ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական զարգացումների տիրույթում. Թյուրքական աշխարհի միավորման խոչընդոտները

27 Հոկտեմբեր 2023

Կենտրոնական Ասիան շարունակում է մնալ այսօր ձևավորվող աշխարհաքաղաքական քարտեզի կարևոր տարածաշրջաններից մեկը։ Այստեղ շահեր ունեն քաղաքական խաղադրույք կատարող տարբեր դերակատարներ, ինչն առավել բարդ և բազմաշերտ է դարձնում ընթացող գործընթացները։ Ինչպես արդեն նախորդ հոդվածում նշել ենք, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում հատկապես Ռուսաստանի, Չինաստանի, հավաքական Արևմուտքի և, իհարկե, Թուրքիայի համար։ Եթե Ռուսաստանի և Չինաստանի համար, քաղաքական, տնտեսական մակարդակներից բացի, այս տարածաշրջանում ազդեցության պահպանմամբ անվտանգային միջավայրի բարելավման խնդիր է դրվում, իսկ հավաքական Արևմուտքի համար՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը թուլացնելու միջոցով տնտեսական, կոմունիկացիոն, էներգետիկ հիմնախնդիրներ, ապա Թուրքիան, վերոնշյալից բացի, նաև քաղաքակրթական խնդիր է լուծում՝ բոլորովին այլ հարթության մեջ դիտարկելով Կենտրոնական Ասիայի պետությունների հետ փոխհարաբերությունները։ Մասնավորապես մեծ տեղ է հատկացվում Թուրքիայի գերակայությամբ թյուրքական պետությունների միավորմանն ու թյուրքականության գաղափարի ամրապնդմանը։ Դա անմիջականորեն առնչվում է Հայաստանին և հայկական շահերին, քանի որ այս տարվա սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի ռմբակոծմամբ և հետագա մի քանի օրերի ընթացքում Արցախի ամբողջական հայաթափմամբ Թուրքիան ևս մեկ քայլով մոտեցավ «Մեծ Թուրան» ծրագրի իրականացմանը։ Վերջին առնվազն երեք տարիների ընթացքում դեպի Կենտրոնական Ասիա թուրքական արտաքին քաղաքականության իրականացման գործիքը դարձել է Ադրբեջանը, որը գրեթե լիակատար կախվածության մեջ է հայտնվել Թուրքիայից։

Կենտրոնական Ասիայի հարցերով վաղուց հետաքրքրված է Եվրամիությունը, սակայն վերջինիս համար տարածաշրջանն առավել մեծ նշանակություն ստացավ Ռուսաստանի հետ առճակատման շրջանում, քանի որ ԵՄ-ն ձգտում է այլընտրանքային աղբյուրներ գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին, ինչպես նաև Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային ուղիներին։ Աշխարհագրական առումով Կենտրոնական Ասիան ռազմավարական «ցատկահարթակ» կարող է դառնալ ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին և նույնիսկ Իրանին զսպելու համար, եթե հաջողվի ազդեցության ծանրակշիռ լծակներ ստանալ տարածաշրջանում։ Կենտրոնական Ասիայի երկրների իշխող շրջանակներն իրենց հերթին ձգտում են բազմավեկտոր քաղաքականության միջոցով զարգացնել բիզնես համագործակցությունն ու օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ փոխհատուցելով արևմտյան պատժամիջոցների կտրուկ խստացման պայմաններում առաջացած դժվարությունները։

ԵՄ երկրներից կենտրոնասիական ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում հատկապես Գերմանիան։ Սեպտեմբերի վերջին Բեռլինում անցկացվեց «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» առաջին գագաթնաժողովը, որը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացված «C5 + 1» ձևաչափով առաջին ամերիկա-կենտրոնասիական գագաթնաժողովի շարունակությունն էր։

Փորձագիտական շրջանակների կարծիքով «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» գագաթնաժողովի արդյունքներով տպավորություն է ստեղծվում, որ Կենտրոնական Ասիայի երկրները փորձում են հնարավորինս շահավետ վաճառել իրենց Արևմուտքին։ Ի դեպ, նշենք, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջին Ղազախստան, ապա նաև Ուզբեկստան էր այցելել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ կրկնելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի երթուղին։ Բանակցությունների ընթացքում քննարկվել էին տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Պատահական չէ, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կենտրոնասիական երկրներ էր եկել գործարարների, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտի մասնագետների մեծ պատվիրակությամբ։ Հիմնական շեշտը դրվում էր Ղազախստանի վրա` այն պարզ պատճառով, որ այս երկիրը բավարար մեծ տարածք և կարևոր դիրք է զբաղեցնում, որի շնորհիվ կարող է իրական փոփոխություններ մտցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և ռազմավարության մեջ: Փորձագետները նշում են, որ Ղազախստանի հետ փոխգործակցությունը տեղի է ունենալու «հումք տեխնոլոգիայի դիմաց» սխեմայի համաձայն։ Ղազախստանը զգալի դեր է խաղում գերմանական էներգետիկ անցումային ծրագրերում, քանի որ երկիրն ունի բավարար տարածք արևային մարտկոցներ տեղադրելու համար, ինչպես նաև մտադիր է դառնալ «կանաչ» ջրածնի խոշորագույն արտահանողներից մեկը։ 2021 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարվեց «Global Gateway» նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակներում ԵՄ-ն մտադիր է 2021-2027 թթ. 300 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել զարգացող տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքային նախագծերի համար։ Անկասկած, Ղազախստանում և Ուզբեկստանում Բեռլինի ներկայության մեծացումը զգալի կլինի տարածաշրջանային զարգացումների համար։

Նշենք, որ Կենտրոնական Ասիայի վերաբերյալ «Շախմատային մեծ տախտակ» հայտնի աշխատության մեջ Զբիգնև Բժեզինսկին տարածաշրջանում ամենակարևոր դերը հատկացրել է Ղազախստանին ու Ուզբեկստանին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերը. Ղազախստանը «տարածաշրջանի վահանն է», իսկ Ուզբեկստանը՝ նրա «հոգին»: Ամերիկացի քաղաքական, պետական գործիչը գտնում է, որ Միացյալ Նահանգների գլխավոր ռազմավարական խնդիրը եղել և մնում է այն, որպեսի թույլ չտա Ռուսաստանին մենաշնորհային վերահսկողություն ունենալ տարածաշրջանի ռեսուրսների նկատմամբ։ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Բժեզինսկու հիմնական եզրակացությունը հետևյալն է. ո՛չ տեր, ո՛չ օտար: Սա նշանակում է, որ Ամերիկան չափազանց հեռու է տարածաշրջանից Եվրասիայի այս հատվածում գերիշխելու համար, բայց չափազանց հզոր է այստեղ տեղի ունեցող գործընթացներին չներգրավվելու համար։ Հետևաբար, տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը միտված պետք է լինի բազմաբևեռություն ստեղծելուն, ինչը ենթադրում է որևէ ուժի բացարձակ ազդեցության բացառումը։ Այս մոտեցումը ևս ինչ-որ պահի կարող է խոչընդոտ դառնալ թուրքական գերակայության հաստատման համար։

Ամերիկյան քաղաքական նախապատվությունների վերաբերյալ 25 տարի առաջ ներկայացված մոտեցումներն այսօր էլ արդիական են։ Ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիր է դրվում, այլ տնտեսական, առևտրային մակարդակներում տարածաշրջանի երկրների համար հնարավորությունների ստեղծման, որի արդյունքում Կենտրոնական Ասիայի երկրները կկարողանան այլընտրանք ունենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ ավանդական համագործակցությանը։ 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 1-ը Կենտրոնական Ասիայի երկրներ այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստացել էր առնվազն 25 մլն դոլար հատկացնելու մասին՝ տարածաշրջանի երկրներում առևտրի դիվերսիֆիկացիան շարունակելու և աշխատատեղեր ստեղծելու համար։ Նիդերլանդներից հետո Միացյալ Նահանգները երկրորդ խոշորագույն ներդրողներից մեկն է Ղազախստանում՝ ավելի քան 62 մլրդ դոլար ընդհանուր ներդրումներով։

2022 թվականի վերջին Ղազախստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 37.2 տոկոսով և կազմել 3.05 մլրդ դոլար։ Ղազախստանում հաջողությամբ գործում է շուրջ 590 ձեռնարկություն՝ ամերիկյան կապիտալի մասնակցությամբ։ Թեև Ռուսաստանը մնում է Աստանայի հիմնական առևտրային գործընկերը՝ տարեկան 26 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ, սակայն ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ձգտում են ամբողջ ուժով մեծացնել իրենց մասնաբաժինը Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ առևտրում։ Այս ամենն արտահայտում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների ցանկությունը հնարավորության սահմաններում հավասար հարաբերություններ կառուցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների հետ, միևնույն ժամանակ խուսափելով հստակ աշխարհաքաղաքական ընտրությունից։

Այդ համատեքստում որոշակի բացառություն կարող է լինել թյուրքականության գաղափարախոսության ազդեցության մեծացումը։ Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որպես թյուրքական աշխարհի առաջնորդ։ Անկարան մեծ գումար և ջանք է ներդնում հումանիտար ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Ինստիտուցիոնալ առումով կարևոր քայլ էր շուրջ երկու տարի առաջ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը Թյուրքական պետությունների կազմակերպություն դարձնելը։ Կազմակերպության 2022 թվականին Սամարղանդում կայացած գագաթնաժողովն անցկացվել էր «Թյուրքական քաղաքակրթության նոր դարաշրջան» հնչեղ խորագրի ներքո՝ մեկ անգամ ևս ընդգծելով Էրդողանի նկրտումները։ Թյուրքական պետությունների միջև տարբեր ոլորտներում ստեղծվել են կառույցներ, խորհուրդներ ու հիմնադրամներ, որոնք փորձ են ձևավորելու միասնական գաղափարական հենք և ինքնություն։ Ի դեպ, 2023 թ. մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցավ Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի գծով հանձնաժողովի առաջին նիստը, որը հանձնարարությունների ու առաջարկությունների փաթեթ է մշակելու լատինական այբուբենին անցնելու համար։ Այդ քայլի ազդեցությունը ի հայտ է գալու հեռանկարում, քանի որ նմանատիպ այբուբենների կիրառությունը կնպաստի թյուրքական ժողովուրդների մշակութային մերձեցմանը, ընդհանուր մտածողության ձևավորմանը, ինչ-որ չափով բաժանարար գիծ քաշելով անցյալում թողած ժառանգության հետ և ազդելու է պետությունների կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ կրթությունից մինչև արտաքին քաղաքականություն։ Չնայած Թուրքիայի բոլոր ջանքերին, թուրանական բանակի ստեղծման հեռանկարը դեռևս առկախված է, ինչն ամենակարևոր գործիքն է միասնական թյուրքական աշխարհի կայացման գործում։

Կենտրոնական Ասիայի պետությունների միջև լարվածության առիթ և համագործակցության խոչընդոտներից են սահմանային կարգավորման խնդիրները՝ պայմանավորված Խորհրդային Միության փլուզումից հետո Ֆերգանա հովտի տարածքների նկատմամբ Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի հավակնություններով։ Տարաձայնությունները թեև որոշիչ և առանցքային չեն տարածաշրջանում գլոբալ զարգացումների առումով, սակայն ժամանակ առ ժամանակ սրվող իրավիճակը հնարավորություններ է ստեղծում միջազգային խաղացողների համար միջամտելու տարածաշրջանային գործընթացներին։

Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում Թուրքիան հատուկ ուշադրություն է դարձնում Թուրքմենստանին՝ փորձելով գրավիչ դարձնել կազմակերպությունը վերջինիս համար։

Իրականում խնդիրը ոչ այնքան քաղաքակրթական է, որքան «չոր հաշվարկային». թուրքմենական գազն անհրաժեշտ է Տրանսկասպյան գազատարը լցնելու և Եվրոպա փոխադրելու համար։ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա։ Նրա խոսքով, այցը «նոր էջ կբացի թուրքմենա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման մեջ»։ Այդ մասին նա հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ։ Նախատեսվում է, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաև Թուրքմենստանի՝ որպես Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հարցերը։ Թուրքիայի ԱԳ նախարարը բավականին հետաքրքիր արտահայտություն է արել, նշելով, որ «անսասան և ամուր հարաբերություններ» ունեցող Թուրքիան և Թուրքմենստանը գործում են «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։ Չնայած բոլոր սիրաշահումներին, հետխորհրդային ժամանակաշրջանում Թուրքմենստանը ձեռնպահ էր մնում թյուրքական ինտեգրումից՝ պատճառաբանելով պետության չեզոք կարգավիճակը։ Սակայն այս տարվա նոյեմբերի 14-ին կայանալիք ԹՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովում կազդարարվի Թուրքմենստանի հանդիսավոր մուտքը թյուրքական միություն։ Թյուրքական ինտեգրման խայծը թուրքմենական գազի տեղափոխման հնարավորությունն է դեպի Եվրոպա։ Թուրքմենստանը վաղուց է մշակում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման ծրագրերը: Միաժամանակ Թուրքիան հասկանում է, որ իր գազային հանգույցը կիսատ կմնա առանց թուրքմենական էներգառեսուրսների։ Այս նախագիծը հետաքրքիր է նաև Ռուսաստանի համար, քանի որ հնարավորություն կտա փոխարինման կամ այլ եղանակով ռուսական գազը դուրս բերել եվրոպական շուկաներ։

Որքան էլ կարևոր լինեն տնտեսական, էներեգետիկ շահերը, միևնույն է, չեզոք պետության կարգավիճակն ու դրանից բխող հնարավորությունները պակաս գրավիչ չեն։ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը հրապուրիչ կարող է լինել Ադրբեջանի պես արհեստածին պետական միավորի համար, որը չի կողմնորոշվել իր ծագումնաբանության վարկածների նախընտրելիության հարցերում։ Թուրքմենստանի պարագայում երկրի իշխանությունները դժվար թե ոգևորվեն «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տակ միավորվելու հեռանկարով, և որքան համառորեն փորձի Թուրքիան առաջ տանել այդ մոտեցումը, այնքան արագ կզարգանան թյուրքական ինտեգրումից խուսանավելու ձգտումները։ Եվ եթե որևէ կենտրոնասիական պետության հարցում թյուրքական ինտեգրումը կոպիտ բացթողում ունենա, ապա շղթայական ռեակցիան չի ուշանա։

Կենտրոնական Ասիայում մյուս խոշոր քաղաքական դերակատարը Չինաստանն է, որին տարածաշրջանը հետաքրքրում է առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Այդ նկատառումից ելնելով էլ Չինաստանի ղեկավարներն իրենց ռեսուրսները ներդնում են տարածաշրջանի անվտանգային միջավայրը ցնցումներից զերծ պահելու համար։ Պեկինը շարունակում է տնտեսական սերտ հարաբերություններ զարգացնել հետխորհրդային հանրապետությունների հետ. 2023 թվականի առաջին չորս ամսում Չինաստանի ապրանքաշրջանառությունը հետխորհրդային հինգ երկրների հետ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37 տոկսով և կազմել ավելի քան 25 մլրդ դոլար։ Այստեղ, սակայն դերակատարություն ունեն նաև Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները։ Չինաստանում մայիսին անցկացվել էր «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը, որի շրջանակում ստորագվել էր Սիանի հռչակագիրը՝ բաղկացած 15 կետից։ Մասնակից երկրների ղեկավարները դեմ էին արտահայտվել այլ պետությունների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը, ինչպես նաև «լեգիտիմ պետական իշխանությունը վարկաբեկելու փորձերին» և գունավոր հեղափոխություններ հրահրելուն։ Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանի երկրների իրավապահ մարմինների և զինվորականների կարողությունների ամրապնդմանը։ Հասկանալի է, որ Չինաստանը դրանով ուղերձ է հղել տարածաշրջանում շահեր հետապնդող, սակայն տարածաշրջանային երկիր չհանդիսացող պետություններին, որոնց շարքում պետք է դիտարկել նաև Թուրքիային, որպես առավել ակտիվ և նախաձեռնող կողմ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը գագաթնաժողովի անցկացումը համարել է «նոր դարաշրջանի» սկիզբ տարածաշրջանի հետ հարաբերություններում։

Նշենք, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Չինաստանը համագործակցում է 2013 թվականին մեկնարկած «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն իր հետաքրքրությունը չի կորցրել նաև ներկայումս։ Գագաթնաժողովի շրջանակներում կողմերը պայմանավորվել են ավարտելին հասցնել Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու և մայրուղու շինարարությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու Չինաստան-Տաջիկստան-Ուզբեկստան մայրուղու շինարարությունը։ Բացի այդ, նրանք հանդես են եկել Թուրքմենստան-Չինաստան գազատարի չորրորդ գծի արագացված շինարարության օգտին։ Չինաստանի ղեկավարն առաջարկել է ընդլայնել միջսահմանային առևտուրը և խոստացել է հատկացնել 3,8 մլրդ դոլար անհատույց օգնություն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։ Աշխարհագրական դիրքն առավելություն է տալիս Պեկինին ոչ տարածաշրջանային դերակատարների նկատմամբ։ Չինաստանը նաև փորձում է հավասարակշռել Ռուսաստանին, որի ազդեցությունը թեև հետխորհրդային տարիներին որոշակիորեն թուլացել է, սակայն շարունակում է կարևոր գործոն լինել Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Այսպիսով, տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը մի կողմից հարվածի տակ է դնում այդ երկրներին, քանի որ միջազգային դերակատարներից յուրաքանչյուրը ձգտում է ազդեցության լծակներ ձեռք բերել, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում Կենտրոնական Ասիայի երկրների համար դիվերսիֆիկացնելու արտաքին քաղաքականությունը և այլընտրանքային լուծումներ գտնելու առկա մարտահրավերներին պատասխանելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե թյուրքական ինտեգրումն առաջատար դիրքերում է, սակայն, ինչ-որ պահի այն կբախվի ոչ միայն կենտրոնասիական պետությունների, այլև մյուս միջազգային դերակատարների շահերին։ Արդյունքում, վերջիններս կնախընտրեն հավասարակշռել միմյանց՝ թույլ չտալով որևէ կողմի ակնհայտ ուժեղացումը։

Լուսինե Մխիթարյան

«Դրօշակ» թիվ 10 2023 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company