«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
30 Մարտ 2022Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։
Հյուրերի խնդրանքով պատգամավորներն անդրադարձել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական եւ տարածաշրջանում ձեւավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին:
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, արժեւորելով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական կապերը, բարձր են գնահատել Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում:
Պատգամավորները դիմել են դեսպան Լույոյին՝ առաջարկելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանն ուղղված ջանքերը:
Պատգամավորները ներկայացրել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձեւավորված իրավիճակի իրենց գնահատականները, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման` «Հայաստան» խմբակցության այլընտրանքային մոտեցումները: