ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Ռուսաստանը և մենք

20 Օգոստոս 2021

Ռուսական կայսերական ինքնասիրությունը հավանաբար երբեք թույլ չի տա խոստովանել, որ 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը պարտությամբ ավարտվեց ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև հենց Ռուսաստանի համար: Օրվա քաղաքաքարոզչական պահանջին ականջալուր ռուսական իշխանամերձ վերլուծական-քաղաքագիտական մտքի մի շարք ներկայացուցիչներ ներկայումս ընդունել են դժգոհ կեցվածք, թե իբր «ձանձրացանք ձեզ համար ամեն ինչ անելուց, իսկ դուք կախվել եք մեր օձիքից, կարծես հավերժ պարտական ենք ձեզ պես անշնորհակալ ազգին»: Արվում են նաև վերլուծություններ, թե իբր ժամանակն է քաղաքական հաշվարկները կառուցելու հակառակորդ կողմերի վրա։ Որոշակի նպատակներով աչք վախեցնելու, հեռավորություն վերցնելու այս կեցվածքն ընդունողները գուցե կարծում են, թե դիմացի կողմը սովետական դասագրքերից այն կողմ բան չի կարդացել կամ դեռ գտնվում է մեռած, բայց չհուղարկավորված խորհրդային պատմաքաղաքական պրոպագանդայի սգո սրահում: Մնում է միայն հայտարարվի, թե Ռուսաստանը երկու հարյուր տարի զբաղված է միայն մեզ փրկելով` ի վնաս իր շահերի: Բայց ինքներս կհայտնվենք անհեթեթությունների դաշտում, եթե տրվենք զգացական մակարդակում պատմական իրողությունների շուրջ պարզաբանումների գայթակղությանը: Ավելի տրամաբանական է սթափորեն որդեգրել յուրաքանչյուրի համար սեփական շահերի գերակայության սկզբունքը, ինչի մասին վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնել է Ռուսաստանի ղեկավարությունը։ Այս սկզբունքից բխող առաջնահերթություններին համապատասխան էլ պետք է ծրագրել և զարգացնել երկրների միջև հարաբերությունները:

Մեր տարածաշրջանում ռուսական գերակա շահն այն է, որ Կովկասը նախ և առաջ բուֆերային գոտի է, պատվար է, որը պետք է հեռու պահի Թուրքիային Ռուսաստանից, ինչպես և վերջինիս համար դառնա ճակատի երկրորդ գիծ ապագայի բոլոր անխուսափելի պատերազմների ժամանակ: Պատմական անխուսափելիությունն էլ բխում է այն իրողությունից, որ աշխարհում դժվար է գտնել հավերժ թշնամի երկու այլ պետություններ, որպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան: Թուրքիայի համար Ռուսաստանն այն խոչընդոտն է, որը թույլ չի տալիս տիրել Կովկասին, հասնել պատմական հայրենիք, սողոսկել Ռուսաստանի թուրքացեղ ու իսլամաբնակ տարածքներ, ինչպես և ավելի լայն շառավղով տարածվել դեպի ասիական արևելք, այլ խոսքով` իրագործել պանթուրանական և պանթյուրքական, իսկ ժամանակակից բնորոշմամբ` նեոօսմանական երազանքները: Ավելին` վերջին շրջանում Ռուսաստանը չեզոքացրեց Ղրիմը կիսագրաված թաթարական հինգերորդ շարասյանը և, այնտեղ դիրքավորվելով, լրջորեն թուլացրեց Սև ծովում Թուրքիայի ռազմական հնարավորությունները, քթին տալով սահմանափակեց թուրքական ազդեցության տարածումը Սիրիայում և առհասարակ դաշնակցային մտերմություն է դրսևորում այնպիսի երկրների հանդեպ, որոնց նկատմամբ Թուրքիան կա՛մ արդեն իրականացնում է բացահայտ և ոչ բացահայտ ագրեսիա, կա՛մ դեռ չի սկսել:

Ներկա ժամանակների ամենից ցինիկ ու համարձակ մարտահրավերը թերևս Թուրքիայի ներխուժումն էր Կովկաս ժամանակակից տեխնիկական միջոցներով, սեփական և վարձկան զորամիավորումներով, ինչպես և պատերազմը ղեկավարելու գլխավոր, թեև կուլիսային դերակատարությամբ: Գայլը խորհրդանիշ ընդունած կայսերապետության հոգեբանությունն է իրենը համարել այն ամենը, ինչը ցանկալի է, կաղկանձելով նահանջել, չոքել ու սողալ, երբ հարվածում են, բայց և երբեք չհրաժարվել ուզածին հասնելու մտասևեռումից: Ապագային գայլային ախորժակով նայող այսօրվա Թուրքիան իր նեոօսմանական հավակնություններից դժվար հրաժարվի անգամ, երբ սուլթանական տեսիլքներով մտագար Էրդողանին փոխարինի մեկ ուրիշը:

2020 թվականի աշնանը ոտնձգություն թույլ տալով ռուսական ազդեցության ավանդական գոտու նկատմամբ` Թուրքիան անշուշտ նկատի էր առել Ռուսաստանի քաղաքական կաշկանդվածության հանգամանքը, պատերազմական գործողությունների մեջ չներքաշվելու զգուշավորությունը և այլն, բայց զարմանալի է, որ Էրդողանի հաշվարկներին համապատասխան եղավ ռուսական հակազդեցությունը` չնայած աշխարհաքաղաքական և ռազմավարական այն հնարավոր կորստին, որն ակնհայտ էր: Նույն Ռուսաստանը մինչ այդ ավելի մեծ համարձակություն դրսևորեց մերձավորարևելյան տարածաշրջանում, որի նկատմամբ ազդեցությունը կորցրել էր դեռևս ԽՍՀՄ փլուզման օրերին, և որն ի վերջո աշխարհաքաղաքական այնպիսի կենսական գոտի չէր նրա համար, ինչպես Կովկասը: Մյուս կողմից` կային նույնպիսի և ավելի հիմնավոր պատճառներ, որոնք պետք է արդարացնեին ազդեցության ավանդական գոտում նրա հակաահաբեկչական գործողությունները: Փոխարենը ռուսական ավիացիան իսլամ ահաբեկիչներին երբեմն-երբեմն հարվածում էր կովկասյան պատերազմական գոտուց հեռու գտնվող Սիրիայում, իսկ ով այդ ուղերձներից չափազանցված հետևություններ պետք է աներ, կովկասյան թատերաբեմում շարունակում էր անել այն, ինչ նպատակադրել էր: Ռուսական ոչ պաշտոնական դիվանագիտության գործառույթն իրականացնող վերլուծական կենտրոնները փորձեցին արդարացնել Արցախի շուրջ տեղի ունեցողը` պատճառաբանելով, թե ներքաշվելու դեպքում Ռուսաստանը կդադարեր դիտվել որպես միջնորդ և կարժանանար Ադրբեջանի հիասթափությանը: Իրականում հիասթափվող Ադրբեջանը նպատակների իրականացմանը չհասնելու դեպքում հաշտության միջնորդության խնդրանքով վազելու էր Մոսկվա, ինչպես նախկինում:

Հարյուրամյա, երբեմնի ինտերնացիոնալ Ադրբեջան պետությունը արցախյան ագրեսիայից հետո ամբողջովին տեղափոխվեց ազդեցության թուրքական դաշտ, իսկ, որ այս դեպքում ամենահատկանշականն է, երկրի հիմնական բնակչությունը ակնհայտորեն դարձավ ռուսատյաց ու թուրքամետ: Այնպես որ Իլհամ Ալիևի մոտ կրկին ռուսական նոստալգիաներ արթնացնելը, մեծ հաշվով, նույնքան անիմաստ գործ է, որքան ենթադրելը, թե պատմաքաղաքական նախընտրությունները հստակեցրած, թուրքացեղության ինքնագիտակցությամբ ժողովրդի վերածվող հանրության մեջ հնարավոր է ռուսամետ գործիչների առաջմղումը:
Այսպիսով` ամենամեծ և իրական կորուստը, որ ունեցավ Ռուսաստանը անկախացման օրերից ի վեր, քաղաքական հավասարակշռություն պահպանող Ադրբեջանի նավարկումն էր թուրքական նավահանգիստ:
Ռուսաստանի անվճռականությանը հետևած ռազմավարական հաջորդ կարևոր զիջումը թույլ տալն էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմի և արևմտյան ուժերի հետ գաղտնի գործարքի մեջ գտնվող Փաշինյանը հասցնի վերջիններիս հանձնել Հադրութն ու Շուշին: Թեև նույն այդ օրերին Ռուսաստանը բավարար լծակներ ուներ զինադադար պարտադրելու պատերազմի օրերին իրենից ամբողջովին կախման մեջ հայտնված գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանին: Ռուսաստանի ղեկավարության հորդորին չհետևելու հայտարարություններն այս դեպքում նույնքան թերահավատորեն են ընկալվում, որքան հայտարարությունը, թե Ռուսաստանն ինչ կարող էր անել, եթե Հայաստանը մինչ այդ նույնիսկ չէր ճանաչել Արցախի անկախությունը: Շատ լավ հիշողություն ունենալու կարիք չկա մտաբերելու համար, թե նույն մերձկրեմլյան քաղաքագետ-վերլուծաբաններն ու հենց միջնորդ կողմերի քաղաքական գործիչները մշտապես որքան բացասաբար են վերաբերվել այդ գաղափարին, ինչը նույնպես շատ հասկանալի է: Այդ դեպքում կարող էր բանակցությունների խաղաղ գործընթացը դուրս գալ վերահսկողությունից, և օրինակ Ռուսաստանի համար խիստ մշուշոտ կդառնար հակամարտության շփման գծում խաղաղապահի առաքելություն իրականացնելու հեռանկարը: Այլապես Ռուսաստանը կարող էր նույնիսկ գլխի գցել այն քայլի մասին, որը գոնե հայկական նախորդ ղեկավարությունները կանեին առանց վարանելու:

Իր պահանջը պարտադրելով` արդեն Հադրութի և մանավանդ Շուշիի անկումից հետո Ռուսաստանը կորցրեց Ադրբեջանին մնացած հարավային սահմանամերձ հատվածի նկատմամբ վերահսկողությունը, որին տեսանելի հեռանկարում վերապահվելու է աշխարհաքաղաքական կարևորագույն դերակատարություն: Ըստ էության, դրանով նա կորցրեց նաև վերահսկողությունը Ադրբեջանի նկատմամբ, որի ղեկավարության համար վաղը-մյուս օրը ավելի հեշտ կլինի բացատրել իր ժողովրդին, թե ինչու չի կարող իր իշխանությունը տարածել նաև Ռուսաստանի կողմից վերահսկվող մոտ 2 հազար քառակուսի կիլոմետրանոց արցախյան միջանցքի վրա: Իսկ ռուսական զինվորական ստորաբաժանումները, անկախ իրենց քանակից ու սպառազինությունից, կարող են անընդհատ տեղաշարժվել Մարտակերտից մինչև Լաչին և հակառակ ուղղությամբ, սակայն այդ մանևրները դժվար թե որևէ կերպ ազդեն Շուշիի պատից հարավ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս գոտում Ռուսաստանի ազդեցությունը լրիվ չեզոքացնելու համար թուրքական զույգ պետություններին մնում է լուծել զանգեզուրյան միջանցքի հարցը, որի ուղղությամբ էլ նրանք աշխատում են ամբողջ եռանդով ու հմտորեն։

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի հետ լեզու գտնելու ջանքերը այն պայմաններում, երբ Հայաստանը դիտարկվում է ոչ թե առևտրի կողմ, այլ առևտրի առարկա: Նա ձգտում է ամրապնդելու խաղաղապահների կարգավիճակը, թույլ չտալու, որ Ադրբեջանն ամբողջովին հեռանա իրենից, ասելիք ունենալու Սյունիքով անցնելիք ճանապարհի կամ միջանցքի հարցում և այլն: Ռուսաստանը նաև շարունակում է առերևույթ եղբայրական հարաբերությունները Թուրքիայի հետ` լուծելով մարտավարական ինչ-ինչ խնդիրներ և փորձելով ձև անել, թե կարևորություն չի տալիս դիմացի կողմի պարբերաբար հրամցրած ոչ եղբայրական անակնկալներին: Առհասարակ կարելի է ամրագրել, որ դարավոր ու ոխերիմ «բարեկամության» այս թատերախաղում Ռուսաստանը լուծում է մարտավարական խնդիրներ, իսկ Թուրքիան՝ ռազմավարական: Հենց միայն արցախյան մրցասպարեզում կարելի է հաշվել, թե երկարատև ու հիմնական նշանակության ռազմավարական ինչ առավելություններ նվաճեց Թուրքիան, և մարտավարական կարճաժամկետ ինչ շահեր են ապահովում ռուսական ձեռքբերումները:

Ի դեպ, այս առումով ևս կարծես թե կրկնվում է հարյուր տարի առաջվա պատկերը: Բոլշևիկյան հեղափոխության մոլեռանդները Լենինի գլխավորությամբ տարված իրենց հեղափոխությունը դեպի արևելք տարածելու մտասևեռմամբ և այդ ճանապարհին ամենահարմար երկիր դիտարկելով ամենաանհարմար երկիր Թուրքիան` պատերազմում պարտությունից հետո ծնկի եկած թշնամի պետությանը ոտքի կանգնեցրին, կատարեցին վերջինիս բոլոր քմահաճույքները։ Մասնավորապես երրորդ կողմին զիջելով ցարական կայսրության մեջ գտնված և տվյալ պահին նրան չպատկանած տարածքներ` կարճ ժամանակ անց նրանք խաբված էին դուրս գալու արդեն ուժեղացած Թուրքիայի կողմից։ Բացասաբար գնահատելով Լենինի այդ քաղաքականությունը` ժամանակակից Ռուսաստանը գնում է նույն կարճատև ու կասկածելի շահերի ետևից։ Միևնույն ժամանակ Թուրքիան մի ձեռքը բարեկամաբար մեկնում է Ռուսաստանին, մյուս ձեռքով ՆԱՏՕ-ին հրավիրում է Կովկաս, իսկ իրականում երկուսի միջև լուծում է սեփական խնդիրները։
Ավելին` նա հաջողությամբ փորձարկում է Ռուսաստանի համբերությունը իր նկատմամբ` բացահայտ թշնամական վարք դրսևորելով Ղրիմի և Ուկրաինայի ռուսաբնակ ըմբոստ շրջանների հարցում։

Սխալ կլինի եզրակացնել, թե Կովկասում ստեղծված պատկերը միայն Հայաստանի ներկայիս իշխանության օրերին ձևավորվեց։ Անկախության առաջին տարիներից սկսած` այստեղ ակտիվորեն աշխատել է Արևմուտքը և, ինչպես համոզվում ենք, Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ ինչպե՞ս է աշխատել Ռուսաստանը։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դեսպանատունը հավանաբար անցկացնում էր յուրաքանչյուր տարվա համար պլանավորված իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ և պատուհանից հետևում էր արևմտյան դեսպանատների ակտիվ աշխատանքին։ Հետևանքներից մեկն էլ այսօր Հայաստանում հակառուսական իշխանության գոյությունն է և հակառուսական տրամադրությունների աննախադեպ աճը հանրության տարբեր շերտերում։ Իհարկե, այդ հակառուսականությունը ինքն իրեն չի բորբոքվում ու խորանում, և կույրն էլ կհասկանա, թե հայաստանյան ինչ ուժեր են կանգնած այդ քարոզչության ետևում։ Մոռացած պատմության դասերը, մեր օրերի արցախյան ողբերգության նկատմամբ տարածաշրջանով շահագրգիռ ուժերի անտարբերությունը` հայ ժողովուրդը սկսել է հավատալ, թե Արևմուտքն իր զորքով կգա փրկության, և իրականում սղոցում է ծառի այն ճյուղը, որի վրա նստած է։ Հայ ժողովուրդն այս ճանապարհով արագացնում է որպես պետական ազգ անկումը, իսկ Թուրքիան ստանում է Կովկասը մարսելուց հետո Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի վրա գրոհելու իրական հնարավորություն։

Այս իրավիճակից Հայաստանի փրկության առաջին պայմանը հակաազգային-օտարահպատակ իշխանությունից հնարավորինս շուտ ազատագրումն է։ Ռուսաստանին ու Հայաստանին անհրաժեշտ է արմատապես և ռազմավարական մասշտաբով վերանայել գործնական փոխհարաբերությունները Կովկասի և, ինչու չէ, Մերձավոր Արևելքի ապագայի ճարտարապետության համատեքստում։ Նիկոլփաշինյանական կապիտուլացված գործիչների կամազրկությունից օգտվելով` Ռուսաստանը կարող է դարձյալ կորզել կարճաժամկետ օգուտներ ու առավելություններ, իսկ հեռագնա նպատակներ հնարավոր է ծրագրել ազգային ու լուրջ իշխանությունների հետ, որոնք խորապես կգիտակցեն և անկեղծորեն կլծվեն ընդհանուր շահերից բխող ռազմավարական խնդիրների լուծմանը ռազմավարական գործընկերների հետ։ Մեզ անհրաժեշտ է հայաստանակենտրոն անկախ, համարձակ և նախաձեռնող իշխանություն, որը հաջողությամբ կաշխատի Ռուսաստանի և առհասարակ բոլոր դաշնակիցների հետ ոչ թե հակադրությունների վրա ճարպիկ խաղեր խաղալով, այլ շահերի ու գործողությունների հստակ ու կանխատեսելի համադրումների սկզբունքով։ Հայաստանը պետք է կարողանա դրսևորել իր հնարավորություններն ու առավելությունները և հետևողականորեն ընդլայնի դրանց սահմանները։ Իհարկե մենք չէ, որ ուրիշներին, մասնավորապես և Ռուսաստանին, պետք է բացատրենք իրենց շահերը, բայց մենք պետք է կարողանանք փաստել այլոց շահերի հետ մեր ռազմավարական անփոփոխելի շահերի համընկնումը՝ գործնականում ապացուցելով դա և հավատ ներշնչելով մեր` վստահելի գործընկեր լինելու հարցում։ Անվիճելի է մեկ բան՝ փոքր և մեծ տարածաշրջանները գտնվում են գլոբալ փոփոխությունների շեմին: Արցախյան վերջին պատերազմը այդ սցենարի մեջ էր մտնում, որին մասնակցեցինք` կորցրած մեր բոլոր դաշնակիցներին և առանց աջակցության` չհաշված ռուսական ռազմական օժանդակությունը։

Աշխարհաքաղաքական նոր իրողությունները այսուհետ Ռուսաստանին առնչվելու են ուղղակիորեն, և նա մեզ կդիտի կա՛մ որպես գործընկեր, կա՛մ առևտրի առարկա, կա՛մ հակառակորդ։ Ընտրությունը նրանն է, բայց մենք ասելիք ու անելիք ունենք, եթե իհարկե ունենք և եթե ունակ ենք համոզիչ լինելու։

Արտաշես Շահբազյան

«Դրօշակ», թիվ 8(1654), օգոստոս, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company