Հայաստան ներդրումներ գրավելու համար միայն կառավարության հավաստիացումները բավարար չեն
15 Հոկտեմբեր 2019 Հայաստանի համար ներդրումների գրավումը շատ կարեւոր գործոն է, սակայն միայն հավաստիացումներով եւ խոստումներով ներդրողների չես գրավի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։ Ներդրողների համար, նրա խոսքերով, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ։ «Ես խոսում եմ հարկային քաղաքականության, հարկային օրենսդրության մասին։
Հարկային օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է, եւ դա ներդրողի համար բացասական ազդակ է։ Ներդրողը, որը որոշել է ներդրումներ կատարել, ընկրկում է բացառապես գործող օրենսդրությունից, իսկ այն մեզ մոտ անընդհատ փոփոխվում է»,- պարզաբանեց փորձագետը։ Պարսյանը նկատեց նաեւ, որ ներդրողներ գրավելու համար երկրում պետք է լինի անհրաժեշտ այնպիսի մասնագետների համապատասխան բազա, որոնք կկարողանան բավարարել ներդրողների պահանջները։
«Ներդրողը, որ գալիս է Հայաստան, պետք է ունենա որակավորված աշխատակիցներ, եւ այդ գործում շատ կարեւոր դեր է խաղում պետությունը։ Պատրաստո՞ւմ է արդյոք մեր պետությունը նման կադրեր եւ ընդունա՞կ են արդյոք նրանք բավարարել շուկայի պահանջները։ Այսօրվա դրությամբ, բնականաբար՝ ոչ»,- ընդգծեց տնտեսագետը։ Ընդ որում, Պարսյանի խոսքերով, Հայաստանում չկա ինստիտուցիոնալ տնտեսական ներդրումային քաղաքականություն, ինչն էլ ավելի է բարդացնում նոր ներդրողների եւ, համապատասխանաբար, նոր ֆինանսների գրավման գործընթացը։
