ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Շուշիի 1920 թվականի մարտյան եղեռնը

29 Մարտ 2026 Հայության կոտորածները և քաղաքի հայաբնակ թաղամասի ավերումը

Շուշիի 1920 թվականի մարտյան ողբերգությունը հայոց նորագույն պատմության ամենաաղետալի և բեկումնային էջերից մեկն է, որը տասնամյակների համար կանխորոշեց ոչ միայն Արցախի, այլև ողջ Անդրկովկասի աշխարհաքաղաքական դեմքը։ Այս իրադարձությունների հետևանքով ոչնչացվեց Կովկասի մշակութային և տնտեսական խոշորագույն կենտրոններից մեկը, որն իր մշակութային վերելքի համար ստացել էր «փոքրիկ հայկական Փարիզ» պատվանունը և համարվում էր «Անդրկովկասի մարգարիտը»։ Շուշիի անկումը պարզապես քաղաքի կորուստ չէր, այլև հայկական քաղաքակրթական գործոնի չեզոքացում մի տարածաշրջանում, որտեղ դարեր շարունակ ձևավորվել էր հայոց պետականության և մշակույթի առանցքը։

Քաղաքի ռազմավարական և խորհրդանշական դերը դժվար է գերագնահատել։ Ինչպես նշում են պատմաբանները, դժվար է գտնել մի ուրիշ բնակավայր, որն իրեն ստեղծած ժողովրդի կյանքում խաղացած լինի այնքան հակասական և ճակատագրական դեր, որքան Շուշին։ 1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հայ բնակչության համակարգված կոտորածը և քաղաքի հայկական թաղամասի հրդեհումը 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմիջական շարունակությունն են՝ իրականացված նույն գործելաոճով և նույն նպատակադրմամբ՝ բնիկ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ և բռնի տեղահանմամբ հասնելու տարածքային վերջնական տիրապետության։

Շուշիի պատմամշակութային և սոցիալ-տնտեսական դիմագիծը նախաեղեռնյան շրջանում

Շուշին 19-րդ դարի կեսերից սկսած վերելք ապրեց՝ դառնալով Անդրկովկասի կարևորագույն մտավոր և տնտեսական կենտրոններից մեկը։ Չնայած քաղաքի հայ և մուսուլմանական (թաթարական) համայնքների միջև առկա մշտական մրցակցությանը՝ 19-րդ դարի երկրորդ կեսից Շուշիի մտավոր-մշակութային կյանքի վերելքը գերազանցապես պայմանավորված էր հայկական միջավայրի կրթական և տպագրական աշխույժ գործունեությամբ։ Շուշին հայտնի էր իր բազմաթիվ կրթօջախներով, որոնց թվում էին թեմական դպրոցը (բացվել է 1838 թվականի հուլիսի 2-ին (նոր տոմարով՝ հուլիսի 14-ին) և տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն կրթական, այլև ազգային-քաղաքական զարթոնքի կենտրոն, ուր ուսանել կամ դասավանդել են Լեոն, Մուրացանը, Նիկոլ Դումանը, Արամ Մանուկյանը և այլք) , Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցը (բացվել է 1864-ին և առաջիններից էր տարածաշրջանում, որ ապահովում էր կանանց կրթությունը) և հանրահայտ Ռեալական ուսումնարանը (բացվել է 1881-ին և համարվում էր Կովկասի լավագույն կրթական հաստատություններից մեկը) : Այստեղ գործում էին տասնյակ տպարաններ, որոնք հրատարակում էին թերթեր և ամսագրեր, որոնց թվում էր Երվանդ Լալայանի խմբագրած «Ազգագրական հանդեսը»։ Քաղաքի ճարտարապետական դեմքը ձևավորվում էր շքեղ առանձնատներով և հոգևոր կառույցներով, որոնց գագաթնակետը 1868-1887 թվականներին կառուցված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարն էր։

Շուշիի կրթամշակութային այս հարուստ համակարգը հիմնահատակ կործանվեց 1920 թ. մարտյան աղետի հետևանքով՝ հանգեցնելով քաղաքի՝ որպես տարածաշրջանային մտավոր կենտրոնի վերջնական անկմանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը Ռուսական կայսրության փլուզումից հետո

1917 թվականի Ռուսական հեղափոխությունը և դրան հաջորդած Կայսրության փլուզումը ստեղծեցին իշխանության վակուում, որն Անդրկովկասում հանգեցրեց ազգային պետությունների ձևավորման և տարածքային սուր վեճերի։ 1917 թվականի մարտին Ղարաբաղում ստեղծվեց ժամանակավոր գործադիր կոմիտե, իսկ արդեն 1918 թվականին կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր։ Ընտրվեց ժողովրդական կառավարություն՝ Եղիշե Իշխանյանի գլխավորությամբ, որը պաշտոնական Երևանի հետ սերտ համագործակցությամբ փորձում էր պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Միևնույն ժամանակ, նորաստեղծ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, վայելելով Օսմանյան Թուրքիայի ռազմական աջակցությունը, հավակնություններ դրսևորեց Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ։ Թուրքական բանակը, Նուրի փաշայի և Խալիլ փաշայի գլխավորությամբ, 1918 թվականի սեպտեմբերին ներխուժեց տարածաշրջան՝ նպատակ ունենալով զինաթափել հայությանը և ապահովել Ադրբեջանի գերիշխանությունը։ Սեպտեմբերի 22-ին թուրքական շուրջ չորսհազարանոց զորախումբը, ճեղքելով Ասկերանի դիրքերը, մտավ Շուշի։ Ջեմիլ Ջևադ բեյի հրամանատարությամբ գործող թուրքական ստորաբաժանումները ձերբակալեցին շուրջ 60 նշանավոր հայ գործիչների՝ երկրամասից պահանջելով լիակատար հնազանդություն ։

Բրիտանական ներկայությունը և գեներալ Թոմսոնի վիճահարույց քաղաքականությունը

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում հաստատվեց բրիտանական վերահսկողություն, որը սկզբնապես ընկալվեց որպես Արցախի հարցի արդարացի հանգուցալուծման երաշխիք։ Սակայն Լոնդոնի որդեգրած կողմնակալ դիրքորոշումը և ադրբեջանամետ քայլերը շուտով փոշիացրին հայկական կողմի բոլոր դրական սպասելիքները։ Բրիտանական հրամանատարությունը՝ գեներալ Ուիլյամ Թոմսոնի գլխավորությամբ, առաջնորդվում էր ոչ թե ազգերի ինքնորոշման սկզբունքով, այլ սեփական ռազմավարական և տնտեսական շահերով, որոնց թվում առաջնային էին Բաքվի նավթի անխափան մատակարարումը և Անդրկովկասը որպես պատվար օգտագործելը բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։

1918 թվականի նոյեմբերին գեներալ Թոմսոնը կասեցրեց զորավար Անդրանիկի առաջխաղացումը դեպի Շուշի, երբ վերջինս արդեն կոտրել էր մուսուլմանական դիմադրությունը և պատրաստ էր ազատագրել քաղաքը։ Թոմսոնը հայտարարեց, որ բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն Փարիզի խաղաղության վեհաժողովում, և մինչ այդ պետք է պահպանվի ստատուս քվոն։ Սակայն գործնականում բրիտանացիներն ակտիվորեն աջակցեցին Ադրբեջանի կառավարությանը՝ 1919 թվականի հունվարին հաստատելով Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը Ղարաբաղի և Զանգեզուրի նահանգապետ։ Սա ցնցող որոշում էր, քանի որ Սուլթանովը հայտնի էր որպես մոլի հայատյաց և պանթուրքիստ, ով սերտորեն համագործակցել էր օսմանյան բանակի հետ։ Չնայած Հայաստանի կառավարության և Արցախի Ազգային խորհրդի կտրուկ բողոքներին, բրիտանացիները պնդեցին, որ Սուլթանովը «անհրաժեշտ է կարգուկանոն հաստատելու համար»։

Խոսրով բեկ Սուլթանովի վարչակարգը և 1919 թ. կոտորածները

Սուլթանովի նշանակումով Արցախի նկատմամբ ճնշումը դարձավ համակարգված։ Նա անմիջապես ձեռնամուխ եղավ հայ բնակչության զինաթափմանը և ադրբեջանական կանոնավոր զորամասերի տեղակայմանը Շուշիում ու հարակից շրջաններում։ Բրիտանական հրամանատարությունը՝ գեներալ Շաթլուորթի գլխավորությամբ, ով փոխարինել էր Թոմսոնին, սկսեց բացահայտորեն ճնշում գործադրել արցախահայության վրա՝ պահանջելով ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը։

1919 թվականի հունիսի սկզբին լարվածությունը վերածվեց բացահայտ բախման։ Հունիսի 4-5-ին Սուլթանովի հրահրմամբ ադրբեջանական զորքերը և մուսուլմանական զինված խմբերը հարձակվեցին Շուշիի հայկական թաղամասի վրա, սակայն հայերին հաջողվեց կազմակերպել դիմադրություն։ Չկարողանալով հաղթել քաղաքում՝ Սուլթանովի եղբոր՝ Սուլթան բեկի գլխավորած հրոսակախմբերը շրջափակեցին և կոտորեցին Շուշիի մոտակայքում գտնվող հայկական գյուղերը։ Հատկապես սարսափելի էր Խայբալիքենդի ջարդը, որի ժամանակ սպանվեց 600-700 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, իսկ գյուղը հիմնահատակ այրվեց։ Բրիտանական հետաքննությունը հաստատեց, որ Սուլթանովը անձամբ է հրահրել այդ սպանդը, սակայն նա մնաց իր պաշտոնում՝ շարունակելով վայելել բրիտանական «հովանավորությունը»։

1919 թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը

Ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ բրիտանական աջակցությունը բացակայում էր, իսկ թուրք-ադրբեջանական ճնշումը մեծանում, արցախահայությունը ստիպված էր գնալ մարտավարական զիջումների։ 1919 թվականի օգոստոսի 22-ին Շոշ գյուղում հրավիրված արցախահայության 7-րդ համագումարը Ադրբեջանի կառավարության հետ ստորագրեց ժամանակավոր համաձայնագիր։

Այդ փաստաթուղթը, որը բաղկացած էր 26 կետից, սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես համարվում է Ադրբեջանի սահմաններում մինչև Փարիզի վեհաժողովի վերջնական որոշումը։

Համաձայնագրով Ադրբեջանի զորքերը չպետք է մտնեին Ղարաբաղ, իսկ երկրամասի ներքին կառավարումը մնում էր Հայոց ազգային խորհրդի ձեռքում։ Գիտական տեսանկյունից այս համաձայնագիրը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացի ճանաչել է Ղարաբաղի սուբյեկտայնությունը և այն չի համարել իր «անբաժանելի մասը», այլապես կարիք չէր լինի կնքել պայմանագիր սեփական տարածքի բնակչության հետ։ Սակայն Սուլթանովի համար սա ընդամենը ժամանակ շահելու միջոց էր ուժերը վերախմբավորելու և վերջնական հարվածին նախապատրաստվելու համար։

Ռազմական կուտակումները և 1920 թ. սկզբի սրացումը

1919 թվականի վերջին և 1920 թվականի սկզբին Սուլթանովը բացահայտորեն խախտեց օգոստոսյան համաձայնագիրը։ Շուշին վերածվեց զինվորական ճամբարի։ Այնտեղ գեներալ Ալի աղա Շիխլինսկու հրամանատարությամբ տեղակայվեց 7․000 հոգանոց զորամաս։ Բացի այդ, քաղաքում էր գտնվում թուրք սպաների մի ստվար խումբ՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, ովքեր իրականացնում էին մուսուլմանական ինքնապաշտպանական խմբերի վարժեցումը և զինումը։ Ընդհանուր առմամբ, Ղարաբաղի սահմաններին կուտակվել էին շուրջ 10․000 կանոնավոր զինվոր և քրդական մեկ դիվիզիա։
1920 թվականի փետրվարին իրավիճակը դարձավ անկառավարելի։ Սուլթանովը վերջնագիր ներկայացրեց հայերին՝ պահանջելով լիակատար հպատակություն և Ադրբեջանի կազմում վերջնական ներառում։ Մարտի սկզբին հայերին արգելվեց առանց հատուկ թույլտվության լքել քաղաքը, իսկ հայկական տներում սկսեցին հարկադրաբար տեղավորել ադրբեջանցի զինվորների։ Սա ռազմավարական քայլ էր՝ ներսից խաթարելու հայկական թաղամասի պաշտպանությունը և խուճապ տարածելու բնակչության շրջանում։

Շուշիի 1920 թ. մարտյան ողբերգության նախերգանքը

Ստեղծված ծայրահեղ իրավիճակը քննարկելու նպատակով 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության ութերորդ համագումարը: Համագումարը պաշտոնապես մերժեց Սուլթանովի վերջնագիրը՝ արձանագրելով, որ 1919 թ. օգոստոսի 22-ի համաձայնագիրը, Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվելու հետևանքով, կորցրել է իր ուժը: Մուսավաթական կառավարությունից պահանջվեց դադարեցնել կոտորածները, միաժամանակ ձևավորվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմինը՝ իր տեղական ճյուղավորումներով:

Ադրբեջանական ուժերի համակարգված հարձակումը սկսվեց 1920 թվականի մարտի 22-ի երեկոյան: Շուշիի ջարդերի կազմակերպիչները որդեգրել էին 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ երիտթուրք առաջնորդների կիրառած գործելաոճն ու նախօրոք մշակված ծրագիրը: Հայությանը դիմադրողականությունից զրկելու նպատակով, Խոսրով բեկ Սուլթանովի հրամանով, մարտի 22-ին ձերբակալվեցին քաղաքի շուրջ 400 նշանավոր հայեր, որոնք նետվեցին թուրքական թաղամասի բանտը:

Նախքան բուն հարձակումը, Սուլթանովը հայկական թաղամասի չբնակեցված տներում գաղտնի տեղավորել էր թուրք սպաների և զինվորների: Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը, թանձր մառախուղի պայմաններում, նրանք ներսից հրդեհեցին այդ շինությունները՝ բնակչության և ինքնապաշտպանական ուժերի շրջանում առաջացնելով զանգվածային խուճապ: Սա հնարավորություն տվեց ադրբեջանական կանոնավոր ուժերին անցնելու հայկական քաղաքամասի համակարգված ոչնչացմանը։

Շուշիի հայկական թաղամասի կործանումը և զանգվածային սպանդը

1920 թ. մարտի 22-ի գիշերը լույս 23-ին սկսվեց Շուշի հայ բնակչության եղեռնը: Ադրբեջանական կանոնավոր զորքերը, միանալով տեղի մուսուլմանական ամբոխին, սկսեցին համակարգված կերպով հրդեհել հայկական տները, եկեղեցիներն ու դպրոցները: Ինչպես վկայում են արխիվային նյութերը, թանձր մառախուղի քողի տակ ադրբեջանցի սպաները հրդեհեցին հենց այն շինությունները, որտեղ նախօրոք տեղավորվել էին, ինչը լիակատար քաոս և անպաշտպանվածության զգացողություն առաջացրեց հայ բնակչության շրջանում։

Ականատեսների վկայությունները, մասնավորապես ադրբեջանցի զինվոր Իսմայիլ Ալիմարդանբեկովի՝ Բաքվում գտնվող եղբորն ուղղված նամակը, փաստում են իրականացված վայրագությունների սարսափազդու մասշտաբները: Հայ տղամարդկանց կոտորում էին զանգվածաբար, իսկ քաղաքի նշանավոր դեմքերի նկատմամբ կիրառվում էին դաժան խոշտանգումներ. Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տեր-Գրիգորյանին գլխատեցին, իսկ քաղաքի ոստիկանապետ Ավետիս Տեր-Ղուկասյանին կենդանի այրեցին: Բազմաթիվ կանայք և աղջիկներ ենթարկվեցին բռնությունների, իսկ հայկական հարուստ թաղամասը ենթարկվեց համատարած թալանի։

Քաղաքը մի քանի օր շարունակ վերածվել էր հսկայական խարույկի: Հրդեհի և կոտորածների հետևանքով Շուշիի հայկական թաղամասի շուրջ 1․700 տներից կանգուն մնաց ընդամենը 25-ը։ Սա ոչ միայն էթնիկ զտում էր, այլև մշակութային ու տնտեսական ցեղասպանություն, որի նպատակը տարածաշրջանի հնագույն հայկական կենտրոնի վերջնական հայաթափումն էր:

Զոհերի թվաքանակի և ժողովրդագրական փոփոխությունների վերլուծություն

Զոհերի թվի վերաբերյալ պատմագիտական գնահատականները տատանվում են՝ արտացոլելով այդ ժամանակաշրջանի քաոսային վիճակը և տվյալների հավաքագրման դժվարությունները։ Ռիչարդ Հովհաննիսյանը, հիմնվելով հայկական կառավարության պաշտոնական տվյալների վրա, նշում է առնվազն 500 զոհ քաղաքում, սակայն սա համարվում է միայն սկզբնական և խիստ թերագնահատված թիվ։

Ավելի լայնածավալ հետազոտությունները ներկայացնում են շատ ավելի մռայլ պատկեր։ Գերմանացի պատմաբան Յորգ Բաբերովսկին փաստում է 8․000 սպանված հայերի մասին։ Խորհրդային գրող և պատմաբան Մարիետա Շահինյանը, ով այցելել էր Շուշի աղետից տարիներ անց, նշում է, որ զոհերի թիվը տատանվում էր 3․000-ից մինչև 12․000։ Որոշ աղբյուրներ, ներառյալ միջազգային զեկույցները, հայտնում են մինչև 20․000 զոհի մասին, եթե հաշվի առնենք նաև հարակից գյուղերի բնակչությանը, որոնք նույնպես ենթարկվեցին սպանդի։

Փախստականների թիվը նույնպես ահռելի էր։ Մոտ 5․000-6․000 մարդու հաջողվեց Քարինտակի կիրճով փախչել դեպի Վարանդա։ Շուշին, որը մինչ այդ հայաշատ քաղաք էր, դարձավ գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ։ 1926 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր ընդամենը 5․104 մարդ՝ նախկին 40․000-ի փոխարեն։ Սա դասական ցեղասպանական գործողություն էր՝ միտված փոխելու տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։

«Մեռած քաղաքը». Շուշիի մշակութային ժառանգության ոչնչացումը

Շուշիի հայկական թաղամասի ավերումը ոչ միայն ֆիզիկական սպանդ էր, այլև մշակութային ցեղասպանություն։ Ադրբեջանական զորքերը թիրախավորված ոչնչացնում էին հայկական ինքնության ցանկացած հետք։ Այրվեցին տասնյակ եկեղեցիներ, գրադարաններ և թատրոնի շենքը։

1930 թվականին Շուշի այցելած Օսիպ Մանդելշտամն իր «Կառապանը» բանաստեղծության մեջ, բանաստեղծը և նրա կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, իրենց հուշերում նկարագրում են ցնցող մի պատկեր։

Նադեժդան գրում է, որ հայկական թաղամասը վերածվել էր մոխրակույտի, որտեղ բոլոր ջրհորները լցված էին դիակներով, և օդում դեռ զգացվում էր հրդեհի հոտը։ Նա քաղաքը բնութագրում է որպես «սոսկալի աղետի» վայր, որտեղ կյանքն այլևս չէր վերադառնում։ Շուշիի ավերակները մնացին որպես լուռ վկաներ մինչև 1950-ականների վերջը, երբ Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես քանդեցին դրանք՝ փորձելով ջնջել հայկական ներկայության պատմական հիշողությունը։

Բոլշևիկների դերը և Կավբյուրոյի 1921 թ. որոշումը

Շուշիի ողբերգությունը տեղի ունեցավ Անդրկովկասի խորհրդայնացման շեմին։ 1920 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան ղեկավարությունը որդեգրեց մանևրելու մարտավարություն՝ հմտորեն օգտագործելով հայ-ադրբեջանական էթնոքաղաքական հակասությունները սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով: Խորհրդային Ռուսաստանը, ելնելով տարածաշրջանում իր ռազմավարական շահերից, հայկական և ադրբեջանական կողմերին հերթագայող խոստումներ տալու միջոցով փորձում էր երկու հանրապետություններին էլ պահել իր ազդեցության ուղեծրում՝ Արցախի կարգավիճակի հարցը դարձնելով քաղաքական սակարկությունների առարկա։ Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հայտարարեց, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը հայտարարվում են Հայաստանի Խորհրդային Հանրապետության մաս։ Սակայն սա ընդամենը քարոզչական հնարք էր։

Իրականում, Շուշիի հայաթափումը բոլշևիկների համար հեշտացրեց տարածաշրջանը Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ 1921 թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի նիստում, Իոսիֆ Ստալինի ճնշմամբ, որոշվեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Այս որոշման մեջ առանցքային էր այն հանգամանքը, որ Շուշին՝ որպես երկրամասի տնտեսական և վարչական կենտրոն, արդեն իսկ զրկվել էր իր հայկական դիմագծից: Շուշիի 1920 թ. մարտյան կոտորածը կանխամտածված գործողություն էր, որը նպատակ ուներ ստեղծելու այն ռազմական և ժողովրդագրական նախադրյալները, որոնց վրա հետագայում խարսխվեց Արցախի բռնակցման բոլշևիկյան-մուսավաթական քաղաքական կառույցը։ Քաղաքի հայաթափումը փաստացի զրկեց երկրամասը իր բնականոն կենսագործունեության կենտրոնից՝ դյուրացնելով դրա հետագա բռնի ներառումը Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Միջազգային արձագանքը և անպատժելիության հետևանքները

Շուշիի 1920 թ. ողբերգությունը և Խոսրով բեկ Սուլթանովի վարչակարգի վայրագությունները լայն արձագանք ստացան միջազգային հարթակներում, սակայն այդ արձագանքը հիմնականում սահմանափակվեց դիվանագիտական հայտարարություններով ու բողոքագրերով։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը հուշագրերի և պաշտոնական նամակների շարք հղեց Փարիզի խաղաղության խորհրդաժողովի անդամ տերություններին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի կառավարություններին՝ մանրամասն ներկայացնելով Արցախի հայության բնաջնջման կանխամտածված քաղաքականությունը։ Հատկանշական է նաև սփյուռքի արձագանքը. մասնավորապես՝ Հնդկաստանի հայ համայնքը պաշտոնական դիմումներ հղեց բրիտանական իշխանություններին՝ պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել սպանդը դադարեցնելու ուղղությամբ, սակայն աշխարհաքաղաքական շահերը գերակայեցին մարդասիրական ու իրավական պարտավորություններին։

Շուշիի կոտորածը դարձավ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անպատժելիության անմիջական հետևանքը։ Պատմագիտական վերլուծությունները փաստում են, որ Շուշիի 1920 թ. ողբերգությունն ուղղակիորեն պայմանավորված էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ միջազգային պատժիչ մեխանիզմների բացակայությամբ։ Երիտթուրքական ոճրագործների անպատժելիությունը ոչ միայն հոգեբանական և քաղաքական հիմք ստեղծեց Խ. Սուլթանովի վարչակարգի վայրագությունների համար, այլև կանխորոշեց տարածաշրջանում էթնիկ զտումների հետագա շղթան։ Այս «անպատժելիության մթնոլորտը» դարձավ այն բացասական նախադեպը, որը տասնամյակներ շարունակ սնեց հակամարտության գենետիկ հիշողությունը և հնարավոր դարձրեց հայ բնակչության պարբերական տեղահանությունները։

Պատմական դասերը և արդիականությունը

Շուշիի 1920 թվականի ողբերգությունը խորը հետք է թողել հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ։ Պատմական այս իրողությունը վկայում է մի քանի առանցքային հանգամանքների մասին: Նախ՝ այն փաստում է, որ սեփական անվտանգային համակարգի բացակայության պայմաններում միջազգային «դաշնակիցների» երաշխիքների վրա հույս դնելը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Երկրորդ՝ Շուշիի մարտյան եղեռնը ևս մեկ անգամ հավաստում է, որ տարածքային հավակնությունների իրացման նպատակով ժողովրդագրական պատկերի բռնի փոփոխման կանխամտածված մարտավարությունը վճռորոշ գործոն է, և հակառակորդը մշտապես ձգտելու է նմանատիպ գործողությունների միջոցով փոխել ուժերի հարաբերակցությունը:

Այսօրվա տեսանկյունից Շուշիի 1920 թվականի կոտորածը դիտարկվում է որպես Արցախյան հակամարտության սկզբնաղբյուրներից մեկը։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանի հավակնությունները Արցախի նկատմամբ միշտ ուղեկցվել են հայկական ներկայության լիակատար վերացման նպատակադրմամբ։ Քաղաքի կործանումը և հետագա խորհրդային քաղաքականությունը, որը միտված էր հայկական հետքերի ջնջմանը, վկայում են այն մասին, որ սա ոչ թե պատահական բախում էր, այլ հետևողական պետական քաղաքականություն։

Որպես ամփոփում, հարկ է արձանագրել, որ 1920 թվականի մարտի 22-26-ի իրադարձությունները Շուշիում մարդկության դեմ ուղղված հանցագործություն են, որոնք պետք է արժանանան միջազգային գիտական և քաղաքական պատշաճ գնահատականի։ Շուշիի «Փոքրիկ Փարիզի» մոխրացումը մնում է հայոց պատմության ամենացավոտ վերքերից մեկը, որը հիշեցնում է ազգային պետականության և անվտանգության անփոխարինելի դերի մասին։

Մարի Հովհաննիսյան

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company