Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց օրը
13 Մայիս 2024![](https://www.arfd.am/wp-content/uploads/2024/05/capture_v1_74.thumb_-jpg.webp)
Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու աջակիցների հետ ամփոփեց օրը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, նախքան օրվա ամփոփումը, ընթերցեց այն բոլոր փողոցների անունները, որոնք փակվել էին օրվա ընթացքում:
«171 քաղաքացի է բերման ենթարկվել այսօր հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ: Բռնաճնշումները ոչ մեկի վրա չի ազդում, ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, այդքան մարդկանց թիվն ավելանալու է»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը անդրադարձավ առավոտյան ստեղծագործական միություններ կատարած իր այցերին. «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Նկարիչների եւ Գրողների միություններում, Պատմության ինստիտուտում, Գիտությունների ազգային ակադեմիայում:
Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 10:00-ին, այցելելու է ԵՊՀ՝ ուսանողներին ողջունելու, հետո՝ Ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին գիշեր ու ցերեկ կատարած աշխատանքի համար, ապա՝ մետրոյով գնալու է Գարեգին Նժդեհ կայարան։
Պայքարի ծավալը պետք է մեծանա. նշեց Բագրատ Սրբազանը։
Հայաստանի ողջ տարածքով պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները:
«Իրավապահ համակարգի նախկին աշխատակիցները մոնիտորինգ են արել ու մեզ հայտնում են, որ վերջին տարիներին այսպիսի ծավալի գործողություններ տեղի չեն ունեցել Հայաստանում։ Առավոտյան ժամը 07։30-ից, 08։00-ից մարդիկ արդեն փողոցներում են, իմ աչքերով եմ տեսնում նրանց։
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ պետք է շարունակվեն իրականացվել անհնազանդության խաղաղ, հաշտ և սիրով գործողություններ։
Հարավում, հյուսիսում, միջանկյալ տարածքում, Երևանում, մյուս վայրերում գործողություններ տեղի կունենան, ճնշումը կմեծացնենք։
Վստահաբար, Տիրոջ կամոք՝ ճշմարտությունը հաղթելու է։ Ինչ ճանապարհով ուզում է լինի, հաղթելու է»,- ասաց Սրբազանը։
Տեսանյութն՝ այստեղ