ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության իրավաքաղաքական գնահատականը

05 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականությանը միջազգային իրավունքի տեսակետից գնահատական տալու առումով նախ հարկ է նշել, որ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան» և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան բոլոր պետությունների, այդ թվում՝ Բաքվի հանցավոր ռեժիմի վրա մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելու և նրանց բռնի տեղահանումից պաշտպանելու պարտավորություններ են դնում։

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի հայցի հիման վրա անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Թեև գործի քննությունը հիմնված էր ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար պետությունների պատասխանատվության վրա, այդուհանդերձ դատարանն անուղղակիորեն հաստատեց ցեղասպանության հանցագործության էական բաղադրատարրերը, որոնք ամրագրված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետում։ Դատարանի նախնական եզրակացություններում հստակ նշվել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի էթնիկ խմբի առողջության և կյանքի համար իրական և անմիջական սպառնալիք է ստեղծել : Հարկ է նշել, որ դեռ Սրեբրենիցայի գործի վերլուծության մեջ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը» Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի իմաստով ցեղասպանություն է ։ ՄԱԿ-ի դատարանի այս երկու որոշումների համադրումից ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչով խոչընդոտվեց սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունը, համապատասխանում է Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի բովանդակությանը, այն է՝ Արցախում բնակվող հայկական էթնիկ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը ։

2023 թ. հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցում իրավական որակում տալով արցախահայերի հարկադիր տեղահանությանը՝ նշվում է, որ հեռանալու որոշումը պայմանավորված էր հարձակմամբ, ինչպես նաև սննդից և դեղորայքից ինը ամիս զրկված լինելու հանգամանքով, որ Ադրբեջանի պաշտոնական այս քաղաքականության և գործողությունների հետևանքով հայ բնակչությանը լուրջ հոգեկան վնաս էր պատճառվել, ինչը համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» կետի սահմանմանը՝ խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը։ Նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց պրոֆեսոր Մենդեսի վերլուծությունը և արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից հետո ավելի քան 100,000 հայեր հարկադրված են եղել լքել իրենց բնակավայրը և հասնել Հայաստանի սահման» :

Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առանց միջազգային իրավունքով թույլատրված հիմքերի՝ բնակչության տեղահանումը կամ բռնի տեղափոխումը որակվում է որպես մարդկայնության դեմ հանցագործություն։ ՄՔԴ-ը պարզաբանել է, որ նախնական բնակության վայրից մարդկանց ուղղակի ֆիզիկապես տեղափոխելուց բացի՝ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը կարող է արտահայտվել բռնության հնարավոր գործադրման կամ կալանավորման վախի տարածման, ինչպես նաև հոգեբանական ճնշումների այլ ձևերով, նույնպես բավարար է այդ գործողությունները մարդկության դեմ հանցագործություն որակվելու համար ։

Այսպիսով՝ միջազգային իրավունքի նորմերի տեսակետից բավարար հիմքեր կան պնդելու, որ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ին ձեռնարկված ռազմական հարձակումը Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «բ» և «գ» կետերի համաձայն՝ կարող են որակվել որպես ցեղասպանություն, իսկ դրանից հետո իրագործված էթնիկ զտման կամ բռնի տեղահանության գործողությունը համապատասխանում է Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի «դ» կետի դրույթներին և որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Ինչ վերաբերում է ցեղասպանության հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմին՝ հանցավոր մտադրությանը, ապա այն ապացուցելի է Ադրբեջանի նախագահի կողմից հայերի դեմ ուղղված բազմաթիվ սպառնալից հայտարարություններով։ 2021 թ. դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին ներկայացվող ռասայական խտրականության մեղադրանքը ապացուցված համարեց՝ հիմք ընդունելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, առաջին հերթին՝ նախագահի հայտարարությունները: Հայկական մշակութային ժառանգության պղծումը և դրա նկատմամբ վանդալիզմի դեպքերը նույնպես որակվեցին որպես ազգային ատելության և ռասայական խտրականության դրսևորում: Դատարանը միաձայն որոշեց Ադրբեջանին պարտավորեցնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և քարոզչությունը, այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական կառույցների կողմից ։

Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Ադրբեջանին վերաբերող իր զեկույցում նույնպես խոր մտահոգություն արտահայտեց այդ երկրում՝ համացանցում, սոցիալական ցանցերի միջոցով հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածման, ինչպես նաև նման գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության իսպառ բացակայության կապակցությամբ ։

«Բոսնիան ընդդեմ Սերբիայի» գործով 2007 թ. որոշման մեջ Արդարադատության միջազգային դատարանը սահմանեց այն սկզբունքը, որ Ցեղասպանության մասին կոնվենցիայով այդ հանցագործությունը կանխելու պարտավորության կատարումն առաջանում է այն պահից, երբ պետությունը տեղեկանում է կամ պետք է, որ տեղեկացված լիներ, որ գոյություն ունի ցեղասպանության լուրջ վտանգ» ։ Այսինքն՝ այն պահից, երբ պետությունը տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որ կան ցեղասպանության իրականացման ռիսկեր, նա պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ որևէ խմբի ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացումը կանխելու կամ դադարեցնելու ուղղությամբ: 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ հենց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն էր փաստորեն Ադրբեջանին տեղեկացնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ցեղասպանության վերահաս վտանգի մասին՝ պարտավորեցնելով ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղափոխումն ապահովելու ուղղությամբ, ինչը վերահաստատվեց նաև նույն դատարանի 2023 թ. հուլիսի 6-ի որոշմամբ ։

2022 թ. դեկտեմբերի 21-ին կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես Արբեջանին պարտավորեցնում էր իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին առանց ապաստանի և ապրուստի միջոցների մնացածների Լաչինի միջանցքով անվտանգ անցումը ապահովելու ուղղությամբ:

Միջազգային դատական ատյանների նախազգուշացումներից հետո էլ Ադրբեջանի նախագահը գիտակցաբար շարունակում էր արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ Արցախում խորացնելով հումանիտար աղետը և ցեղասպանության վտանգները։ Արդարացումներն առ այն, որ դա կատարվել է բնական պաշարների մաքսանենգությունը կամ Արցախ զենքի և ականների փոխադրումը կանխելու նպատակով որևէ կերպ չեն կարող արդարացնել հումանիտար աղետի ստեղծման միջոցով ցեղասպանության իրագործումը Արցախում: Ավելին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրեց՝ վերահաստատելով միջազգային այդ ծանր հանցագործության մեջ իր պատասխանատվությունը։ Ցինիզմի և միջազգային արդարադատության նկատմամբ ծաղրի դրսևորում պետք է համարել Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Հակարիի կամրջի անցակետն իբր տեղադրվել է ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման:

Միջազգային դատական ատյանների որոշումները բացահայտ արհամարելու պայմաններում ծագում է Արցախի բնակչության նկատմամբ շարունակական հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությանը և առաջին հերթին նախագահին միջազգային իրավական պատասխանատվության կանչելու հնարավորությունների հարցը:

Ինչպես հայտնի է, 2023 թ. նոյեմբերի 1-ին Հայաստանն իր վավերագիրը պաշտոնապես ի պահ հանձնեց ՄՔԴ-ին։ Հռոմի ստատուտը Հայաստանի համար ուժի մեջ է մտնում 2024 թ. փետրվարի 1-ից, սակայն Հայաստանն իր դիմումում դատարանին խնդրել է, որ վերջինիս իրավասությունը հետադարձ ուժով սկսի գործել 2021 թ. մայիսի 10-ից՝ նպատակ ունենալով Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչել 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական հարձակումների համար:

Քանի որ Ադրբեջանը Հռոմի ստատուտի մասնակից պետություն չէ և չի ճանաչում իր տարածքում դատարանի իրավազորությունը, ապա տեսականորեն ՄՔԴ-ին քրեական դատարանի կողմից Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությանը պատասխանատվության կանչելու երկու տարբերակ կարելի է մատնանշել:

Առաջին տարբերակը Հռոմի ստատուտի 13-րդ հոդվածի «բ» կետի հիմքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսուհետ՝ ԱԽ որոշմամբ 2022 թ. դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննությունը ՄՔԴ-ին փոխանցելն է։ ՄՔԴ-ը նախկինում նման նախադեպեր ունեցել է: 2005 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի 1395 բանաձևով Դարֆուրում տիրող իրավիճակի քննությունը փոխանցվեց ՄՔԴ-ին և հինգ տարի անց Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին ցեղասպանություն իրագործելու մեղադրանք առաջադրվեց։ 2011 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ը Լիբիայում տիրող իրավիճակը փոխանցեց ՄՔԴ-ին և Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալության օրդեր տրվեց:

Այս տարբերակը, սակայն, քիչ հավանական ենք համարում՝ հետևյալ հանգամանքներից ելնելով: Արդարադատության միջազգային դատարանը կոնվենցիայի մասնակից պետություններին պարտավորեցրել է չսպասել մինչև ցեղասպանությունը իրականացվի, այլ անմիջապես կանխել կամ գոնե փորձել կանխել այդ հանցագործությունը նախքան դրա կատարումը ։ 2023 թ. ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ադրբեջանի նախագահից մի քանի անգամ պահանջել են դադարեցնել Արցախի շրջափակումը՝ հիշեցնելով Լաչինի միջանցքը բացելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու պարտավորության մասին, սակայն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ֆրանսիան Ադրբեջանին չեն զգուշացրել ցեղասպանության վտանգի և վերջինիս համար դրա հնարավոր ծանր հետևանքների մասին։ Ճապոնիայից բացի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս 14 անդամ պետությունները Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակիցներ են և այդ հանցագործությունը կանխարգելելու պարտավորություն են ստանձնել, սակայն նրանցից և ոչ մեկը որևէ քայլ չձեռնարկեց Արցախի հայերի դեմ ցեղասպանության վտանգը կանխելու ուղղությամբ ։ Թեև բազմաթիվ մասնագիտացված միջազգային կառույցներ ու հեղինակավոր փորձագետներ Արցախում տեսնում էին ցեղասպանության մոտալուտ վտանգը և զգուշացնում էին դրա մասին, 2023 թ. օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկումներն առանց որևէ վճռական որոշման ավարտվեցին, մինչդեռ ԱԽ-ն առնվազն պետք է Ադրբեջանին պարտավորեցներ՝ կատարելու Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշումը։ ԱԽ նիստի ընթացքում գոնե Հայաստանը պետք է փորձեր առաջարկել, որ ԱԽ-ը Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար աղետի իրավիճակի հարցը փոխանցեր ՄՔԴ-ին, ինչը, սակայն, նույնպես չարվեց: Ինչպես նկատելի է, համաշխարհային քաղաքականության ազդեցիկ ուժային կենտրոնների, հատկապես ԱԽ մշտական անդամ պետությունների միջև եղած շահերի հակասություններն ու մրցակցությունը գրեթե անհնարին են դարձնում այդ տարբերակի հավանականությունը:

Երկրորդ տարբերակը ՄՔԴ-ի Բանգլադեշում/Մյանմարում (նախկին Բիրմա) իրավիճակի քննության գործով դատարանի նախադեպի հիման վրա Ադրբեջանի նախագահին Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն իրականացնելու մեղադրանքով պատասխանատվության կանչելու հնարավորությունն է: ՄՔԴ-ը Բանգլադեշի/Մյանմարի գործով հաստատել է իր իրավասությունը շարունակական բնույթի հանցագործությունների նկատմամբ, որոնք սկսվել էին ՄՔԴ անդամ չհանդիսացող Մյանմարի տարածքում և շարունակվել էին ՄՔԴ-ի մասնակից Բանգլադեշի տարածքում: 2017 թ. ավելի քան 1 միլիոն ռոհինջա հետապնդումների, անմարդկային գործողությունների հետևանքով Մյանմարի Ռաքհայն նահանգից բռնի տեղահանվեց դատարանի անդամ-պետություն հանդիսացող Բանգլադեշի տարածք ։ Այս նախադեպն ուղղակիորեն համապատասխանում է Արցախում տիրող իրավիճակին, քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման և 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքից ավելի քան 100,000 արցախահայեր Լաչինի միջանցքով հարկադրված տեղահանվեցին Հայաստանի Հանրապետության տարածք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների շարունակությունը և դրանց հետևանքները տեղափոխվել են նաև ՄՔԴ անդամ ՀՀ տարածք ։ Տվյալ պարագայում Հայաստանը միանգամայն կարող է դիմել ՄՔԴ՝ Բանգլադեշի/Մյանմարի գործի նախադեպի հիման վրա Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն իրականացնելու մեղադրանքով Ադրբեջանի նախագահի դեմ վարույթ նախաձեռնելու դիմումով, ինչի դեպքում տուժողներն իրավունք կունենան տեղեկատվություն տրամադրելու ՄՔԴ դատախազությանը։

Նման դատական գործի նախաձեռնումն, անշուշտ, պետք է ապահովագրված լինի Ադրբեջանի դեմ դրան նախորդող և դրան զուգահեռ ընթացող քաղաքական և քարոզչական-տեղեկատվական գործընթացով, ինչը կարող է նպաստել ՄՔԴ-ում վարույթի օբյեկտիվ ընթացքին և համապատասխան որոշման կայացմանը: Իհարկե, ՄՔԴ որոշումները կյանքի կոչելու ոչ այդքան հաջող պրակտիկան որոշակի կասկածների տեղիք է տալիս, սակայն այս գործընթացի հաջողությունը զգալիորեն կզսպի հետագայում Ադրբեջանի և նրա թիկունքում գործող Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը և միջազգային իրավական հիմքեր կնախապատրաստի Արցախի ու արցախահայերի իրավունքների հետագա պաշտպանության համար։

Արմեն Մարուքյան

«Դրօշակ» թիվ 3, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company