Հայաստանը ՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մրցակցության երկրորդական ճակատի նոր հարթակ
30 Հունիս 2024Հարավային Կովկասը Եվրոպայի և Ասիայի միջև ընկած ամենակարևոր ռազմավարական տարածաշրջաններից մեկն է, որը հարթակ է կայուն շահեր ունեցող բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների համար: Այս շահերը դարեր շարունակ բախվել են: Պատմության ընթացքում յուրաքանչյուր խոշոր խաղացող ձգտել և ձգտում է պարտադրել խաղի իր կանոնները և փորձում է օգուտ քաղել տարածաշրջանի աշխարհաքաղաքական առավելություններից։ Հոդվածում կփորձենք վերլուծել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրների համագործակցության հիմնական ասպեկտները, մարտահրավերներն ու հեռանկարները։
Հարավային Կովկասում էլ, ինչպես և իր արևմտյան սահմաններին, Ռուսաստանի անվտանգային շահերը բախվում են ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության հետ: ՆԱՏՕ-ն փորձում է իր ներկայությամբ հակակշռել Ռուսաստանի ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում:
Թեև Հարավային Կովկասը փոքր տարածք է զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա, սակայն այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության սանդղակը զգալիորեն գերազանցում է նրա աշխարհագրական չափերը։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը հիմնովին փոխեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան և ստիպեց, որպեսազի նորաստեղծ պետությունները ձգտեն սահմանել իրենց ազգային շահերն ու քաղաքական առաջնահերթությունները նոր պայմաններում: Խորհրդային Միության փլուզման ևս մեկ հետևանքն այն էր, որ այն թույլ տվեց այլ տերությունների նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցության համար մրցակցելու, ինչը նրանք նախկինում չէին կարողանում անել Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության հզոր հեգեմոն ներկայության պատճառով: Տարածաշրջանն իր աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությամբ ոչ միշտ եղել է համաշխարհային տերությունների արտաքին քաղաքականության առաջնագծում։ Հեգեմոն տերությունները պատմության ընթացքում օգտագործել են այն նաև հարևան շրջանների, հատկապես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վրա ազդելու համար: Եթե նախկինում Հարավային Կովկասը գտնվում էր միջազգային օրակարգի հետնաբակում, ապա Խորհրդային Միության փլուզումից և դրան հաջորդած նորանկախ պետությունների ձևավորումից հետո, այն շատ ավելի կարևոր դարձավ ինչպես իր անմիջական հարևանների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող ազդեցիկ դերակատարների համար: Այսօր Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջան է, որը ռազմավարական տեղ է զբաղեցնում կասպյան նավթի և գազի փոխադրման գործում։
Տարածաշրջան, որն արդեն 30 տարի բախվում է չլուծված հակամարտությունների և Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-քաղաքական և տնտեսական խնդիրների հետ։ Ձգձգվող հակամարտությունները երկար ժամանակ լարվածության աղբյուր են մնում ինչպես Վրաստանի և Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Թեև ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներում հակամարտությունների կարգավորման գործում, Հարավային Կովկասի ճգնաժամը մեծապես պայմանավորված է նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններով և հակասություններով: Հավաքական Արևմուտքի անվտանգային քաղաքականության և միջազգային հարաբերությունների վրա միջազգային կառույցների ազդեցության ուսումնասիրությունը, բանալիներ են տալիս խորանալու այն դերի մեջ, որը Ռուսաստանի համեմատ ՆԱՏՕ-ն խաղում է Հարավային Կովկասում, որտեղ փորձում է արվում հաստատել արևմտյան ազատական ժողովրդավարության քաղաքական գլոբալ հեգեմոնիան։ Արևելյան Եվրոպայի փորձը ցույց է տվել, որ արևմտյան ազատականությունը հակված է ընդլայնելու իր ազդեցության գոտին, ինչն իր հետ բերում է նաև տարածաշրջանին ոչ բնորոշ ազատական ինտերնացիոնալիզմը, ինչը հանգեցնում է մրցակցության, կամ հակամարտության նոր որակի, քանի որ Ռուսաստանը այս տարածաշրջանը շարունակում է դիտարկել, որպես իր շահերի և իր ազդեցության գոտի, և Արևմուտքից ներթափանցող գաղափարախոսությունները ևս դիտարկում է, որպես պատերազմական գործիք: Նեոլիբերալիզմը հիմնվում է ռացիոնալության և պայմանականության հայեցակարգերի վրա՝ ընդգծելով միջազգային քաղաքականության ոլորտում ինստիտուտների և կազմակերպությունների խաղացած կենտրոնական դերը: Այժմ ուշադրություն է դարձվում կանոնների վրա հիմնված միջազգային ինստիտուցիոնալ համակարգում ազդեցության խնդրին` որպես իշխանության վրա հիմնված փոխազդեցությունների հակակշիռ:
Ռուսաստանի շահերը բախվում են շահագրգիռ այլ խաղացողների և կազմակերպությունների շահերին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն էլ փորձում թաքցնել իրենց ագրեսիվ հավակնությունները:
Մինչև ուկրաինական պատերազմի նոր փուլը Ռուսաստանը կենտրոնացած էր ԱՊՀ-ի իր հարևանների հետ ռազմավարական կապերի ընդլայնման վրա, որոնք նրան անհրաժեշտ էին և են՝ որպես մեծ տերություն կրկին հանդես գալու գործիք և երաշխիք: Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կրիտիկական ազգային շահերի տարածաշրջան է, և անկախ ցանկությունից և հնարավորությունից Ռուսաստանը պարզապես չի կարող խուսափել Հարավային Կովկասի գործերին ներգրավվելուց: Ի դեպ, ի չիք չեն դարձել գործոնները, որոնք (պոտենցիալ) թույլ են տալիս Ռուսաստանին շարունակելու մնալ արդյունավետ տարածաշրջանային խաղացող. դրանք են պատմական կապերը, ինստիտուցիոնալ և ժողովրդագրական առավելությունները, լեզուն և մշակույթը, ինչպես նաև այն փաստը, որ երկիրը ֆիզիկապես սահմանակից է Հարավային Կովկասին: 1991-ի վերջին, Խորհրդային Միության փլուզումից հետո աստիճանաբար ստեղծվեցին մի շարք ինստիտուտներ, որոնք փորձում էին ինչ-որ կերպ փոխարինել փլուզված խորհրդային նախկին համակարգին։ Այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), Եվրասիական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հիմնված էին ընդհանուր պատմության և ընդհանուր շահերի վրա: Այնուամենայնիվ, ոչ բոլոր նորանկախ պետություններն են ողջունել և ողջունում անդամակցությունը նման կառույցներին, հասկանալով, որ այդ ինստիտուտները ղեկավարվում և ազդվում են Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը շարունակում է ընկալվել, որպես նախկին գաղութատիրական տերություն: Որոշ հեղինակներ պնդում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ մնում է նեոկայսերապաշտպանական։ Հիմնական տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանը մոտ 200 տարի ղեկավարել է այս աշխարհագրական տարածքը և պատրաստ չէ այն ազատել իր ազդեցությունից։
Մոսկվան տարածաշրջանի վրա ունի ռազմավարական, տնտեսական (հատկապես էներգետիկայի ոլորտում), ինչպես նաև քաղաքական լծակներ։ Հարավկովկասյան բոլոր երեք երկրներն էլ սերտորեն կապված են ռուսական տնտեսության հետ՝ կարևորագույն ենթակառուցվածքների, առևտրի, ներդրումների և մշտական սփյուռքից ու աշխատանքային միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների միջոցով: Կովկասյան տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու մասին ցանկացած հայտարարություն, անկախ թե ով է նախաձեռնողը, Ռուսաստանը՝ ըստ պահի թելադրանքի, թե նրա հակառակորդները, հաճախ հիմնված են պատեհապաշտ նկատառումների վրա: Դարեր հետ չգնալով՝ կարելի է ասել, որ միայն վերջին 35 տարիների ընթացքում Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ «ճանապարհվել» է Անդրկովկասից, կամ իրեն «ճանապարհել են»: Պատրանքներ չպետք է ունենալ: Կովկասում Ռուսաստանը այսօր էլ վարում է վճռական տարածաշրջանային քաղաքականություն՝ համահունչ իր պատմական ավանդույթներին, ըստ որոնց տարածաշրջանը դիտարկվում է որպես «Ռուսաստանի պատմության և ճակատագրի անբաժանելի մաս», ինչպես նաև նրա ժամանակակից աշխարհաքաղաքական շահերի օբյեկտ: Միևնույն ժամանակ, նրա երկարամյա դերը, որպես տարածաշրջանում գլխավոր խաղացող, շարունակում է ձևավորել նրա ընկալումները և առաջնահերթությունները: Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ համահունչ է նաև հետխորհրդային Եվրասիայի ավելի լայն հայեցակարգին, որը դիտվում է որպես խառնարան, որի միջով Ռուսաստանը պետք է անցնի, որպեսզի վերջնականապես հաստատվի որպես մեծ գլոբալ տերություն: Այս դինամիկան կրկին դրսևորվել է 2013 թվականից՝ Ուկրաինայում ծավալվող հակամարտությանը ռուսական պատասխանում։
Ժամանակ առ ժամանակ ձևավորվում են պատրանքներ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից «հավաքվեց և գնաց»: Դա տեղի է ունեցել 2006 թվականին Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Բայց հետո եղավ 2008-ի «թեժ օգոստոսը»։ Այդպիսի տպավորություն ստղծվեց 2012-ին, երբ Ռուսաստանը դադարեցրեց Ադրբեջանում Գաբալայի հրթիռային հարձակման նախազգուշացնող ռադիոտեղորոշիչի շահագործումը: Չարժե շտապել եզրակացություններ անել: Այո, Ռուսաստանն այսօր կորցրել է իր բացառիկ կարգավիճակը Հարավային Կովկասում, այդ փաստը դժվար է վիճարկել։ Բայց նա ինքնին կովկասյան տերություն է (Հյուսիսային Կովկասի 7 հանրապետությունները, ներառյալ Ադըղեան, գումարած Կուբանը և Ստավրոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում): Ռուսաստանը չի կարող հեռանալ ինքն իրենից: Կովկասյան աշխարհաքաղաքականությունը մշտական շարժման մեջ է: Այո, խնդիրները դատարկ տեղից չեն առաջանում, դրանց նախադրյալները հասունանում են, կարեւոր է հետեւել դրանց։ Եվ հասկանանք սերունդների գործոնը, սպասումների ու հիասթափությունների կուտակված ազդեցությունը։ Ռուսաստանի հեռանալը (իր գոյության տարբեր ձևերով) եղել է նախկինում, բայց դա խաղաղություն չբերեց Կովկասին։ Այդպես էր 1917-1921 թվականներին, այդպես էր 1989-1992 թվականներին:
Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ-ից ժառանգել է Կասպից ծովի ածխաջրածնային պաշարների հասանելիության մենաշնորհը, սակայն տարածաշրջանի նկատմամբ նրա վերահսկողությունը որոշակի մարտահրավերների առջև է կանգնած: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը շահագործման է հանձնվել 2006 թվականին, դիտվում է որպես «պորտալար», որը սերտորեն կապում է Ադրբեջանն ու Վրաստանը Արևմուտքի հետ: 2009 թվականին գազի գնի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի վեճը, որը ձմռան կեսերին հանգեցրեց Եվրոպա մատակարարումների ժամանակավոր ընդհատմանը, դիվերսիֆիկացման պահանջ առաջացրեց Եվրոպայում: Կասպից տարածաշրջանն այժմ Եվրոպական միության կողմից դիտվում է որպես բնական գազի մատակարարման «չորրորդ առանցք» (Նորվեգիայից, Ռուսաստանից և Աֆրիկայից հետո)՝ մայրցամաքի կարիքների մինչև 20 տոկոսը բավարարելու ներուժով։
Էներգետիկ ոլորտում աշխարհաքաղաքական մրցակցությունը շարունակում է լարված մնալ։ Քաղաքական առումով, հետխորհրդային տարածքը փոփոխվող կոնֆիգուրացիաներում (և, հնարավոր է, ինքնին անվանման փոփոխությամբ) կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի նրա գերիշխողը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որն ունի իր իշխանությունը նախագծելու բավարար հնարավորություններ (տարբեր պատկերացումներով՝ սկսած փափուկից մինչև գերկոշտ) նախկին ԽՍՀՄ տարածքում: Այո, հասկանալի է նաև, որ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ չունի ՝ միայնակ հարավկովկասյան տարածաշրջանում ուժի բավարար պրոյեկցիա իրականացնելու համար։ Բայց դա՝ այսօր: Վրաստանը, եթե իր զարգացումները բարենպաստ լինեին ԵՄ-ի հետ մերձեցման առումով, կարող էր դեռ առաջընթաց ունենալ։ Սակայն, իրավիճակ է փոխվել: Որքան էլ տարօրինակ հնչի, Հարավային Կովկասում Ռուսաստանի գտնվելու ամենակայուն հիմքը Հայաստանի հետ նրա երկկողմ հարաբերություններն են։ Հայաստանը Ռուսաստանին Հարավային Կովկասի հետ կապող հիմնական «պորտալարն» է: Երկու պետությունները պատմական և մշակութային մեծ կապեր ունեն, և միջազգային հարցերի մի մասի վերաբերյալ նրանց դիրքորոշումները սերտորեն համաձայնեցված են, նույնիսկ Փաշինյանի հայտարարությունների ենթատեքստում: Քանի դեռ Հայաստանը վտանգ է զգում Ադրբեջանի կողմից, ռազմավարական կախվածության մեջ կմնա Մոսկվայից։ Հայաստանը կախված է Ռուսաստանի տնտեսական աջակցությունից, ներառյալ առևտուրը և գրավիչ գներով էներգակիրները։ Ռուսաստանը ձեռք է բերել վերահսկիչ բաժնետոմսեր Հայաստանի ազգային տնտեսության խոշոր հատվածներում, ներառյալ երկաթուղին, հանքարդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը և էներգետիկ ենթակառուցվածքները: Հաշվի առնելով կախվածության աստիճանը՝ զարմանալի չէ, որ 2014 թվականի սեպտեմբերին Երևանը որոշեց մերժել Ասոցացման համաձայնագրի ԵՄ առաջարկը՝ հօգուտ Ռուսաստանի կողմից աջակցվող Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության: Այն ժամանակ որոշ վերլուծաբաններ դա ընկալում էին, որպես ամբողջության ձևավորվող Կովկասի՝ ռազմավարական բաժանում, Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի երկայնքով՝ ի տարբերություն Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան այլընտրանքի, բայց գրեթե կասկած չկա, որ նման սցենարը ուռճացնում էր առաջարկվող դաշինքների համահնչունության աստիճանը։ Այնուամենայնիվ, միայն Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերություններն ունեն իրական ռազմավարական կշիռ և արժեք։
Պատահական չէ, որ Արևմուտքը մատների արանքով է նայում 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին, որն իբրև դաշնակցային մակարդակի է բարձրացնում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Բոլորն էլ փայլուն հասկանում են, որ դա փուչիկ է։ Ադրբեջանը ունի մեկ ռազմավարական դաշնակից, դա Թուրքիան է։ Եվ ստորագրված փաստաթղթերը ընդամենը հետապնդում են մեկ նպատակ, ինչ որ չափով հավասարակշռել 2021 թվականի հունիսի 15-ին կնքված Շուշիի հռչակագիրը։ Արևմուտքի ջանքերը բացառապես ուղղված են Հայաստանը Ռուսաստանից պոկելու գերնպատակին։ Պատահական չէ նաեւ Ռուսաստանի մեղմ արձագանքը Հայաստանից հնչող հակառուսական հայտարարություններին։ Ռուսաստանը ոչ մի ցանկություն չունի Հայաստանում կրկնելու վրացական սցենարը։
Ազդեցություն ձգտող մեկ այլ կազմակերպություն ՆԱՏՕ-ն է՝ ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի ինստիտուցիոնալ մեխանիզմը՝ նախկին Արևելյան բլոկի երկրներին և նախկին խորհրդային հանրապետություններին եվրաատլանտյան ինտեգրման դրոշի տակ դնելու և նրանց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծրից հեռացնելու նպատակով: Ռուսաստանը ՆԱՏՕ-ի առաջխաղացումը շարունակում է դիտել, որպես անցանկալի ներխուժում «իր» կենսատարածք և որդեգրել է ՆԱՏՕ-ի երկրները «անպատշաճ» և «անվստահելի» գործընկերներ ներկայացնելու մարտավարությունը: Ռուս հետազոտողները գտնում են, որ «Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանը կենսական հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում», ինչպես նաև համոզված են, որ եթե ՆԱՏՕ-ն դառնա Ռուսաստանի հարևան Հարավային Կովկասում, այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի։ Ուստի ռուսական որոշ քաղաքական շրջանակներ տարբեր ճանապարհներով փորձում են կանխել Հարավային Կովկասի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում իր ռազմավարական դիրքի և բնական ռեսուրսների շնորհիվ Հարավային Կովկասի բոլոր երկրներին ընդգրկելու համար և՛ ՀԱՊԿ, և՛ ԵԱՏՄ կազմում։ Նա ցանկանում է վերստեղծել հին աշխարհակարգը, որում Մոսկվան կրկին կարևոր դեր է խաղալու:
Նշենք, որ Պուտինի երկրորդ և երրորդ նախագահական ժամկետների միջեւ ընկած ժամանակահատվածը համեմատաբար հանգիստ է եղել Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններում։ Սակայն արդեն 2010 թ. փետրվարին ռուսական նոր ռազմական դոկտրինը ՆԱՏՕ-ն հռչակեց, որպես իր ազգային անվտանգության հիմնական մարտահրավեր: Անշուշտ, Ռուսաստանը չէր ցանկանում վերադառնալ Արևմուտքի հետ առճակատման մաշեցնող քաղաքականությանը, բայց նաև չէր կարող համաձայնվել ՆԱՏՕ-ի ընդլայնման համակարգված փորձերի հետ: Պուտինի երրորդ ժամկետը սկսվեց Ռուսաստանի և Արևմուտքի ակնհայտ հակադրությամբ՝ որպես տարբեր արժեքային համակարգերով առաջնորդվող ուժերի հակամարտություն: Միավորված, ազատ և իր ու իր հարևանների հետ խաղաղության մեջ գտնվող Եվրոպայի գաղափարին միանալուց երկու տասնամյակ անց Ռուսաստանը վերջնականապես հրաժարվեց դրանից։ Այս բացը դրսևորվեց նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերություններում։ Հենվելով իր ազդեցության գոտու և շահերի մասին Ռուսաստանի նախկին պնդումների վրա, ինչպես նաև արևմտյան աշխարհաքաղաքական էքսպանսիայի վտանգի վրա՝ Պուտինը բարձրացրել է Եվրասիական ինտեգրացիան՝ իր արտաքին քաղաքականության օրակարգում դնելով նախկին խորհրդային երկրների միավորման գաղափարը:
2014 թվականի մարտի 18-ի իր ուղերձում, որտեղ նախագահ Պուտինը արդարացնում էր Ղրիմի բռնակցումը, նա ընդգծեց այն նվաստացումը, որը կրել էր Ռուսաստանը Արևմուտքի մի շարք թշնամական գործողությունների և խախտած խոստումների պատճառով, ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք: Կրկնենք, որ մի պահ թվում էր, թե Մոսկվան կարծես թե մեկընդմիշտ կորցրել է Վրաստանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Հիմա հասկանալի է, որ դա այդպես չէ, սակայն վնասի վերականգնումը կպահանջի հսկայական ջանքեր մի քանի սերունդների ջանքերի արդյունքում: Ռուսաստանի հետ բախումից հետո Վրաստանը լքեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որը վերջին հետխորհրդային կառույցն էր, որի հետ կապված էր Հայաստանի հյուսիսային հարևանը։ ԱՊՀ-ից Վրաստանին վտարելով՝ Ռուսաստանը կորցրեց լեգիտիմությունն ու ազդեցությունը Վրաստանում, ինչը սրվեց դիվանագիտական հարաբերությունների դադարեցմամբ։
Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ստորագրվել է Պուտինի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ներկայացնում է որպես Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիք, քանի որ Արևմուտքը ձգտում է պահպանել իր գերիշխող դիրքն աշխարհում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակվում է արագ տեմպերով, և Դաշինքը հավատարիմ է իր գլոբալ առաքելության իրականացմանը: Նոր փաստաթղթի համաձայն՝ ՆԱՏՕ-ն խաթարում է միջազգային անվտանգությունը, միջազգային իրավունքը և սպառազինությունների վերահսկման պայմանագրերը. ձեռք է բերում նոր ռազմական հնարավորություններ, և իր ռազմական ենթակառուցվածքն ավելի մոտ է տեղակայում Ռուսաստանի Դաշնության տարածքին՝ սպառնալով նրա անվտանգությանը։ Հետխորհրդային տարածքում Վրաստանը Ռուսաստանի հետ առճակատման ամենավառ օրինակն էր։ Հիմա այդ ճանապարհին է Հայաստանը:
Այսպիսով, ըստ 2010 թվականի հայեցակարգի ՆԱՏՕ-ի գլոբալիզացիան Ռուսաստանի անվտանգության թիվ մեկ արտաքին սպառնալիքն էր։ Ի տարբերություն 2010 թվականի փաստաթղթի, 2014 թվականի հայեցակարգում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի դիտարկվում որպես կայունության գործոն, մինչդեռ նշված սպառնալիքների բնույթը մնում է նույնը։ Այս փաստաթղթում պարզապես կա մի փոքր ուղղում, ՆԱՏՕ-ն նշվում է որպես հավասար երկխոսության «պոտենցիալ գործընկեր»: Թեև կոնկրետ երկրների անուններ չեն նշվում, Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտու ռազմավարությունը 2014 թվականի ռազմական հայեցակարգի առանցքն է։
Այսպիսով, քանի դեռ Հայաստանը հետևում էր Ռուսաստանի կառավարության գծին, իսկ Ադրբեջանի չեզոքությունը Ռուսաստանի համար անվտանգության որևէ վտանգ չէր ներկայացնում, միակ երկիրը, որտեղ Մոսկվան փորձում է բարելավել իր իմիջը, Վրաստանն էր։ Հաշվի առնելով կոշտ ուժի քաղաքականության ձախողումը, որի նպատակն էր Վրաստանին հետ պահել իր արևմտամետ կողմնորոշումից, Ռուսաստանի իշխանությունները Թբիլիսիի հետ հարաբերություններում սկսել են օգտագործել, այսպես կոչված, փափուկ ուժը: Հասկանալով, որ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ վեճերն անիմաստ են, քանի որ Վրաստանը մտադիր չէ խախտել իր տարածքային ամբողջականությունը կամ փոխել իր քաղաքական դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության նկատմամբ, ռուսական դիվանագիտությունը փորձում է վարել երկխոսության քաղաքականություն՝ հիմնված «համաձայնություն փոխադարձ անհամաձայնության մասին» սկզբունքի վրա (երբ ձեր գործընկերը գործում է որոշակի սահմաններում): Այս գաղափարի կողմնակիցների կարծիքով, Ռուսաստանը պետք է Վրաստանի նկատմամբ նոր քաղաքականություն որդեգրի, որը կչափավորի Մոսկվայի հանձնառությունը Թբիլիսիում ռեժիմի փոփոխության հարցում, և փոխարենը կօգտագործի վրաց ժողովրդի հետ անմիջական շփումները: Այս նոր քաղաքականության նպատակն է կանխել վրացական քաղաքական վերնախավերի հետագա օտարումը Ռուսաստանից և օգնել ռուսամետ (կամ գոնե Ռուսաստանի նկատմամբ չեզոք) ուժերին իշխանությունը պահելու նաև հաջորդ ընտրական շրջանում: Արդյունքը մենք տեսնում ենք:
Այս առումով հետաքրքիր են ռուս քաղաքագետների դիտարկումները, ըստ որոնց Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի երեք հիմնական առաջնահերթություն, գոնե մինչև ուկրաինական թնջուկի հանգուցալուծումը.
1) աջակցություն Աբխազիային և Հարավային Օսիային՝ որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների,
2) Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության ապահովումը, Արցախի հայաթափումից հետո, և տարածաշրջանում իր ռազմական ներկայության, գոնե նվազագույն ապահովումը,
3) Անդրկովկասի նախկին խորհրդային հանրապետություններում իր որոշակի շահերի ամրագրումը ՝ որպես ռուսական Հյուսիսային Կովկասում ներքին խաղաղ զարգացման անհրաժեշտ պայման։ Սակայն Արցախի հայաթափման տեսանկյունից, Մոսկվայի վարած «ընտրովի ռեվիզիոնիզմի» քաղաքականությունը, երբ ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Կրեմլը նախընտրեց չաջակցել չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» նկրտումներին, լուրջ փորձության ենթարկեց և դեռ կենթարկի Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում: Նախկինում, ամրապնդելով իր դիրքերը որպես տարածաշրջանային առաջնորդ՝ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում էր Արևմուտքի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ի տարբերություն Վրաստանի, Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումներն այս հարցում շատ ավելի ընդհանրություններ ունեին, և Մոսկվային հաջողվել է նվազագույնի հասցնել իր տարածաշրջանային գերակայության մարտահրավերները։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման ծրագրերը մնում էին սառեցված, և Ռուսաստանը միայն ուժեղացնում էր իր դերը որպես հզոր միջնորդ Լեռնային Ղարաբաղի գործընթացում: Մոսկվային հաջողվել է նաև ապահովել անդրսահմանային և հակաահաբեկչական համագործակցություն՝ միաժամանակ զսպելով ջիհադական ուժերին Ադրբեջանում (և նույնիսկ Վրաստանում, թեև վերջինի դեպքում շփումները բավականին սահմանափակ էին):
Ռուսաստանում հասկանում են, որ Հարավային Կովկասում ընդլայնման գործընթացը կարող է ՆԱՏՕ-ին ավելի ճկուն դարձնել՝ ավելացնելով Ռուսաստանին զսպելու նրա կարողությունը։ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի: Առավելևս, պետք էր հաշվի առնել, որ Հարավային Կովկասի անվտանգության վիճակի վրա ազդելու Ռուսաստանի ռազմավարական, տնտեսական և գաղափարական հնարավորությունները մնում էին շատ ավելի ուժեղ, քան որևէ այլ խաղացողի:
1994 թվականից ի վեր Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի մասնակիցներ են: Տարածաշրջանում ներգրավվածության հայտարարված հիմնավորումն ու տրամաբանությունը այն է, որ այն նախատեսված է «աջակցելու միջազգային ջանքերին` խթանելու վստահության ամրապնդման միջոցները` հակամարտությունների կարգավորման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, առաջին հերթին օգնելով Հարավային Կովկասի պետություններին`կայացնելու ինստիտուտներ, որոնք ավելի լավ են հաղթահարում անվտանգության մարտահրավերների բազմազանությունը, որոնց բախվում է յուրաքանչյուր երկիր:
Ոչ ոք չի հերքում, որ ՆԱՏՕ-ն կարող է լինել sine qua non (անհրաժեշտ պայման-լատ.) Հարավային Կովկասի անվտանգության համար։ Սակայն, փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն իր հետ բերում է նոր գլոբալ ռիսկեր, ինչը պարտադրում է, որպեսզի անվտանգության ոլորտը ընդլայնվի դեպի Հարավային Կովկասին ոչ բնորոշ անվտանգության ոչ ավանդական խնդիրների լուծման դաշտ:
Ըստ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի 13-րդ կետի ճանաչվում է ազգերի աճող կախվածությունը. «կենսական կապի, տրանսպորտի և տարանցման ուղիներից, որոնցով էլ պայմանավորված են էներգետիկ անվտանգությունը, միջազգային առևտուրը և բարգավաճումը»: ՆԱՏՕ-ի համար Վրաստանի և Ադրբեջանի առաջնային նշանակությունը հարավկովկասյան միջանցքի պաշտպանությունն է ռուսական ազդեցությունից, Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման ապահովումը ու Իրանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության սահմանափակումը: Հայաստանը նման գործառնույթներ իրականացնելու ռեսուրս չունի: Ընդունենք նաև, որ Կովկասը ոչ միայն սառեցված հակամարտությունների հիմնական աղբյուրն է, այլև ներկայացնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման սահմանը դեպի Ռուսաստանի հարավային բաստիոն: Անվտանգության տարբեր շահերն ու սպառնալիքների ընկալումները նույնպես բարդացնում են տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար: Անկախ վերջին զարգացումներից, Վրաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք, Ադրբեջանը՝ ոչ, իսկ Փաշինյանը դեգերումների մեջ է:
Կասպից ծովի տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ի վճռական դերի հիմնական խոչընդոտներն են ՆԱՏՕ-ի տրամադրության տակ գտնվող միջոցների և գործիքների բացակայությունը, ինչը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում արտահայտված մտադրությունների իրականացմանը: Դաշինքի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն, հատկապես ռազմական ուժերի ներգրավմամբ, կարող է առաջացնել ռուսական պատասխան՝ հակակշռելու եվրաատլանտյան ներկայությանը տարածաշրջանում, որն այնքան կարևոր է իր ազգային շահերի պաշտպանության համար: Բացի դա, ՆԱՏՕ-ի ներսում առկա է անհամաձայնություն անվտանգության ոլորտում ընդլայնված դեր խաղալու ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ: Եվ, վերջապես, կասպյան գործընկերների հետ թույլ է համագործակցությունը էներգետիկ անվտանգության հարցերում:
ՆԱՏՕ-ի ընդհանուր մոտեցման էությունն այն է, որ փորձում է ստեղծել և պահպանել համախոհ պետություններ՝ ընդհանուր պատմական փորձառությունների և Ռուսաստանի շահերի քաղաքականության հավասարակշռման համար: Ավելին, Ռուսաստանը ցույց տվեց, որ սառեցված հակամարտություններն ու էներգիան օգտագործում է որպես գործիք՝ ՆԱՏՕ-ին իր սահմաններից հեռացնելու և նրա համախմբվածությունը թուլացնելու համար:
Եթե դիտարկենք Ռուսաստանի եվրոպական ծայրամասում գտնվող բոլոր երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չէին, ապա կտեսնենք, որ միայն Ֆինլանդիան (անդամակցեց դաշինքին 2023-ի ապրիլի 4-ին), Շվեդիան (2024 ապրիլի 7-ին մտավ ՆԱՏՕ) և Բելառուսը չունեն հակամարտություններ իրենց տարածքում։ Առաջին երկուսը չեզոք երկրներ էին, իսկ վերջինը՝ ՀԱՊԿ անդամ։
Արձանագրենք. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մրցակցությունը միայն երկրորդական ճակատ է՝ համեմատած Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս դիմակայության հիմնական դրույթի հետ։ Տարածաշրջանը, այդ թվում և Հայաստանի ազատական-արևմտական իշխանությունների ջանքերով, դառնում է դասական բուֆերային գոտի: Արդյունքում, որքան շատ Արևմուտքը փորձի «ժողովրդավարացնել» տարածաշրջանը, այնքան ավելի հավանական է, որ տարածաշրջանի վարչակարգերը, սթափվելով, կդիմեն այնպիսի տերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք առաջնորդվում են գոյատևման բնազդով: Պետք է խոստովանել, որ մեծ տերությունների մրցակցության մեջ Ռուսաստանը տակտիկապես գերազանցել է ՆԱՏՕ-ին Կովկասում, և գործնականում անհնար է դարձրել դաշինքի մշտական ներկայությունը տարածաշրջանում, չնայած Միացյալ Նահանգների և Թուրքիայի ակտիվ ջանքերին: Դա Հայաստանում պարտավոր են գիտակցել: ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ մասշտաբով աճող լարվածությունն արտացոլվում է Հարավային Կովկասում, որտեղ նոր բաժանումների վտանգ կա, և նոր պատերազմների հավանականությունը առկա է ամեն օր:
Վերջիվերջո, էական տարբերություն կա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի քաղաքականության և ազդեցության արժեքների միջև: 2008-ի Վրաստանում հնգօրյա պատերազմը և 2014-ին Ղրիմի կցումը Ռուսաստանին, իսկ մեր օրերում նաև աննահանջ կռիվը Ուկրաինայում, ցույց տվեցին, որ Ռուսաստանը միջազգային հարթակ է վերադարձել նպատակասլացորեն և իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունը։ Ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան այս պատերազմների առարկա չեն եղել։ Այս երկու երկրները հարթակ են ծառայել աշխարհաքաղաքական մեծ խաղի համար, որը շարունակվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև Խորհրդային Միության փլուզումից և առաջ, և հետո: ՆԱՏՕ-ն չշտապեց ի պաշտպանություն Վրաստանի, երբ 2008-ին պատերազմ սկսվեց, և այսօր էլ դա չի անում Ուկրաինայում: Ռուսաստանն ամեն ինչ կանի իր «մոտիկ արտասահմանում» ազդեցություն պահպանելու և այնտեղ որպես գերիշխող ուժ մնալու համար, ինչպես նաև հետխորհրդային մնացյալ տարածքում։ Հարավային Կովկասի երկրների համար սառեցված հակամարտությունների հետ կապված խնդիրները (այդ թվում և Արցախի) վերջնականապես լուծելու միակ ճանապարհը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ճիշտ հավասարակշռություն գտնելն է, քանի որ վերջինս չի հրաժարվում տարածաշրջանում իր քաղաքական հավակնություններից։
Ռուսական փորձագիտական-վերլուծական հանրույթը կարծում է, որ Ռուսաստանը երբեք Հարավային Կովկասից չի հեռանա։ Պարզապես փոխվում են հարաբերությունների շեշտադրումները։ Եթե նախկինում, օրինակ, Հայաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անվտանգության վրա էր շեշտը դրված, ապա հիմա այդ շեշտադրումը փոխվել է։ Ռուսաստանը կշարունակի իրեն համարել խորհրդային ժառանգության միակ ժառանգորդը, ինչքան էլ դա կարող է շատերին դուր չգալ։ Խնդիրն այն է, թե, օրինակ, ինչ են ուզում էլիտաները, եւ ինչպես կարող է ռուսական վերնախավի և տեղի էլիտաների միջեւ գոյանալ, այսպես ասած, փոխզիջումային խաղաղ գոյակցության համակարգ։ Սակայն այն, որ Մոսկվան շարունակելու է վճռական ազդեցություն պահպանել տարածաշրջանում, անկախ ամեն ինչից, անբեկանելի իրողություն է, եւ ճակատագրական սխալ են թույլ տալիս նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից:
Սարգիս Սարգսյան