ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ Դատի Աշխատանքներուն Համար Հանգանակուեցաւ 2.400.000 Տոլար

11 Նոյեմբեր 2019
Բակօ Սահակեան. «Անհրաժեշտ Է Հետեւողականօրէն Ամրապնդել Հայաստան – Արցախ – Սփիւռք Եռամիասնոթիւնը»
Արամ Ա. Կաթողիկոս. «Հայ Դատը Ամբողջ Հայ Ժողովուրդին Դատն Է»
Յակոբ Տէր Խաչատուրեան. «Հայ Դատի Զինուորագրեալները Մեր Երկրորդ Բանակն Են»

Շաբաթ, 9 նոյեմբեր 2019-ին, կազմակերպութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյին, Պրիւքսելի Steigenberger Wiltcher’s հիւրանոցին մէջ, ժամը 20։00-էն 23։00, տեղի ունեցաւ դրամահաւաք-ընթրիք, որուն ընթացքին Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու աշխատանքներուն համար հանգանակուեցաւ 2.400.000 ամ. տոլար։

Պատուոյ սեղանին նստած էին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, Մեծ Բրիտանոյ եւ Իռլանդայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկեանը, Պելճիքայի թագաւորության մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան եւ Եւրոպական Միութեան մօտ Հ.Հ. առաքելութեան ղեկավար Թաթուլ Մարգարեանը, ՆԱՏՕ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան առաքելութեան ղեկավար Գագիկ Յովհաննիսեանը, Պրիւքսէլի մէջ Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Իրինա Բեգլարեանը, բարերարներ Տ. եւ Տ. Վարուժան եւ Սիլվա Լափոյեանները եւ պարոն Գաբրիէլ Չէմպէրճին։


Ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ, Հ.Յ.Դ. մարմիններու ներկայացուցիչներ, Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու պատասխանատուներ, նուիրատուներ եւ հիւրեր:

Հանդիսավար Հրայր Սողմոնեանի կողմէ տեղի ունեցաւ միջոցառումի բացումը։

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը իր խօսքին մէջ խորին շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք կը մասնակցին նուիրահաւաքին: Ան դիտել տուաւ, որ ձեռնարկը երախտագիտութեան զգացումի արտայայտութեան զուգահեռ նաեւ առիթ է հաշուետուութեան, ներկայացնելու Հայ Դատի Եւրոպայի, Հայաստանի կեդրոնական գրասենեակի, Միջին Արեւելքի գրասենեակի աշխատանքներու ծիրը` աւելցնելով, որ Ուաշինկթընի Կեդրոնական գրասենեակին կողքին շրջանային մակարդակով Հայ Դատի գրասենեակներ կը գործեն ամէնուրեք:

«1991 թուականէն սկսեալ, երբ հպարտութեամբ ողջունեցինք Հայաստանի վերանկախացումը, Արցախի գոյամարտի արդիւնքը հանդիսացող Արցախի Հանրապետութեան ստեղծումը, հարստացաւ նաեւ մեր Հայ Դատի օրակարգը: Եթէ դասականօրէն կը զբաղէինք Հայոց Ցեղասպանութեամբ, այսօր ցեղասպանութիւնը երկրորդ մակարդակի վրայ է, որովհետեւ առաջին մակարդակի վրայ եղած է` մեր բոլոր Հայ Դատի գրասենեակներուն եւ յանձնախումբերուն համար, Հայաստանի Հանրապետութեան զօրակցութեան խնդիրը, անոր միջազգային վարկի, հեղինակութեան բարձրացումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման խնդիրը` կա՛մ ինքնորոշման իրաւունքի շեշտաւորումով եւ կա՛մ, ուր որ կարելի է, Արցախի միջազգային ճանաչման հարցին արծարծումով: Երկրորդ կարգի վրայ կու գայ Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը, որ արդէն բաւական ճամբայ կտրած է, եւ, ասոր կողքին, մենք բացած ենք հատուցումներու օրինական երեսներու քննարկման հարցը մեր հիմնած Հայ իրաւանց խորհուրդին կողմէ, որ կ՚ուսումնասիրէ անհատական եւ հաւաքական հատուցումներու հարցը: Երրորդը` հայապատկան հողերու վրայ հայութեան իրաւունքներու վերադարձի, հայակերտումի խնդիրն է, իսկ չորրորդը` ընդհանրապէս ժողովուրդին եւ յատկապէս երիտասարդութեան քաղաքականացումն է եւ անոնց առիթներ եւ հնարաւորութիւններ տալու կարելիութիւնը, ոչ թէ իբրեւ խօսք եւ օդային ծրագիրներ, այլ շատ յստակ ծրագիրներ, որոնց մասին տակաւին առիթ պիտի ըլլայ խօսելու, որոնց ընդմէջէն մենք կը փորձենք բանալ դռներ միջազգային մայրաքաղաքներու մէջ, որպէսզի կարենանք մեր այդ երիտասարդները զետեղել քաղաքական, տնտեսական, ելեւմտական, մտաւորական համալսարանական շրջանակներու մէջ, եւ այդպիսով երբեմն հպարտանանք ըսելով, որ բերդը ներսէն գրաւած ենք», յայտնեց Յակոբ Տէր Խաչատուրեան: Ան տեղեկացուց, որ երիտասարդութեան վերաբերող այս ծրագիրին մէջ արդէն կարելի եղած է ներգրաւել շուրջ 200 երիտասարդներ Ուաշինկթընէն եւ եւրոպական զանազան մայրաքաղաքներէ:

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը հաստատեց, որ ՀՅ Դաշնակցութեան պարտականութիւնն է ծառայել իր ժողովուրդին` դիտել տալով, որ լաւապէս գիտենք ինչ կը նշանակէ նուիրում, կամաւոր աշխատանք, զոհողութիւն, եւ եթէ հարկ ըլլայ` կեանքի գնով պայքարի մասնակցութիւն: «Բայց 21-րդ դարուն կ՚անդրադառնանք նաեւ, որ միայն կամաւոր աշխատանքը բաւարար չէ, մենք պէտք է ունենանք արհեստավարժ կեդրոններ: Ուրախ ենք ըսելու, որ վերջին 15 տարուան ընթացքին մենք կրցած ենք ստեղծել նման կառոյցներ», յայտնեց Յակոբ Տէր Խաչատուրեան` աւելցնելով, որ անոնք բաւարար ու ամբողջական կրնան չըլլալ, սակայն անկասկած կը շարունակեն տարին 365 օր, շաբաթը 7 օր եւ օրական 24 ժամ միշտ հիմնական պատնէշներու վրայ ըլլալ: «Մեր Հայ Դատի զինուորագրեալները, մէկ մասը` արհեստավարժ, ջախջախիչ մասը կամաւոր բանակ, իսկապէս անոնք երկրորդ բանակը կը հանդիսանան` Հայաստանի ու Արցախի բանակներուն կողքին, անոնք մեր քաղաքական դաշտի բանակն են, որ Արցախի եւ Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչներուն կողքին կը պայքարին առաջադրուած չորս հիմնական ոլորտներուն մէջ», շեշտեց Բիւրոյի ներկայացուցիչը:

Իր խօսքը եզրափակելով` ան ըսաւ, որ այդ արհեստավարժութեան յաջողութեան եւ պայքարի յարատեւման համար ՀՅԴ-ն կը դիմէ ժողովուրդին, որ միշտ կ՚անսայ դիմումին եւ նեցուկ կը կանգնի Դաշնակցութեան:

Հանդիսավարը մէջ ընդ մէջ կ՚ընթերցէր նուիրատուութիւններու ցուցակները։

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան իր ելոյթին ընթացքին ողջունեց ներկաները, փոխանցեց Արցախի ժողովուրդին ջերմ բարեմաղթանքները, կարեւոր նկատեց այսպիսի ձեռնարկներու կազմակերպումը եւ նշեց, որ ասիկա հարթակ մըն է` քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանօթանալու տարբեր կարծիքներու:

Նախագահ Բակօ Սահակեան անդրադարձաւ Արցախի պետականաշինութեան, ներքին եւ արտաքին քաղաքականութեան շարք մը հիմնարար գաղափարներու:

«Աշխարհում տեղի են ունենում բաւականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխութիւններ: Ընդ որում՝ այդ փոփոխութիւնների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում: Դա պահանջում է աւելի մեծ զգոնություն, փոխգործակցութեան համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարուող աշխատանքների, մարտավարութեան եւ ռազմավարութեան մէջ յստակեցումների ու փոփոխութիւնների իրականացում», – իր ելույթին մէջ ընդգծեց Արցախի Հանրապետութեան Նախագահը:

Նախագահը աւելցուց. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացնում են մեծածաւալ եւ կարեւոր աշխատանք՝ միջազգային հարթակներում մեր համազգային խնդիրների ներկայացման ուղղութեամբ, յատուկ ուշադրութեան կենտրոնում պահելով Արցախը, նրա շահերի պաշտպանութիւնը, տարբեր երկրների հետ երկկողմ բարիդրացիական յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը»:

Նախագահ Սահակեան շեշտեց, որ մեր բոլոր յաղթանակներու եւ ձեռքբերումներու կեդրոնը ինկած են ժողովուրդի միասնականութիւնը, անկոտրում հաւատքը, հաւաքական կամքը, լաւատեսութիւնն ու քրտնաջան աշխատանքը` աւելցնելով, որ անհրաժեշտ է ընել կարելին այս ուղղութեամբ, հետեւողականօրէն ամրապնդել Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը, զարգացնել ու խորացնել մնայուն գործնական կապերը Արցախի եւ անոր բարեկամներուն միջեւ:

Նախագահը երախտագիտութիւն յայտնեց ներկաներուն` Արցախին մշտապէս սատարելու, մեր համազգային խնդիրներու լուծման գործին մէջ աշխուժ մասնակցութիւն ունենալու համար:

Տէր Յովակիմ սրբազանը ընթերցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի օրհնութեան գիրը.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Տիար Բակո Սահակյան,

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա,

Հայ Դատի հանձնախմբի մեծարգո անդամներ,

Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ և հղում Հայրապետական Մեր օրհնությունն ու սերը Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպված այս հավաքի առիթով: Գնահատելի են աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ու պետական հարթակներում ներդրած ձեր նվիրյալ ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հայության առջև հառնած խնդիրների լուծման ուղղությամբ:

Ազգամիջյան ու կրոնական տարբեր հակառակություններով մտահոգ արդի աշխարհում համազգային մեծ խնդիրների բարձրաձայնումը և պաշտպանությունը սոսկ քաղաքական գործունեություն չէ, այլ մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսլականով բարձր առաքելություն: Այս գիտակցությամբ մեր շուրթերից հնչող խոսքերը պետք է կնքվեն արդյունաշատ գործերով, անցյալից եկող ավանդները տարածվեն ապագայում, ներկայի մեջ դառնալով պատասխանատվություն ու պարտականություն: Գոհունակություն է մեզ համար հաստատել, որ միջազգային կառույցների, տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրողության մեջ տեսանելի է մեր ժողովրդի հավաքական ներուժի դրսևորումը: Մեզ բոլորիս քաջալերում է Հայոց Ցեղասպանության շարունակական ճանաչումը, քանզի հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար: Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարը ընտրություն չէ մեր ժողովրդի համար, այլ մեր լինելիության անբաժան մասը, մեր աննահանջ հանձնառությունը: Մենք ամենքս նույն տեսիլքն ունենք՝ մեր պատմության մեջ բացված Ցեղասպանության դառնագույն էջը եզրափակել մեր պահանջատիրության հաղթանակով, պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր հայրենիքը և ապահով, շեն ու կենսունակ պահել սփյուռքը: Այս նպատակների համար մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է հանձն առել, միավորվել ազգաշահ ու հայրենաշեն ծրագրերի շուրջ, որոնցում կարևոր դեր են ունեցել նաև ազգօգուտ նախաձեռնություններն ի նպաստ կազմակերպվող դրամահավաքները: Այս դրամահավաքը ևս կարևոր ներդրում պիտի լինի Հայ դատի գրասենյակների ազգանվեր գործունեության մեջ:

Սիրելինե՛ր, արդարության և ճշմարտության, խաղաղության արժեքները, եղբայրասիրության, հայրենասիրության ու միաբանության ոգին մեզ միշտ զորություն են տալու, մեր բազկին՝ ուժ, և մտքին՝ իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր հայրենիքը, կենսունակ պահեքն սփյուռքը, հույս ապավեն դառնանք և նեցուկ լինենք միմյանց՝ դժվարությունները հաղթահարելու և մեր իղձերն իրագործելու: Այս է Մեր Հայրապետական պատգամը ձեզ և համայն մերն ժողովրդին, որպեսզի միասնաբար կյանքի կոչենք ազգային առաջընթացի և լուսավոր ու պայծառ գալիքի մեր տեսիլքները: Վերստին Մեր գնահատանքն ու լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Հայ դատի ազգաշահ առաքելությունը:

Բարի և արդյունավոր ընթացք այս նախաձեռնության աշխատանքներին

Օրհնությամբ՝ Գարեգին Բ կաթողիկոս ամենայն հայոց»:

Ցուցադրուեցաւ տեսերիզ Հայ Դատի յանձախումբերու եւ գրասենեակներու համաշխարհային գործունէութիւնը ներկայացնող։

ԵՄ-ի եւ Պելճիքայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Թաթուլ Մարգարեանը ընթերցեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը, որուն մէջ նշուած էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների յարգարժա՛ն ներկայացուցիչներ, տիկնա՛յք, եւ պարոնա՛յք.

Ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ, որ մէկ յարկի տակ են հաւաքուել հայ ժողովրդի ճակատագրի հանդէպ սրտացաւ, Հայկական հարցի արդար լուծմամբ շահագրգիռ, Հայ դատը առաքելութիւն հռչակած մարդիկ՝ ազգային, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, գործարարներ ու բարերարներ տարբեր երկրներից եւ քաղաքներից:

Յարգելի՛ բարեկամներ,

Հայ դատի առաջնահերթ առաքելութիւնը եղել ու մնում է Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Դա ոչ միայն առաքելութիւն է, այլեւ՝ պարտք եւ պարտաւորութիւն:

Անշուշտ, այն ազգանպաստ գործունէութիւնը, որ ծաւալում են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները աշխարհի տարբեր երկրներում, տեսանելի չէ ամենայն մանրամասնութեամբ: Սակայն նկատի ունենանք, որ այդ գործընթացն ինչ-որ առումով նման է դիւանագիտութեանը, որտեղ ամէն ինչ չէ, որ բացայայտ է:

Ի պատիւ Հայ դատի յանձնախմբերի՝ պէտք է ասել, որ, գտնուելով տարբեր երկրներում, նրանք կարողանում են գործել համակարգուած եւ արդիւնաւէտ: Նրանց ջանքերի շնորհիւ է նաեւ, որ տարբեր պետութիւններ, խորհրդարաններ, միջազգային կառոյցներ ընդունել են Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող իրաւական ակտեր: Ամենաթարմ վկայութիւնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ վերջերս ընդունած թիւ 296 բանաձեւն է, որն արձանագրում է ՝ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պէտք է պաշտօնապէս ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանութիւնը, չմասնակցի փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանութեան հանրային ըմբռնումը:

Այդ ամէնը Հայաստանի Հանրապետութեան պետական ու դիւանագիտական կառոյցների, ինչպէս նաեւ տուեալ երկրների պատկան մարմինների, հասարակական կազմակերպութիւններ, նաեւ սփիւռքի մեր հայրենակիցների, աւանդական կուսակցութիւնների, ազգային եւ եկեղեցական կառոյցների, նրանց աջակիցների, բարեկամների, ընկերների լայն շրջանակի քրտնաջան աշխատանքի, հսկայական ջանքերի արդիւնք է:

Օգտուելով առիթից՝ խորին շնորհակալութիւն եմ յայտնում Հայ դատի գրասենեակներին ու յանձնախմբերին, Հայ դատի նուիրեալներին, անհատներին, աջակիցներին հայանպաստ գործունէութեան, հայրենասիրութեան ու համազգային բարձր գիտակցութեան համար:

Յարգելի՛ ներկաներ, ժամանակակից աշխարհն առաջ է ընթանում մեծ արագութեամբ: Ուստի անհրաժեշտութիւն կայ հռչակած նպատակները, ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը համապատասխանեցնել այսօրուան: Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքները, Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցից բացի, ընդգրկում են նաեւ այլ ոլորտներ: Հայաստանի միջազգային վարկի ամրապնդմանը, նրա տնտեսական հզօրացմանն ու առաջընթացին, Արցախի հարցի արդարացի լուծմանն ու Արցախի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչմանն աջակցելը համազգային այն առաջնահերթութիւններից են, որոնք համահունչ են Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի գործունէութեանը: Այս առումով դրուատելի է նրանց օգտակար մասնակցութիւնն այս գործընթացներին:

Անշուշտ, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները քաջատեղեակ են այն խնդիրներին, որոնք արդիական են մեր ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների, սփիւռքի հայկական գաղթօճախների համար: Համոզուած եմ, որ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները, որպէս ազգային կառոյցներ, յաջողութեան կը հասնեն իրենց ծրագրերում ՝ ջանքերի մէկտեղմամբ, համազգային շահի միասնական գիտակցումով:

Կրկին ողջունում եմ բոլորիդ, մաղթում յաջողութիւն եւ ամենյան բարիք»:

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս ուղղեց իր հայրապետական պատգամը, որուն մէջ անդրադարձաւ Հայ Դատի աշխատանքներու կարեւորութեան, հայ ժողովուրդի դարաւոր պայքարին եւ ներկայիս դիմագրաւած դժուարութիւններուն ու պայքարը շարունակելու անհրաժեշտութեան:

Խօսքին սկիզբը Արամ Ա. կաթողիկոս ըսաւ, որ Հայ Դատը միայն սփիւռքի կամ միայն Հայաստանի ու Արցախի դատը չէ, անիկա ամբողջ հայ ժողովուրդին դատն է:

«Մեզի համար Հայաստանի հզօրացումը պայքար է: Արցախի անկախութեան պահպանումը պայքար է: Մենք պահանջատէր ժողովուրդ ենք եւ մեզի համար առաջնահերթ տեղ կը գրաւէ Հայաստանի անկախութեան ամրապնդումը», ըսաւ Արամ Ա. կաթողիկոս` շեշտելով յատկապէս, որ մեզի համար, հայ ժողովուրդին համար Հայ Դատը ամէնօրեայ պայքար է:

«Այսօր Հայ Դատի մարմինները ի սփիւռս աշխարհի բարձրագոյն աստիճանի նուիրուածութեամբ, նախանձախնդրութեամբ, հետեւողականութեամբ եւ մանաւանդ կամքով եւ հաւատքով կը հետապնդեն մեր ժողովուրդի իրաւունքները. մեր ժողովուրդի իրաւունքներու հետապնդման մէջ անկասկած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունեցաւ, ունի եւ պիտի ունենայ իր առանցքային տեղը եւ դերը», ըսաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս:

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը ներկայացուց նախորդ հանգանակային ձեռնարկէն ի վեր նիւթական հաշուեկշիռը եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու համակարգն ու աշխատանքները։

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը յայտարարեց երեկոյի մեծագոյն նուիրատուութիւնները. մինչ այդ կատարուած խոստումներու գումարը հասած էր 1,198,400 ԱՄՆ դոլար եւ 151,500 Եւրո: Մեծագոյն նուիրատուութիւններն էին՝ Սիմոն եւ Մարալ Հասըրճեաններ հարիւր հազար ամերիկեան տոլար. Գաբրիէլ Չէմպէրճի՝ հարիւր յիսուն հազար ամերիկեան տոլար. Գագիկ Ծառուկեան՝ երկու հարիւր յիսուն հազար ամերիկեան տոլար. Վարուժան եւ Սիլվա Լափոյեաններ՝ հինգ հարիւր հազար ամերիկեան տոլար։ Ընդհանուր գումարը հասաւ մօտ երկու միլիոն չորս հարիւր հազար ամերիկեան տոլարի։

Մինչեւ միջոցառումի փակումը յայտարարուեցաւ, որ Հայ Դատի աշխատանքներուն համար դրամահաւաքը կը շարունակուի։

Հ.Յ.Դ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company