Հանդիպումներ Շիրակի մարզում
05 Սեպտեմբեր 2021
Շարունակվում են մարզային հանդիպումները
Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները հանդիպել են Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ։
Այդ հանդիպման մասին Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։
Շիրակցի մեր ընկերներն ու համակիր շրջանակները վճռական են և մեզ հետ միասին պայքարում են ՀՀ֊ին ու Արցախին սպառնացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգները չեզոքացնելու, անվտանգ ու ուժեղ երկիր կառուցելու համար»։
Հատուկ քննարկման առարկա է դարձել Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։
Իշխան Սաղաթելյանը խոսել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ մի շարք հարցերի վերաբերյալ որդեգրած դիրքորոշումների ու առաջիկա անելիքների մասին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն առանձին հանդիպում է ունեցել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Գյումրու խմբի անդամների հետ: Բազմապիսի հարցերի քննարկման արդյունքում որոշվել է նոր թափով շարունակել երիտասարդության շրջանում ազգային արժեքների սերմանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը:
Հանդիպումների ավարտը խորհրդանշվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կնքահայրությամբ տեղի ունեցած ավանդական երդման արարողությամբ:




