«Հայրենիքն ամեն բանից վեր»․ ՀՅԴ ՀԵՄ բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի նաեւ Արցախից ու Սփյուռքից
20 Օգոստոս 2021
Բյուրականում ընթացող ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021-ում յուրօրինակ դասախոսություն է կազմակերպվել: Դասախոսությունն ընթացել է ոչ ավանդական ձեւով. լսարանը բաց տարածքն էր՝ ծառերի տակ, աթոռների փոխարեն՝ խոտածածկ հողը:
Հրավիրված դասախոսը «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյան էր, թեման էլ՝ հայրենասիրություն, Արցախ:
«Եթե մենք չենք ցանկանում կռվել, մեր փոխարեն ոչ ոք չի գա կռվելու, իսկ եթե պատրաստ լինենք կռվի, կռիվ չի լինի»,- ասել է Հրանտ Մարգարյանը:
Բանակումի առօրյան խիստ հագեցած է՝ հստակ գծված, ոչ մի շեղում չի լինում: Կարգուկանոնը բոլորի համար է. շարք են կանգնում նույնիսկ ճաշարան գնալիս, յուրաքանչյուրի ձեռքին՝ իր սպասքը: Ոմանց հենց այս խստապահությունն է գրավել, բանակավայր բերել:
«Հայրենիքն ամեն բանից վեր» խորագիրը կրող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության այս բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի նաեւ Արցախից ու Սփյուռքից: Այս սկզբունքով էլ ճակատների են բաժանվել: Ներքին խոսակցություններից պարզ էր՝ թեթեւ մրցակցություն կա՝ որ ճակատն է ավելի մարզված կամ ավելի կարգապահ:
Օրվա երկրորդ կեսը մարզական է. սովորում են արգելապատնեշ հաղթահարել, զենքի հետ վարվելու կանոնները, հետո փոքր զորավարժանք անում՝ թշնամին հարձակվել է, պետք է հետ շպրտել:
Երեկոյան արդեն հրավիրված դասախոսը Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էր:
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորել է հատկապես պատմական այս ժամանակաշրջանում ազգային մտածողություն ունեցող, հայրենատեր և պահանջատեր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական, հասարակական և համայնքային նշանակության հարցերի լուծմանը:
Իշխան Սաղաթելյանը շեշտել է նաև, որ հենց երիտասարդներն են որոշելու մեր հայրենիքի ապագան, ու մեծապես նրանց ուսերին է դրված պետականության պահպանման, նոր որակի ազգային պետության ստեղծման և մեր ոտնահարված արժանապատվության վերականգնման համար պայքարի պատմական առաքելությունը։
Մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը:



