ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Կհաջողվի՞ սատանայական շրջանից դուրս բերել երկիրը

01 Փետրվար 2024

Եթե փորձ արվի արժևորելու Փաշինյանի գլխավորությամբ ներկա իշխանության գրեթե վեցամյա գործունեությունը, ապա այլ գնահատական չի կարող լինել, քան ամբողջական ձախողումը: Արցախի կորուստն ու Հայաստանի ներկա քաղաքական վիճակը ասվածի անվիճելի ապացույցն են: Խոսքը, սակայն, միայն արտաքին քաղաքականությանը չի վերաբերում, այլև ներազգային, տնտեսական և այլ ոլորտներին:

Ի՞նչ իրավիճակում ենք ներազգային առումով: Հայաստանում հասարակությունը հուսալքված է այն չափով, որ չի հավատում, թե ունակ է իր ուժերով ինչ-որ բան փոխելու սեփական ճակատագրի հարցում: Պառակտված հանրության տարբեր ճամբարները իրար դեմ տրամադրված են թերևս ավելի սևեռուն և խոր անհանդուրժողությամբ, քան թշնամու, որը նստած է երկրի ներսում և ի լուր աշխարհի բարձրաձայնում է իր անհագ հավակնությունների մասին, հայտարարում է, թե Հայաստանը՝ մայրաքաղաքով հանդերձ, ադրբեջանական տարածք է: Գիտական ու արժեքային բոլոր չափանիշները խախտած իշխանությունների քաղաքականությունը անընդունելի է գիտական-մտավորական խավերի համար: Անհանդուրժողությունն ու ագրեսիվ, սադրիչ պահվածքը հայոց ազգային եկեղեցու հանդեպ, Արցախը կործանման հասցնելն ու Հայաստանը կործանման ճամփով տանելը պատճառ են դարձել, որ եկեղեցականները բարձրաձայնեն ազգային-հոգևոր, մշակութային և պատմական արժեքներին պատերազմ հայտարարած իշխանության նկատմամբ իրենց սկզբունքային հակադրության մասին:

Կարելի է հետևել տարբեր հարթակներում իշխանավորների և նրանց հետևորդների խոսքին՝ համոզվելու համար Արցախի և արցախցիների նկատմամբ նրանց ատելության մեջ: Հայ ժողովրդին աննախադեպ ողբերգություններ բերած իշխանության համար Արցախն ու նրա հայ բնակչությունը եղել և մնում են բեռ, որից նրանք փորձեցին ազատվել և շարունակում են ազատվելու փորձեր անել ադրբեջանցիների օգնությամբ: Հայաստանում սեփական ազգային ինքնագիտակցությունն ու պահանջները դրսևորելու արցախահայության բնական իրավունքը բախվում է իշխանության կատաղի հակաքարոզչությանը, շանտաժին, բացահայտ և ոչ բացահայտ սպառնալիքին, արգելքներին և իշխանությունների տիրապետած այլ լծակների:

Իշխանությունը հետևողականորեն իրականացնում է երկրով մեկ և վերևից ներքև իշխանական-վարչական ողջ համակարգի կուսակցականացումը, իսկ այս համակարգում օրինական ճանապարհով տեղ գրավողները ենթարկվում են դատական և այլ բնույթի ճնշումների ու հալածանքների մինչև կամավորապես կամ պետական լծակների միջոցով համակարգից դուրս կմղվեն: Այս պրակտիկան կիրառվում է ոչ միայն քաղաքական-վարչական համակարգում, այլև գիտական, կրթական և կենսագործունեության մնացած բոլոր բնագավառներում: Պաշտոններից ազատվում են գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտների աշխատողները՝ տնօրեններից մինչև ամենակրտսեր վարչական աշխատողները: Ըստ էության, ողջ ժողովուրդը՝ բացառությամբ սեփական թայֆայի, իշխանության համար դիտվում է որպես վտանգ և պոտենցիալ ընդդիմություն: Ինչ վերաբերում է երկրի իրական, քաղաքական ընդդիմությանը, ապա դատական և այլ կարգի հետապնդումները՝ քրեական շինծու գործերի հարուցումն ու տարբեր ժամանակահատվածներով բանտարկությունները, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գլխավոր քաղաքական գործիքն են ներքաղաքական փոխհարաբերությունների ասպարեզում: Իհարկե, ընդդիմության ազատ գործունեությունը խափանելու իշխանության գործիքները շատ ավելի բազմազան են և ընդգրկում են շանտաժի, կաշառքի, մարդկանց պաշտոններով և այլ միջոցներով գնելու, դրանով ընդդիմության ուժերին թուլացնելու, նրա հնարավորությունները սահմանափակելու մեթոդները: Ասվածի վերջին և ակնհայտ օրինակներից է դաշինք կազմած և որպես իշխանական թիմի մաս քաղաքապետարան անցած խմբակցության «հանկարծակի» հրաժարումը իր հիմնադիր ղեկավարից:

Իշխանության վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ ուղղակիորեն հետևյալը եղավ և է. «Ովքեր կպարեն դուդուկիս տակ, նրանց էլ կճանաչեմ որպես Սփյուռք և Սփյուռքի ներկայացուցիչներ»: Բնականաբար, այս քաղաքականությունը դարձավ հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի և հարաբերությունների խզման պատճառ: Ավելին, իր հակազգային ու բռի գործելակերպը շարունակելով՝ Հայաստանի իշխանական-վարչական ամբողջական համակարգը տնօրինող անձը հանդգնեց «պատժել» նաև սփյուռքահայերին: Այլ կերպ չի կարելի կոչել հայրենիքով ապրող, այդ հայրենիքի ճակատագրին կյանքը նվիրած մարդկանց անցանկալի անձ հայտարարելն ու նրանց առջև հայրենիքի դռները փակելը: Ասվածի վառ օրինակն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ և ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի պարագան: Մուրադ Փափազյանը, սակայն, չհաշտվեց այս անօրինականության հետ և հարցը վիճարկեց հենց Հայաստանի իրավական համակարգում:
Ամիսներ շարունակ, թե՛ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը և թե՛ այլ մարմինները բերանները ջուր առած՝ պապանձվեցին՝ չկարողանալով որևէ պատճառ, իսկ ավելի ճիշտ՝ պատճառաբանություն ներկայացնել, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով են հայ մարդու առջև փակվում հայրենիքի դռները:

Ավելին, ակնհայտ դարձավ, որ Սփյուռքի տարբեր համայնքներում իշխանության համար անցանկալիների ցուցակներ էին կազմվել: Դատական քաշքշուկներից հետո նիկոլական խուժանապետության ներքո գործող դատարանն անգամ քաջություն գտավ իր մեջ՝ վերացնելու այս խայտառակ ու անօրինական արգելքը: Իշխանական համակարգի մանկլավիկներն ու սազանդարները շարունակում են լռել, կարծես ոչինչ էլ չի պատահել: Մնաց, սակայն, տեղի ունեցածի բարոյական, քաղաքական հետևանքը՝ երկրի, հայրենի և Սփյուռքի հայության, ինչպես և օտարների աչքին Հայաստանի, որպես պետության, հեղինակազրկումը: Հետևանքը եղավ նաև սփյուռքահայ գործչի և գործիչների ծանր ապրումները, հայրենիք գալու և հայրենիքին օգտակար լինելու հնարավորության կասեցումը: Բայց մենք իրավունք ունենք հարցնելու՝ ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցած անօրինականության համար: Ո՞վ է պատասխան տալու այն բոլոր զինվորական, քաղաքական, վարչական և այլ ոլորտների գործիչների համար, որոնց բարոյական վարկին և ֆիզիկական կյանքին վնաս հասցնելով՝ ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ բանտերում փակեցին ու նախապես հայտարարված մեղադրանքները չհաստատելով՝ բաց թողեցին: Ո՞վ է պատասխան տալու բժիշկ հասարակական գործչի համար, որը չդիմանալով իրավական-դատական հետապնդումներին ու քաշքշուկներին՝ մահացավ դատարանի դահլիճում:

Ո՞վ է պատասխան տալու պատերազմի մասնակից հայտնի գեներալին սայլակի վրա ամիսներ շարունակ դատարանի դահլիճներ բերելու ու պարբերաբար բանտարկելու համար մինչև ուժերի սպառումն ու մահը: Ո՞վ է պատասխան տալու երկրի վարչապետի ծառայողական մեքենայի սպանած հղի կնոջ համար, ո՞վ է պատասխան տալու հակահրդեհային և հակասանիտարական խայտառակ պայմաններում փակված զինվորների ողջ-ողջ այրվելու համար, ո՞վ է պատասխան տալու զինվորական ծառայության ընթացքում անհեթեթ պատճառներով մահացած ու սպանված զինվորների և վերջապես կանխավ պարտված, երկու պատերազմներում նահատակված հազարավոր անմեղ զոհերի համար: Կարծում ենք՝ բոլորի համար էլ պարզ է, թե ով է ամենից առաջ պատասխան տալու:

Հայաստանի գործող իշխանությունն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել ոչ միայն ապրող հայությանը, այլև նախորդող սերունդներին, ազգային ինքնությանը, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու անգամ…երազանքներին: Նիկոլ Փաշինյանի համար չկա հայ ժողովրդի պատմություն, այլ կա միայն Հայաստանի պատմություն, հայրենիքը Հայաստանի Հանրապետության այն հատվածն է, որտեղ ինքը դեռ կարող է պտտվել: Թեև վայ ղեկավարի համար ներկա պետությունը նույնպես կորցրել է արժեքը, նա պատրաստվում է ոչ միայն պետության հիմքը՝ Սահմանադրությունը, փոխել, այլև առհասարակ հրաժարվել այս պետությունից և ստեղծել չորրորդ հանրապետություն: Եթե երբևէ ասվեր, թե Հայաստանին նման ապագա է սպասվում, պատմողին խելագարի տեղ կդնեին:
Խելագա՞ր է, թե՞ խելագար չէ պետության գլխին նման խաղեր մոգոնողը: Գուցե նա մի օր, իսկապես, խելագար ձևանա պատասխանատվությունից խուսափելու համար, սակայն բոլշևիկորեն երկիրը քանդելու և նրա տեղը նորը շինելու խելացնորությունը ավելի քան լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Իհարկե, շատերը անմիջապես հասկացան, որ այս ամենը թուրք-ադրբեջանական պահանջ է, ինչը պատրաստվում են Հայաստանի ղեկավարները կատարել իշխանությունը պահպանելու համար արտաքին երաշխիքներ ստանալու նպատակով: Բայց, հավանաբար, միակ պատճառը սա չէ: Նիկոլ Փաշինյանը բազմիցս ոտնահարելով պետության հռչակագիրն ու Սահմանադրությունը՝ պետական կարգի դեմ թույլ է տվել ոտնձգություններ, եթե չասենք, դավաճանություն:

Նոր Սահմանադրությունն ու նոր հռչակվող հանրապետությունը թերևս մոռացնել տան նախկինի մասին, դատարկ նոր էջ բացելով նաև երրորդ հանրապետությունը կործանողի կենսագրության մեջ, և գուցե նախկին ամեն ինչի՝ պետության, հայրենիքի, պատմության ու մշակույթի ու անգամ ազգային ինքնագիտակցության հարցում բացվի այդ դատարկ էջը: Ուզում ենք կրկնել այն միտքը, որը Փաշինյանի կառավարման առաջին տարիներին գրել է «Դրօշակը»: Նիկոլ Փաշինյանը գնում է այն մոլագարի ճանապարհով, որը մեկ անգամ ոճիր գործելուց հետո ստիպված է անընդհատ նոր ոճիրներ գործել նախորդների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Կհաջողվի արդյո՞ք դա նրան: Կարծում ենք՝ սա չէ գլխավորը, այլ այն, թե կհաջողվի՞ սատանայական շրջանից դուրս բերել և փրկել երկիրը կործանումից: Սա մի հարց է, որի լուծման համար պատասխանատու են բոլորը, իսկ ավելի շատ պատասխանատու են նրանք, ովքեր հավակնում են նման պատասխանատվության:

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company