ՀՅԴ ՀԵՄ «Իրական մեղավորը» խորագրով երթը դեպի Կառավարության շենք
28 Դեկտեմբեր 2022ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դեկտեմբերի 28-ին Մատենադարանից նախաձեռնել էր երթ դեպի Կառավարության շենք:
Երթը կրում էր «Իրական մեղավորը» խորագիրը և նպատակ ուներ ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ քայլ չեն ձեռնարկում 2 շաբաթից ավել ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախը մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։
Մասնակիցների ձեռքին կային «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճանապարհը», «Մեկ մարդ չի կարող որոշել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է» գրություններով ցուցապաստառներ:
«Այսօրվա եթրի նպատակն է նախ ցույց տալ, որ եղել ենք, կանք ու կլինենք Արցախի կողքին, Արցախի ժողովրդի, նրա ինքնորոշման կողքին, արցախահայության կողքին, որն ամուր կանգնած է իր հողում ու ոչ մի վայրկյան նահանջի մասին չի մտածում»,- երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
Քայլերթը Մատենադարանից շարժվեց դեպի Կառավարության շենք։ Երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Արցախ, Արցախ»։
Կառավարության շենքի մոտ՝ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթի ժամանակ խոսքն ուղղեց ՀՀ գործող իշխանություններին։
«Ո՞ւմ եք պետք դուք, որ ոչ միայն չեք կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել, այլ ամեն անգամ, այսպիսի ճգնաժամերի ժամանակ, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, թիրախավորում եք հային ու հայությանը»,- շեշտեց նա։
ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Վարդանյանի խոսքով՝ Արցախը շրջափակման մեջ է, իսկ կառավարությունը ոչինչ չի առաջարկում և ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ իրավունք չունի այդ գործընթացին խառնվելու:
Ակցիայի ավարտին երթի մասնակիցները «մեղավոր» գրությամբ խորհրդանշական սլաքներ թողեցին Կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ: