ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաստանի ռազմավարական անվտանգության ընտրությունը

06 Օգոստոս 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղուց դուրս է եկել միայն իրավական և քարտեզագրական ճշգրտումների շրջանակից։ Այն վերածվել է Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական և անվտանգային կարգի վերաձևավորման առանցքային գործընթացներից մեկի, որի շրջանակում փոփոխվում են ոչ միայն սահմանային գծերը, այլև տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, հաղորդակցությունների վերահսկման տրամաբանությունը և պետությունների ռազմավարական հնարավորությունները։

Տիգրանաշենի շուրջ ընթացող քննարկումները այս գործընթացի առավել տեսանելի դրսևորումներից են, սակայն դրանց իրական նշանակությունը շատ ավելի լայն է, քան մեկ տարածքի կարգավիճակի կամ մեկ ճանապարհային հատվածի շուրջ ծագած վեճը։ Տիգրանաշենի հարցը, այս իմաստով, դառնում է այն ավելի մեծ ռազմավարական խնդրի արտահայտությունը, որի առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունը. ընթացող գործընթացը ձևավորո՞ւմ է արդյոք երկարաժամկետ անվտանգային կարգավորում, որի պայմաններում Հայաստանի կենսական շահերը և պետական ինքնիշխանության առանցքային բաղադրիչները կարող են ապահովված լինել, թե՞ իրավական ձևակերպումների միջոցով ամրագրվում են պատերազմից հետո ձևավորված ուժային հարաբերակցության պայմաններում ստեղծված նոր իրողությունները։

Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի հարցի վերաբերյալ հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն երկկողմ սահմանային գործընթացի, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական խորապատկերի շրջանակում։ Գործող վարչապետի ներկայացրած մոտեցման հիմքում ընկած է այն տեսակետը, որ անկլավների հարցը չի կարող դուրս մնալ սահմանազատման գործընթացի օրակարգից, քանի որ այն վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի կողմից առաջադրվող պահանջներին, այլև Հայաստանի համար առկա տարածքային խնդիրներին՝ մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի հարցին։

Փաշինյանի դիրքորոշման առանցքային փաստարկն այն է, որ եթե կողմերը սահմանազատման հիմքում ընդունում են խորհրդային ժամանակաշրջանի վարչական սահմանների սկզբունքը, ապա այդ սկզբունքը պետք է կիրառվի ամբողջական և փոխադարձաբար՝ առանց ընտրովի մոտեցման։

Այս մոտեցումը հիմնված է որոշակի իրավաքաղաքական հաշվարկի վրա, ըստ որի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված պետությունների միջև կայուն հարաբերությունների ձևավորման կարևոր նախապայմանը պետք է լինի նախկին վարչական սահմանների միջազգային իրավական ճանաչումը։

Այս տրամաբանության շրջանակում սահմանազատման և սահմանագծման գործընթացը դիտարկվում է ոչ թե պարզապես տարածքային զիջումների կամ փոխզիջումների մեխանիզմ, այլև որպես երկարատև հակամարտության իրավական կարգավորման և տարածաշրջանային կայունության ապահովման հնարավորություն։ Ըստ այս մոտեցման՝ սահմանների հստակեցումը պետք է նպաստի երկարատև սահմանային անորոշությունների և տարածքային վեճերի կարգավորմանը՝ նվազեցնելով դրանցից բխող անվտանգային ռիսկերը և ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որտեղ կողմերը, միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման միջոցով, կարող են անցնել հարաբերությունների նոր փուլ։

Սակայն այստեղ է առաջանում առավել կարևոր ռազմավարական հարցը. հնարավո՞ր է արդյոք սահմանազատման գործընթացը գնահատել միայն քարտեզների, վարչական բաժանումների և իրավական փաստաթղթերի տրամաբանությամբ՝ առանց հաշվի առնելու այն աշխարհաքաղաքական պայմանները, որոնցում այն իրականացվում է։

Սահմանները ոչ միայն իրավական կատեգորիա են, այլև պետությունների միջև ուժերի հարաբերակցության արտահայտություն։ Այդ պատճառով նույն իրավական սկզբունքը կարող է տարբեր հետևանքներ ունենալ՝ կախված այն քաղաքական և ռազմավարական միջավայրից, որտեղ այն կիրառվում է։

Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ է հուշում, երբ սահմանների ձևավորումն ու փոփոխությունը պայմանավորված են եղել ոչ միայն իրավական փաստաթղթերով, այլև պատերազմների արդյունքներով, քաղաքական համաձայնություններով և ուժային նոր հավասարակշռություններով։ Եվրոպայի պատմությունը հատկապես խոսուն օրինակ է։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում Գերմանիան փորձեց վերանայել իր համար անբարենպաստ սահմանային կարգավորումները՝ հենվելով ուժի կիրառման քաղաքականության վրա, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի սահմանային համակարգը վերաձևավորվեց արդեն Գերմանիայի պարտության և դաշնակիցների գերակայության պայմաններում։

Այս և նման օրինակները ցույց են տալիս, որ իրավական կարգավորումները երբեք չեն ձևավորվում աշխարհաքաղաքական հավասարակշռության բացակայության պայմաններում։ Դրանք առավել կայուն են դառնում այն ժամանակ, երբ արտահայտում են ոչ միայն իրավական համաձայնություն, այլև այնպիսի քաղաքական հավասարակշռություն, որը կողմերին հնարավորություն է տալիս պահպանելու ձեռք բերված կարգավորումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի Արցախի կորստից հետո ձևավորված նոր ուժային հարաբերակցությունների պայմաններում։ Այս հանգամանքը հնարավոր չէ անտեսել, քանի որ սահմանների հարցը քննարկվում է ոչ թե նախկին ուժային հավասարակշռության պահպանման, այլ պատերազմի հետևանքով արմատապես փոփոխված տարածաշրջանային միջավայրում։

Ադրբեջանը բանակցային գործընթացում հանդես է գալիս ոչ միայն «իրավական» հիմնավորումներով, այլև այն ռազմաքաղաքական առավելություններով, որոնք ձևավորվել են ռազմական գերակշռության և պատերազմի հետևանքով ամրապնդված տարածաշրջանային դիրքի արդյունքում։ Հայաստանի համար, հետևաբար, սահմանազատման և սահմանագծման խնդիրը չի կարող սահմանափակվել միայն իրավական գործընթացի շրջանակով. այն առաջին հերթին պետական անվտանգության, ռազմավարական կայունության և երկարաժամկետ ինքնիշխանության ապահովման խնդիր է։

Հենց այս կետում է առաջանում Հայաստանի գործող իշխանության մոտեցման նկատմամբ հիմնական ռազմավարական վերապահումը։ Խնդիրը սահմանների իրավական հստակեցման անհրաժեշտության մերժումը չէ, քանի որ յուրաքանչյուր պետություն շահագրգռված է կանխատեսելի և ճանաչված սահմանների գոյությամբ։ Հարցն այն է, թե ընթացող գործընթացը զուգահեռաբար ստեղծո՞ւմ է արդյոք այնպիսի անվտանգային պայմաններ, որոնք թույլ կտան Հայաստանին պահպանել իր ռազմավարական ինքնուրույնությունը և նվազեցնել հնարավոր արտաքին ճնշումների նկատմամբ խոցելիությունը։

Եթե սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ կողմերի միջև առկա է ռազմական, տնտեսական և դիվանագիտական հնարավորությունների էական տարբերություն, ապա իրավական կարգավորումը կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված համաձայնության, այլ արդեն ձևավորված ուժերի հարաբերակցության իրավական ամրագրման։

Իրավական փաստաթուղթը կարող է սահմանել սահմանների կարգավիճակը և ձևակերպել կողմերի պարտավորությունները, սակայն ինքնին չի ստեղծում անվտանգային հավասարակշռություն։ Եթե դրա հիմքում չկա այնպիսի քաղաքական և ռազմավարական միջավայր, որը կողմերին հնարավորություն և իրական խթան է տալիս պահպանելու ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա իրավական կարգավորումը կարող է չվերածվել իրական անվտանգության և կայունության։

Այս տեսանկյունից Տիգրանաշենի հարցը դուրս է եկել միայն տարածքային պատկանելության շուրջ ընթացող քննարկումների շրջանակից։ Այն առնչվում է Հայաստանի պետական տարածքի կազմակերպման և անվտանգային համակարգի այնպիսի բաղադրիչների, որոնք չեն կարող գնահատվել բացառապես իրավական կամ վարչատարածքային չափանիշներով։

Աշխարհաքաղաքականության տեսանկյունից տարածքի արժեքը չի սահմանափակվում նրա չափերով կամ իրավական կարգավիճակով։ Դրա ռազմավարական նշանակությունը պայմանավորված է այն գործառույթով, որը տվյալ տարածքը կատարում է պետության անվտանգության, տարածքային կապակցվածության և ռազմավարական շարժունակության ապահովման գործում։

Այս տրամաբանության սահմաններում Տիգրանաշենի հարցը պետք է դիտարկել որպես Հայաստանի պետական տարածքի ֆունկցիոնալ ամբողջականության և անվտանգային համակարգի պահպանմանն առնչվող ռազմավարական հարց։

Դասական և ժամանակակից աշխարհաքաղաքական տեսությունները ցույց են տալիս, որ պետությունների միջև մրցակցությունը վաղուց այլևս չի սահմանափակվում տարածքների ընդարձակմամբ։ Որոշիչ նշանակություն են ձեռք բերել այն աշխարհագրական կետերն ու տարածքները, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու հաղորդակցային հանգույցները, բնական անցումները և ռազմավարական միջանցքները։ Հենց այդ պատճառով աշխարհաքաղաքական մրցակցությունը հաճախ ծավալվում է ոչ թե տարածքի չափի, այլև դրա ռազմավարական գործառույթի շուրջ։

Հորմուզի նեղուցը դրա ամենախոսուն օրինակներից է։ Իրանը, իր աշխարհագրական դիրքի շնորհիվ վերահսկելով նեղուցը, այդ առավելությունը վերածել է իր տարածաշրջանային քաղաքականության և զսպման ռազմավարության կարևոր բաղադրիչի՝ ձեռք բերելով նաև ազդեցության լրացուցիչ լծակներ միջազգային հարաբերություններում։ Այս օրինակը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքականության մեջ որոշիչը ոչ թե տարածքի չափերն են կամ իրավական կարգավիճակը, այլ այն ռազմավարական ազդեցությունը, որն այդ տարածքն ունի պետության հնարավորությունների և ուժերի հարաբերակցության վրա։

Այս իմաստով Տիգրանաշենի նշանակությունը ևս պետք է գնահատել ոչ թե վարչատարածքային կամ զուտ իրավական չափանիշներով, այլ այն հարցի տեսանկյունից, թե դրա շուրջ կայացվող որոշումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տարածքային կապակցվածության, հաղորդակցային անվտանգության, ռազմավարական շարժունակության և, ավելի լայն իմաստով, պետական անվտանգային համակարգի վրա։

Հետևաբար, սահմանազատման գործընթացի գնահատման հիմնական չափանիշը պետք է լինի ոչ միայն դրա իրավական հիմնավորումը, այլև այն, թե դրա արդյունքում ամրապնդվո՞ւմ են, թե՞ թուլանում պետության ռազմավարական դիրքերն ու անվտանգային դիմադրողականությունը։

Այս աշխարհաքաղաքական օրինաչափությունը Հարավային Կովկասում առավել հստակ դրսևորվում է հաղորդակցային ուղիների շուրջ ձևավորված մրցակցության պայմաններում։ Վերջին տարիներին տարածաշրջանային մրցակցությունն այլևս չի սահմանափակվում միայն սահմանների և տարածքային հարցերի շրջանակով. այն ներառում է նաև տարանցիկ ենթակառուցվածքների, հաղորդակցային ուղիների և տարածքային կապակցվածության նկատմամբ վերահսկողության խնդիրները։

Ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ հաղորդակցությունները վաղուց դադարել են լինել միայն տնտեսական կամ տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ վերածվելով ռազմավարական ազդեցության, քաղաքական ներգործության և տարածաշրջանային ուժերի հարաբերակցության ձևավորման կարևոր գործոնների։

Այս տրամաբանության շրջանակում Ադրբեջանի կողմից առաջ մղվող հաղորդակցային օրակարգը դժվար է գնահատել միայն տնտեսական համագործակցության կամ սահմանների իրավական ճանաչման տրամաբանությամբ։ Այն ավելի լայն գործընթացի բաղադրիչ է, որի միջոցով ձևավորվում են տարածաշրջանում ուժերի հարաբերակցության և ռազմավարական ազդեցության նոր հարաբերություններ։

Այս խորապատկերում սահմանազատման և սահմանագծման գործընթացը միայն որպես խաղաղության հաստատման իրավաքաղաքական մեխանիզմ դիտարկելը պահանջում է առավել խորքային գնահատում։ Խաղաղությունը, անշուշտ, որևէ պետության բարձրագույն քաղաքական նպատակներից մեկն է, սակայն միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ պատերազմի բացակայությունը դեռևս չի նշանակում կայուն խաղաղություն։

Կայուն խաղաղությունը ձևավորվում է այնպիսի ռազմավարական միջավայրում, որտեղ ուժերի հարաբերակցությունը, փոխադարձ զսպման մեխանիզմները և անվտանգության համակարգը պատերազմը բոլոր կողմերի համար դարձնում են ավելի ծախսատար, քան խաղաղության պահպանումը։

Այդ իմաստով խաղաղության համաձայնագիրը սովորաբար ինքնին չի ստեղծում ռազմավարական հավասարակշռություն, այլ իրավական ձև է հաղորդում այն ուժերի հարաբերակցությանը, որի պայմաններում այդ համաձայնությունը ձեռք է բերվում։

Եթե խաղաղության գործընթացը չի ուղեկցվում անվտանգության գործուն մեխանիզմներով և այնպիսի ուժերի հարաբերակցությամբ, որը կողմերի համար ստեղծում է ձեռք բերված կարգավորումը պահպանելու իրական ռազմավարական խթաններ, ապա այն կարող է ոչ թե վերացնել հակամարտության հիմքում ընկած ռիսկերը, այլ դրանք տեղափոխել նոր իրավական և քաղաքական միջավայր։

Այդ պայմաններում նախկին հակասությունները կարող են պահպանել իրենց ազդեցությունը՝ դրսևորվելով արդեն նոր ձևերով և ստեղծելով նոր ճգնաժամերի ու ուժի կիրառման հնարավորությունների առաջացման պայմաններ։

Միջազգային հարաբերությունների պատմությունը փաստում է, որ միայն իրավական համաձայնությունները կամ քաղաքական փոխզիջումները միշտ չէ, որ ձևավորում են կայուն խաղաղություն, եթե դրանց հիմքում բացակայում են ուժի կիրառումը սահմանափակող, փոխադարձ վստահություն ձևավորող և ձեռք բերված կարգավորումների երկարաժամկետ կենսունակությունն ապահովող արդյունավետ մեխանիզմներ։

Այս իմաստով ուշագրավ օրինակ է 1990-ականների իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացը, մասնավորապես՝ 1993 թվականի Օսլոյի համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները, որոնք ստեղծեցին քաղաքական երկխոսության և փոխադարձ ճանաչման նոր շրջանակ, սակայն չապահովեցին այնպիսի անվտանգության համակարգ, որը թույլ կտար հաղթահարել խորքային հակասությունները և ձևավորել կայուն խաղաղություն։

Այս փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ քաղաքական համաձայնությունը և իրավական պարտավորությունները կարող են մնալ խոցելի, եթե դրանք չեն ուղեկցվում այնպիսի ռազմավարական հավասարակշռությամբ և գործնական մեխանիզմներով, որոնք կողմերի համար խաղաղության պահպանումը դարձնում են ավելի շահավետ, քան ուժային ճանապարհով առկա կարգավորումների վերանայումը։

Հետևաբար, սահմանազատման և սահմանագծման գործընթացի քաղաքական գնահատականը չի կարող սահմանափակվել միայն դրա իրավական կամ դիվանագիտական բաղադրիչով։ Այն պետք է ներառի նաև հիմնարար հարցադրումը՝ ձևավորվող կարգավորումն ամրապնդո՞ւմ է, թե՞ թուլացնում կողմերի ռազմավարական դիրքերը և անվտանգային դիմադրողականությունը։

Այս տեսանկյունից Փաշինյանի այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների հարցի քննարկումից՝ հաշվի առնելով Արծվաշենի խնդիրը, արտահայտում է իրավական փոխադարձության տրամաբանություն։ Սակայն տարածքային հարցերի գնահատման դեպքում իրավական համարժեքությունը ինքնին դեռևս չի նշանակում ռազմավարական համարժեքություն։

Նույն իրավական սկզբունքի կիրառումը տարբեր տարածքների նկատմամբ կարող է ունենալ տարբեր քաղաքական և անվտանգային հետևանքներ՝ կախված դրանց աշխարհագրական դիրքից, հաղորդակցային նշանակությունից և պետության անվտանգության համակարգում ունեցած դերից։

Այս խորապատկերում սահմանային հարցերի շուրջ որոշումները չեն կարող գնահատվել միայն այն հիմքով, թե տվյալ տարածքի վերաբերյալ ինչ իրավական փաստարկներ կարող են ներկայացվել։ Անհրաժեշտ է նաև դիտարկել, թե այդ որոշումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ պետության տարածքային կապակցվածության, ռազմավարական շարժունակության և երկարաժամկետ անվտանգության իրավիճակի վրա։

Միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ իրավական համարժեքությունը միշտ չէ, որ նշանակում է ռազմավարական համարժեքություն։ Տարբեր տարածքային հարցեր կարող են ունենալ նմանատիպ իրավական հիմքեր, սակայն դրանց քաղաքական և անվտանգային հետևանքները կարող են էապես տարբերվել՝ պայմանավորված տվյալ տարածքների աշխարհագրական դիրքով, գործառույթով և պետության ընդհանուր ռազմավարական միջավայրում ունեցած նշանակությամբ։

Հետևաբար, տարածքային խնդիրների գնահատումը չի կարող սահմանափակվել միայն իրավական պատկանելիության կամ փոխադարձության սկզբունքով։ Այն պետք է ներառի նաև այն հարցը, թե ձևավորվող կարգավորումը ինչպիսի ռազմավարական միջավայր է ստեղծում պետության համար։

Այս առումով Արծվաշենի և Տիգրանաշենի հարցերի զուտ «մեկը մյուսի դիմաց» սկզբունքով համադրումը կարող է անտեսել այն հանգամանքը, որ տարբեր տարածքներ կարող են ունենալ ոչ նույնական ռազմավարական նշանակություն՝ նույնիսկ եթե դրանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերը ձևականորեն համադրելի են։

Խնդիրը միայն այն չէ, թե որ տարածքն ում վարչական սահմաններում է գտնվելու, այլև այն, թե տվյալ տարածքի շուրջ ընդունվող որոշումն ինչ ազդեցություն կարող է ունենալ պետության տարածքային կապակցվածության, հաղորդակցային հնարավորությունների և երկարաժամկետ անվտանգության պատկերի վրա։

Այս պատճառով սահմանային գործընթացների նկատմամբ պետական մոտեցումը չի կարող սահմանափակվել միայն իրավական փաստաթղթերի և քարտեզագրական ճշգրտումների շրջանակով։ Սահմանը պետության տարածքային իրավազորության արտահայտությունից ավելին է. այն անվտանգության համակարգի բաղադրիչ է, որի միջոցով պետությունն ապահովում է իր պաշտպանությունը, հաղորդակցային կապերը, տնտեսական կենսունակությունը և ռազմավարական ինքնուրույնությունը։

Ուստի յուրաքանչյուր սահմանային որոշման իրական նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն այն իրավական ձևակերպումներով, որոնք ամրագրվում են փաստաթղթերում, այլև այն պետական կարողությունների և ռազմավարական հնարավորությունների տեսանկյունից, որոնք այդ որոշումը ստեղծում կամ սահմանափակում են ապագայում։

Հենց այս խորապատկերում Տիգրանաշենի շուրջ ձևավորված քննարկումը պետք է դիտարկել որպես ավելի լայն ռազմավարական ընտրության արտահայտություն։ Դրա հիմնական հարցը միայն այն չէ, թե ինչպես կավարտվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, այլև այն, թե ինչպիսի անվտանգության մոդել է Հայաստանը փորձում ձևավորել նոր տարածաշրջանային պայմաններում։

Այդ ընտրությունը վերաբերում է ոչ միայն սահմանային գծերի իրավական ամրագրմանը, այլև այնպիսի պետական միջավայրի ձևավորմանը, որտեղ սահմանները կարող են իրականում ապահովել անվտանգության, կայունության և ինքնիշխան որոշումների պահպանման գործառույթ։

Հետևաբար, սահմանային գործընթացների քաղաքական գնահատման առանցքում պետք է լինի ոչ միայն ձեռք բերված իրավական ձևակերպումների ուսումնասիրությունը, այլև դրանց ռազմավարական հետևանքների գնահատումը։ Կարևոր է հասկանալ՝ արդյոք ձևավորվող կարգավորումը բարձրացնո՞ւմ է Հայաստանի պաշտպանունակությունը, ամրապնդո՞ւմ ռազմավարական ինքնուրույնությունը և մեծացնո՞ւմ երկարաժամկետ դիմադրողականությունը, թե՞ հիմնականում իրավականորեն ամրագրում է այն իրողությունները, որոնք ձևավորվել են ուժերի հարաբերակցության էական փոփոխության պայմաններում։

Այս հարցադրումը պետք է ընկած լինի որևէ սահմանային գործընթացի գնահատման հիմքում, քանի որ պետության համար սահմանը ոչ միայն անցյալի վարչական ժառանգություն է, այլև ապագայի անվտանգության ճարտարապետության հիմնարար տարր։

Հայաստանի համար սահմանների հարցը չի կարող սահմանափակվել միայն քարտեզների ճշգրտմամբ. այն պետական ինքնուրույնության ավելի լայն խնդրի մասն է՝ երկիրը կարո՞ղ է արդյոք ձևավորել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ոչ միայն արձագանքել արտաքին գործընթացներին, այլև պահպանել որոշումների կայացման ազատությունը և նվազեցնել արտաքին ճնշումների նկատմամբ խոցելիությունը։

Սահմանազատման գործընթացի իրական արժեքը որոշվելու է ոչ միայն քարտեզի վրա ամրագրվող գծերով կամ իրավական փաստաթղթերով, այլև այն պետական կարողություններով և ռազմավարական միջավայրով, որոնք կձևավորվեն դրանցից հետո։

Եթե այդ միջավայրը ապահովում է ռազմավարական հավասարակշռություն, ինքնիշխան որոշումների ազատություն և երկարաժամկետ անվտանգություն, ապա սահմանների կարգավորումը կարող է դառնալ կայունության հիմք։ Հակառակ դեպքում նույնիսկ իրավականորեն ամրագրված լուծումները կարող են մնալ ժամանակավոր և խոցելի։

Արամ Շահնազարյան

Դրօշակ» թիվ 7 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company