Այս պատերազմում մեզ համար ուսանելի շատ դասեր կային
27 Հունիս 2025
Հունիսի 26-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մկրտչյանը: Անդրադարձ է կատարվել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմին, այդ պատերազմի պատճառներին, նախահարձակ կողմերի բուն նպատակներին, ինչպես նաև մեր երկրի համար դրա հնարավոր հետևանքներին: Ըստ Սարգիս Մկրտչյանի՝ չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի հայտարարություններին, թե իրենք հասել են իրենց նպատակներին, իսրայելա-իրանական այս պատերազմում հաղթողներ և պարտվողներ չկան: Նյութական և մարդկային վնասներ կրել են երկու կողմն էլ, սակայն Իրանին հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ երկրի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի միասնականությունը և, իհարկե, երկրի զարգացման ակունքներում կանգնած գիտական ներուժը:
Հարցին՝ արդյոք Իրանում իշխանափոխություն իրականացնելու արևմտյան փորձերի ձախողումը և անջատողականության դեմ պայքարում Իրանի իշխանությունների և ժողովրդի միասնական կեցվածքը կնպաստեն Իրանում պանթուրքական հոսանքների գործունեության որոշակի սառեցմանը, Սարգիս Մկրտչյանը դրական պատասխան է տալիս և ընդգծում, որ իր կարծիքով՝ այս պատերազմից հետո Իրանը կվերանայի իր թույլ տված որոշ սխալներ, որոնք պայմանավորված էին անջատողականության դեմ պայքարում մինչ այս ցուցաբերած հանգստությամբ:
«Իմ կարծիքով՝ պատերազմի նման ելքից հետո, իր շահերով պայմանավորված, Իրանը էլ ավելի կկարևորի Հայաստան-Իրան սահմանի և Սյունիքի անվտանգության խնդիրները, ինչը միջազգային բանակցային սեղանների մոտ միանգամայն շահեկան պայմաններ կստեղծի հայկական կողմի համար, մնում է Հայաստանը օգտվի այդ հնարավորությունից»,- ասել է Սարգիս Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում