Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում
16 Մայիս 2024Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը պայքարին միացած քաղաքացիներին հայտնեց՝ Գառնիկ Դանիելյանը Շարժման պատվիրակության հետ կմեկնի Կիրանց։ Իսկ Շարժումը հանուն հայրենիքի է՝ հանուն Տավուշի, հանուն Սյունիքի, հանուն Ջերմուկի, հանուն Վարդենիսի, հանուն Արցախի։
Այսօր, ինչպես տեղեկացրեց Սրբազանը, հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք կուսակցությունների ու գործիչների, անհատների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
Նա հայտնեց, որ վաղը ԵՊՀ–ի մոտ բաց դաս ունեն. «15։00-ին նախատեսված է հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում, իսկ ժամը 18։00 Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում կկայանա ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ»։ Սրբազանն ասաց, որ առաջիկայում հանդիպելու են նախկին սպայական կազմի հետ:
«Շաբաթ օրը առավոտյան ժամը 11։00-ին բոլոր քաղաքական կուսակցություններին՝ անխտիր, հրավիրում ենք հանդիպման։ Այս հանդիպումները շատ կարևոր են»,- ասաց Սրբազանը։
Նա տեղեկացրեց նաև՝ շուտով կկայանա կարևոր, առանցքային հանրահավաքը։
«Շատ մեծ հանրահավաք՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պետք է հասնեն»,- ասաց նա:
Բագրատ Սրբազանը կրկին շեշտեց, որ իրենց պայքարը ճշմարտության, հայրենիքի համար է, եւ ինքը հետ չի կանգնի այդ պայքարից. «Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե նույնիսկ մենակ մնամ հրապարակում»:
Սրբազանը նաև ընդգծեց, որ առաջիկա հանրահավաքին կհայտարարի հստակ ճանապարհային քարտեզը։
«Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ինձ մի թողեք»,- ասաց նա։
Երեկոյան՝ օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում:
տեսանյութն՝ այստեղ
Նշենք, որ Բագրատ սրբազանը օրվա ընթացքում հանդես է եկել տեսաուղերձով.
Երեկ գիշերը մթության քողի տակ տեղի է ունեցել այս տխրահռչակ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։
«Սա տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի, մեր քաղաքացու ու ընդհանրապես մեր գոյության։ Իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցան այն լայն իրավական, օրենսդրական հիմնավորումները, որ տրվել են մասնագետների կողմից։ Սա փաստում է, որ իշխանությունները գործում են իրավունքի, օրենքի, սահմանադրության, բարոյականության ու տրմաբանության բոլոր չափանիշներին հակառակ։ Այս իմաստով անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառները»,- ասել նա։
Սրբազանը նշել է, որ պատճառը մեկն է և այն Երևանում է։
«Հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով համբերությամբ ու վստահությամբ հեռացնելու այս իշխանությանը՝ իր ապօրինություններով հանդերձ ու նոր կյանք հաստատելու մեր երկրում։
Մենք մեր անհամաձայնությամբ ու առաջիկա գործողություններով, որոցք մասին մանրամասն կներկայացնենք, պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև այլ ելք չկա։ Պետք է նպատակադրված լծվենք ամենաբարդ ու ամենածանր աշխատանքին՝ որոշակի ու կոնկրետ քայլերով։
Սա չակնկալիքների պայքար է, նյութական որևէ ակնկալիք չունենք, այս պայքարում ճշմարտությունը պետք է հաղթի։ Այս պահին էլ տնազուրկ Կիրանցի մեր հերոսական ժողովուրդը փողոցում է գտնվում։
Վերահաստատում ենք, որ այս տառապանքը անատասխան չի մնալու, ու դա իրականացվելու է շատ շուտով։ Մեզ համար այլընտրանք չկա՝ կամ այսօր, կամ երբեք»,- ասել է Բագրատ Սրբազանը։
