Իշխանությունները երկիրը դարձնում են բախման թատերաբեմ
21 Հոկտեմբեր 2026
Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ապա մեզ սպառնացող ապագան իրոք կարող է ապոկալիպտիկ լինել։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին։
Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը։ Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության: Զեկույցում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։
Պատգամավորը նշեց՝ հաշվարկների ամբողջականությունը չի կարող ո՛չ փաստել, ո՛չ հերքել, որովհետև 4 կառավարություններ մայիսից հաշվարկներ են արել, մինչդեռ ինքը 24 ժամից էլ պակաս ժամանակ է ունեցել ուսումնասիրելու համար։
«Տնտեսական հաշվարկների ներքո կար հիմնականում քաղաքական ուղերձ՝ ինչ առավելություններից կզրկվի ՀՀ-ն, եթե այլևս ԵԱՏՄ անդամ չլինի։ Կրկնում եմ՝ եթե ԵԱՏՄ-ն հաշվարկել է, որ մեր ՀՆԱ անկումը կկազմի 17 տոկոս, նույնիսկ եթե դրա կեսը կազմի, դա բավականաչափ լուրջ խնդիր է։ Եթե մենք գազ ստանանք այդ գնով (69% ավելի թանկ), ապա այլընտրանքը ո՞րն է լինելու, եթե դա չառնես»,- ասաց «Հայաստան» Խաչատրյանը։
Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի սպառման և ներմուծման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, եթե դու զրկվում ես այդ շուկաներից, կանգնում ես խնդրի առաջ։ Պատգամավորը համոզված է՝ մեր երկրի տնտեսական աճն էապես, եթե ոչ բացառապես պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։
«Ֆրանսիացին չի կարող Փարիզից թռնել Մոսկվա, գալիս է Երևան, այստեղից գնում է Մոսկվա։ Եթե նայեք, Հայաստանի արտահանումների մեջ բջջային հեռախոսներն առաջին տեղում է, 1 միլիարդի հեռախոս են ներմուծել, որից 800 միլիոնն արտահանել են։ Դրանից բացի գումարային խնդիրն էլ կա․ Ռուսաստանը Swift համակարգից կտրված է, փողը գալիս է Երևան, Երևանից գնում է։ Դա է բերել մեր պոտենցիալից բարձր տնտեսական աճի»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տարիների շարունակ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական ծանր, ռիսկային հանգույցի վրա, միշտ կարողացել է իր հարաբերությունները կառուցել բալանսավորված քաղաքականության վրա։
«Կարողացել է և՛-և՛ հարաբերություններ հաստատել՝ և՛ ԱՄՆ, և՛ միացյալ Եվրոպա, և՛ Ռուսաստան, և՛ Իրան, հիմա ինքն իրեն դրել է այն վիճակում, որ կա՛մ-կա՛մի խնդիր է առաջացել»,- նշեց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ տարբեր կենտրոնների շահերը համադրելու փոխարեն իշխանությունները երկիրը դարձնում են բախման թատերաբեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
