտ են մուտք գործում նաև նրանք, որոնց համար առաջնայինը ոչ թե պայքարի նպատակներն են, այլ այդ նպատակների շուրջ կուտակված հանրային վստահությունը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարավորությունը։ Այդ պատճառով պատեհապաշտությունը հատկապես վտանգավոր է նրանով, որ կարող է գործել հենց շարժման ներսից՝ արտաքուստ պահպանելով հավատարմությունը նրա նպատակներին, բայց աստիճանաբար ձգտելով վերափոխել դրանց քաղաքական իմաստը, բովանդակությունն ու ապագա ուղղվածությունը։

Պայքարի ժամանակավոր տեղատվության պահին է, որ պատեհապաշտությունն առավել վտանգավոր դրսևորում է ստանում: Պայքարի ժամանակավոր ձախողումը դառնում է ոչ միայն ընթացիկ քաղաքական իրողություն, այլև դրա հետագա ընկալումն ու մեկնաբանությունը պայմանավորող գործոն։ Վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից այդ ժամանակավոր վիճակը դադարում է ընկալվել որպես հաղթահարման ենթակա փուլ և վերածվում է այն ելակետին, որի հիման վրա վերանայվում են պայքարի նպատակների, հնարավորությունների ու հեռանկարների մասին պատկերացումները։

Ռոստոմի տեսությունը բացահայտում է այն կեղծ երկընտրանքը, որի միջոցով ընկերային կարիքները վերածվում են հեղափոխական պայքարի այլընտրանքի։ Հացի, աշխատանքի, առօրյա ապահովության և նյութական բարօրության պահանջներն օրինաչափ են: Կեղծ երկընտրանքը սկսվում է այն պահին, երբ այդ պահանջները դուրս են գալիս իրենց բնական շրջանակից և ներկայացվում որպես բացարձակ առաջնահերթություն՝ իբրև թե նախ անհրաժեշտ է ապահովել ժողովրդի բարօրությունը, իսկ հեղափոխական պայքարի հարցերին անդրադառնալ միայն դրանից հետո։ Այդ տրամաբանության վտանգն այն է, որ հասարակությանը պարտադրվում է մի ընտրություն, որի շրջանակում բարօրությունը, հոգածությունն ու հեղափոխական պայքարը ներկայացվում են որպես միմյանց բացառող նպատակներ։ Ռոստոմը հենց այս հակադրությունն է մերժում՝ ցույց տալով, որ ժողովրդի կարիքների հոգածության ցանկությունը ոչ միայն չի հակադրվում հեղափոխական պայքարի նպատակներին, այլև դրա դրսևորումներից մեկն է։

Նրա հարցադրումը կտրուկ է. «Ո՞վ է ասում, թէ հարկաւոր չէ հաց տալ ժողովրդին…»:

Այս հարցադրումով Ռոստոմը բացահայտում է հացի և հեղափոխական պայքարի միջև ստեղծված հակադրության կեղծ բնույթը։ Ժողովրդի բարօրության հոգածության և հեղափոխական պայքարի նպատակների միջև եղած կեղծ երկընտրանքը ծագում է այն ժամանակ, երբ սոցիալական հոգածությունը ներկայացվում է որպես ազգային պայքարից նահանջը հիմնավորող առաջնահերթություն։ Ռոստոմն այս դիրքորոշումը հիմնավորում է Դաշնակցության իսկ պատմական փորձով. ժողովրդի ընկերային կարիքներով մտահոգությունն ու հեղափոխական պայքարը նրա քաղաքական ընկալման մեջ երբեք միմյանց բացառող ուղղություններ չեն եղել։

«Ո՞ւր էիք դուք, երբ Սասունի կոտորածից յետոյ Դաշնակցութիւնը ստիպուած եղաւ մասամբ շեղուել իր բուն գործունէութիւնից եւ զբաղուել բարեգործութեամբ… ո՞ւր էիք դուք վերջին կոտորածներից յետոյ, երբ դարձեալ Դաշնակցութիւնն առաջինը եղաւ թշուառ, տառապած ժողովրդին անմիջական դրամական օգնութիւն հասցնող…»,- գրում է նա։

Ռոստոմի համար ժողովրդի ընկերային խնդիրները հեղափոխական պայքարի օրակարգի անբաժանելի մասն են։ Նրա քննադատությունն ուղղված է այն քաղաքական փոխակերպմանը, որի պայմաններում այդ խնդիրները դադարում են ընկալվել իրենց բուն նշանակությամբ և սկսում են ծառայել ժողովրդին պարտադրվող կեղծ օրակարգի քաղաքական նպատակներին։ Այդ պահից ժողովրդի բարօրության մասին հոգածությունը վերածվում է քաղաքական դիրքորոշման փոփոխության «բարոյական» հիմնավորման՝ հեղափոխական պայքարից նահանջը ներկայացնելով որպես անհրաժեշտություն։

«Հաց, ոչ թե զենք» հակադրությունը նրա համար ոչ թե պարզ քաղաքական նախապատվության հարց է, այլ կեղծ երկընտրանք, ըստ որի ընկերային հիմնահարցերն ու հեղափոխական պայքարը միտումնավոր ներկայացվում են որպես միմյանց հակադրվող խնդիրներ։ Այդ կեղծ երկընտրանքը հասարակությանը պարտադրելուց հետո փոխվում է հարցադրումը: Խոսքն արդեն ոչ թե հեղափոխական պայքարն ու ժողովրդի ընկերային բարօրությունը միմյանց հետ համադրելու, այլ դրանցից մեկին՝ ընկերային բարօրությանը, առաջնահերթություն տալու մասին է։ Այդպիսով ընկերային կարիքը վերածվում է հեղափոխական պայքարը դադարեցնելու պահանջի հիմնավորման, իսկ ժողովրդի բարօրության հոգածությունը՝ այդ պահանջը քաղաքականորեն արդարացնելու միջոցի։

Նույն օրինաչափությունն է նա տեսնում նաև ինքնապաշտպանության հարցում՝ անդրադառնալով ժողովրդին զենք չտրամադրելու կոչերին, որոնք առաջին հայացքից կարող են ներկայացվել որպես խաղաղասիրության կամ խոհեմության դրսևորում։ Ռոստոմը չի սահմանափակվում նման մոտեցման քննադատությամբ: Նա կրկին դիմում է պատմական փորձին՝ փաստելու համար դրա հիմնավորվածությունը։

«Ասում են՝ ժողովրդին այլեւս զէնք պէտք չէ տալ…»,- գրում է նա և անմիջապես հարց է բարձրացնում՝ ո՞ր գյուղերն էին առաջինը ենթարկվում թալանի ու ավերման, որտե՞ղ էր բնակչությունն առավել անպաշտպան։ Նրա պատասխանը հիմնված է ոչ թե վերացական դատողության, այլ փորձի վրա. «Կոտորուել, թալանուել ու աւերուել են այն գիւղերը, ուր ինքնապաշտպանութեան համար զէնքի հարկաւոր քանակութիւնը չկար…», և հավելում է. «Այնտեղ, ուր զէնք կար, ժողովուրդը կարողացաւ պաշտպանել իր կեանքը, կայքը կամ ազատ մնաց յարձակումներից»։

Ռոստոմի համար զենքը ինքնանպատակ արժեք չէ։ Այն ինքնապաշտպանության միջոց է, իսկ ինքնապաշտպանությունը՝ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը պահպանելու անհրաժեշտ պայման։ Ուստի զենքից հրաժարվելու կոչերը նա չի դիտարկում որպես առանձին միջոցի շուրջ բանավեճ: Դրա մեջ նա տեսնում է ավելի խոր քաղաքական տեղաշարժի միտում, երբ ժողովուրդը սկսում է կասկածել սեփական գոյությունն ու անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությանը։

Այստեղ է ակնհայտ դառնում «վնասակար տարրերի» գործունեության հետևանքը. հասարակության քաղաքական գիտակցությունը կարող է խեղաթյուրվել այնպես, որ ինքնապաշտպանությունն այլևս ընկալվի որպես անցած ժամանակի «վնասակար» մնացուկ, իսկ հանձնվողականությունը՝ որպես նոր իրականությանը հարմարվելու անհրաժեշտություն։

Այս խորապատկերի վրա Ռոստոմը գրում է. «Յեղափոխական շարժումն անհնարին է կանգնեցնել, որովհետեւ նա հետեւանք է Տաճկահայաստանում տիրող անտանելի պայմանների, եւ քանի վատթարանան այդ պայմանները, այնքան աւելի սաստիկ պիտի զգացուի ուժեղ յեղափոխական շարժման անհրաժեշտութիւնը»։

Նրա այս միտքը միայն հեղափոխական պայքարի արդարացում չէ։ Այն պատճառի և հետևանքի տարբերակման հստակ բանաձև է։ Եթե հեղափոխական պայքարն առկա իրավիճակի թելադրած պայմանների հետևանք է, ապա այն չի վերանալու կեղծ կոչերով։ Կարելի է ժամանակավորապես ճնշել պայքարի դրսևորումները, բայց դրանով չեն վերանում այն պայմանները, որոնք և ծնել են այդ պայքարի անհրաժեշտությունը։ Իսկ եթե սխալ է ախտորոշվում պատճառը, ապա սխալ է լինելու նաև լուծումը։

Պատճառի և հետևանքի այս տարբերակումից է բխում քաղաքական կամքի հարցը։ Ռոստոմի ընկալմամբ՝ քաղաքական կամքը միայն վճռականությունը կամ խիզախությունը չէ. այն նախ և առաջ իրականության ճիշտ ընկալման և իրերն իրենց անունով կոչելու կարողությունն է։ Ժողովուրդը կարող է հաղթահարել ժամանակավոր ձախողման հետևանքները միայն այն ժամանակ, երբ չի շփոթում պատճառը հետևանքի հետ, ժամանակավոր տեղատվությունը՝ պատմական փակուղու հետ, մարտավարական զիջումը՝ սկզբունքներից նահանջի հետ։ Քաղաքական կամքը հենց այդ տարբերակումների միջոցով է պահպանում իրականության սթափ ընկալումը և թույլ տալիս նույնիսկ ծանրագույն պայմաններում չկորցնել սեփական նպատակների ու հնարավորությունների հստակ գիտակցումը։

Այս ըմբռնումից բխում է ևս մեկ կարևոր հետևություն. իրականությունը ճշգրիտ ճանաչելը դեռևս բավարար չէ։ Վճռորոշ է նաև այն, թե ինչ հետևություն է արվում այդ իրականությունից։ Նույն եզրույթները կարող են պահպանել իրենց արտաքին ձևն ու նույնիսկ սկզբնական նշանակության որոշ տարրեր, բայց հասարակական ընկալման մեջ ձեռք բերել այլ շեշտադրումներ և այդպիսով հանգեցնել այլ դատողությունների ու որոշումների։ Հետևաբար խնդիրը միայն այն չէ, թե ինչ է նշանակում տվյալ եզրույթը, այլև այն, թե հասարակությունն ինչ իմաստ է սկսում դրան վերագրել, ինչ վարքագիծ է դրա շրջանակում համարում ընդունելի և ինչ պատասխանատվություն է դրանով ստանձնում։

Այսպիսի փոփոխությունը սովորաբար չի սկսվում ազգային նպատակի բացահայտ մերժումով։ Ավելի վաղ փոխվում է այդ նպատակի հարցում ստանձնվող քաղաքական պատասխանատվության աստիճանը։ Այն, ինչ նախկինում ընկալվում էր որպես անհրաժեշտ, սկսում է դիտվել որպես ցանկալի, բայց ոչ պարտադիր, իսկ նվիրումը, զոհողությունը և դիմադրությունը աստիճանաբար ընկալվում են որպես չափազանց մեծ գին։ Քաղաքական նահանջը կարող է ձևավորվել ոչ թե նպատակների բացահայտ վերանայմամբ, այլ դրանց իրականացման համար անհրաժեշտ հետևողականության աստիճանական նվազեցմամբ։

Նման փոխակերպումների հետևանքը միայն քաղաքական դիրքորոշման փոփոխությունը չէ։ Փոխվում է նաև այն չափանիշը, որով հասարակությունը որոշում է, թե հանուն ինչի է պատրաստ տևական պայքարի, ինչ գին է պատրաստ վճարել և մինչև ո՛ր սահմանն է պատրաստ գնալ զիջումների։ Երբ փոխվում են այդ չափանիշները, հասարակությունը կարող է աստիճանաբար ընդունելի համարել այնպիսի զիջումներ ու նահանջներ, որոնք նախկինում անգամ քաղաքական ընտրության հնարավոր տարբերակ չէին համարվում։

Հենց այդ պատճառով Ռոստոմի տեսության ուժը ոչ թե վերջնական լուծումներ առաջարկելու, այլ քաղաքական դատողության այն հիմքը պահպանելու մեջ է, որի շնորհիվ հնարավոր է տարբերել սկզբունքայինը՝ ժամանակավորից, էականը՝ երկրորդականից։ Յուրաքանչյուր ծանր պատմական հանգրվանում անհրաժեշտ է սթափ գնահատել իրականությունը, սակայն նույնքան կարևոր է այդ գնահատականը չշփոթել այն պատեհապաշտ քաղաքական հետևության հետ, ըստ որի փոփոխված պայմանները վերածվում են նախկինում պարտադիր համարված սկզբունքների վերանայման հիմնավորման։ Քաղաքական հասունությունը, այս իմաստով, ոչ թե յուրաքանչյուր նոր իրողության հետ հարմարվելու կարողությունն է, այլ փոխվող պայմաններում պատճառը հետևանքից, ժամանակավոր տեղատվությունը՝ վերջնական փակուղուց, իսկ մարտավարական անհրաժեշտությունը՝ քաղաքական նպատակի վերանայումից տարբերելու կարողությունը։

Այս տարբերակումների նշանակությունն առավել սուր է դառնում պարտության պայմաններում, երբ տեղի ունեցածը սկսում է ազդել ոչ միայն քաղաքական ընտրությունների, այլև հնարավորի ու անհնարինի մասին պատկերացումների վրա։ Պարտությունը կարող է ունենալ նաև երկրորդ՝ ներքին չափում։ Առաջինը պատմական իրադարձությունն է՝ ռազմական, քաղաքական կամ տարածքային կորուստը։ Ներքին չափումը սկսվում է այն ժամանակ, երբ պարտությունն այլևս չի դիտվում որպես հաղթահարելի կորուստ, այլ վերածվում է այնպիսի ելակետի, որից որոշվում են հետագա քաղաքական հնարավորությունների սահմաններն ու նպատակների իրագործելիությունը։ Այդ պահին պարտության փաստը վերածվում է հաստատված դատողության, իսկ պատմական իրադարձությունը՝ հոգեբանական ու քաղաքական դատավճռի։

Մեծ աղետներից հետո հասարակությունը կանգնում է ոչ միայն կորուստները հոգեբանորեն հաղթահարելու, այլև դրանց քաղաքական նշանակությունը սթափ գնահատելու խնդրի առջև: Պետք է հասկանալ, որն էր ձախողման պատճառը, ինչ է փոխվել, ինչն է պետք վերանայել և ինչպիսին պետք է լինի պայքարի հետագա ուղին։ Հենց այստեղ է անցնում վճռորոշ սահմանագիծը. պարտությունը մի դեպքում դառնում է սեփական սխալները բացահայտելու, անցած ուղին վերագնահատելու և հետագա պայքարի ուղղությունը ճշգրտելու հիմք, իսկ մյուս դեպքում՝ վերածվում է պայքարի նպատակների արմատական վերանայումը հիմնավորող փաստարկի։ Ռոստոմի միտքն իր առավել ամբողջական նշանակությունը ստանում է այստեղ՝ երբ պարտության գնահատականը վերածվում է հանձնվողականությունն ու հարմարվողականությունն արդարացնելու միջոցի։

Այստեղ է առավել հստակ երևում Ռոստոմի տեսության ավելի լայն պատմական նշանակությունը։ Ժողովուրդների պատմության մեջ որոշիչ է ոչ միայն այն, թե ինչ է նրանց հետ տեղի ունեցել, այլև այն, թե ինչպես են նրանք մեկնաբանում տեղի ունեցածը և ինչ իմաստ են տալիս դրան իրենց հետագա գործողությունների խորապատկերում։ Պատմական հիշողությունը ձևավորվում է ոչ միայն իրադարձություններից, այլև այն հասկացություններից, որոնց միջոցով ժողովուրդը մեկնաբանում է իր անցյալը, ներկան և ապագան։ Երբ այդ հասկացությունների իրական իմաստը աստիճանաբար աղճատվում է, խեղվում է նաև պատմական փորձի քաղաքական ընկալումն ու նշանակությունը։

Այսպիսով, Ռոստոմի տեսության նշանակությունն այն դատողության չափանիշի ձևակերպման մեջ է, որի միջոցով պարտությունից հետո հնարավոր է տարբերել փոփոխված պայմաններին համապատասխան գործելու անհրաժեշտությունը քաղաքական նպատակների վերանայումից։ Նրա մտածողության առանցքում այն սահմանազատումն է, թե փոփոխված պայմաններին արձագանքելու անհրաժեշտությունն ինչ պահից այլևս չի սահմանափակվում միջոցների և մարտավարության ճշգրտմամբ և վերածվում է քաղաքական նպատակների վերանայման, որոնց շուրջ ձևավորվել էր քաղաքական կամքը։ Այս սահմանազատումն է Ռոստոմի մտածողությանը հաղորդում ավելի լայն տեսական նշանակություն: Այն հնարավորություն է տալիս տարբերակել պայմանների փոփոխությանը համարժեք քաղաքական արձագանքն այնպիսի փոփոխությունից, որի հետևանքով վերանայվում են ոչ միայն գործելու միջոցները, այլև այն նպատակները, որոնք մինչ այդ որոշում էին քաղաքական ընթացքը։

Ռոստոմի ձևակերպած տարբերակումը ժամանակների փոփոխությամբ չի կորցնում իր արդիականությունը: Պայքարի մեջ մտնող յուրաքանչյուր սերունդ ստիպված է ինքնուրույն պատասխանել նույն հիմնարար հարցին՝ ինչպես արձագանքել պայմանների փոփոխությանը՝ առանց վերանայելու այն նպատակները, որոնց շուրջ ձևավորվել են իր քաղաքական կամքն ու պայքարի ուղղությունը։ Նույն հարցին յուրաքանչյուր սերնդի տված պատասխանը նախորդ սերունդների ձևակերպած պատասխանների պարզ վերարտադրությունը չէ: Այդ պատասխանը պետք է ծնվի նոր իրողությունների և դրանցից բխող մարտահրավերների սթափ գնահատումից՝ հենվելով պատմական փորձի վրա։ Պատմական փորձի նշանակությունն այստեղ հստակ է ընդգծվում. այն օգնում է նոր իրողությունների լույսի ներքո տարբերել անհրաժեշտ մարտավարական փոփոխություններն այն հիմնարար նպատակներից, որոնք պետք է մնան անփոփոխ։

Քաղաքական պայքարի կենսունակությունը հենց այս հավասարակշռության պահպանման մեջ է՝ ճկուն մարտավարություն՝ անփոփոխ նպատակներ։ Այդ հավասարակշռությունը պահանջում է իրատեսորեն վերագնահատել միջոցները, մարտավարական առաջնահերթություններն ու գործողությունների ձևերը՝ առանց վերանայելու այն հիմնարար նպատակները, որոնց շուրջ ձևավորվել է քաղաքական կամքը։

Ռոստոմի տեսության խորքային պահանջը, ի վերջո, սա է՝ փոխել հեղափոխական պայքարի միջոցներն ու մարտավարությունը՝ փոփոխվող պայմաններին համապատասխան, բայց պահպանել այն հիմնարար նպատակներն ու քաղաքական կամքը, որոնք սահմանում են պայքարի պատմական ուղղությունը։

Արամ Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 9 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company