ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հայաստանի եվրոպական շրջադարձի գեոտնտեսական գինը

06 Օգոստոս 2026

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների արտոնյալ մատակարարումների գործող ռեժիմը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը։ Այս մասին նշվում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մայիսի 27-ին ուղարկված նամակում։

Փաստորեն, Մոսկվան առաջին անգամ նման հստակությամբ է կապում Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականությունը հնարավոր էներգետիկ հետևանքների հետ։

Սակայն ստեղծված իրավիճակը գնահատելիս անհրաժեշտ է դուրս գալ միայն քաղաքական հայտարարությունների շրջանակից և դիտարկել այն գեոտնտեսական իրականության համատեքստում։

Այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնական հարցը ոչ այնքան այն է, թե արդյո՞ք երկիրը կարող է փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, որքան այն, թե արդյոք ունի՞ բավարար ենթակառուցվածքային, ֆինանսական և տեխնոլոգիական հնարավորություններ՝ այդ փոփոխության հնարավոր գինը վճարելու համար։ Հենց այստեղ է ի հայտ գալիս գլխավոր հակասությունը. քաղաքական դիսկուրսում հաճախ օգտագործվող «դիվերսիֆիկացում» հասկացությունը բախվում է Հայաստանի էներգետիկ համակարգի խորքային սահմանափակումներին։ Դիվերսիֆիկացումը հնարավոր չէ իրականացնել միայն քաղաքական ցանկությամբ։ Այն պահանջում է այլընտրանքային մատակարարումների ուղիներ, անհրաժեշտ կրիտիկական ենթակառուցվածքներ, ներդրումներ և երկարաժամկետ ռազմավարություն։

Գազային դիվերսիֆիկացման սահմանները

Ներհայաստանյան քաղաքական քննարկումներում վերջին շրջանում հաճախ շրջանառվում է Ադրբեջանից բնական գազի ներկրման գաղափարը։ Սակայն այս սցենարը մինչ այժմ ավելի շատ քաղաքական ենթադրություն է, քան պատրաստի տնտեսական ծրագիր։

Խորհրդային տարիներին գործող Իջևան-Ղազախ գազատարը ներկայումս չի շահագործվում։ Դրա վերագործարկումը կպահանջի ոչ միայն տեխնիկական վերականգնում, այլև մեծածավալ ներդրումներ, իրավական կարգավորումներ և, ամենակարևորը, քաղաքական համաձայնություններ։ Ավելին, նույնիսկ նման նախագծի իրականացվելու դեպքում անհրաժեշտ է պատասխանել մեկ այլ հարցի. արդյո՞ք Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ունի բավարար ազատ գազային ռեսուրս՝ Հայաստանի ներքին պահանջարկն ապահովելու համար։ Վերջին տարիներին Բաքուն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը արտաքին էներգետիկ շուկաներում՝ մեծացնելով գազի արտահանումները դեպի Եվրամիություն, Թուրքիա, Վրաստան և այլ ուղղություններով՝ ընդհուպ միչև Սիրիա։ Իսկ 2027 թ. պարտավորվել է կրկնապատկել մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով դրանք 20 մլրդ խմ-ի: Ընդ որում՝ Ադրբեջանի կառավարությունը 2026-2028 թթ. համար կանխատեսում է գազի արդյունահանման փուլային նվազում։ Ենթադրվում է, որ առևտրային արդյունահանման ծավալը կկազմի 38 մլրդ խմ, ինչը 1.6%-ով պակաս է 2025 թ. համար կանխատեսված ցուցանիշից։ Հաջորդ տարիներին անկման միտումը կշարունակվի. 2027 թ. կանխատեսվում է արդյունահանման նվազում մինչև 36.7 մլրդ խմ, իսկ 2028 թ.՝ մինչև 34.5 մլրդ խմ ։

Այսպիսով, Ադրբեջանի արտահանման հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն։ Նոր շուկաներ մուտք գործելու համար Ադրբեջանն ինքն էլ կանգնած է լրացուցիչ ենթակառուցվածքների ու հզորությունների ստեղծման անհրաժեշտության առջև։

Այս համատեքստում հաճախ հիշատակվող Անդրկասպյան գազատարի նախագիծը (Թուրքմենստան-Ադրբեջան) շարունակում է մնալ առկախված վիճակում՝ աշխարհաքաղաքական և իրավական սահմանափակումների հետևանքով։ Խնդիրները կապված են Կասպից ծովի իրավական կարգավիճակի, տարածաշրջանային մրցակցության և արտաքին դերակատարների դիրքորոշումների հետ։ Հետևաբար, ադրբեջանական ուղղությունը ներկայումս չի կարող դիտարկվել որպես ռուսական գազին արագ և ամբողջապես փոխարինող այլընտրանք։

Նույնը վերաբերում է նաև TRIPP նախագծի հնարավորություններին։ Թեև այն ներկայացվում է որպես տարածաշրջանային կապերի և հաղորդակցությունների զարգացման կարևոր նախաձեռնություն, դրա ներկա ձևաչափում գազատրանսպորտային բաղադրիչը փաստացի բացակայում է։ Ու թեև Փաշինյանը նախընտրական փուլում դաշտ նետեց TRIPP-ով բնական գազի ներկրման մասին թեզը («մենք մեր սեփական գազն ենք ունենալու»), պարզ է, որ, միջազգային փորձից ելնելով, խոսքը լավագույն դեպքում տարանցվող գազի 10-15%-ի մասին կարող է լինել: Հետևաբար, քանի որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 2.3 մլրդ խմ գազ, TRIPP-ով անցնող գազամուղի թողունակությունը պետք է կազմի առնվազն 20 մլրդ խմ՝ ներհայաստանյան պահանջարկը բավարարելու համար: Հաշվի առնելով առկա գազային կոնյունկտուրան, ինչպես նաև հիշատակված Անդրկասպյան գազամուղի նախագծի իրականացման սահմանափակումները՝ Բաքվի կողմից նման մատակարարումերի իրականցումը խիստ անիրատեսական է:

Տեսականորեն Հայաստանի համար ամենատրամաբանական այլընտրանքային ուղղությունը շարունակում է մնալ Իրանը։ Իրան-Հայաստան գազամուղը երկար տարիներ դիտարկվել է որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ։ Սակայն այս ուղղությունը նույնպես ունի լուրջ սահմանափակումներ։

Առաջին՝ գործող գազատարը չի օգտագործվում իր ամբողջ ներուժով։ Առկա 2.3 մլրդ խմ նախագծային թողունակության պարագայում տարեկան դրանով Հայաստան է ներկրվում 350-400 մլն խմ գազ՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում:

Երկրորդ՝ առավել կարևոր հանգամանքն այն է, որ Իրան-Հայաստան գազամուղը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո և պատկանում է «Գազպրոմ» ընկերությանը։ Այս փաստը հաճախ դուրս է մնում հանրային քննարկումներից, սակայն այն առանցքային նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի իրական պատկերը հասկանալու համար։ Հիմնարար հարց է առաջանում. եթե Իրանը դիտարկվում է որպես հնարավոր այլընտրանք, ապա ինչպե՞ս է այդ այլընտրանքը գործնականում իրականացվելու, եթե Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է մնալ Ռուսաստանի պետական սեփականությունը:

Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ ամենակարևոր, սակայն հանրային քննարկումներում հաճախ անտեսվող հանգամանքներից մեկը նաև այն է, որ երկրի ամբողջ գազատրանսպորտային համակարգը (ԳՏՀ) 2013 թ. կնքված «գազային համաձայնագրերից» ի վեր «Գազպրոմի» սեփականությունն է։ Սա նշանակում է, որ նույնիսկ մասնակի դիվերսիֆիկացման դեպքում ռուսական գործոնը հնարավոր չէ ամբողջությամբ դուրս բերել Հայաստանի էներգետիկ համակարգից։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է առանցքային դեր ունենալ ոչ միայն բնական գազի մատակարարման, այլև ամբողջ համակարգի տեխնիկական կառավարման, ներդրումային քաղաքականության և սակագնային գործընթացների մեջ։ Ընկերությունը մինչև 2030 թ. նախատեսում է իրականացնել շուրջ 150.3 մլրդ դրամի (400 մլն ԱՄՆ դոլար) ներդրումային ծրագիր, ինչը հաստատվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ ռուսական ներկայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում ունի ոչ միայն առևտրային, այլև երկարաժամկետ ենթակառուցվածքային բնույթ։ Սա համակարգային կախվածություն է, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում։ Հետևաբար, ցանկացած կտրուկ փոփոխություն պահանջում է ոչ միայն քաղաքական որոշում, այլև ամբողջ էներգետիկ ճարտարապետության վերափոխում։

Բնական գազը՝ որպես տնտեսական ու սոցիալական կայունության հիմք

«Գազպրոմը» Հայաստանի Հանրապետությանը բնական գազի հիմնական մատակարարն է։ 2025 թ. արդյունքներով հանրապետություն բնական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը կազմել է 2 318.6 մլն խմ։ Միևնույն ժամանակ, վերջնական սպառողներին հատկացվել է 2 223.1 մլն խմ բնական գազ (տես՝ գծապատկեր)։

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գինը շարունակում է պահպանվել արտոնյալ մակարդակում՝ 177.5 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց (հաշվի առնելով կալորիականության գործակիցը), մինչդեռ եվրոպական շուկաներում բնական գազի գինը ս.թ. հուլիսի դրությամբ գերազանցում է 600 ԱՄՆ դոլարը, իսկ 2022 թ. գարնանը՝ ռուս-ուկրաինական էսկալացիայի ֆոնին, այն գերազանցել էր 3500 ԱՄՆ դոլարը: Սրանք են այն շուկայական գները, որոնց կիրառումը Հայաստանի համար կարող են խորքային ռիսկեր ձևավորել երկրի սոցիալ-տնտեսական անվտանգության առումով:

Երկրի էլեկտրաէներգիայի արտադրության զգալի մասը՝ ավելի քան 40%-ը, ապահովվում է գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների միջոցով։ Հետևաբար, գազի գնի ցանկացած փոփոխություն անմիջապես ազդում է ոչ միայն բնակչության ծախսերի, այլև ամբողջ տնտեսության մրցունակության վրա։

Գազի արտոնյալ պայմանների վերանայման դեպքում հետևանքները կարող են լինել բազմաշերտ.

• կաճեն բնակչության կոմունալ վճարները,
• կբարձրանա էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը,
• կավելանա արդյունաբերական հատվածի ծախսային բեռը,
• կուժեղանա գնաճը,
• կավելանան պետական բյուջեի սոցիալական պարտավորությունները։

Այս ամենը տեղի կունենա մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի ֆինանսական համակարգն արդեն բախվում է լրացուցիչ արտաքին և ներքին ճնշումների։ Հատկանշական է, որ Երևանը վերջերս դիմել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին՝ 170 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ ստանալու նպատակով։ Միայն այս հանգամանքը խոսում է Հայաստանի առկա բյուջետային քաղաքականության իրական պատկերի մասին:

Այս համատեքստում էներգետիկ հարցը վերածվում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ազգային անվտանգության խնդրի։

Եվրոպական աջակցության հնարավորությունները և սահմանները

Հայաստանի էներգետիկ ապագայի վերաբերյալ կարևոր հայտարարություններ են հնչում նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Սույն թվի հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հնարավոր էներգետիկ մարտահրավերների դեպքում՝ հղում կատարելով Մոլդովայի և Ուկրաինայի փորձին։ Վատ շարք չէ, ինչ խոսք։ Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության՝ Ռումինիայի մաս։ Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց է առաջանում:

1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։

2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։

3. Ինչպե՞ս վերաբերվել հայկական գազատրանսպորտային համակարգին, որը, ինչպես նշեցինք, Ռուսաստանի սեփականությունն է։ Սեփականատիրոջ փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության անվան տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-անոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության համար։

4. Արդյո՞ք Եվրահանձնաժողովում մոռացել են աշխարհագրական գործոնի մասին: Մոլդովական և ուկրաինական ուղղություններով ԵՄ փորձը խիստ սպեցիֆիկ է: Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։ Ոլորտից հեռու որոշ հանրային ու քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Հայաստանը Եվրոպայից կարող է հեղուկացված գազ ներկրել: Զուտ հռետորական մակարդակում հեռանկարային է հնչում, սակայն իրականում նման մատակարարումների համար, լոգիստիկ խնդիրներից զատ, անհրաժեշտ է լուծել մի կարևոր խնդիր, այն է՝ ձևավորել Հայաստանում միլիարդավոր դոլարների ներդրումներ պահանջող ռեգազիֆիկացիոն հզորություններ, առանց որոնց ներկրված հեղուկացված գազը հնարավոր չի լինի օգտագործել առկա ԳՏՀ-ում:

Ամեն դեպքում, այստեղ անհրաժեշտ է հստակ տարբերակել երկու հասկացություն՝ աջակցություն և համակարգային լուծում։ Աջակցությունը կարող է մեղմել ճգնաժամային իրավիճակը, սակայն համակարգային լուծումը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, ներդրումներ և երկարաժամկետ ռազմավարություն։

Հատկանշական է, որ ս.թ. մայիսին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ էներգետիկային վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։

Էներգետիկայի մասին հատվածներում շեշտվում են դիվերսիֆիկացումը, «էներգետիկ անցումը», ցանցերի ամրապնդումը և եվրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Բայց այստեղ առանցքային խնդիրը ոչ թե էներգետիկայի զարգացումն է, այլ այն, թե որ, իսկ ավելի շուտ՝ ում տրամաբանությամբ է այդ զարգացումն իրականացվելու։ Դիվերսիֆիկացումը ներկայացվում է որպես կախվածության նվազեցում, սակայն իրականում այն կարող է վերածվել կախվածության ուղղակի փոփոխության՝ դեպի եվրոպական կարգավորիչ և տեխնոլոգիական համակարգեր։

Ամենազգայուն կետը միջուկային էներգետիկան է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ԵՄ աջակցությունը ձևակերպվում է որպես տեխնիկական և անվտանգային համագործակցություն, սակայն փաստացի այն արձանագրում է մի գործընթաց, որի վերջնարդյունքը ակնհայտ է՝ գործող ատոմային բլոկի փակումը։ Հարց է առաջանում՝ ինչով է այն փոխարինվելու։ Հռչակագրում դրա մասին հստակ պատասխան չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի բազային, կայուն հզորությունը դրվում է հարցականի տակ՝ առանց համարժեք այլընտրանքի։ Հիշեք Իգնալինի ԱԷԿ-ը, որը կոնսերվացվեց Լիտվայի ԵՄ անդամակցելուց հետո՝ առանց նոր հզորությունների ձևավորման: Արդյունքում Լիտվան առ այսօր ստիպված է թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինավիայից:

Ու ամենակարևորը՝ հռչակագրում խոսվում է Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի միանալու հեռանկարի մասին: Վերջինս ԵՄ-Ադրբեջան համատեղ մի նախաձեռնություն է, որը կոչված է ադրբեջանական «կանաչ» էներգիան արտահանել եվրոպական շուկա: Ակնհայտ է, որ առանց կայուն գեներացնող հզրությունների Հայաստանն այդ հաղորդակցության մեջ պարզապես անելիք չունի:
Ակնհայտ է նաև, որ առկա պայմաններում Բաքուն ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի միացումը ադրբեջանական լոբբիզմի արդյունք հանդիսացող այդ մալուխին:

Եզրակացություն

Հայաստանի առջև այսօր ծառացած հիմնական խնդիրը պարզապես արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է. արդյո՞ք Հայաստանն ունի բավարար տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կարողություններ իր արտաքին քաղաքական վերադասավորումներն առավել անվտանգ կերպով իրականացնելու համար:

Էներգետիկ համակարգերը չեն փոխվում քաղաքական հայտարարություններով։ Դրանք փոխվում են երկարաժամկետ ներդրումներով, միլիարդավոր դոլարների ծրագրերով, նոր ենթակառուցվածքներով, տեխնոլոգիական լուծումներով և կայուն պայմանագրերով։ Հայաստանի էներգետիկ համակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանում խորապես ներկայացված է ռուսական գործոնը՝ ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը: Միևնույն ժամանակ, եվրաինտեգրման քաղաքականությունն ինքնին չի հանդիսանում էներգետիկ անվտանգության երաշխիք, եթե դրա հիմքում չկա մանրակրկիտ հաշվարկված ենթակառուցվածքային ռազմավարություն։

Վահե Դավթյան

Դրօշակ» թիվ 7 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Աշխարհաքաղաքական պատրանքներ և իրականու

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան հեր

06 Օգոստոս 2026
Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությա

XXI դարում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը թյուրքախոս պետ

06 Օգոստոս 2026
Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությու

04 Օգոստոս 2026
Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությու

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայությա

04 Օգոստոս 2026
Պետք է լինել միասնական պարտադրվող օրակ

«Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրույ

04 Օգոստոս 2026
Պաշտօնական Յայտարարութիւն Երուսաղէմի

Յայտարարութիւն Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը խստագոյնս կը դատապարտէ Երու

04 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Գնահատեց

Նիւ Եորքի համալսարանի լիաժամ ու Պէյրութի ամերիկեան համալսարան այցելու դասախօս,

04 Օգոստոս 2026
Շնորհաւորական ու երախտագիտութեան նամակ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ջերմօրէն կը շնորհաւորէ Ձեզ, ինչպէս նաեւ Քորսիքա

04 Օգոստոս 2026
«Մարիոթ»-ը Ջնջեց Դէպի Արցախ Զբօսաշրջայ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ. – «Մարիոթ Պոնվոյ»-ը դադրեցուցած է դէպի Արցախի գրաւեալ հողերը կազմա

04 Օգոստոս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատվությ

Ընտրությունները, իրենց բուն նպատակին զու- գահեռ, լուծում են դրանից բխող մեկ կա

04 Օգոստոս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 13-րդ բանակումը աւար

«Արարատի համար՝ կանգուն» մնալու հաստատակամութեամբ եւ չորս տարի ետք կրկին հանդի

03 Օգոստոս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2026 թ. 7-րդ համարը: Թերթի հուլիսյան համարը

03 Օգոստոս 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց «Ուժ

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կա

02 Օգոստոս 2026
Դուք ժողովրդի մեծամասնության անունից չ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Օգոստոս 2026
Պարտվողա-կապիտուլյացիոն դիվանագիտությա

Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող

31 Հուլիս 2026
Փարիզի Մէջ Լիզպոնի Հինգի Ոգեկոչում

Փարիզի ՀՅԴ «Արմէն Կարօ» ենթակոմիտէն` իր աւանդութեան հաւատարիմ եւ ինչպէս ամէն տ

31 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company