Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
22 Հունիս 2021
Այն, ինչ այսօր կատարվում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի գնահատմամբ, քաղաքական հետապնդում է:
«Ցավում եմ, որ հաղթող կողմը մեծահոգություն չի դրսևորում, պողպատե մանդատը պետք է օգտագործեն դարձյալ ընտրովի արդարադատություն անելու համար»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ Տոնոյանը:
Ըստ նրա, եթե պետք է այս կարգի մոտեցում լինի, ապա թող քննեն բազմաթիվ մարզպետների, իրենց փոխնախարարների ու նախարարների, վարչության պետերի, ովքեր անմիջապես գյուղապետերին, իրենց աշխատողներին, պետական հիմնարկների աշխատողներին կոչ են արել ու պարտադրել են աշխատելու իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:
«Թող անեն դա և թող արդարադատություն լինի նաև այդ դեպքում Արմեն Չարչյանի համար»,- ասաց Տ. Տոնոյանը:
Նրա խոսքով, սա իշխանությունների առաջին գործն է ընտրություններից հետո, որ խոստացել են ժողովրդին օրենքի դիկտատուրա:
«Լավ կլինի, որ այդպես լինի, բայց այդ դեպքում թող օրենքը հավասար լինի բոլորի դեպքում: Այս պահի դրությամբ այդպես չէ»,- նշեց Տարոն Տոնոյանը:
Աղբյուր` Panorama.am
