Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասարդները Եռաբլուր էին այցելել
20 Սեպտեմբեր 2026
2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը մեր ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես անդառնալի կորուստների, տեղահանության և հայրենազրկման ծանրագույն էջեր։
Այսօր խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար։ Հիշում ենք 2020թ. 44-օրյա եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների ընթացքում զոհված մեր հայրենակիցներին և այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 25-ին զոհվեցին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով։
Այս ցավը չի տեղավորվում թվերի ու տարեթվերի մեջ։
Այն ապրում է կիսատ մնացած խոսքերի, չվերադարձած մարդկանց, դատարկված տների և սպասման մեջ քարացած ընտանիքների հիշողության մեջ։
Այսօր առանձնահատուկ խոնարհումով հիշում ենք նաև մեր այն հայրենակիցներին, որոնց ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Նրանց ընտանիքների համար պատերազմը չի ավարտվել։ Սպասումը շարունակվում է՝ ամեն օր, ամեն զանգի, ամեն լուրի սպասումով։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը վերահաստատում է, որ Արցախի ժողովրդի կորուստների, բռնի տեղահանության, անհայտ կորածների և գերեվարվածների ճակատագրի նկատմամբ անտարբերությունն անընդունելի է մեզ համար։ Միևնույն ժամանակ, Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքը ոչ միայն պետք է պահպանվի որպես պահանջ, այլև շարունակի մնալ մեր ազգային օրակարգի անբաժանելի մասը։
Մենք պարտավոր ենք հիշել։
Պարտավոր ենք բարձրաձայնել։
Պարտավոր ենք պահպանել մեր զոհերի անուններն ու հիշողությունը և չթողնել, որ նրանց կյանքն ու կորուստը վերածվեն պարզապես վիճակագրության։
Այս օրը մեր խոնարհումն է զոհերի հիշատակին, մեր զորակցությունը՝ նրանց ընտանիքներին, և մեր պարտավորությունը՝ չմոռանալ։
Հիշում ենք։
Խոնարհվում ենք։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
19 սեպտեմբերի, 2026 թ.



