Ռուս-վրացական հարաբերություններն այցագրային և հաղորդակցության ոլորտներում
08 Օգոստոս 2024Տարածաշրջանային
մաս 1
Այցագրային կարգը ռուս-վրացական
հարաբերություններում
ՌԴ նախագահի զույգ հրամանագրերը. շրջադարձ ռուս-վրացական քառորդդարյա հարաբերություներում
ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար 2023 թ. մայիսի 15-ից չեղարկեց այցագրային կարգը:
«Սահմանել, որ «2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն և հեռանում Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց անձը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա վիզա ձևակերպելու <…>, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու համար մուտք գործող քաղաքացիների, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»,- ասված է փաստաթղթում ։ Հրամանագրով սահմանված են նաև ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի աշխատակիցների կարգավիճակով Ռուսաստան գործուղված Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանված կանոնները: Փաստաթղթի համաձայն՝ նրանց կտրամադրվեն միանվագ վիզաներ՝ երեք ամիս ժամկետով, իսկ ՌԴ ԱԳՆ-ի կողմից այդ աշխատակիցների հավատարմագրումից հետո նրանք և նրանց ընտանիքները հավատարմագրման ողջ ժամանակահատվածում կկարողանան ՌԴ այցելել առանց մուտքի արտոնագրի։
Հավելենք, որ ՌԴ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերացվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների արգելքը :
Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը Մ. Սահակաշվիլու իշխանության գալուց ի վեր համարվել և ընկալվել է իբրև արևմտյան (հակառուսական) ուղեծրում գտնվող երկիր, Վլ. Պուտինի այս հրամանագրերն անակնկալ շրջադարձ էին շատերի համար: Այդուհանդերձ, այն շրջանակները, ովքեր տիրապետում էին Վրաստանի ներկայիս իշխանության վարքագծում և վրաց-ռուսական հարաբերությունների «ստորջրյա» տարածության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, որևէ զարմանք չապրեցին: Այդ շրջանակները լավագույնս տեղյակ էին, որ Վրաստանի իշխանությունները, հակադրվելով Մ. Սահակաշվիլու ծայրահեղ արևմտաթուրքամետ ուղեգծին, վերջին շրջանում որդեգրել են հավասարակշռված արտաքին քաղաքական կողմնորոշում: Հայտարարելով, որ իրենց նպատակը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալն ու եվրաինտեգրման ուղիով գնալն է , այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները հաստատուն քայլերով դուրս են գալիս Արևմուտքի թելադրանքի դաշտից: Ռուսաստան-Ուկրաինա զինված գործողությունների մեկնարկից հետո (2022 թ. փետրվարի 24) Վրաստանը խոշոր հաշվով չմիացավ Արևմուտքի մի շարք գործողություններին, որոնք ուղղված էին Ռուսաստանի դեմ:
Ի պատասխան այդ ամենի՝ Արևմուտքը, զորաշարժի ենթարկելով Վրաստանում իր ազդեցության տակ գտնվող ուժերին, կազմակերպություններին ու հասարակական շրջանակներին, 2023 թ. փետրվար-մարտին Վրաստանում հեղաշրջում իրականացնելու, Արևմուտքի խամաճիկ ուժերին իշխանության բերելու և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձ կատարեց: Դրա համար իբրև առիթ օգտագործվեց օտարերկրյա ազդեցության գործակալների մասին հայտնի օրինագծերի ընդունման նախաձեռնությունը: Չնայած նշված օրինագծերը տվյալ փուլում հետ կանչվեցին, այդուհանդերձ, Վրաստանի իշխանություններն իրենց հաշվարկված քայլերի շնորհիվ ձախողեցին Արևմուտքի այս ծրագիրը:
Մոտավորապես նույնը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 2024 թ., երբ նույն թվականի ապրիլին կրկին ասպարեզ բերվեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այդուհանդերձ, Արևմուտքի դրդմամբ կրկին բողոքի ալիք բարձրացրած հասարակական կազմակերպություններին ու ուժերին այս անգամ ևս չհաջողվեց առիթն օգտագործել և Վրաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն: Ավելին, Վրաստանի իշխանությունները կարողացան ոչ միայն կառավարել ծայրահեղ լարված իրավիճակն ու թույլ չտալ զանգվածային բախումներ, այլև շուրջ մեկ ամիս տևած խորհրդարանական քննարկումների արդյունքում ընդունեցին օրինագիծը: Եվ չնայած Վրաստանի նախագահի կիրառած վետոյին և Արևմուտքի շեշտակի ճնշումներին՝ օրենքը , այնուամենայնիվ, 2024 թ. հունիսի 3-ին ստորագրեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին , և այն ուժի մեջ մտավ հաջորդ օրը՝ հունիսի 4-ին :
Վլ. Պուտինի ստորագրած վերոնշյալ երկու հրամանագրերը, անկախ վերոնշալ իրողություններից, բացառիկ էին և շրջադարձային նշանակություն ունեցան վրաց-ռուսական հարաբերություններում: Իսկ եթե փաստենք, որ Վրաստանի հետ այցագրային կարգը Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ մտցվել է հեռավոր 2000 թ., ապա շուրջ քառորդ դար անց այդ որոշման չեղարկումը, իրավամբ, կարելի է անվանել դարակազմիկ իրադարձություն:
Այցագրային կարգի սահմանումը ռուս-վրացական հարաբերություններում Ինչպես նշեցինք՝ 2000 թ. դեկտեմբերին Ռուսաստանի կառավարության որոշմամբ այցագրային նոր կարգ սահմանվեց Վրաստանի քաղաքացիների համար: Պատճառը 1999 թ. մեկնարկած երկրորդ չեչենական պատերազմն էր, երբ առաջացել էր չեչեն գրոհայինների մուտքը Վրաստանի տարածքից դեպի Ռուսաստան կանխելու անհրաժեշտություն ։ Այնուհետև Վրաստանը այցագրային կարգ սահմանեց ՌԴ քաղաքացիների համար, որը 2004 թվականից գործում էր պարզեցված կարգով։
2003 թ. նոյեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մ. Սահակաշվիլին, ով 2004 թ. հունվարի 4-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվել էր նախագահ, 2004 թ. փետրվարի 10-11-ը Ռուսաստանի Դաշնություն առաջին պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ «… կողմերը պետք է լուծեն հիմնախնդիրների մի ամբողջ շարք, ներառյալ այցագրային ռեժիմը (ընդգծումը – Վ.Ս.), տնտեսական համագործակցության հարցերը և վրացական ինքնավարությունների հիմնախնդիրները» ։ Այդուհանդերձ, արտաքին քաղաքականության բոլորովին այլ վեկտոր որդեգրած Մ. Սահակաշվիլու՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ բազմաթիվ հարցերի շուրջ քննարկումներն առավել շատ դեկլարատիվ բնույթի էին, ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված մի քանի երկկողմ փաստաթղթերը ևս ձևական էին, և կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվածության բացակայության պայմաններում ռուսական կողմն այդ փուլում որևէ հիմք չստացավ սահմանված այցագրային կարգի չեղարկման համար։ Նման հիմքեր առավել ևս չստեղծվեցին Մ. Սահակաշվիլու կառավարման հետագա տարիներին, երբ երկիրն արագորեն մտավ ծայրահեղ հակառուսական ուղեծիր։
2008 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Վրաստանը ինտեգրացիոն միավորումների մակարդակով դադարեցրեց համագործակցությունը Ռուսաստանի հետ. 2008 թ. օգոստոսի 18-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՊՀ գործադիր կոմիտեին ծանուցում է ուղարկել Համագործակցությունից երկրի դուրս գալու մասին: ԱՊՀ կանոնադրության համաձայն՝ պետությունը հայտնում է այս մտադրության մասին դուրս գալուց 12 ամիս առաջ: Որպես հետևանք, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ 2009 թվականի օգոստոսի 18-ից (անդամակցում էր 1993 թվականից) ։ Երկրների միջև քաղաքական շփումները շարունակվել են ժնևյան միջազգային քննարկումների ձևաչափով, որոնք անցկացվում են ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո: 2008 թ. վրաց-օսական հնգօրյա պատերազմից հետո ստեղծված ժնևյան քննարկումների ձևաչափին մասնակցում են Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո երկու երկրների հյուպատոսական հարցերը լուծվում են Ռուսաստանում և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատների շահերի բաժիններում. ՌԴ-ի, Վրաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան նոտաների փոխանակման արդյունքների համաձայն՝ 2009 թ. մարտի 5-ին ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպանատան շենքում բացվեց Վրաստանի շահերի բաժինը, միաժամանակ՝ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը բացվեց ՌԴ շահերի բաժինը ։
Վրաստանի քայլերը
Վրաստանի նախագահի 2012 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով Վրաստանը վիզաների պահանջը ռուսների համար վերացրեց ։ Ըստ օրենսդրական փոփոխության՝ Վրաստան մուտք գործելու և մինչև 90 օր մնալու համար ՌԴ քաղաքացիներից վիզա չէր պահանջվում։
2014 թ. մարտի 5-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվեց և նույն թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի նոր օրենքը:
Նույն օրը՝ սեպտեմբերի 1-ին, հրապարակվեց Վրաստանի կառավարության որոշումը այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի և երկրում մնալ 90 օրացույցային օր̀ ցանկացած 180 օրվա ընթացքում : Վերջին այս որոշմամբ հաստատված երկրների ցանկում ՌԴ-ի հետ մեկտեղ նաև ՀՀ-ն էր, ինչը մեծ հուզումների տեղիք տվեց հատկապես Ջավախքում ապրող հայության շրջանում: Բանն այն է, որ Ջավախքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող բազմահազար հայությունը դրանով զրկվում էր ամբողջ տարին Վրաստանում ապրելու հնարավորությունից և ստիպված էր յուրաքանչյուր 180 օրվա կեսը (այսինքն՝ տարվա կեսը) հեռանալ սեփական տնից։ Ողջ տարին Վրաստանում ապրելու համար պահանջվում էր կացության իրավունքի ձեռքբերում, ինչը տվյալ փուլում չափազանց դժվար, երբեմն՝ անհաղթահարելի խնդիր էր շատերի համար. բազմաթիվ էին դեպքերը, երբ մերժում էին մարդկանց կացության իրավունքի դիմումներն առանց պատճառի, զավեշտալի հիմնավորումներով, իսկ հաճախ՝ քաղաքական պատրվակներով։
Խնդիրը բարձրաձայնվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ 2014 թ. հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվելու ժամանակ: Այցի առաջին օրը՝ հոկտեմբերի 6-ին, ջավախահայ մի խումբ մտավորականներ հանդես եկան Վրաստանում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությանն ուղղված հայտարարություն-կոչով՝ նշելով, որ բազմահազար ջավախահայեր դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար հատկապես 2000-ական թթ. հետո հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից և ձեռք բերել ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն:
Մեծ թիվ են կազմում նաև այն ջավախահայերը, որոնք երկքաղաքացիության ինստիտուտի ի հայտ գալով՝ ՀՀ-ում ստացել են երկրորդ քաղաքացիություն, իրենց այդ երկրորդ անձնագիրն օգտագործել են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ մեկնելու համար, դրանով, փաստորեն, բացահայտվել են Վրաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից և արագորեն զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր ջավախահայեր այժմ, կրելով այլ պետության անձնագիր, սեփական տանը հայտնվել են հյուրի կարգավիճակում: «….Հայտնում ենք, որ վրացական իշխանությունների այն հավաստիացումները, թե այդպիսի կարգավիճակում գտնվող մարդիկ հեշտությամբ կստանան մշտական կացության իրավունք և կշարունակեն ապրել իրենց տներում, բոլորովին չի համապատասխանում իրականությանը, և հենց այստեղ է ողբերգությունը, որ բազմահազար ջավախահայեր, ստանալով կացության կարգավիճակի մասին դիմումի մերժում, հայտնվել են սեփական հարկի տակ ապրելու իրավունքից զրկվելու վտանգի առաջ»,- նշված էր հայտարարության մեջ:
Ջավախահայ մտավորականները նաև փաստել են, որ ոչ մի ջավախահայ, սեփական քմահաճությունից ելնելով չէ, որ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից: «….Պատճառը պարզ է, և դա մեկն է. հանապազօրյա հացի խնդիրն է դա պարտադրել: Փոխարենը բազմահազար ջավախահայեր, այդ ճանապարհով աշխատելով արտերկրում, միլիոնավոր դոլարներ են բերել Վրաստան, որը խոշոր ներդրում է հանդիսացել տնտեսապես վատթար վիճակում գտնվող մեր երկրի համար:
Այդպիսով՝ այլ երկրի անձնագիր ունեցող ջավախահայերը ոչ թե անվստահելի օտարերկրացիներ են (ինչպես դա ընկալում ենք մենք՝ ստանալով կացության կարգավիճակի մերժումներ), այլ Վրաստան պետության և երկրի տնտեսության իսկական նվիրյալ մարդիկ, որոնք այս պահին ևեթ պատրաստ են հետ վերականգնելու իրենց վրացական քաղաքացիությունը, եթե հնարավոր լինի առանց արտագնա աշխատանքի մեկնելու հայթայթել իրենց ապրուստը Վրաստանում»,- ասված էր կոչի մեջ : Ջավախքից պահանջ էր ներկայացված ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը՝ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում հասնել նրան, որ բոլոր ջավախահայերին անխտիր, անկախ իրենց քաղաքական հայացքներից, տարիքից կամ այլ առանձնահատկություններից, տրվի կացության իրավունքի փաստաթուղթ, որով վերջիններս կշարունակեն ապրել իրենց ընտանիքներում:
Արձագանքելով Վրաստանում ապրող հայության խնդրանքին՝ ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Վրաստանի սահմանած այցագրային նոր կարգին: Դիմելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն՝ Գալուստ Սահակյանը նշել է հետևյալը. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել եւ աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն:
Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետեւանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ` հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ» : Անդրադառնալով Վրաստանում այցագրային կարգին առնչվող օրենսդրական փոփոխություններին` Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով են պայմանավորված այցագրային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի» :
ՀՀ ԱԺ նախագահի այցից հետո իրավիճակն է՛լ ավելի շիկացավ: 2014 թ. դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան այցի նախօրեին, տարածվեց Ջավախքի մի խումբ մտավորականների բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետին՝ հայտնելով, որ բազմահազար ջավախահայեր ամեն օր ստանում են կացության իրավունքի թույլտվության մասին դիմումների մերժումներ, և ովքեր, կրկնելով այդ քայլը, արդեն ծախսել են միլիոնավոր լարիներ:
Ավելին, Վրաստանի արդարադատության մինիստրությունը մերժել էր անգամ Երևան – Ջավախքի մի շարք շրջաններ ուղևորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, և վերջիններս ստիպված են եղել հետ վերադառնալ Երևան, շատերն էլ օրենքը խախտելու և մի քանի ժամ Վրաստանի տարածքում ավելի մնալու համար տուգանվել են 180 լարիի չափով: «….Օրեցօր աճում է այն ջավախքահայերի թվաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսյա ժամկետն արդեն լրացել է և իրենք Ջավախք մուտքի իրավունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցության վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտավոր են առնվազն երեք ամիս մնալ ՀՀ-ում: ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ-որ կայքի հասցե, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ և մտնել Վրաստան: Սա ևս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջվող դրույթները անհաղթահարելի են (5.000 լարի հաշվեհամարային տեղեկանք, Ջավախքում հաշվառման վայրի սեփականության վկայական, որը Ջավախքի գյուղական վայրերում պարզապես գոյություն չունի, և մեծ բարդություններ են ստեղծված այն ձեռք բերելու համար, համաձայնագրեր տան այն անդամների համար ովքեր լինում են արտերկրում և այլն): Միաժամանակ՝ վիզան պարզապես ապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առավելագույնը երեք ամսով, սակայն դրան պետք է հետևի կրկին կացության վկայականի ստացումը, որտեղ էլ դարձյալ երևում են Վրաստանի անվտանգության մարմինների գայլի ականջները, և քաղաքացիները կրկին բախվում են մերժման պատին:
Լայն իմաստով այդ վիզան ավելորդ գլխացավանք է, եթե քաղաքացին չի ստանալու կացության իրավունք: Ավելին, եթե Վրաստանը վիզայի միջոցով թույլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր և դրա հենքի վրա տալու է կացության իրավունք, ապա ինչու՞ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ Վրաստանում գտնվելու իրավունք ունեին, մերժել այդ մարդկանց տալու կացության իրավունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանությունը»,- բաց նամակում նշել էին ջավախահայ մտավորականները և հավելել, որ մարդիկ արդեն ողջ գյուղերով մեկնում են Ջավախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի :
2014 թ. դեկտեմբերի 11-12-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, ի թիվս այլ հարցերի, քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածությունների , հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտը բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար :
Ստեղծված լարվածությունը մեղմացավ, երբ Վրաստանի կառավարության 2015 թ. հունիսի 5-ի համապատասխան որոշմամբ չեղարկվեց 2014 թ. որոշումը, և ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին իրավունք տրվեց Վրաստան այցելել առանց վիզաների և մնալ երկրում մինչև մեկ տարի ։
Ռուսաստանի քայլերը
Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների հանդեպ սահմանված այցագրային կարգի մեղմացման խնդիրն առավել ակտիվորեն քննարկվել է Վրաստանում 2012 թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նույն թվականի դեկտեմբերին հանդիպելով Պրագայում՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն ազդարարեցին կանոնավոր շփումների և տնտեսական ու հումանիտար հարցերի շուրջ ոչ պաշտոնական երկխոսությունների (Պրահյան բանակցությունների) մեկնարկի մասին։
Պրահյան բանակցությունների առանցքային հարցերից մեկը մշտապես եղել է ՌԴ-ի կողմից Վրաստանի հանդեպ կիրառվող այցագրային ռեժիմի դյուրացման խնդիրը: Հենց առաջին շփումներից մեկում՝ 2013 թ. հունիսի հինգին, ռուսական կողմը տեղեկացրել է, որ մշակութային, մարզական, գիտական, կրոնական և այլ միջոցառումներին կողմերի ներկայացուցիչների միջև շփումների համար 2013 թ. առաջին վեց ամիսների ընթացքում 25 տոկոսով ավելի շատ մուտքի վիզա է տրվել Վրաստանի քաղաքացիների համար: Հանդիպմանը հայտարարվել է, որ վերացվում են նաև գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման խոչընդոտները։ Աշխատանքները շարունակվում են մասնավոր հրավերով ռուսական վիզաների տրամադրման հարցում առավել ճկուն մոտեցում ներդնելու ուղղությամբ, այդ թվում՝ ընտանեկան և ազգակցական կապերի պահպանման համար ։ ՌԴ արտգործնախարարությունը համանման բովանդակությամբ հայտարարություն տարածեց նաև 2013 թ. սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 21-ին տեղի ունեցած պրահյան հանդիպումներից հետո:
Նոյմբերի 21-ի հանդիպման ժամանակ փաստվել է նաև, որ մշակութային, մարզական, գիտական, կրոնական և այլ միջոցառումների մասնակցության համար տրամադրվող ռուսական մուտքի վիզաներից 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 40 տոկոսով ավելի է թողարկվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ 2014 թ. ապրիլի 16-ի հանդիպմանը հայտարարվել է, որ 2013 թ. ընթացքում տրվել է նման շուրջ 25 հազար վիզա :
Նշված քննարկումների արդյունքում՝ 2015 թ. դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը թեթևացրեց Վրաստանի քաղաքացիների համար վիզա ստանալու պայմանները. դեկտեմբերի 22-ին հրապարակվեց արտգործնախարարության պաշտոնական մեկնաբանությունը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման միջոցառումների վերաբերյալ:
«Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի համատեքստում և երկու երկրների միջև դրական միտումների խթանման շահերից ելնելով, 2015 թ. դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիներին տրամադրվել են բազմակի բիզնես, աշխատանքային, ուսումնական և մարդասիրական վիզաներ, ինչպես նաև մասնավոր վիզաներ՝ անկախ հրավիրվողի և հրավիրողի փոխհարաբերություններից՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մարմինների կողմից սահմանված կարգով տրված վավեր հրավերներով: Ռուսական կողմը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված երկու երկրների քաղաքացիների միջև հաղորդակցության հեշտացմանը՝ չբացառելով փոխադարձության հիման վրա առանց այցագրի (վիզայի) ռեժիմի հետագա ներդրումը»,- նշված էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ : Նույն օրը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գ. Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեի միջև տեղի է ունեցել նաև հեռախոսազրույց, որի ընթացքում Գ. Կարասինը բացատրել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմի ազատականացմանն ուղղված ռուսական կողմի միջոցառումները : Պրահյան բանակցությունների հետագա հանդիպումներում կողմերը դրական են գնահատել 2015 թ. վերջին Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացմանն ուղղված միջոցառումները ։
Ռուս-վրացական հետագա բանակցություններում հայտարարվել է, որ Վրաստանում ռուսական վիզաների պահանջարկը մնում է հետևողականորեն բարձր, և Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվել են։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը քննարկել է վրացական ավիաընկերությունների անձնակազմերի համար այցագրային ռեժիմի պարզեցման հարցը ։ 2017 թ. փետրվարին կողմերը փաստել են, որ Ռուսաստանի կողմից 2015 թ. դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման շնորհիվ Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության շահերի բաժնի կողմից թողարկված վիզաների թիվը կրկնապատկվել է: Գ. Կարասինը հաստատել է այցագրային ռեժիմի հետագա մեղմացման իր մտադրությունը՝ չբացառելով ապագայում դրա վերացումը ։
Արդեն 2024 թ. մարտին, ողջունելով Վրաստանի վարչապետի որոշումը, ըստ որի՝ Զուրաբ Աբաշիձեն կզբաղեցնի վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա փոխարեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Գիորգի Քաջայան, ով տարիներ շարունակ եղել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հիշեցրել է, որ 2012 թ. ՌԴ ղեկավարությունն առանց վարանելու աջակցել է երկկողմ հարաբերությունների կարգավորման՝ վրացական իշխանությունների առաջարկած կուրսին, և ստեղծվել է երկխոսության ոչ պաշտոնական մեխանիզմ փոխգործակցության տարբեր ասպեկտների ապաքաղաքականացված քննարկման համար՝ շեշտը դնելով առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային կապերի, հումանիտար շփումների վրա։
«….Տեղի է ունեցել 26 հանդիպում՝ հիմնականում դեմ առ դեմ (համաճարակի ժամանակ՝ տեսակոնֆերանսի միջոցով), մշտական կապը պահպանվել է հեռակա կարգով»,- նշել է Գ. Կարասինը ՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրացվել են Ռուսաստանի և Վրաստանի բնակիչների միջև հաղորդակցության պայմանների դյուրացման հարցերը, հետևողական աշխատանք է տարվել Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականին ներդրված վիզային ռեժիմի ազատականացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Համապատասխան թուլացումներն իրականացվել են մի քանի փուլով: Ի վերջո, 2023 թ. մայիսին ՌԴ նախագահի հրամանագրով չեղարկվել են Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան կարճաժամկետ ուղևորությունների այցագրերը (վիզաները)։ Միաժամանակ, վերսկսվել են ուղիղ չվերթները, որոնք ժամանակավորապես չեղարկվել էին չորս տարի առաջ։
Հավելենք, որ 2023 թ. ՌԴ-ի կողմից Վրաստանի քաղաքացիների համար սահմանված այցագրային ռեժիմի վերացումը ողջունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ նշելով հետևյալը. «Ռուսաստանի Դաշնությունում ապրում են մեր ավելի քան մեկ միլիոն քաղաքացիները, ովքեր շատ սերտ կապեր ունեն մարդկանց՝ իրենց սիրելիների, Վրաստանում ապրող հարազատների հետ։ Դիտելով հումանիտար տեսանկյունից՝ այս որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու կառավարության համար» : ՌԴ-ի նշված քայլը դրական առաջընթաց են գնահատել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ ինչպես իշխող ուժից , այնպես էլ այլ խմբակցություններից , հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ և այլն։
Ամփոփենք: Սահմանված այցագրային կարգը վրաց-ռուսական հետխորհրդային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, յուրօրինակ լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս, թե տվյալ փուլում ինչպիսի մակարդակի վրա են երկու երկրների հարաբերությունները: Հաստատվելով Էդ. Շևարդնաձեի օրոք՝ 2000 թ., ամրապնդվելով Մ. Սահակաշվիլու արևմտաթուրքամետ իշխանության տարիներին՝ սահմանված այցագրային կարգը մեծ վնաս հասցրեց թե՛ միջպետական հարաբերություններին, թե՛ առևտրատնտեսական կապերին, թե՛ հոգևոր – մշակութային, հումանիտար շփումներին՝ քաղաքացիների համար դժվարացնելով փոխադարձ այցերը, իսկ որոշ ժամանակահատվածներում ստեղծելով անհաղթահարելի խոչընդոտներ:
Պայմանավորված լինելով արտաքին (արևմտյան) ազդեցությամբ՝ այցագրային կարգի առկայությունը շուրջ քառորդ դար բաժանարար գծեր էր ստեղծել ինչպես հոգևոր միևնույն՝ քրիստոնյա-ուղղափառ արժեհամակարգը կրող երկու ժողովուրդների՝ ռուսների (սլավոնական ժողովուրդների) և վրացիների (քարթվելական ժողովուրդների), այնպես էլ Ռուսաստանում և Վրաստանում ապրող կովկասյան միևնույն ազգությունների տարբեր հատվածների միջև (չեչեններ (քիստեր), ավարներ, աբխազներ, օսեր, և այլն): Մ. Սահակաշվիլու իշխանության հեռացումը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նոր դուռ բացեց: Շուրջ մեկ տասնամյակ (2013-2023 թթ.) տևած բանակցությունները և քննարկումներն, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունք. չեղարկվեց սահմանված այցագրային կարգը, ինչը լավագույն նախադրյալ ստեղծեց ՌԴ-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման և արհեստական անջրպետի հաղթահարման համար:
Մոտ 2,5 տասնամյակ անց՝ Վրաստանի իշխանությունները կարողացան հաղթահարել արտաքին և ներքին ճնշումները, սկսեցին արագ տեմպերով դուրս գալ Արևմուտքի թելադրանքի դաշտից՝ դնելով իրապես անկախ, ազգային-բարոյական արժեքների վրա հիմնված պետության և ամուր պետականության հիմքերը:
Վահե Սարգսյան