Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը դատապարտում է
17 Հուլիս 2022
Ցաւով ու միաժամանակ ցասումով տեղեկացանք Հայաստանի ազգադաւ իշխանութիւնների հերթական ապօրինի եւ ցինիկ քայլի մասին, որը ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկման Հերթական դրսեւորումը։
ՀՀ իշխանութիւնների հակադաշնակցական կեցւածքն այս անգամ դրսեւորւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական Կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազեանին անցանկալի անձ յայտարարելու, եւ նրա մուտքը Հայաստան արգելելու տեսքով։
Հայաստանի շահերի պաշտպանութեան, Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչման եւ Հայ Դատի համար տասնամեակներ պայքարած ազգային գործչի, ով, ի դէպ, Թուրքիայում եւ Ադրբեջանում եւս անցանկալի անձ է յայտարարւած, նկատմամբ նման վերաբերմունքը ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւնների կողմից թշնամուն հաճոյանալու խայտառակ եւ ամօթալի հերթական փորձն է։
Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը խստօրէն դատապարտելով ՀՀ գործող իշխանութիւնների այս քայլը՝ յայտարարում է, որ նման վերաբերմունքը բացարձակ անընդունելի է եւ նպաստում է միայն թշնամու դիրքերի ամրապնդմանն ու համահայկական համախմբման տապալմանը։
Հայ Դատի Յանձնախումբ, Թեհրան
17 յուլիսի, 2022
