Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրությա բոլոր սկզբունքներին համապատասխան. Արծվիկ Մինասյան
09 Հուլիս 2021
Առնվազն այս փուլում չափազանց կարեւոր է, որ ՍԴ հնչեն այդ հարցերի պատասխաններ, օրինակ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունե՞ր շարունակել երկրի կառավարություն ղեկավարել, միաժամանակ գործադրեր նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ եւ իրականացնել, ըստ էության, պետական ընտրակաշառքը: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, ՍԴ-ն իր աշխատանքային որոշմամբ ներգրավել է մի շարք պետական կազմակերպությունների, որոնք պետք է տեղեկատվություն ներկայացնեն եւ պատասխաններ հնչեցնեն։
«Հուսանք, որ ՍԴ-ն կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով կձգտի հերթական արջի ծառայությունը կատուցել մեր պետականությանը»,-ասաց Մինասյանը:
Հարցին, թե ո՞նց են ապացուցելու, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, նա պատասխանեց. «Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը: Այսինքն իրենք պետք է ապացուցեն, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ընտրության բոլոր սկզբունքներին համապատասխան:
Խնդիրն այն է, որ մենք պատշաճ ձեւով ներկայացրել ենք, որ այդ խախտումներն ունեցել են զանգվածային բնույթ, կազմակերպված են եղել եւ ամենակարեւորը, ինքն այնքան է այլանդակել ընտրության արդյունքները, որ որեւէ իրական պատկեր այսօր անհնար է ունենալ հասարակության մոտ առկա տրամադրությունների:
Առնվազն գոնե այն մասով, թե ի վերջո, քանի ուժ կարող էին հաղթահարել նվազագույն սահմանը»:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Այդ ուժերն են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները:
