Չմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին. ՀՅԴ ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում
01 Մարտ 2021
ՀՅԴ երիտասարդները այսօր, մարտի 1-ին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության 3-րդ մասնաշենքում:
Նրանք խմբով շենքից ներս են մտել եւ մեգաֆոնով ելույթներ ունեցել։ Վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան»:
Մենք ցանկացած նախարարություն կարող ենք մտնել առանց ոստիկանության․ հայտարարել է ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած ակցիայից հետո, որի ժամանակ ակտիվիստները մտել էին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք՝ նախարարներին զգուշացնելու, որ չհամարձակվեն, իշխանական լծակներն օգտագործելով, պետական սեկտորի աշխատակիցներին բռնի տանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։
«Մի մասնաշենք, ուր Նիկոլ Փաշինյանը մտել էր 3000-ից ավելի ոստիկանների ուղեկցությամբ՝ ամբողջ այս տարածքը շրջափակելուց հետո, մեր նպատակն էր ցույց տալ, որ մենք ցանկացած նախարարություն կարող ենք մտնել առանց ոստիկանության, քանի որ այսօր այս իշխանությունները Հայաստանում իշխանություն չունեն, ուղղակի ուժային կառույցների շնորհիվ նրանք տեղաշարժվում են շենքից շենք, լայվեր են անում և ընդամնեը ֆոն են ստեղծում՝ իբր ունեն իշխանություն։ Իշխանությունն այսօր պատկանում է ազգային արժանապատվության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին»։
«Այս շենքում, որտեղ կա 3 նախարարություն, անգամ նախարարության աշխատողներին ներս չեն թողնում, որովհետև ի ծնե վախեցած են, իրենք կարող են դուխով մենակ կոռուպցիաներից խոսեն։ Ուզում ենք նախարարներին զգուշացնել, որ իրենք, քանի այս շենքում են նստած, զբաղվեն իրենց գործով»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Նա ասաց, որ մարզերում այս պահին խայտառակ վիճակ է՝ դպրոցների, համայնքապետարանների վրա թիվ են դրել, որ մարդկանց բերեն Փաշինյանի այսօրվա ցույցին։
Ակցիայի պատճառով մասնաշենքի դռները փակվել են անգամ սեփական աշխատակիցների դիմաց։
https://youtu.be/QE4a71Qlcq4
