ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական էլեկտրաէներգիայի ներմուծման հեռանկարը

09 Հոկտեմբեր 2026

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հաշվարկներից բխող հայտարարություններ։ Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայկական ԱԷԿ-ը հնացած ու վտանգավոր որակեց և ասաց, թե այն վաղ թե ուշ պետք է փակվի։ Նրա պնդմամբ՝ կայանի փակվելուց հետո Հայաստանն էներգետիկ ճգնաժամի առջև կկանգնի, և ադրբեջանական էլեկտրաէներգիան կարող է լրացուցիչ աղբյուր դառնալ։ Նույն հարցազրույցում Ալիևը հայտարարեց, թե պատրաստ է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի միջով Նախիջևանին կապող էլեկտրահաղորդման նախագիծը։ Նրա խոսքով՝ Ջաբրայիլում կառուցված փոխակերպիչ ենթակայանը պատրաստ է, իսկ Հայաստանի տարածքում հենասյուների տեղերն արդեն որոշված են։ Ալիևն այդ գիծը ներկայացրեց որպես TRIPP-ի մաս՝ այն կապելով Նախիջևանից դեպի Թուրքիա, իսկ հետագայում նաև Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրի հետ։

Օգոստոսի 25-ին օկուպացված Բերձորում (Լաչինում) աշխատանքային հանդիպում ունեցան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները։ Քննարկվել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորությունները և սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։ Հրապարակված հաղորդագրության մեջ, իհարկե, չեն նշվել գծի երթուղին, հզորությունը, կառուցման ժամկետը կամ մատակարարման պայմանները։ Ուստի խոսքը դեռևս աշխատանքային քննարկման մասին է, ոչ թե համաձայնեցված առևտրային նախագծի:

Օրեր անց Նիկոլ Փաշինյանը, խոսելով արհեստական բանականության ոլորտում Հայաստանում կատարվող ներդրումների մասին, հայտարարեց, որ անհրաժեշտ է դիտարկել լրացուցիչ էլեկտրաէներգիա ներմուծելու հնարավորությունը, այդ թվում՝ Ադրբեջանից։ Նա նույն առիթով հիշատակեց նաև Վրաստանը, Իրանը և Թուրքիան, ինչպես նաև Վրաստանի հետ սահմանի մոտ կառուցվող փոխակերպիչ ենթակայանը, որը պետք է դյուրացնի էլեկտրաէներգիայի ներմուծումն ու արտահանումը։ Այսպիսով, կառավարությունը ներմուծումը չի հայտարարում էներգետիկ խնդիրների միակ լուծում։ Բայց այն փաստը, որ Ադրբեջանը բացահայտորեն ներառվել է հնարավոր մատակարարների ցանկում, իսկ այդ մասին խոսվել է Բաքվի հետ հանդիպումից անմիջապես հետո, ունի ընդգծված քաղաքական նշանակություն:

Այս երեք դրվագները, իհարկե, դեռ չեն նշանակում, թե Հայաստանն արդեն համաձայնել է ադրբեջանական էլեկտրաէներգիա գնել։ Սակայն դրանք ցույց են տալիս, որ այդ տարբերակը հրապարակավ քննարկվում է և կապվում երկրի ապագա պահանջարկի հետ։ Հենց այստեղ է ի հայտ գալիս նոր կախվածության վտանգը։ Խնդիրը սահմաններից այն կողմ էլեկտրաէներգիա գնելը չէ։ Ռիսկն առաջանում է, երբ ներկրումը դիտվում է որպես սեփական հզորություններն ավելացնելու փոխարինում:

Նշված արհեստական բանականության ենթակառուցվածքները կարող են էլեկտրաէներգիայի մեծ և շարունակական պահանջարկ առաջացնել։ Սակայն հարկ է տարբերել արդեն նախատեսված հզորությունները հեռահար ծրագրերից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակման համաձայն՝ Հրազդանի Firebird AI կենտրոնի առաջին փուլում նախատեսվում է գործարկել ավելի քան 6 հազար գրաֆիկական պրոցեսոր՝ 18 ՄՎտ հզորությամբ։ Իսկ կառավարության 2026-2031 թթ. ծրագրում նշված է արհեստական բանականության հաշվարկային կարողություն ստեղծելու շատ ավելի լայն նպատակ՝ առնվազն 100 հազար գրաֆիկական պրոցեսորի համարժեք։ Այդ նպատակի էլեկտրաէներգետիկական բեռը լինելու է ահռելի, որը, սակայն, պետք է հաշվարկել ըստ ծրագրի փուլերի և հրապարակել համակարգի զարգացման կանխատեսումների հետ միասին:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության վերջին տվյալներն ինքնին չեն հաստատում ո՛չ մոտալուտ պակասորդի անխուսափելիությունը, ո՛չ էլ այն պնդումը, թե խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն ներմուծմամբ։ 2026 թ. հունվար-հուլիսին արտադրվել է 6․08 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 9․4% ավելի։ Արտադրության 40․6%-ը բաժին է ընկել ջերմային կայաններին, 26․6%-ը՝ հիդրոէլեկտրակայաններին, 17․3%-ը՝ արևային կայաններին, իսկ 15․5%-ը տոկոսը՝ ատոմակայանին։

Կառավարության ծրագիրն էլ մեծ հաշվով չի սահմանափակվում ներմուծմամբ։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն։

Նշվում է, որ արևային կայանների հզորությունը հասել է 1․213 ՄՎտ-ի, մինչև 2031 թ. նախատեսվում է ստեղծել առնվազն 800 ՄՎտ կուտակիչ հզորություն, իսկ նույն ժամանակահատվածի ծրագրով նախատեսված է նաև 1․000 ՄՎտ ֆոտովոլտային կայանների գործարկում։ Միաժամանակ, մինչև հաջորդ տարի պետք է որոշվի, թե ում հետ և ինչ տեսակի նոր ատոմակայան է կառուցվելու։ Գործող կայանի ռեսուրսը սպառվում է 2036 թ., թեև քննարկվում է դրա շահագործումը երկարաձգելու հնարավորությունը։ Հետևաբար հարցը սեփական արտադրության ծրագրերի բացակայությունը չէ։ Հարցն այն է, թե արդյոք այդ ծրագրերը կիրագործվեն այն ժամանակացույցով, որը կհամապատասխանի սպառման աճին։ Եթե նոր սպառողներին միացնեն այսօր, իսկ կայաններն ու կուտակիչները մնան հեռավոր նպատակի կարգավիճակում, ներմուծումը կարող է դառնալ արագ լուծում, իսկ ներքին հզորությունների զարգացումը՝ շարունակաբար հետաձգվող խոստում: Հենց այստեղ է էներգետիկ անվտանգության ռիսկը, որը լուծելու համար ներքին գեներացման ծրագրերը կարող են փոխարինվել ներմուծմամբ, այդ թվում՝ Ադրբեջանից:

Ընդ որում, Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռն ունի և՛ ներմուծման, և՛ արտահանման բաղադրիչներ։ 2023 թ. Հայաստանը գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնությամբ Իրան է արտահանել ավելի քան 1․095 մլն կՎտ.ժ, իսկ Վրաստան՝ 144․7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Նույն տարում ներմուծվող հանածո վառելիքին բաժին է ընկել երկրի էներգիայի օգտագործման 73․5%-ը։

Այս վերջին ցուցանիշը վերաբերում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռին և ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է միաժամանակ էլեկտրաէներգիա արտահանել և մեծապես կախված մնալ ներմուծվող վառելիքից։ Արտաքին առևտուրը կարող է օգտակար լինել, երբ բազմազանեցնում է մատակարարման ուղիներն ու հնարավորությունները, այլ ոչ թե դուրս մղում սեփական արտադրությունը։

Էլեկտրաէներգետիկան կարող է նաև արտահանման և բարձր ավելացված արժեքով արտադրության հենարան դառնալ, ինչը լուրջ մարտահրավեր է ապրանքների նետտո-ներկրող Հայաստանի համար:

Ադրբեջանի հետ հնարավոր էլեկտրաէներգետիկ կապի առանձնահատկությունն այն է, որ Բաքվի հրապարակային ծրագրում Հայաստանը միայն պոտենցիալ գնորդ չէ։ Ըստ Ալիևի՝ Նախիջևանում նախատեսվող 300 ՄՎտ հզորությամբ ջերմային կայանը պետք է ծառայի ոչ միայն տեղական մատակարարմանը, այլև արտահանմանը։ Նոր էլեկտրահաղորդման գիծը ներկայացվում է որպես Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող և այնտեղից դեպի Թուրքիա ու Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու ուղու մաս։ Սրանք դեռևս Ադրբեջանի նախագահի հայտարարած մտադրություններն են, որոնք, սակայն, հստակ ցույց են տալիս, որ քննարկվող ենթակառուցվածքը կարող է ծառայել Բաքվի արտահանման ու ավելի լայն՝ գեոտնտեսական շահերին ևս։ Արդյո՞ք Հայաստանը պետք է դիրքավորվի որպես այդ շահերը սպասարկող: Հարցը հռետորական է:

Երկարաժամկետ էներգետիկ փոխկախվածությունը ենթադրում է քաղաքական վստահության և պայմանագրային կանխատեսելիության որոշակի պաշար։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նման վստահության պաշար չկա։ Բաքուն խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը շարունակում է կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Դա ցույց է տալիս, որ կարգավորման օրակարգում պահպանվում են չլուծված քաղաքական խնդիրներ ու տարաձայնություններ։ Նման միջավայրում էլեկտրաէներգիայի առևտուրն ինքնաբերաբար վստահություն չի ստեղծում։ Եթե Հայաստանի մատակարարումը կախված լինի Ադրբեջանից, ապա քաղաքական հարաբերությունների հերթական սրումը կարող է անմիջականորեն անդրադառնալ երկրի էներգետիկ անվտանգության վրա:

Այստեղ է, որ առևտրային հարցը դառնում է ազգային անվտանգության հարց։ Ադրբեջանի նախագահը մի կողմից Հայկական ԱԷԿ-ը վտանգավոր է անվանում և խոսում դրա փակման անհրաժեշտության մասին, մյուս կողմից, որպես Հայաստանի հնարավոր էներգետիկ ճգնաժամի լուծում, ներկայացնում է ադրբեջանական էլեկտրաէներգիան։ Ընդ որում Հայկական ԱԷԿ-ի վերահսկողության և անվտանգության մասին նրա պնդումները սոսկ քաղաքական հայտարարություններ են, որոնք հակասում են միջազգային փորձագիտական գնահատականներին, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի եզրակացություններին:

Բայց այդ խոսույթում Հայաստանի հիմնական արտադրական հզորության ապագան կապվում է Բաքվի առաջարկած մատակարարման սցենարի հետ։ Եթե նման կապը գործնականում ամրապնդվի, ապա վտանգը միայն գնային կախվածությունը չի լինի։ Ի վերջո, հայաստանյան շուկայում ամրապնդվելու համար Բաքուն կարող է դեմփինգի դիմել՝ արհեստականորեն իջեցնելով մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը: Խնդիրն այն է, որ մատակարարման դադարեցումը կամ սահմանափակումը կարող է դառնալ ճնշման միջոց:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի անդրսահմանային կապերից։ Փոխադարձ և հստակ կանոններով առևտուրը կարող է օգտակար լինել, եթե այն պահպանում է երկրի սեփական հզորությունները և մատակարարման մի քանի այլընտրանք։ Սակայն որևէ նախագծից առաջ հանրությունը պետք է իմանա դրա երթուղին ու տեխնիկական բնութագրերը, սեփականության և շահագործման կարգը, հզորության բաշխման սկզբունքները, գնագոյացման հաշվարկը, մատակարարումը սահմանափակելու պայմաններն ու պահուստային մեխանիզմները։ Պետք է հստակ լինի նաև՝ գիծը ինչ բաժնով է ծառայելու Հայաստանի ներմուծմանը և Ադրբեջանի տարանցմանը, և ով է որոշելու էլեկտրահոսքի ուղղությունը։

Խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման համատեքստում։ Մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը սկսվել է 2022 թ.։

Ազատականացված հատվածի սպառման բաժինը 2022 թ. կազմել է ներքին սպառման 5․3 %-ը, իսկ 2025 թ. հասել է 33․2%-ի։ Ակնհայտ է, որ ազատական շուկան կարող է ընդլայնել անդրսահմանային առևտուրը։ Սակայն եթե ներմուծումն ավելի դյուրին ու էժան դառնա, քան տեղական արտադրության և պահուստային հզորությունների զարգացումը, շուկայի աճը կարող է մեծացնել արտաքին կախվածությունը։ Եվ սա առավել քան իրատեսական սցենար է:

Այսպիսով, Ալիևի հայտարարությունը, Փաշինյանի արձագանքը և օգոստոսի 25-ի բերձորյան հանդիպումը պետք է դիտարկել ընդհանուր հաջորդականության մեջ։ Բաքուն Հայկական ԱԷԿ-ի փակումն անխուսափելի է ներկայացնում՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան առաջարկելով որպես «փրկօղակ», իսկ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են ներմուծման ու սահմանային կապերի հնարավորությունները։ Կախվածության նախադրյալը ստեղծվում է հենց այն պահին, երբ ներմուծումը սկսում է ընկալվել որպես ներքին հզորությունների զարգացման ու ընդլայնման այլընտրանք: Հարկ է հասկանալ, որ նման ընտրության գինը կարող է վճարվել ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնով, այլև Հայաստանի էներգետիկ և քաղաքական ինքնիշխանությամբ։

Հ.Գ. Հայաստանի հանրային-քաղաքական խոսույթում անհրաժեշտ է փոխել շեշտադրումները։ Հարցը միայն այն չէ, թե արդյոք Հայաստանը ստիպված կլինի էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից։ Պետք է փոխել հարցադրումը՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ մատակարար։ Վրաստանում աճում է ներմուծման պահանջարկը, Իրանը պարբերաբար ամառային պակասորդ է ունենում, Ադրբեջանում մեծանում է գագաթնային բեռը։ Տարածաշրջանին ավելի շատ էլեկտրաէներգիա է պետք։ Սա հնարավորություն է նաև Հայաստանի համար։

Հայաստանի նպատակը պետք է լինի տարածաշրջանում մատակարարի դիրք զբաղեցնելը։ Դրա համար անհրաժեշտ է ազգային գեոտնտեսական մեգածրագիր՝ նոր, գիգավատային ատոմակայան։ Ատոմային էներգիան ոչ միայն էլեկտրաէներգիա է, այլև արտահանման հնարավորություն և աշխարհաքաղաքական ազդեցություն։ Երևանը պետք է մտածի ոչ թե ադրբեջանական էլեկտրաէներգիայի սպառող դառնալու, այլ, ինչու ոչ, ապագայում Ադրբեջանին էլեկտրաէներգիա մատակարարելու և նրա շուկայում ներկայություն ապահովելու մասին։ Եթե Հայաստանը ձգտում է լինել աշխարհաքաղաքական դերակատար, նոր գիգավատային ատոմակայանը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։

Ծանոթագրություններ

https://president.az/en/articles/view/73259/print
https://armenpress.am/en/article/1258821
https://armenpress.am/en/article/1259029
https://hightech.gov.am/articles/news/firebird-06
https://arka.am/en/news/economy/electricity-generation-in-armenia-increased-by-9-4-over-the-first-seven-months-reaching-6-08-billion/https://ns1.parliament.am/news.php?NewsID=23914&cat_id=2&day=18&lang=arm&enc=utf8&month=6&year=2026&utm_source=chatgpt.com

Վահե Դավթյան

«Դրօշակ» թիվ 9 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company