Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ
02 Օգոստոս 2021
Այսօր, օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը:
Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Իմ քայլը», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:
Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:
Խորհրդարանն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով:
Նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Առաջին նիստը վարում է ԱԺ տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանվը, նա հայտարարեց ԱԺ նստաշրջանը բացված, որին հաջորդեց ՀՀ պետական օրհներգի հնչեցումը:
Մինչ այդ, նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը:

Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները․ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի՝ կալանքի տակ գտնվելուն։
«Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամենը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-հայտարարեց նա։
Ռուստամյանն ընդգծեց՝ ԱԺ մարմինները, ղեկավարությունը այսօր պետք է ձևավորվի, և այդ պատգամավորները ոչ ընտրելու, ոչ ընտրվելու իրավունք այսօր չեն ունենա, եթե ներկա չլինեն ԱԺ դահլիճում։
Նշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված «Հայաստան» դաշինքի պատգամավորներն, ի նշան բողոքի, առաջին նիստին ներկայացել են՝ Սյունիքի ազատազրկված համայնքապետերի նկարներով շապիկներով։
https://youtu.be/1PWzCcxTB0E
https://youtu.be/IXSaaCTN93E
