ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Թուրքիայի պանթյուրքական քաղաքականության ժամանակակից դրսևորումները

06 Օգոստոս 2026

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետությունների և ժողովուրդների նկատմամբ՝ փորձելով ընդլայնել ազդեցությունը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև մշակութային, կրթական և տեղեկատվական ոլորտներում։ Այդ գործընթացի գաղափարական հիմքում ընկած է պանթյուրքիզմը, որը վերջին տասնամյակներում ձեռք է բերել նոր բովանդակություն և գործնական արտահայտություն։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առանձնանում է աշխարհաքաղաքական հավակնությունների ընդլայնմամբ։ Եթե XX դարի մեծ մասում Անկարայի հիմնական ռազմավարական ուղղությունը եվրոպական ինտեգրման ձգտումն էր և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը, ապա XXI դարում նկատվում է նոր առաջնահերթությունների ձևավորում, որոնցից կարևորագույններից մեկը թյուրքախոս պետությունների և ժողովուրդների միջև համագործակցության խորացումն է։

Այս գործընթացը հիմնվում է ոչ միայն տնտեսական կամ քաղաքական շահերի, այլև ընդհանուր լեզվամշակութային ինքնության գաղափարի վրա։ Թուրքիայի ղեկավարությունը վերջին տարիներին պարբերաբար շեշտում է «թյուրքական աշխարհի» միասնության անհրաժեշտությունը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և փոխադարձ անվտանգության կարևոր նախապայման։ Այդ նպատակով ստեղծվել և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք միջազգային կառույցներ, որոնց թվում առանձնանում են Թյուրքական պետությունների կազմակերպությունը (TDT), TÜRKSOY-ը (միջազգային մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին՝ թյուրքալեզու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման, նրանց ընդհանուր ժառանգության պահպանման և աշխարհում դրա տարածման նպատակով։ Այն հայտնի է որպես «Թյուրքական աշխարհի ՅՈՒՆԵՍԿՕ»), Diyanet-ը, որը զբաղվում է կրոնական հարցերով ոչ միայն թյուրքալեզու երկրներում, այլ նաև ոչ իսլամադավան երկրներում մուսուլման համայնքներում (հատկապես սունի ուղղվածության), ինչպես նաև կրթական, մշակութային և տեղեկատվական համագործակցության բազմաթիվ հարթակներ։

Օրինակ, 2009 թ. հիմնված Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ), որի կազմի մեջ է մտնում 5 անդամ-երկիր՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ադրբեջանը և 2 դիտորդ-երկիր՝ Հունգարիան և Թուրքմենստանը, փնտրում է իր ազդեցությունը Վաշինգտոնում ամրապնդելու ուղիներ: Նրա ուշադրության կենտրոնում են առաջատար ամերիկյան վերլուծական- ուղեղային կենտրոնները: Հեղինակավոր Հադսոնի ինստիտուտը (Hudson Institute) վերջերս դարձել է Միացյալ Նահանգներում ԹՊԿ-ի շահերի լոբբիստական խոսափողը: Մայիսի 30-ին Հադսոնի ինստիտուտի կայքը հրապարակեց ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆիի՝ «Վաշինգտոնը պետք է համագործակցի թյուրքալեզու պետությունների հետ» վերնագրով ծրագրային հոդվածը։ Հրատարակությունը ոչ միայն ակադեմիական վերլուծություն է, այլև Թրամփի վարչակազմին ուղղված գործողությունների ուղղակի կոչ: Քոֆին կոչ է անում պետքարտուղար Ռուբիոյին անցկացնել ԱՄՆ-ԹՊԿ գագաթնաժողով:

Հեղինակը ամերիկացի քաղաքական գործիչներին ԹՊԿ-ն ներկայացնում է որպես կարևորագույն հանքանյութերի մատակարարումների դիվերսիֆիկացման գործիք, իբրև Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության հակակշիռ և որպես Եվրասիայում տրանսպորտային ուղիների բանալի: Հիշեցնենք, որ Հադսոնի ինստիտուտը Վաշինգտոնի ազդեցիկ նեոկոնսերվատիվ վերլուծական կենտրոններից մեկն է, որը մասնագիտանում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտներում: Այն ունի ռազմատենչ համբավ և ավանդաբար սերտ կապեր ունի Հանրապետական կուսակցության ղեկավարության և Պենտագոնի հետ:

Իր հերթին թուրքական կառավարամետ «Daily Sabah» հրատարակությունը ծրագրային մի հոդված է հրապարակել, որտեղ նշվում է Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա վերելքի՝ «արևածագի» մասին։ Հոդվածում նշվում է, որ ԹՊԿ-ն վերելք է ապրում որպես համաշխարհային տերություն, և ապագան կարող է ավելի շատ հնարավորություններ ընձեռել ավելի մեծ ինտեգրման համար։ Նշվում է, որ Անկարան փայփայում է «թյուրքական ԵՄ» ստեղծելու երազանքը՝ ընդհանուր այբուբենով, ընդհանուր թուրանական բանակով և նույնիսկ թյուրքական արհեստական բանականությամբ և, միևնույն ժամանակ, փորձում է ստանձնել Արևելքի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական հավասարակշռողի դերը։ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը մայիսին Ղազախստանում կայացած թյուրքական աշխարհի առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության ընթացքում միշտ հույսը դրել է մեկ կոնկրետ խմբի՝ թյուրքական աշխարհի հետ լավ հարաբերությունների վրա: Էրդողանը որպես ծրագրային ուղեցույց մեջբերում է Ղրիմի թաթար հայտնի մտավորական Իսմայիլ Գասպրինսկու «լեզվի, աշխատանքի և կարծիքի միասնության» տեսլականը և հպարտանում է թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների սերտացմամբ՝ ի շնորհիվ Թյուրքական պետությունների կազմակերպության։ ԹՊԿ-ի աշխարհաքաղաքական միավորը միավորում է 170 միլիոն մարդու և ունի 2 տրիլիոն դոլարի ՀՆԱ: Կազմակերպությունը հասունացել է այնքանով, որ կարող է մարտահրավեր նետել արտաքին տերությունների մեծ խաղին: Այժմ Անկարան հաջողությամբ կառուցում է «թյուրքական գոտի» Միջերկրական ծովից մինչև Չինաստան:

Անկարայի Ճգնաժամային և քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Մեհմեթ Սեյֆեթթին Էրոլը «Daily Sabah»-ին տված հարցազրույցում նշում է, որ ԹՊԿ-ն մեծ թափ է ստացել 2016 թվականից ի վեր։ Այն այժմ դինամիկ կառույց է, որը մշակութային ինքնության վրա հիմնված համագործակցության հարթակից վերածվել է ավելի ինստիտուցիոնալ, բազմակողմանի և «տեխնո-աշխարհաքաղաքական» մարմնի: Էրոլի խոսքով՝ ԹՊԿ-ն՝ իր բազմակողմանի աշխարհաքաղաքական հաղորդակցությամբ, փոխշահավետ քաղաքականության վրա հիմնված տնտեսական ինտեգրման մոդելով և հավասարակշռության վրա հիմնված կառուցողական, խաղաղ ռազմավարական դիվանագիտությամբ, «գործնականում հակաթույն» է այն դարաշրջանում, երբ համաշխարհային տերությունները մրցում և պայքարում են «աղբյուրների» և «միջանցքների» վերահսկողության համար՝ էներգետիկ ռեսուրսների (հիմնականում նավթի և գազի), կարևորագույն հանքանյութերի, թանկարժեք մետաղների և առաքման ուղիների կամ մատակարարման շղթաների համատեքստում։ Ռեսուրսներն ու միջանցքները Թուրքիայի հետաքրքրության հիմնական ոլորտներն են, որը տարեցտարի դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ ռեսուրսները և օգտագործում է հաստատված համաշխարհային երթուղիներին մասնակցելու ներուժը, որոնց համար այն ծառայում է որպես տարանցիկ կետ, կամուրջ և կարող է դառնալ շահառու։ «Այս համատեքստում, Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն էներգետիկ, առևտրային և տրանսպորտային ուղիների սրտում գտնվող ԹՊԿ-ն ավելի ու ավելի է դիտարկվում որպես զարգացող աշխարհաքաղաքական ոլորտ, որի կարևորությունն անհերքելի է դարձել արևելք-արևմուտք առանցքի երկայնքով Միջին միջանցքի աճող նշանակության, Տրանսկասպյան տրանսպորտային ցանցերի ընդլայնման և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ու եվրոպական շուկաների միջև այլընտրանքային տարանցիկ ուղիների որոնման լույսի ներքո», – ասաց Էրոլը։ Ըստ նրա. «Այնպիսի զարգացումները, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Կարմիր ծովից ու Մերձավոր Արևելքից բխող ճգնաժամերը, ընդգծել են անվտանգ և բազմազան լոգիստիկ միջանցքների կարևորությունը՝ ԹՊԿ-ի աշխարհագրությունը տեսանելի դարձնելով ոչ միայն «Արևելք-Արևմուտք» երթուղիների, այլև «Հյուսիս-Հարավ» միջանցքների համատեքստում»:

Նույն պարբերականին հարցազրույց տված Գազի համալսարանի դոցենտ Սինան Դեմիրթուրքը, որը Թուրքիայի քաղաքականության և ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի նախագահն է, նշում է, որ ԹՊԿ-ն կենտրոնական դեր ունի Թուրքիայի և թյուրքական աշխարհի քաղաքականության մեջ։ Ըստ նրա, հատկապես 2018 թվականի Նախիջևանի համաձայնագրից հետո, Թուրքական խորհուրդը վերափոխվեց մեծ կազմակերպության՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն անվամբ: Սա միջազգային մարմին է՝ քաղաքական արմատներով, ինչպես նաև ռազմական և տնտեսական ինտեգրման համար ենթակառուցվածքները պատրաստող մարմին: ԹՊԿ-ն ներուժ ունի ստեղծելու նոր բևեռ և հաստատելու համաշխարհային նոր ուժային կենտրոն: Դեմիրթուրքը նշեց, որ այս իրականությունն ավելի ակնհայտ է դարձել Ադրբեջանի ղարաբաղյան հաղթանակից հետո՝ նշելով, որ հաղթանակը տարածաշրջանում կայունության զգալի հիմք ստեղծեց. «Դրա արդյունքը թյուրքալեզու պետություններին ցույց տվեց, որ նրանց համագործակցությունը և քաղաքական ինտեգրացիան տարածաշրջանային արդյունքներ է ապահովում»։ Դեմիրթուրքի խոսքով, Թյուրքական աշխարհի՝ որպես միասնական ուժի վերելքը այն վերածել է համաշխարհային հիմնական դերակատարի. դրանք այլևս հետխորհրդային պետությունների և նրանց դաշնակիցների մի խումբ չեն, որոնք գտնվում են քաղաքական լուսանցքում: Այն այժմ դիտվում է որպես այլընտրանքային մատակարարման շղթաների և ներդրումների կենտրոն, որը գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի աշխարհագրական ծայրամասում։ Դեմիրթուրքը նշում է, որ Թուրքիայի և թյուրքալեզու պետությունների միջև համագործակցությունն արդեն բարձունքում է և կարող է նվաճել նոր բարձունքներ՝ մասնավորապես մատնանշելով հինգ տարի առաջ ընդունված «Թյուրքական աշխարհ 2040» տեսլականը՝ էներգետիկայի, զբոսաշրջության, բիզնեսի և ռազմական ոլորտներում ավելի խորը համագործակցություն խթանելու համար։

«ԱՄՆ-Իրան պատերազմը, մասնավորապես, ընդգծեց, թե որքան կարևոր է անվտանգությունը տարածաշրջանում և որքան է աճում Միջին միջանցքի արժեքը։ Թուրքական պետությունները ձգվում են Միջին միջանցքի երկայնքով, որն աշխարհի ամենակարևոր էներգամատակարարման անվտանգության ուղին է։ Այս ուղին նաև աշխարհի ամենակարևոր լոգիստիկ հանգույցներից և ցամաքային առևտրի ոլորտներից մեկն է», – ասաց Դեմիրթուրքը։
Ներկայացված մեջբերումներից ակնհայտ է դառնում, որ ժամանակակից պանթյուրքական քաղաքականությունը վաղուց դուրս է եկել զուտ մշակութային համագործակցության շրջանակներից։ Այն ներառում է տնտեսական ինտեգրման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համագործակցության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կապերի, ինչպես նաև տեղեկատվական և թվային միասնական տարածքի ձևավորման նախաձեռնություններ։ Վերջին տարիներին թուրքական պաշտոնական հայտարարություններում ավելի հաճախ են հնչում ընդհանուր այբուբենի, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ոլորտում համագործակցության և նույնիսկ պաշտպանական համակարգերի գործունեության համակարգման վերաբերյալ գաղափարներ։

«Միասնական թյուրքական աշխարհի» մասին հայտարարությունների հետևում թաքնված է շատ կոնկրետ նպատակ՝ Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Կովկասից։ Այդ նպատակով՝ ի թիվս թվարկված ծրագրերի, ստանդարտացվում են նաև դպրոցական ուսումնական ծրագրերը։ Այդ նպատակով ստեղծվում են ՀԿ-ների թվային աջակցության համակարգեր՝ գրավելու նպատակով նրանց հավատարմությունն ու վստահությունը, ովքեր դեռ երեկ հաճախում էին խորհրդային դպրոցներ։

Հունիսին Թուրքիայի մայրաքաղաքում TÜRKSOY-ի հովանու ներքո տեղի ունեցավ «Թյուրքական աշխարհի ինտեգրման նոր հորիզոններ» խորագրով սիմպոզիումը, որտեղ քննարկվեցին ոչ միայն «ընդհանուր այբուբեն»-ի մասին հարցեր, այլ նաև ընդհանուր լեզվի, միասնական հաղորդակցման միջավայրի, տնտեսական միջանցքների ու «ընդհանուր պաշտպանական գոտու» և «անվտանգության հովանոց»-ի վերաբերյալ ծրագրեր՝ Անկարայի հովանու ներքո։ Սիմպոզիումի շրջանակներում «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, թյուրքալեզու պետությունների հետ հարաբերությունների ղեկավար և Անկարայի խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր, դոկտոր Քուրշադ Զորլուն իր ելույթում՝ ընդգծելով թյուրքալեզու պետությունների միջև տնտեսական, մշակութային և ռազմավարական համագործակցության կարևորությունը, նշեց հետևյալը. «Այսօր մենք թյուրքական աշխարհը տեսնում ենք ոչ միայն որպես թյուրքական պետությունների կազմակերպություն, այլև որպես ընդհանուր արժեքների շատ ավելի լայն աշխարհագրական տարածք՝ մեր «սրտերի աշխարհագրության» տարածք։ Մեզ միավորող ամենակարևոր տարրը մեր լեզուն և հին մշակույթն է։ Մենք պետք է արագ քայլեր ձեռնարկենք ընդհանուր այբուբենի և տերմինաբանության վրա հիմնված հաղորդակցության ընդհանուր լեզու ստեղծելու ուղղությամբ։ Բացի այդ, տնտեսական միջանցքներում, էներգետիկ գծերում և պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համատեղ ջանքերը կստեղծեն թյուրքական աշխարհի փոխկապակցվածությունն ու անվտանգության հովանոցը համաշխարհային համակարգի շրջանակներում։ Ավելին, մենք շուտով կմեկնարկենք «Թյուրքական աշխարհի քաղաքացիական հասարակության աջակցության համակարգը», որի թվային ենթակառուցվածքը մենք ավարտել ենք՝ մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխազդեցությունը մեծացնելու համար»։

Մեր «սրտի աշխարհագրություն» արտահայտությունն առաջինը հնչեցրել է Էրդողանը իր ելույթներից մեկում, երբ խոսում էր Թուրքիայի ֆիզիկական, աշխարհագրական սահմանների մասին՝ նշելով, որ այդ սահմաններն ավելի լայն են, քան իրական սահմանների ներքո ամփոփված այսօրվա Թուրքիան, և իրենք իրավունք չունեն մոռանալու իրենց «սրտի սահմանների» մասին, որոնք շատ ավելի ընդարձակ են և սրբազան: Այդ սահմանների ներքո ակնարկվում են և՛ Օսմանյան կայսրությունը, և՛ թյուրքական երկրները, և՛ ծովային տարածքները և բոլոր այն հորիզոնները, ուր հասնում են թուրքական անհագուրդ ծավալապաշտական ծրագրերը:

Եվ այսպիսով, միասնական ուսումնական ծրագրերի մշակման և քննարկման նպատակով Ղազախստանի խորհրդանշական անվանում ունեցող Թուրքեստան քաղաքում հունիսին տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կրթության նախարարների 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, ԹՊԿ քարտուղարության ներկայացուցիչները, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների և դիտորդների պատվիրակությունները։ Ի դեպ, այդ նույն Թուրքեստան քաղաքում է գտնվում «Խոջա Ահմեդ Յասավիի» անվան միջազգային ղազախա-թուրքական համալսարանը՝ երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որը ստեղծվել է Ղազախստանի և Թուրքիայի միջև կրթական կապերը ամրապնդելու համար։ Հանդիպման ժամանակ Կազմակերպության կրթության նախարարները քննարկել են «Բարձրագույն կրթության ընդհանուր տարածք»-ի ստեղծման նախագիծը, դիպլոմների փոխադարձ ճանաչման, ընդհանուր չափորոշիչների և ուսանողների ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցեր։ Ի թիվս այլ հարցերի, կարևորվեց ԹՊԿ անդամ պետությունների կրթական համակարգերի հետագա ինտեգրումը և Կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը մինչև 2040 թվականը։

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի կողմից այնտեղ մեկ այլ հետաքրքիր հայտարարություն արվեց առ այն, որ Թուրքական ակադեմիան ավարտել է թյուրքական աշխարհի պատմության, աշխարհագրության և գրականության միասնական դասագրքերի վրա աշխատանքը, և դրանք այժմ ներդրվում են կրթական գործընթացում։ Սակայն, առայժմ, միայն թուրքական դպրոցներում և որպես ընտրովի առարկաներ։

Այս դասագրքերը դեռևս չեն օգտագործվում Կենտրոնական Ասիայի երկրներում, սակայն դրանց ներդրման ծրագիրը հատուկ ուղղված է հետխորհրդային տարածքին: Նպատակը պարզ և հստակ է՝ վերաձևակերպել ինքնությունը և իրական պատմությունը փոխարինել թյուրքական առասպելներով: Հենց այս դասագրքերում են հեղինակները ազատվել «Կենտրոնական Ասիա» եզրույթից՝ այն փոխարինելով «Թուրքեստան» եզրույթով: Ի դեպ, Թուրքիայի կրթության նախարարն աչքի է ընկել մի շարք այլ ուշագրավ կրթական նախաձեռնություններով, որոնք ուղղված են պատմա-աշխարհագրական անվանումների և պատմական իրադարձությունների անվանափոխմանը՝ համապատասխան թուրքական մենթալիտետային ընկալումների և ուղղված պատմական հիշողության վերաձևմանը: Դրանցից մի քանիսը. «Էգեյան ծով» (Ege Denizi) – «Կղզիների ծով» (Adalar Denizi): «Աշխարհագրական հայտնագործություններ» (Coğrafi Keşifler)– «Գաղութատիրության սկիզբը» (Sömürgeciliğin Başlangıcı):

Հատկանշական է, որ Թուրքեստան նշանակում է (պարսկ.՝ «Թյուրքերի երկիր») իսկ Թուրան նշանակում է (պարսկ.՝ «Թուրի երկիր») – իրանախոս քոչվոր ժողովուրդների (սկյութներ, սարմատներ և այլն) բնակության հին տարածք: Թուրը պարսկական «Շահնամե» էպոսի կերպար է։ Իրանի լեգենդար թագավոր Ֆերեյդունի երկրորդ որդին (նրա անունը, որ նշանակում է «քաջ», նրան տվել է հայրը, երբ երիտասարդ արքայազնը քաջաբար կռվել է վիշապի դեմ, որը հարձակվել է իր և իր եղբայրների վրա)։ Բոլոր այս անվանումներն ունեն իրանական քաղաքակրթական արմատներ: Թե ինչպես այդ եզրույթները դարձան թուրքական ազգայնական քարոզչության մեխանիզմներ՝ առանձին ուսումնասիրության առարկա է:

Բայց թե ինչպես է Թուրքիան թյուրքական երկրների համախմբման նպատակով օգտագործում պանթյուրքական գաղափարները և գաղափարախոսներին, կարող ենք հասկանալ՝ անդրադառնալով հետևյալ նախաձեռնությանը:

Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը (TÜRKSOY) իր անդամներին մատուցել է շատ յուրահատուկ նվեր՝ 2026 թվականը հայտարարելով Զիյա Գյոքալփի հիշատակի տարի՝ նրա ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: Գյոքալփը ոչ միայն մտածող է, այլև թուրքական ազգայնականության և պանթյուրքիզմի հիմնական գաղափարախոսներից մեկը։ Եվ այսպիսով, 2026 թվականին թյուրքական աշխարհում ծավալվում է նրա ժառանգությանը նվիրված միջոցառումների ալիք։ Գյոքալփի՝ թյուրքական մշակութային տարածքը միավորելու և ընդհանուր լեզու ստեղծելու ծրագիրն այսօր մեր աչքերի առաջ իրականություն է դառնում։ Միասնական թյուրքական այբուբենն արդեն ստեղծվել է և խթանվում է։ Թյուրքական ակադեմիան ակտիվորեն ստեղծում է գաղափարախոսությամբ լիցքավորված գրականություն և մտադիր է այդ հիմքի վրա մշակել ընդհանուր մշակութային լեզու։ Թուրքական ոճով ինտեգրացիան լիարժեք ընթացքի մեջ է, և Գյոքալփի ազգայնականական գաղափարները բացահայտորեն տարածվում են ԹՊԿ-ի և այլ կառույցների միջոցով։

Միակ միջինասիական երկիրը, որը քիչ թե շատ դիմադրում է թուրքական ագրեսիվ էքսպանսիային, Թուրքմենստանն է, որը ԹՊԿ-ի ոչ թե անդամ, այլ՝ դիտորդ պետություն է և առայժմ չի շտապում անդամակցել նրան: Թուրքմենստանը Թուրքիայի ամենադժվար գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Թուրքմենստանը չի դառնում ԹՊԿ-ի լիիրավ անդամ, քանի որ ցանկանում է որոշումների կայացման գործընթացներում պահպանել ինքնիշխանությունը,- կարծում է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը։ Թուրք քաղաքագետի խոսքով Աշխաբադը ռազմաքաղաքական և քաղաքական կազմակերպություններում պահպանում է չեզոքություն, սակայն սա չէ հիմնական պատճառը, որ այն չի դառնում ԹՊԿ-ի լիիրավ անդամ։ Հիմնական պատճառն այն է, որ Թուրքմենստանը ցանկանում է պահպանել իր ինքնիշխանությունը կարևոր որոշումների կայացման գործընթացում: Թուրքիան, այսպես ասած, Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդն է: Ըստ Հասի, Թուրքիան արդյունավետորեն օգտագործում է այս կազմակերպությունն իր շահերն առաջ մղելու համար: Թուրքմենստանը գրեթե ամբողջությամբ փակ երկիր է, և նա չի ցանկանում իր ինքնիշխանությունը կիսել այլ երկրների հետ։ Բացի այդ, Թուրքմենստանի և ԹՊԿ անդամ հանդիսացող Ադրբեջանի միջև կան վիճելի հարցեր Կասպից ծովում գազի հանքավայրերի վերաբերյալ։ Այդ պատճառով Թուրքմենստանը կարող է ավելի շատ զիջումներ պահանջել:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ և թյուրքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում էր, որ Թուրքմենստանը միշտ որոշակի դիրքորոշում է զբաղեցրել թյուրքական պետությունների նկատմամբ, ինչը պայմանավորված է պատմական գործոններով։ «Եթե նայեք թուրքմենների պատմությանը, նրանք կարծում են, որ այսպես կոչված թյուրքական ցեղերը, որոնք Թուրքմենստանից և Թուրքեստանից գաղթել են Իրան, Ադրբեջան և այնուհետև՝ Փոքր Ասիա, իրականում թուրքմենական ցեղեր են։ Հետևաբար, նրանք չեն ցանկանում ենթակա դառնալ Անկարային», – RTVI-ին ասել է Տարասովը։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանը դիրքավորում է իր հատուկ դերն ու նշանակությունը։ Խոսքը հակամարտության կամ թշնամության մասին չէ. «Նրանք պարզապես ունեն այդպիսի հատուկ դիրքորոշում», – կարծում է փորձագետը։

Այսպիսով, թյուրքական պետություններում, առնվազն, դրանցից որոշներում, միանշանակ չէ վերաբերմունքը Թուրքիայի աշխույժ կլանող քաղաքականության նկատմամբ: Անկասկած, թուրքական ներդրումային ծրագրերը շատ գրավիչ կարող են լինել ետխորհրդային հանրապետությունների համար: Սակայն, գիտակցել «մեծ եղբոր» գերակայությունը և անվերապահորեն ենթարկվել նրա քաղաքական քմահաճույքներին այդքան էլ հաճելի հեռանկար չէ, հատկապես, երբ ինքդ ունես հարուստ պաշարներ և հանդիսանում ես էներգոռեսուրսակիր պետություն, ինչից զուրկ է «մեծ եղբայրը», սակայն ցանկանում է քո պաշարների հաշվին և աշխարհագրական դիրքի շնորհիվ դառնալ համաշխարհային օրակարգ թելադրող գերտերություն:

Էլեկտրոնային աղբյուրներ.

https://www.hudson.org/foreign-policy/washington-should-work-turkic-states-luke-coffey
https://www.dailysabah.com/politics/turkic-unity-rises-in-fragmented-world-with-turkiye-bracing-to-steer-it/news
https://www.turksoy.org/haberler/ozbekistan-cumhurbaskani-mirziyoyev-kultur-ve-sanat-dunyasinin-temsilcileriyle-bir-araya-geldi
https://www.gov.kz/memleket/entities/sci/press/news/details/1236445?lang=ru&ysclid=mq5f86cbe2433030283
https://youtu.be/jadkusB74Hk?si=7XZ37wPHhZMiTjEM
https://rtvi.com/news/eksperty-obyasnili-pochemu-turkmenistan-ne-stanovitsya-polnopravnym-chlenom-otg/

Սաբինա Մուրադյան

Դրօշակ» թիվ 7 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Աշխարհաքաղաքական պատրանքներ և իրականու

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան հեր

06 Օգոստոս 2026
Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությա

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետ

06 Օգոստոս 2026
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությու

04 Օգոստոս 2026
Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությու

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայությա

04 Օգոստոս 2026
Պետք է լինել միասնական պարտադրվող օրակ

«Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույ

04 Օգոստոս 2026
Պաշտօնական Յայտարարութիւն Երուսաղէմի

Յայտարարութիւն Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը խստագոյնս կը դատապարտէ Երու

04 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Գնահատեց

Նիւ Եորքի համալսարանի լիաժամ ու Պէյրութի ամերիկեան համալսարան այցելու դասախօս,

04 Օգոստոս 2026
Շնորհաւորական ու երախտագիտութեան նամակ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ջերմօրէն կը շնորհաւորէ Ձեզ, ինչպէս նաեւ Քորսիքա

04 Օգոստոս 2026
«Մարիոթ»-ը Ջնջեց Դէպի Արցախ Զբօսաշրջայ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ. – «Մարիոթ Պոնվոյ»-ը դադրեցուցած է դէպի Արցախի գրաւեալ հողերը կազմա

04 Օգոստոս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատվությ

Ընտրությունները, իրենց բուն նպատակին զու- գահեռ, լուծում են դրանից բխող մեկ կա

04 Օգոստոս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 13-րդ բանակումը աւար

«Արարատի համար՝ կանգուն» մնալու հաստատակամութեամբ եւ չորս տարի ետք կրկին հանդի

03 Օգոստոս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2026 թ. 7-րդ համարը: Թերթի հուլիսյան համարը

03 Օգոստոս 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց «Ուժ

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կա

02 Օգոստոս 2026
Դուք ժողովրդի մեծամասնության անունից չ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Օգոստոս 2026
Պարտվողա-կապիտուլյացիոն դիվանագիտությա

Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող

31 Հուլիս 2026
Փարիզի Մէջ Լիզպոնի Հինգի Ոգեկոչում

Փարիզի ՀՅԴ «Արմէն Կարօ» ենթակոմիտէն` իր աւանդութեան հաւատարիմ եւ ինչպէս ամէն տ

31 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company