Գիտակցաբար այս իշխանությունները Հայաստանը տանում են պետականության կործանման․ Արթուր Խաչատրյան
16 Հուլիս 2021
Մի ասացվածք կա՝ ինչքան ասում ես հալվա, դրանից բերանը չի քաղցրանում։ Չես կարող ասել՝ ես ուզում եմ խաղաղություն և ակնկալել, որ դրանից խաղաղություն կհաստատվի։ Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Խաղաղության հասնելու համար պետք է լինես ուժեղ։ Եթե խաղաղություն ես ուզում պետք է պատրաստվես պատերազմի, սակայն պատրաստ լինել պատերազմի, չի նշանակում սկսկել պատերազմ, նշանակում է՝ կանխել պատերազմը և թույլ չտալ, որ քո հակառակորդը քո դեմ պատերազմ սկսի»։
Խաչատրյանի խոսքով, իշխանությունները հասարակությանը ստիպում են հաշտվել պարտության հետ։
«Նա խոսուն բան ասեց․ ասեց ժողովուրդը ինձ տվել է մանդատ Արցախի հարցում խաղաղություն հաստատելու համար, դա ասում է մի մարդ, որը սրանից երեք տարի առաջ ասում էր ես չեմ կարող Արցախի ժողովրդի անունից բանակցել, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ իր անունից խոսելու մանդատ չի տվել, իսկ ինքը ինչից վերցրեց՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախի ժողովուրդը իրեն տվել է մանդատ։ Նա պատերազմի ավարտից հետո՝ 8-9 ամիս անց այդպես էլ Արցախ չի գնացել, որովհետև գիտի իրեն ինչպես է ընդունելու արցախցին»։
