Լիբանանահայերի շնորհիվ բոլոր հայերին հարազատ եմ համարում
11 Հոկտեմբեր 2019 Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու համար Արցախ ժամանած Լիբանանի պետական համալսարանի դասախոս, Միջազգային իրավունքի մասնագետ, գիտահետազոտող Լեյլա Նիկոլան «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ այստեղ գալով միանգամից հարազատություն է զգացել: «Արցախի ժողովուրդը հյուրընկալ, քաջ ու կորովի է: Ես լիբանանահայերի շնորհիվ բոլոր հայերին հարազատ եմ համարում: Եվ Արցախում անմիջապես զգացի դա»,- ասել է Լեյլա Նիկոլան:
Անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքին, նա նշել է, որ միայն ինքնորոշման իրավունքով չպետք է բավարարվել, քանի որ Կոսովոյի հարցի դեպքում շեշտվեց, որ դա բացառություն է. «Եվ ուրեմն այլ ժողովուրդների և ազգերի համար դժվարացավ ինքնորոշման իրավունքի օգտագործումը: Որպես միջազգային իրավունքի հետազոտող, կարծում եմ, որ Արցախի համար լավագույն տարբերակը Հայ Դատի աշխատանքներում ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլև մշտապես անկախ լինելու հանգամանքը շեշտելն է: Այս երկու գործոնները պետք է զուգահեռ ընթանան, որպեսզի կարողանանք հավելյալ առաջընթաց և արդյունքներ արձանագրել Արցախի հարցում»:
