ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Դասական էթնիկ լոբբինգի հաղթանակն ու ԱՄՆ-ի փոփոխվող արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում

20 Մայիս 2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ն դարձավ այն պետություններից մեկը, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել են միաժամանակ և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունների մակարդակով։ Կատարվածը, մի կողմից, ՀՅԴ Հայ դատի ամբողջ պայքարի կարևոր հանգրվաններից էր և առանցքային ձեռքբերումներից, մյուս կողմից` հստակորեն ցուցում է մեր տարածաշրջանում ամերիկյան տասնամյակներ տևած քաղաքականության վերափոխումը։ Ի պատիվ Հայ դատի նվիրյալների՝ նրանք կարողացան գրագետ և հմուտ աշխատանքով հասունացնել հասարակական-քաղաքական նպաստավոր պահը, որն ուղեկցվեց Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխությամբ:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին տասնամյակների նվիրված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը ամերիկյան պետության գրեթե բոլոր մակարդակներում՝ նահանգայինից մինչև քաղաքային և արդեն դաշնային։ Ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը համարվում է կատարված փաստ, որի ամբողջական արձանագրմանը պակասում էր միայն ԱՄՆ նախագահի խոսքը։

Սույն հոդվածով ցանկանում ենք անդրադառնալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի` որպես էթնիկ լոբբինգ իրականացնող ինստիտուտի գործառութային առանձնահատկություններին և նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման լույսի ներքո փորձել վեր հանել մեր տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության վերափոխման և զարգացման հիմնական վեկտորները։

Էթնիկ լոբբինգի ինստիտուտը որպես սփյուռքների քաղաքական գործունեության դերակատար

Ներկայումս, պայմանավորված շարունակական գլոբալացմամբ, աշխարհում նկատվում է էթնիկ համայնքներում ապրողների թվի կտրուկ աճ։ Այսպես, եթե 1960-ական թթ. աշխարհում կար մոտ 75.5 միլիոն մարդ, որ ապրում էր սեփական հայրենիքից դուրս, ապա 2000 թ.՝ 176.6 միլիոն, 2009 թ.՝ 213.9 միլիոն, իսկ 2019թ.՝ 272 միլիոն։ Հետևաբար միգրացիոն միտումներն ազդում են նաև սփյուռքների քաղաքական բազմաշերտ դերակատարության վրա և պարտադրում են նոր զարգացումների դիտանկյունից անդրադառնալ դրանց։
Սփյուռքները աստիճանաբար դառնում են միջազգային հարաբերությունների ուրույն դերակատարներ, իսկ էթնիկ լոբբինգի ինստիտուտը, ըստ էության, սփյուռքների քաղաքական դերակատարության հիմնական կազմակերպված արտահայտչաձևն է ։

Լոբբինգը հանրային-քաղաքական համակարգի զարգացած ինստիտուտ է, որը ֆիզիկական անձանց և իրավաբանական կազմակերպությունների միջոցով ճնշում է գործադրում պետական իշխանության մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա՝ իր շահերին համահունչ որոշումների ընդունումը նախապատրաստելու համար: Լոբբինգի վերջնականորեն համաձայնեցված սահմանում չկա։ Օրինակ` Լիոնել Զեթերի կարծիքով` լոբբինգի պարզ և ամբողջական սահմանումը հետևյալն է. Լոբբինգը հանրային քաղաքականության ձևավորման գործընթաց է՝ կառավարության (դրա ինստիտուտների) և օրենսդրական գործընթացի վրա ազդելու նպատակով։ Ըստ հեղինակի՝ այն նաև քաղաքական համոզման արվեստ է :

Թոմաս Լայնը և Ջոն Մաքսվելը, ըստ գործունեության ուղղվածության, առանձնացնում են լոբբիստական կազմակերպությունների հետևյալ տիպերը՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, տարածաշրջանային, օտարերկրյա-էթնիկական (ճնշման խմբեր) և հատուկ ։

Էթնիկ լոբբիստական խմբերը ձևավորվում են ազգային, կրոնական, մշակութային համախմբման միջոցով՝ հյուրընկալող երկրի պետական իշխանության թևերի, տարածքային և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների հիման վրա՝ ի շահ իրենց հայրենի պետության ուղղակի կամ անուղղակի ճնշումներ գործադրելու, քաղաքական նպատակներ դնելու և դրանց հասնելու համար: Որպես կանոն, էթնիկ լոբբիստական խմբերն իրենց հայրենի երկրների հետ ունեն միջնորդավորված կամ ուղղակի կապեր:

Էթնիկ լոբբիստական խմբերի հիմնական անելիքներից են` հիմնահարցի ձևակերպում, տեղեկատվության ապահովում, քաղաքականության մշտադիտարկում։

Տեխնոլոգիական առումով էթնիկ լոբբիստական խմբերի գործունեության առանձնահատկություններ կարող են դիտվել հետևյալները՝ միասնական հասարակական կարծիքի ձևավորում, ընտրարշավային գործիքակազմի կիրառում, պաշտոնական հնարավորությունների և կապերի օգտագործում, ոչ պաշտոնական կապերի օգտագործում, պետական իշխանության թևերի և մարմինների վրա հոգեբանական ճնշման գործադրում։

Լոբբինգի տեխնոլոգիաներից արևմտյան աշխարհում շատ հայտնի է «Lobbing the grassroots»-ը։ Այն հանրային քաղաքականության համալիր գործիքակազմ է, որի կիրառման ընթացքում լոբբիստը դիմում է ոչ թե պետական հաստատություններին, այլ հասարակության ներկայացուցիչներին, իշխանության այս կամ այն որոշման վրա ազդելու ունակ սովորական քաղաքացիներին։ Լոբբինգի այս տեխնոլոգիան, ըստ էության, հասարակական ներուժի հնարավոր գեներացում է կոնկրետ խնդիր լուծելու համար ։

Այսպիսով` Ամերիկայի Միացյալ Նահանգները լոբբիստական գործունեության համար տիպիկ երկիր է: Ամերիկյան քաղաքական մշակույթը աշխարհում լավագույնս ընդունում է լոբբիստական կազմակերպություններին, միայն թե դրանք պետք է խստորեն բավարարեն պետության օրենսդրաիրավական պահանջները, լինեն թափանցիկ և, որ ամենակարևորն է, Միացյալ Նահանգների համար չհանդիսանան «5-րդ շարասյուն»։

Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներում չափազանց կարևոր է լոբբիստական գործունեությունը սահմանափակել բացառապես «հյուրընկալ պետության քաղաքացի-իշխանություն հարաբերակցության սահմաններում», ինչպես նաև սահմանափակել հայրենի պետության կողմից սփյուռքյան համայնքների քաղաքական գործունեության ուղղորդումը։ Այսինքն, ի դեմս էթնիկ լոբբինգի ինստիտուտի, մենք գործ ունենք միջազգային հարաբերությունների ինքնուրույն դերակատարների հետ, որոնք, ելնելով իրենց ազգային շահերից և հայրենի պետության կարիքներից, առանց վերջինիս ուղղորդման, իրականացնում են համապատասխան աշխատանքներ։ Այս բանաձևի պահպանումը էթնիկ լոբբինգի հաջողության համար նախապայմանային նշանակություն ունի։

Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ամերիկյան փոփոխվող արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում

Սույն հրապարակման մեջ, իհարկե, նպատակ չունենք անդրադառնալու Հայ դատի գործունեության պատմությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ սկսած 1944թ., երբ ՀՅ Դաշնակցությունը Նյու Յորքում հիմնադրեց Հայ դատի համաշխարհային ցանցը։ Միայն նշենք, որ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախումբը (Armenian National Committee of America) Վաշինգտոնի իր գրասենյակով և ԱՄՆ-ի երկու ափերի իր հանձնախմբերով դասական էթնիկ լոբբինգ իրականացնող կառույց է, որի բնութագրիչներն ու գործունեության առանձնահատկություններն ամբողջապես համապատասխանում են վերոնշյալ սահմանումներին, և որին անդրադառնում են միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության այս ոլորտն ուսումնասիրող համաշխարհային մակարդակի քաղաքագետներ։ Վերջին երկու տարվա ընթացքում հատկապես Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը գրագետ աշխատանքով, ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ, քաղաքական մանրակրկիտ պլանավորմամբ և, որ ամենակարևորներից է, հայ համայնքի համախմբմամբ հետևողականորեն հասել ու հասնում է իր առջև դրված առանցքային խնդիրների լուծմանը։

2019 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվեցին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ինչը նույնպես ցեղասպանության միջազգային ճանաչման անկյունաքարային հանգրվաններից էր։ Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է գործադիր իշխանությանը, Հայ դատի հանձնախումբը գերակա նպատակ սահմանեց Սպիտակ տան կողմից ցեղասպանության ճանաչումը։ Նկատենք, որ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նախորդել էր ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Այսինքն` Սպիտակ տան վրա ճնշումը նաև դաշնային մակարդակով էր։ Այս քաղաքական դրամագլուխը հնարավոր էր եղել կուտակել տասնամյակների աշխատանքի շնորհիվ։

Սպիտակ տան վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ նշանակում է Թուրքիայի նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության փոփոխություն և տարածաշրջանում այդ քաղաքականության փոխակերպում։ Թուրքիան այնուամենայնիվ շարունակելու է լինել Ամերիկայի դաշնակիցը և ՆԱՏՕ-ի կարևոր անդամներից մեկը։ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ամերիկա-թուրքական հարաբերությունները, անշուշտ, ավելի չեն վատթարանա, որովհետև դրա համար այլևս տեղ էլ չկա. երկու երկրների հարաբերությունները վաղուց այսքան վատթար չեն եղել։

Թուրքիայի շարունակական ապակայունացնող դերը իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում, այդ թվում` ռազմական հակամարտության ուղղակի սպառնալիքը ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի դեմ, հարաբերությունների լարումը Ֆրանսիայի ու Եգիպտոսի հետ, դրդում է պաշտոնական Վաշինգտոնին գործադրելու իրավիճակից բխող զսպման ռազմավարական մեխանիզմներ։ Այդ ծիրի մեջ պետք է դիտարկել նաև ԱՄՆ-ի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակից Իսրայելի և Հունաստանի միջև նախադեպը չունեցող պաշտպանական համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի կողմից ձեռնարկվող զսպման մեխանիզմները։

Թուրքական ծավալապաշտական քաղաքականության ձախողումը Արևելյան Միջերկրականում և արևմտյան ուղղությամբ Թուրքիային մղում է դեպի արևելք, դեպի մեր տարածաշրջան, որը դեպի պանթյուրքական երազանք տանող ճանապարհն է։

Եթե խնդրին մոտենանք միջազգային հանրության և հատկապես թիվ մեկ գերտերության դիրքերից, ապա Արցախյան երկրորդ պատերազմում ռազմական ուղղակի ներգրավմամբ Թուրքիան բառացիորեն կոլապսի ենթարկեց միջազգային անվտանգության համակարգը, ինչի թիվ մեկ պատասխանատուն գերտերություններն են՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի։ Այնուամենայնիվ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը։

Թուրքիան, որն առնվազն ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի` բարեկամ երկիրը, Ֆրանսիայի հետ էլ ռազմաքաղաքական միևնույն ալյանսում է, բացահայտորեն և լկտիաբար ոտնահարեց ղարաբաղյան հակամարտության լուծման համար այդ պետությունների կողմից առաջարկված առանցքային սկզբունքներից մեկը՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը։ Հետևաբար գերտերությունների արձագանքը այս ամենին չէր կարող ուշանալ։ Իհարկե, Ամերիկայի պարագայում գումարվեցին նաև Թուրքիայի տևական սիրախաղը Ռուսաստանի հետ, «S400» հակաօդային համալիրների ձեռքբերումը, երկրի ներսում ժողովրդավարության խայտառակ վիճակը, այլախոհների նկատմամբ բռնությունները և այլն։

Վերոգրյալի համատեքստում ամենևին էլ պատահական չէ այն, որ միմյանց հետ բազմապիսի հակադրությունների ետնապատկերին Մինսկի խմբի եռանախագահությունը շարունակում է համաձայնեցված աշխատանքը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում, ինչի լավագույն ապացույցներն են Մինսկի ձևաչափի անհապաղ վերականգնման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների հայտարարությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ, չնայած միմյանց միջև առկա հակադրություններին, համանախագահ երկրներից ոչ մեկը կասկածի տակ չի դրել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության արդյունավետությունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի գործողությունները, մեծ հաշվով, համաձայնեցված են Ֆրանսիայի և Ամերիկայի հետ։

Որպես արդյունք, ի հակադրություն հակամարտությունը լուծված համարելու մասին Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, այնուամենայնիվ պետք է տեսանելի ապագայում սպասել Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնմանը և հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերի։ Այս ամենին ընդառաջ Հայաստանին անհրաժեշտ է ազգային դեմք ու դիմագիծ ունեցող նոր իշխանություն, որը, ի տարբերություն գործող կապիտուլյանտ իշխանության, միջազգային ճկուն հարաբերություններով և ազգային տեսլականով ի զորու կլինի առաջնորդելու երկիրը տարածաշրջանային նոր զարգացումներում։

Ինչ վերաբերում է Հայ դատի հետագա աշխատանքներին ԱՄՆ-ում, ապա հանձնախումբն ունի իր քաղաքական օրակարգը՝ հստակ առաջնահերթություններով, որոնց սպասարկման համար իրականացվում են անհրաժեշտ համալիր աշխատանքներ՝ լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմի կիրառմամբ։ Այս համատեքստում առաջնային նպատակներից մեկը Հայաստանին և Արցախին ամերիկյան 100 մլն դոլար ֆինանսական արտակարգ օժանդակության տրամադրումն է, որի իրականացման համար արդեն իսկ մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական նախապատրաստության մակարդակով։

Գևորգ Ղուկասյան

«Դրօշակ», թիվ 5 (1651), մայիս, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company